ԴԵՌԵՎՍ ՈՒՇ ՉԷ

Այժմ ինչ որ խոսենք, ինչ որ գրենք, — այդ կդառնա որպես եվրոպացին ասում է` «ընթրիքից հետո մանանեխ» և կամ որպես մենք ասիացիքս ասում ենք` «հարսանիքից հետո զուռնա»: — Մեր խոսքը տարաժամ կլինի:

Ներկա պատերազմիս սկզբից մեզանից շատերը հույս ունեին, թե տաճկական Հայաստանը զուրկ չի մնա այն արտոնություններից և այն իրավունքներից մեկից, որոնց համար պատերազմը հրատարակվեցավ, և որոնք պետք է տրվեին Թուրքիայի լծի տակ ճնշված քրիստոնյաներին: Իսկ այժմ գործից երևում է, թե հայերի վիճակը ոչինչ փոփոխություն չէ կրելու. — շատ-շատ տաճկական Հայաստանի ռուսաց զորքերով գրավված մասը կմիանա Կովկասի հետ, բայց մնացած մեծ մասը դարձյալ կմնա թուրքերի ձեռքում, գուցե մի քանի խոստմունքներով, որպես միշտ եղել են մինչև այսօր և միշտ մնացել են որպես մեռյալ տառ...

Ինչո՞ւ հայերի վրա ուշադրություն չդարձրին, մի՞թե նրանց դարերով թափած արյունը, արտասուքը և մահմեդականներից կրած բարբարոսությունները իրավունք չէին տալիս որ նրանք ևս արժանանային Եվրոպայի գթությանը — թե նրանք էլ դժբախտ են և գտնվում են ավելի սարսափելի դրության մեջ, քան թե սլավոնական ցեղերը Բալկանի թերակղզում: — Ահա՛ մի հարց, որ պարզել պետք է:

Ընդհանուր մարդասիրական կետից նայելով, և քրիստոնեական եղբայրասիրության զգացմամբ, պետք է, որ հայերի վրա ևս ուշադրություն դարձնեին: Իսկ քաղաքականության կետից նայելով, ոչ ոք պարտական չէր հայերի համար մտածել, քանի որ իրանք հայերը անշարժ մնացին և իրանց համար չմտածեցին:

Գերեզմանների վրա ոչ ոք ուշադրություն չէ դարձնում, որովհետև նրանք լուռ են, գոհ են իրանց վիճակից: Այնպես էլ մեկը պարտական չէ ուրիշի փորի համար հոգալ, քանի որ նա չէ հայտնում, թե ինքը քաղցած է...

Այսուամենայնիվ հայերի վրա ուշադրություն դարձրին, հայերի վրա խոսեցին, և մինչև անգամ հայերին դրդեցին, որ իրանք էլ խոսեն, իրանք էլ բողոք բարձրացնեն, — բայց հայերը միշտ լուռ մնացին...

***

Մեր անցյալ հոդվածում77 մասամբ բացատրեցինք հայերի լռության պատճառը, բայց կա դեռևս շատ բան բացատրելու: — Հայերի լռությունը երկու բանով կարելի է մեկնել, կամ նրանք գոհ են իրանց վիճակից, և կամ չեն հասկանում իրանց դրությունը, իրանց ինչ վիճակի մեջ լինելը:

Չէ կարելի մտածել, թե հայերը գոհ լինեին իրանց վիճակից, որովհետև անկարելի է գոհ լինել մի այնպիսի վիճակից, ուր կյանքի, կայքի և ընտանիքի ապահովություն չկա, ուր մարդու աշխատության արդյունքը հափշտակվում է բռնի ձեռքով, ուր նրա պատիվը շների հետ է հավասարված, ուր ամեն ինչ, որ նրա համար սուրբ է և նվիրական, հալածվում է, պղծվում է և կույր մոլեռանդության զոհ է դառնում: — Անկարելի է գոհ լինել մի այսպիսի վիճակից: Պետք է բոլորովին զուրկ լինի մարդ զգացողությունից, որ չհասկանա մի այսպիսի դրության սարսափելի դառնությունը, բայց մենք Թուրքիայի հայերին այս աստիճան մեռելության մեջ չենք դնում:

Մեր երկրորդ կարծիքը, թե նրանք չեն հասկանում իրանց դրությունը, ինքնըստինքյան լուծվում է առաջինի մեջ, — այսինքն եթե գոհ չեն, ուրեմն հասկանում են իրանց վիճակը, եթե չհասկանային, կատարյալ դիակներ կլինեին, որոնց այրում են, մոխիր են դարձնում, բայց նրանք ոչինչ չեն զգում...

Այժմ ծագում է մի նոր հարց. ի՞նչու բողոք չբարձրացրին, եթե գոհ չէին իրանց վիճակից:

Բողոքը կարող էր հայտնվել երկու կերպով. կամ իրանք էլ սլավոնական ցեղերի նման զենք վեր առնեին, և փոխանակ իրանց տան ծածկի տակ քրդերի սրից կոտորվելու, պատերազմի դաշտում մեռնեին, — և կամ գրավոր կերպով իրանց բողոքը հայտնեին ուր որ հարկն էր: Առաջին գործողության մեջ նրանք անընդունակ էին, իսկ երկրորդը ոչ ոք չէր արգելում:

Բայց ո՞վ պետք է տար գրավոր բողոքներ:

Հայտնի բան է. Աղբակա հայերը, որոնց 24 գյուղերը մոխիր դարձան, քահանաները ձողերի վրա բարձրացան, կոտորվեցան, ջարդվեցան, և կանայք ու աղջիկները Ջելալեդդինի ու շեյխ Իբադուլլայի զորքերի ձեռքով գերի գնացին, — Աղբակա ողորմելի հայերը, որ այժմ Պարսկաստանում մուրացկանությամբ են ապրում, ընդունակ չէին բողոք բարձրացնելու: Նույնը չէին կարող անել և Վանա հայերը, որոնց հրդեհած քաղաքի ծուխը դեռևս բարձրանում է բազմաթիվ անբախտացած ընտանիքների սրտերից... նույնը չէին կարող անել և Բայազետի ու Ալաշկերտի հայերը, որոնց վիճակը ամենիս հայտնի է: Այլևս չեմ խոսում Մուշի, Բաղեշի, Տիգրանակերտի և տաճկական Հայաստանի ուրիշ շատ հայերի մասին, որոնց ոչ մեկը ազատ չմնաց մահմեդականների բարբարոսություններից:

***

Ուրեմն ո՞վ պիտի խոսեր, ո՞վ պիտի բողոք բարձրացներ:

Այդ լինում է երկու կերպով: Երբ մի ժողովուրդ այնքան զարգացած է, որ հասկանում է իր իրավունքները և հասկանում է, որ ինքն բռնաբարվում է, — և միևնույն ժամանակ այնքան պատրաստված է, որ կարող է ընդդիմադրել բռնակալի կամայականությանը, — ժողովուրդը ինքն է բողոք բարձրացնում, թե՛ զենքով և թե՛ խոսքով: Այդ լինում է հեղափոխական ցույցերով, և դրան ասում ենք, թե ազատության զգացմունքը արմատիցն է ծագում, ամբոխի սրտիցն է բխում, — ցածից վեր է բարձրանում:

Իսկ երբ ժողովուրդը զարգացած չէ, և գտնվում է մի այնպիսի հիվանդոտ դրության մեջ, որ միայն զգում է իր ցավերը, բայց դարման անելու շնորհ չունի, — այն ժամանակ նրան իր թշվառ վիճակից ազատելու հոգսը վերևից դեպի ցած է իջնում: Դա հայտնվում է բարձր կենտրոններում, մայրաքաղաքներում, ուր գտնվում են ժողովրդի ավելի զարգացած և գործունյա դասերը: Ամբոխը ենթարկվում է այդ դասերին և կրավորական դեր է խաղում:

Առաջին միջոցը արմատական է, իսկ վերջինը` ներգործական:

Թուրքիայի հայերի վերաբերությամբ գլխավոր կենտրոնը, որտեղից պետք է հայտնվեր բողոքը Կ. Պոլիսն է: Այնտեղ է դրած հայոց պատրիարքի աթոռը, այնտեղ է գտնվում ազգային ժողովը և այնտեղ են լինում մտածող ու բանիմաց գլուխները:

Բայց ի՞նչ էր պատճառը, որ Կ. Պոլսից ևս ոչինչ բողոք չհայտնվեցավ:

