Խեղճ Ադամյան Դերասան Ադամյանի մահը

Հովհաննես Թումանյան

Աստղերի հետ



ԴԵՐԱՍԱՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՄԱՀԸ


                         «Մեռնել-քնել»
                               Համլետ

Ոգևորողն ընկավ արդեն,
Եվ լռեցին նորա հետ
Սիրո տանջանք, զայրույթ ու քեն—
Լիր, Օթելլո և Համլետ։

Մեռավ— քնեց, հանգստացավ.
Որպես աղմուկ կենդանության,
Մեռելության միջից անցավ
Եվ չքացավ հավիտյան։

Էլ չի լսվիլ նորա ձայնը

Իմաստներով ոգեշունչ,
Հավերժացավ աստվածայինը,
Մնաց դիակն անմռունչ։

Եվ կըհանգչի լուռ և անշարժ
Դերասանը քարի տակ,

Բայց կպատմի քարն ապառաժ
Մրրկալից հիշատակ։

Եվ այցելուն պիտի կանգնե
Շիրմի առջև փառագոչ,
Սրտի խորքից բացականչե

Ձայնով հպարտ ու դողդոջ—
            «Ոսկերացդ հանգիստ,
            Աննման արտիստ»։


1891