ԴԻՄԱԴՐԱԿԱՆ ՀԵՌՈՒՆ


Մեղուները, ծաղկի մոտ թռչելիս, անցնում են իմ միջով,
ինչպես ձուկն է հաղթահարում գետի ջուրը բազմակապույտ։

Ահա եւ... ճանապարհներ են՝ քայլերից տաքացած,
բայց ոչ մի ճամփորդ
կանգ չի առնում,
որովհետեւ հեռուն, ուր մեկնում ենք, նույնպես
դիմադրական է ու... կին,
որին հասնելու համար պիտի գնալ միայն
հակառակ ուղղությամբ։

Ես մշտապես քայլում եմ հերարձակ հորիզոնը
պահած թեւերիս վրա՝
իմ պահվածքով հիշեցնելով
տիեզերքի ամենաբարձր կետում
միայնակ հայտնված Լեռան
ողբերգությունը։
Ար-ցախ։
Սա-սուն։
Վան...

(Արարատի լանջերից
թերթ առ թերթ հավաքեցեք բոլոր ուխտյալների հայացքները
եւ դուք կունենաք մի ամփոփ ու նոր «Աստվածաշունչ»,
ամեն էջը՝ համբուրված)։