Այս հարցը պարզելու համար մենք ստիպված ենք փոքր-ինչ խոսել այն բանի վրա, թե որպիսի անձնավորություններից են բաղկացած Կ. Պոլսում այն մարդիկը, որ կոչվում են գործիչներ, առաջադեմ մարդիկ և ազգի սանձը կառավարող մարդիկ:

***

Ի բաց առյալ ամբոխը, որ բաղկացած է վաճառականներից, արհեստավորներից և գաղթական մշակներից, — Կ. Պոլսում գլխավորապես երկու գործող կուսակցություններ կան, մեկը` հին ամիրայական կուսակցությունը, մյուսը` նոր սերունդը: Դորանք մի ժամանակ, այսինքն ազգ. սահմանադրության հիմնվելու սկզբներում, խավարյալների և լուսավորյալների անուն էին կրում:

Քննենք յուրաքանչյուր կուսակցությունը առանձին:

Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ո՞րտեղից առաջ եկան ամիրաները, և ի՞նչ էին նրանք:

Դեռ մեզանից կես դար առաջ Թուրքիայի պետությունը գավառների (վիլայեթների կամ սանջակների) կառավարության մեջ այս ձևն էր բռնած, որ յուրաքանչյուր գավառի արքունի տուրքը տալիս էր կապալով մի փաշայի: Եվ որովհետև կառավարությունը վստահություն չուներ, թե փաշան իր ժամանակին կհասցնե գանձարանին հարկերի նշանակյալ քանակությունը, այս պատճառով փաշան ստիպված էր իր կողմից ներկայացնել Դռանը մի երաշխավոր: Այս երաշխավորությունը հանձն էին առնում հայ սարաֆներ (սեղանավորներ): Դրանք մի տեսակ ընկերներ էին կապալառու փաշայի հետ, որը միևնույն ժամանակ իր գավառի թե՛ դատավորը և թե՛ վարձակալն էր:

Փաշան վարվում էր իրան հանձնված գավառի ժողովրդի հետ որպես ամեն մի կապալառու, — կողոպտում էր, հափշտակում էր և ամեն տեսակ հարստահարություններով մաշում էր նրանց: Նա իր կողոպուտը, որ մեծ մասամբ հափշտակված էր լինում ողորմելի հայերից, ուղարկում էր իր երաշխավորին` հայ սեղանավորին, իսկ վերջինս պետք է ներկայացներ Բ. Դռանը:

Բայց հայ սեղանավորը ուներ իր առանձին հաշիվները Դռան հետ, — սկսյալ սուլթանի հարեմի ծախսերից, մինչև զորքերի և կառավարության այլևայլ պետքերի ծախսերը, նրանց ձեռքումն էին: Եվ այս պատճառով երաշխավոր սեղանավորը` իր երաշխավորության վրա առած փաշայի պարտքերի փոխարեն շատ անգամ զուտ փող չէր ներկայացնում գանձարանին, այլ տալիս էր միայն ստացականներ իր հին պահանջների մասին, որ ուներ Դռնից:

Դրամական այս տեսակ շրջանառությունները, թե՛ Դռան և թե՛ կառավարության նշանավոր գործավարների հետ, տալիս է հայ սեղանավորին մեծամեծ շահեր, և այս շահերը այնքան ավելի առատ էին լինում, որքան բխում էին անմաքուր և պղտոր աղբյուրներից78:

Անդադար Դռան հետ հաշիվներ ու հարաբերություններ ունենալով, — ահա այդ կապալառու սարաֆներն, այդ հայի անվանը նախատինք բերող վաշխառու հրեաներն էին, որ արժանացան ամիրայության պատվանունի…:

Որպես Դռան մերձավորներ, ամիրաները մեծ ազդեցություն ունեին ազգային գործերի մեջ. համարյա ամեն գործ կախումն ուներ նրանց կամայականութենից: Ամիրայի մի լոկ խոսքը օրենք էր, նրա հրամանները կատարվում էին ժողովրդի կողմից ամենայն հնազանդությամբ: Ամիրաները իրավունքներ էին բանեցնում ոչ միայն Կ. Պոլսում, այլև գավառներում: Արդեն ընթերցողը տեսավ, թե ինչ կապեր ունեին նրանք գավառները կառավարող փաշաների հետ, որոնց ձեռքով և ամեն բանի մեջ խառնվում էին:

