Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս

բնագիր
Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս

Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս, դուն օսկէ ղափազի նըման.
Էրեսըս դի՛ վուտիդ տակըն՝ ա՛նց կաց փիանդազի նըման.
Եա՜ր, քիզիդ խօսիլ իմ ուզում՝ շահի իլթիմազի նըման.
Աջայիբ սուրաթի տէր իս՝ ռանգըդ է գուլգազի նըման:

Եա՜ր, մըտիլ իս բաղչի մէջըն, աջայիբ սէյրան իս անում.
Շուղքդ արեգակի նըման է՝ տեսնողին հէյրան իս անում.
Ջիգարըս կըրակ իս տըվի, էրվում իմ՝ բիրեան իս անում.
Վո՛ւնց մէ գօզալ չէ ունեցի էդ քու արած նազի նըման:

Հէնց իմացի, եա՜ր, քու ղուլն իմ, թանգ հախով գընած չըրաղ իմ.
Քու դըռանըդ նընգած ըլիմ, ով տեսնէ, ասէ՝ տուսաղ իմ.
Էշխէմէդ հիւանդացիլ իմ, վո՛ւնց միռնում իմ, վո՛ւնց թէ սաղ իմ.
Ծովի պէս ուրղան իմ տալիս. գըժվիլ իմ Արազի նըման:

Ով կու տեսնէ, ջունուն կու՚լի՝ բարգ էրեսիդ խալ իս անում.
Էլ ջուքամըն դո՛ւն կու քաշիս, չուն մահիս խիալ իս անում.
Եա՜ր, յիս քիզ բարով իմ տալիս, շուռ իս գալի՝ ղալ իս անում,
Չունքի խօսքըդ անց է կէնում բէլլու շահանդազի նըման:

Սայաթ-Նովէն ասաց՝ գուլամ. չիմ լաց՚լի, թէ ճար ունենամ.
Էլ յիս կու քաշիմ էս ղուսէն՝ թուղ՚լի ահուզար ունենամ.
Եա՜ր, քիզ վըրէն արք ունենամ, մէ լաւ իխտիար ունենամ.
Առնում, տանիմ մէջլիսնիրըն՝ օսկէջըրած սազի նըման:


Էս Արութինի ասած է: Ղազալի: Էս էրկու խաղիրն մէ հանգում ին, ովոր սովրի, Դոստիի երգի ձէնով թող ասե. թէվուր չիմանաս, հարցրու, թէ «Գօզալլար յըղնաղինա բախ դաստա բէդաստա թարփանուր»:

թարգմանություն
Ես մի ղարիբ բլբուլի պես

Ես մի ղարիբ բլբուլի պես, դու ոսկե վանդակի նման.
Երեսս դի՛ր ոտքիդ տակը՝ ա՛նց կաց ուղեգորգի նման.
Յա՜ր, հետդ խոսել եմ ուզում՝ շահի պաղատանքի նման,
Աննման պատկերի տեր ես՝ գույնդ է գուլգազի[1] նման:

Յա՜ր, մտել ես պարտեզի մեջ, սեթեւեթ զբոսանք ես անում.
Շողքդ արեգակի նման՝ տեսնողին զարմանք ես անում.
Սրտիս մեջ կրակ ես գցել, վառվում եմ՝ խորված ես անում.
Ո՛չ մի սիրուն չի ունեցել էդ քո արած նազի նման:

Իմացիր, յա՜ր, քո ստրուկն եմ, թանկ գնով գնված ծառա եմ.
Քո դռանը ընկած լինեմ, ով տեսնի, ասի՝ գերի եմ.
Սիրուցդ հիվանդացել եմ, ո՛չ մեռնում եմ, ո՛չ էլ ողջ եմ.
Ծովի պես հորձանք եմ տալիս, գժվել եմ Արազի նման:

Ով տեսնում է, խենթանում է՝ բարկ երեսիդ խալ ես անում.
Վնասն էլի դու կքաշես, քանզի մահիս միտքն ես անում.
Յա՜ր, ես քեզ բարեւ եմ տալիս, շրջվում՝ աղմուկ ես անում.
Քանզի խոսքդ անց է կենում նշանավոր խոսքի[2] նման:

Սայաթ-Նովեն ասաց՝ կուլամ, լաց չեմ լինի ճար ունենամ.
Էս ցավն էլ ես կքաշեմ՝ թող որ հառաչանք ունենամ.
Յա՜ր, քեզ վրա արք ունենամ, մի լավ իրավունք ունենամ.
Առնեմ,[3] տանեմ մեջլիսները՝ ոսկեջրած սազի նման:


  1. գուլգազ – կարմրագույն բույս, գերմաստ
  2. Բնագրի «Բելլու շահանդազը» տարաբնույթ մեկնություններ ունի: Հավանաբար, խոսքը Շահի ինչ-որ հայտնի ասացվածքի մասին է:
  3. Բնագրի «առնումը» գրչի պարզ սխալ է: