բնագիր
Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զար իս, գովե՛լի
Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զար իս, գովե՛լի.
Հընդու դիարէմէն էկած զար-ղալամքար իս, գովե՛լի.
Շատ սօվդաքար քիզ կու պըտռէ՝ դուն անգին քար իս, գովե՛լի.
Անտակ ծովի միջէն հանած անգին գովհար իս, գովե՛լի:
Յիփ դու բաղչէն սէյրան կ՚էհաս՝ ծովի նըման գուքայ ալիդ,
Գըլուխըդ պահելով արա՝ նամ չըդիբչի խաթուխալիդ,
Տեսնողըն հէյբաթ կու մընայ էդ քու սիրուն մահ-ջամալիդ,
Աշխարհումըս նուր դուս էկած, թազա նուգբար իս, գովե՛լի:
Արի միզիդ մէ լա՛ւ կացի, ղո՛ւրբան ըլիմ մուրվաթումըն,
Ման էկայ յիրգիր՝ չըտեսայ էդ քու նըման ջուրաթումըն,
Վո՛ւնց Հընդու դիարումըն կայ, վո՛ւնց փըռանգի սուրաթումըն.
Քաշվիլ իս քարգահի մէջըն. ուրիշ թահար իս, գովե՛լի:
Թարիփըդ դավթար իմ արի, փիլ պիտի, վուր գիրքըն տանէ.
Դուն քու մըտքի հիդ մի՛ էհա, էդ խիալըն սըրտէդ հա՛նէ.
Մէջքըդ հադիդէմէն քաշած սիրմա մավթուլի նըման է,
Աշխարհիս շըվաք իս անում՝ սալբու-չինար իս, գովե՛լի:
Յիս քիզանից չիմ հիռանայ, թէ չըհասնի մահիս վադէն.
Յիփ միռանիմ, շա՛ղ տու վըրէս դաստամազի թիլի շադէն.
Հէնչաք ըլի՝ ո՛ւրախ կէնաս. Սայաթ-Նովէն առնէ ղադէն.
Շատ մարդ կ՚օսէ, թէ եար ունիմ, դուն ո՛ւրիշ եար իս, գովե՛լի:
Էս «Դաստա-բեդաստա» խաղի հանգում:
|
թարգմանություն
Դիպակ ես ու ճերմակ կերպաս, ոսկեկար բեհեզ՝ գովե՛լի
Դիպակ ես ու ճերմակ կերպաս[1], ոսկեկար բեհեզ՝ գովե՛լի.
Հնդկաստանի կողմից բերած ոսկե բանվածք ես, գովե՛լի.
Շատ ակնագործ[2] քեզ կփնտրի՝ դու անգին քար ես, գովե՛լի.
Անտակ ծովի խորքից հանած անգին գոհար ես, գովե՛լի:
Երբ ման գալու կելնես այգին՝ ծովի պես ծփում է ալիդ,
Գլուխդ դու էնպե՛ս պահիր՝ շաղ չդիպչի շող պատկերիդ,
Տեսնողն ապշած կնայի էդ քո սիրուն լուսերեսիդ,
Աշխարհումս նոր դուրս եկած, նորահաս բար ես, գովե՛լի:
Արի մեզ հետ հաշտ եղիր դու, մատաղ եմ քո խղճմտանքին,
Երկիր ման եկա՝ չտեսա, նման էդ քո կերպարանքին,
Ո՛չ Հնդու կողմերում տեսա, ո՛չ էլ՝ պատկերքում ֆրանկի,[3]
Նկարված ես դու կտավին՝ ուրիշ տիպար ես, գովե՛լի:
Գովքդ մատյան եմ դարձրել, փիղ է պետք, որ գիրքը տանե.
Մտածմունքով մի՛ տանջիր քեզ, էդ միտքը քո սրտից հա՛նե.
Մեջքդ ճախարակից[4] քաշած արծաթալարի նման է,
Աշխարհին դու հով ես անում՝ նոճի-չինար ես, գովե՛լի:
Ես քեզանից չեմ հեռանա, թե չգա իմ հոգեվարքը.
Երբ կմեռնեմ շա՛ղ տուր վրաս, ճոխ հյուսքերիդ թելի շարքը.
Միայն թե դու ուրախ կենաս, Սայաթ-Նովինն է տանջանքը.
Շատ մարդ կասե, թե յար ունեմ, դու ուրիշ յար ես, գովե՛լի:
|