Հայտնի բան է, իրավունքները, որ նրանք բանեցնում էին, պաշտոնապես չէր տրված իրանց, այլ գործում որպես մարդիկ, որ օգուտ քաղել գիտեն ժամանակի հանգամանքներից, — այսպիսով, կառավարության ընդհանուր անկարգության մեջ հանդիսանում էին որպես մի-մի բռնակալներ, թեև իրանց բռնակալությունը կարող էին գործ դնել դեպի իրանց ողորմելի ազգայինները միայն, իսկ դեպի օտարազգիք նույնքան ցած էին և գետնաքարշ:

Եղել են բացառություններ, որ ամիրաների մեջ գտնվել են բարի և ազգասեր մարդիկ, բայց եթե խիստ քննելու լինես, հազիվ թե այդ լավ համարվածներն ևս ազատ կմնան արատներից:

Կ. Պոլսի պատրիարքը, որպես ժողովրդի գլուխ և ներկայացուցիչ միշտ կախումն է ունեցել ամիրաներից և սերտ կերպով կապված է եղել նրանց հետ: Նրանք վարվել են որպես սանիկ և սանահայր, որովհետև երկուսի շահերն էլ համաձայն լծորդություն էին պահանջում: Պատրիարքը կարոտություն ուներ ամիրաների մեջ, որովհետև իր հարաբերությունները Դռան հետ նրանց ձեռքով պետք է պահպաներ: Եվ այս պատճառով ամիրաները պատրիարքարանի մեջ միշտ բարձր ձայներ էին վայելում: Եվ պատրիարքը իր դիրքը պահպանել չէր կարող, եթե ամիրաների հետ համակից չլիներ:

Փոխվելով Թուրքիայի վարչության ձևերը, սարաֆները կորցրին իրանց նշանակությունը, բայց ամիրայությունը մնաց, թեև ուրիշ կերպարանքով: Ամիրաները, որոնց ավելացան էֆենդիները, իրենց հին հարաբերությանց առիթով ծանոթացած լինելով Դռան թուլությունների հետ, կարողացան զանազան պաշտոններ հանձն առնել և ամեն գործի մեջ ցույց տալ մեծ առաջադիմություն: Այս պաշտոնակալներն ըստ մեծի մասին հին սարաֆների և կապալառուների որդիք լինելով, ահագին հարստության հետ ժառանգել էին և իրանց նախահարց բնավորությունը, թե ինչո՛վ կարելի է հաճոյանալ կառավարությանը, և նրա գործերի մեջ մտնել: — Դուռը անազնիվ գործիքներ էր որոնում, և նրա նպատակներին կատարելապես համապատասխանում էին հայ ծառայողները…

Հույները հայերի հետ և տերության պաշտոնների վերաբերությամբ մրցություն անել չկարողացան, որովհետև նրանք հայերի նման անազնիվ չէին, և չէին կարող կեղտոտ գործիք դառնալ: Բայց շատերը ուրիշ կերպով են մեկնում, թե հույները չէին վայելում կառավարության վստահությունը, իսկ հայերը իրանց հավատարմույամբ արժանացած էին Դռան առանձին համակրության: Այդ իրավ է, միայն պետք էր հասկանալ, թե ի՜նչ է նշանակում հավատարմությունը պաշտոնի մեջ դեպի մի անկարգ կառավարություն, որ արտաքին խաբուսիկ ձևերի տակ միշտ իր հպատակների արյունն է ծծում: Մի այսպիսի հավատարմություն նույն նշանակությունն ունի, որպես մի խումբ ավազակների հավատարմությունը դեպի իրանց պետը կամ գլխավորը:

Այժմ կարծեմ ընթերցողին հասկանալի եղավ, թե ինչ տեսակ անձինքներից է բաղկացած Կ. Պոլսում այն կուսակցությունը, որ մենք իր հին անունով կոչեցինք ամիրաների կուսակցություն, մի տեսակ մարդիկներ, որ անունով միայն հայ են, իսկ սրտով թուրքից ավելի թուրք, — և իրանց անձնական շահերը պահպանելու համար, հայտնի բան է, նրանք կցանկանային միշտ կանգուն տեսնել Թուրքիան իր կառավարության անկարգ այլանդակության մեջ: Եվ այս տեսակ մարդիկներից, հասկանալի է, որ չէր կարելի սպասել, որ նրանք բողոք բարձրացնեին, և հայ ժողովրդի հառաչանքներին թարգման լինեին:

