Երազը ճանապարհ ընկավ լուսնից.-
եւ վաղ առավոտյան հովը չկարողացավ անցնել այնպես,
որ չարթնանան
պառավ դաշտի խոտն ու ծաղիկները՝
Հովսեփ քեռու կովերը հանդ քշող լուսավոր
ուշունցներին ունկնդիր։
Եվ բառերը այսբերգներ են ժամանակի մակերեսին,
եւ ասվածի մի չնչին մասն է միայն մեզ երեւում,
մինչդեռ հայրս խոսում էր միշտ չերեւացող մասերով բառերի։
Եվ ոչ ոք մեղավոր չէ, որ թափառական մուրացկան է ամեն
մարդ ակամա՝
արդարության-բարության-հավատի-սիրո-ազնվության եւ
մանրածախ այլ բաների,
եւ սատանայի հրեշտակները երկինքը գլորում են
իրենց թեւերի վրա։
Եվ սուվերեն հայացքները հուշում են, որ կարելի է նայել՝
նաեւ չտեսնելու համար,
եւ, մանավանդ, ինձ չի վերաբերում՝ ընթերցում են ինձ, թե չէ,
ես գրելով պարզապես կարեւորում եմ մարդկանց,
ինչպես ասում են։
Եվ աքսորյալ ներկան խիստ խուսափում է անուններ տալուց՝
իրենից հեռացնելով մեղավորության ու, առավել եւս,
մեղանչումի պահերը,
եւ աշխարհն անընդհատ փախչում է իմ աչքերից։
Եվ սերը առանց ուղեւորի ընթացող ճանապարհ է. քանի որ ես
սուրանկյուն եմ,
եւ կլորևկլոր օրերի հետ գլորվելևգնալ չի լինում, միշտ մի
անկյունս խրվում է անպատեհ մի տեղ,
իսկ Բոնֆուանը հորիզոնվող հեռուներում ջնջում է բառերը,
որ կարդացվեն։
Երազը ճանապարհ ընկավ լուսնից,
եւ քանի որ լույսը ամենից շատ որոնվողն է աշխարհում,
սկսած մ.թ.ա., չգիտեմ որ ժամանակներից ու մինչեւ հիմա
դեռ նրան ոչ ոք չի հասել,
ապա հողմը չի կարողանում տանել աշնան տերեւը,
որը ծանրացել է՝ վրան կաթած իմ հակընթաց արցունքից։