Դառնանք դեպի մեր կուսակցությունները:

Կ. Պոլսում կա և մի ռուսական կուսակցություն, որը մեր նկարագրած կուսակցության հակակշիռն է կազմում: Այս կուսակցությունը ավելի զորություն ստացավ Իգնատիևի դեսպանության օրերում: Նրանք մտածում էին, թե հայերը կարող են ազատվել Թուրքիայի հարստահարություններից, — դա կարող է լինել միայն ռուսների պաշտպանությամբ, և իրանց փրկությունը որոնում են միայն ռուսաց դրոշի տակ, ցանկանալով, կամ տաճկական Հայաստանը Կովկասի հետ միացած տեսնել, և կամ Թուրքիայի հպտակ մնալով, Ռուսաստանի հովանավորությունը վայելել:

Թե մինչև ո՛ր աստիճան ճիշտ են այս կուսակցության ակնկալությունները, մենք ավելորդ ենք համարում քննել, միայն կասենք, որ նա ունի իր ընդդիմակալ մի ուրիշ կուսակցություն, որը հակակիր է դեպի Ռուսաստանը: Այս հակակրությունը առաջ եկավ Ալի և Ֆուադ փաշաների ազդեցությունից հայերի վրա, և մասամբ Նապոլեոնի քաղաքականութենից Թուրքիայում, որի հետևանքն եղավ անջատել Տաճկաստանի հայերին Ռուսաստանի հայերից և նրանց ներքին կապը խզել: Որովհետև նրանք սկսեցին համարել Ռուսաստանի հայերին կորած, և ամեն վստահություն կորցնելով դեպի իրանց ազգայինները, մտածեցին աշխատել, որ վիճակակից չլինեն նրանց դրությանը79: Եվ այս տեսակ կարծիքից Ռուսաստանի հայերի վերաբերությամբ` առաջ եկավ այն, որ նրանք սկսեցին ավելի սերտ կերպով կապվել Թուրքիայի հետ, և իրանց բարօրությունը նրանից սպասել:

Այս վերջին կուսակցությունը նրանով է միայն զանազանվում բուն թուրքասերներից (տերության հայ պաշտոնակալներից), որ դրանք սրտով ատում են թուրքերին, դժգոհ են դեպի նրա բարբարոսությունները, միայն մտածում են, թե բոլոր անկարգությունները ժամանակավոր են, թե հայոց ազգը համբերելով, կարող է հասնել մի բախտավոր ապագայի, երբ թուրքերը կքաղաքակրթվին, և Տաճկաստանի ընդհանուր հպատակների վրա կտիրե ազատ իրավունքը ու արդարությունը…:

***

Մեր նկարագրած երեք կուսակցություններից երևաց, որ առաջինը, այսինքն` թուրքաց պաշտոնների մեջ ծառայողներն, ճիշտ կատարում են այն առածի իմաստը, թե «ում հացը որ ուտում են, նրա շահերի համար էլ հաչում են»: Այսպիսի մարդիկ անձնական շահեր միայն ունեն, ընդհանուր, ազգային շահը անհասկանալի է նրանց: Երկրորդ կուսակցությունը ամեն ինչ ռուսներից է սպասում: Իսկ երրորդը ոչ միայն ռուսներից ակնկալություն չունի, այլ մտածելով, թե ամեն մի քրիստոնյա պետություն իր հոգու համար, դեպի հայերը օգնության ձեռք չի մեկնի, — այս կուսակցությունը ավելի սերտ կերպով կպած է Թուրքիային, հայ ժողովրդի ապագա բախտավորությունը թուրքերի քաղաքակրթության մեջ որոնելով:

Բայց կա մի ուրիշ կուսակցություն ևս` — նոր սերունդը, որ մի ժամանակ լուսավորյալների անուն էր կրում: Այս կուսակցությունը Կ. Պոլսի մտածող դասի թարմ ուժն է կազմում: Բայց որպես առհասարակ լինում է, երբ տակավին հների ազդեցությունը առաջնակարգ դեր է խաղում, այնպես էլ նոր սերունդը դեռևս իր տկար և անորոշ դրության մեջն է, դեռևս մի կազմակերպված ձև չէ ստացել, այս պատճառով սխալ կլիներ ասել, թե նրանք կուսակցություն են կազմում: Նրանց չէ աջողվել մինչև այսօր բարձր դիրքերի վրա կանգնել, թե ազգային և թե պետության մեծ գործերի մեջ մտնել, որպեսզի սրտի և մտածության հետ միանար նրանց մեջ և իշխանությունը, որով կարողանային ավելի ազդու կերպով ներգործել:

Դրանք առհասարակ նյութական կողմից աղքատ, իսկ բարոյապես և մտավորական կողմից հարուստ մարդիկ են: Դրանք դեռևս դեգերում են այս շրջանների շուրջը, որպես է` թատրոնը, խմբագրատունը, դպրոցները և քչերին աջողվել է անդամ լինել ազգային ժողովի մեջ: Ֆրանսիական թեթև կրթությունը տվել է նրանց բնավորությանը թեթև լինել, աշխույժ ունենալ, եռանդոտ լինել, — բայց ոչ տոկուն, խորամիտ ու հեռատես լինել: Այս մարդիկը շուտ հափշտակվող, շուտ ոգևորվող և շուտ տաքացող մարդիկ են, բայց միևնույն ժամանակ շուտ սառչող են: Այս տեսակ հատկությունները, իրավ է, պատրաստում են հեղափոխականներ, բայց չեն պատրաստում ասպարեզ դուրս եկող հերոսներ:

Այս մարդիկը ազնիվ են և բարեմիտ. ցանկանում են, որ հայն էլ թոթափե Թուրքիայի լուծը, ազատ դրություն ունենա, և իր ազատության մեջ զարգանալ ու առաջադիմել սկսե: — Իսկ այդ վիճակին հասնելու եղանակների մեջ ոչ միայն անփորձ են, այլ անընդունակ են: Ներկա հանգամանքները բոլորովին երևան հանեցին նրանց անընդունակությունները, որ իրանց ձեռքում ունենալով թատրոնական բեմը, լրագրությունը և դպրոցները, դարձյալ չկարողացան մի հաստատուն հող պատրաստել, որի վրա ոտը դնելով, վեր բարձրանար Թուրքիայի հայը իր ընկած դրությունից...:

Բայց կա. Կ. Պոլսում և մի ժողովրդական տարր, որ ներկայացանում է մշակ դասը: Դրանք ըստ մեծի մասին Հայաստանից եկած գաղթականներն են, որ մայրաքաղաքում կատարում են համալի, թուլումբաջիի, չոփջիի-չրկիրի, դայըկջու և ուրիշ շատ ստոր ծառայություններ: Հայրենիքից հեռացած, այդ պանդուխտ հերոսներն են, որ ամեն անգամ մի ազգային ծանր հարց բարձրանալիս, շրջապատում են պատրիարքարանի չորս կողմը, դռներ և պատուհաններ են փշրում, աղմուկ բարձրացնում և արդարություն են խնդրում: Այս թշվառ մշակները հայրենիքից դառն աղքատության հետ բերել են իրանց սրտի մեջ խորին վերքեր, որ գործել է մահմեդականի բռնակալ ձեռքը և այս պատճառով նրանց ավելի զգալի է թուրքերի անտանելի լուծը: Եվ ամեն բան կորցրած լինելով, — տուն, տեղ, հայրենիք, — նրանք այլևս ոչինչ կորցնելու չունեն, և առանց երկյուղի բողոք են բարձրացնում, ու իրանց թշվառ, անտեր ընտանիքների համար ազատություն են խնդրում, պատրիարքի օձիքից բռնելով...:

***

«Մշակի» վերջին համարներից երևաց, որ Կ. Պոլսի պատրիարքը, գուցե անգլիական դեսպանի դրդելուց թելադրված, ներկայացրեց ազգային ժողովին մի ծրագիր, որով առաջարկում էր հայերի համար խնդրել այն արտոնություններից մեկը, որ պիտի վայելեն սլավոնական ցեղերը Բալկանի թերակղզու վրա: Ազգային ժողովը մերժեց պատրիարքի առաջարկությունը, հայտնի չէ ինչ հիմնավոր փաստերով:

Որքան մեզ հայտնի է, ազգային ժողովը ի նկատի է ունեցել այն, թե արևմտյան եվրոպական պետությունների յուրաքանչյուրը արևելյան հարց պատրվակով միայն իրանց սեփական շահերն են որոնում, — և որովհետև Հայաստանի ազատությունը որևիցե կերպով նրանց շահերը չէ շոշափում, ուրեմն հայերի առաջարկությունը կմնար առանց հետևանքի կազմվելիք կոնֆերենցիայի մեջ:

Մենք չենք խոսում, թե որքան սխալ է այդ դատողությունը, միայն կասենք, թե Անգլիան կցանկանար Հայաստանը ազատ տեսնել, քան թե նրան մի ուրիշ պետության հետ խառնված տեսնել, — մենք հարկավոր չենք համարում նաև բացատրել, թե ինչ շահ ունի Անգլիան, — բայց դիցուք թե ուղիղ է ազգային ժողովի դատողությունը, որով նա մերժում է պատրիարքի ծրագիրը, միայն մի հարց առաջարկենք` ի՞նչ կկորցներ ազգային ժողովը, եթե կազմվելիք կոնֆերենցիային մի հայկական խնդիր առաջարկեր:

Մեզ կպատասխանեն, թե ազգային ժողովի ձայնը իր նպատակին չէր հասնի, և այնուհետև հայերը կկորցնեին իրենց հավատարիմ հպատակության համարումը և կասկածելի կդառնային թուրքերի աչքում: Մեզ կպատասխանեն գուցե մի ավելի ծայրահեղ բան, թե թուրքերը հայերին ապստամբ համարելով, կսկսեին նրանց կոտորել Կ. Պոլսի մեջ:

Հավատարիմ հպատակությունը մի այնպիսի պետության վերաբերությամբ, որպես Թուրքիան է, նշանակում է կույր հնազանդություն, այսինքն` անտրտունջ տանել բռնակալի բոլոր բարբարոսությունները: Եվ հայերը մինչև այսօր իրանց հավատարիմ հպատակությամբ ոչինչ չշահեցին, միայն ծանրացրին իրանց ստրկության շղթաները: Որովհետև բռնակալ պետությունները ավելի ակնածություն ունեն դեպի այն ազգերը, որոնք անհավատարիմ կամ կասկածավոր են, և այնպիսիների ձայնը կտրելու համար միշտ աշխատում են գրավել նրանց այս և այն պահանջները կատարելով: Իսկ հավատարիմների վրա նայում են որպես մորթված զոհերի վրա... Այս խոսքերը ապացուցանելու համար բավական է օրինակ վեր առնել Թուրքիայի հույներին, որոնք միշտ կասկածելի են եղել կառավարության աչքում, և միշտ ավելի պատվավոր են եղել, քան թե հայերը և միշտ առաջադեմ:

Իսկ ինչ վերաբերում է մյուս հարցին, թե գուցե թուրքերը զայրանալով կկոտորեին հայերին, — նախ, այսպիսի բան պատահել չէր կարող, քանի որ Անգլիայի նավատորմը կանգնած է Կ. Պոլսի պարիսպների տակ քրիստոնյաներին մահմեդականների բարբարոսությունից զերծ պահելու անունով: Բայց եթե պատահեր ևս մի այդպիսի անցք, որ հայերին կոտորեին, — նույնիսկ կոտորածի միջից կբարձրանար նրանց ազատությունը, որովհետև առանց արյունի, առանց զոհերի փրկություն չէ լինում...

Ուրեմն ժամանակ է, որ Կ. Պոլսի ազգային ժողովը իր պատրիարքի հետ գործե մի վճռական քայլ, տարտամ երկմտությունը այսպիսի հանգամանքներում ոչինչ օգուտ չէ կարող բերել: Կոնֆերենցիան այսօր թե վաղը կկազմվի, եթե այս անգամ էլ չհաջողվեցավ բարձրացնել մի հայկական հարց, այնուհետև Տաճկաստանի հայերի ապագան պետք է կորած համարել:

Դեռևս ուշ չէ: Բայց երկար հապաղումը կկատարե հայերի գլխին ավետարանական այն առակը, թե «փեսան կգա, պատրաստները կմտնեն նրա հետ հարսանիքը, դռները կփակվեն, հետո կգան հիմար կույսերը, դուռը կբախեն ու կասեն. «բա՛ց մեզ, տեր», իսկ նրանց կպատասխանեն. — «չեմ ճանաչում ձեզ»...

Վերջացնելով մեր հոդվածը, այդ հարցն ենք դնում. — մի՞թե ընդհանուր հայոց վեհ. կաթողիկոսը պետք է անտարբեր մնա: