ԳԼՈՒԽ II

ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՀԱՆՃԱՐԵՂ

ԴՈՆ ԿԻԽՈՏԻ

ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԻ ՄԱՍԻՆ


Երբ որ նախապատրաստություններն ավարտված էին, դոն Կիխոտը վճռեց անմիջապես ձեռնամուխ լինել իր մտահղացումների կատարմանը։ Նրան խթանում էր այն միտքը, թե իր ամեն մի հապաղումը մարդկությանը վնաս է հասցնում՝ քանի՜-քանի՜ վիրավորվածներ սպասում են վրեժխնդրության, քանի՜-քանի՜ անարդարություն պետք է ուղղվի, քանի՜-քանի՜ իրավունք վերականգնվի, չարաշահություն ոչնչացվի, պարտք հատուցվի։

Եվ ահա՝ առանց մեկնումեկին իր մտադրություններին հաղորդակից անելու, մի գեղեցիկ առավոտ, լուսաբացից առաջ (հուլիսի ամենաշոգ օրերից մեկն էր) նա ամենքից գաղտնի զինվեց իր զենք ու զրահով, հեծավ իր Ռոսինանտին, գլխին դրեց իր խղճուկ սաղավարտը, ձեռքն առավ վահանը, նիզակը և անասունների բակի հետին դռնից դուրս եկավ դաշտ, ուրախ-զվարթ, որ այդքան հեշտ կարողացավ ձեռնամուխ լինել այնքան փառավոր գործի։ Սակայն բաց դաշտ ելավ թե չէ, գլխիցը այնպիսի սարսափելի միտք անցավ, որ քիչ էր մնացել թողներ ձեռնարկած գործը՝ նա հիշեց, որ դեռևս ասպետ չի կարգվել և որ ասպետական կանոններով չի կարող, չպիտի հանդգնի որևէ ասպետի հետ կռվի բռնվել։ Իսկ եթե անգամ կարգված էլ լիներ, պետք է որ ճերմակ զրահ կրեր, իբրև նորընծա և իր վահանի վրա նշան չպիտի նկարեր, մինչև որ իր առաքինությամբ արժանանար նշան կրելուն։ Այդ խորհրդածություններից քիչ էր մնում, որ նրա վճռականությունը թուլանար։ Բայց խելագարությունը հաղթահարեց բոլոր փաստարկումները, և նա որոշեց, որ ճանապարհին առաջին իսկ մարդը իրեն ասպետ կկարգի՝ ասպետներից շատերը այլ կերպ չեն վարվել, եթե հավատալու լինենք վեպերին, որ նրան այդ օրն էին գցել։ Գալով ճերմակ զրահներին, նա ինքն իրեն խոսք տվեց առաջին իսկ պատեհ առիթով այնպես մաքրի իր զրահները, որ դրանք սամույրից էլ ճերմակ երևան։

Այս մտքից նա հանգստացավ և շարունակեց իր ուղին, միանգամայն անձնատուր լինելով իր ձիու կամքին․ նրա կարծիքով, արկածների էությունն էլ հենց այդ է եղել։

Ամբողջ օրը մեր ասպետը գնում էր ու գնում և իրիկնադեմին ինքն էլ, ձին էլ ուժասպառվել ու սովամահ էին լինում։ Վերջապես նա սկսեց դեսուդեն նայել՝ որևէ դղյակ կամ հովվի խրճիթ գտնելու հույսով, որպեսզի հանգիստ առներ ու կազդուրվեր, և հանկարծ, ճամփից ոչ հեռու, մի իջևանատուն տեսավ։ Նա ուրախացավ, կարծես թե ուղեցույց աստղ գտած լիներ, որն իրեն եթե ոչ պալատ, գեթ որևէ օթևան էր առաջնորդում։

Նա ձին քշեց և մոտեցավ իջևանատանը, երբ մութն արդեն ընկնելու վրա էր։

Այդ միջոցին, պատահաբար, դարպասի մոտ երկու երիտասարդ աղջիկ կային կանգնած։ Նրանք մի քանի ջորեպանների հետ ուղևորվում էին Սևիլիա և իջևանել էին այստեղ։ Իսկ որովհետև մեր արկածախնդրի աչքում այն ամենը, որ նա տեսնում, խորհում ու երևակայում էր՝ ներկայանում էր իրական և իր կարդացած վեպերի ոգով ու ձևով ստեղծված, ապա իջևանատունը տեսնելուն պես իսկույն վճռեց, թե՝ սա դղյակ է չորս աշտարակով, փայլուն արծաթից կապած կտուրով, շարժական կամրջով և խոր խրամատով, մի խոսքով՝ այն բոլոր պարագաներով, որ հիշատակվում են դղյակների նկարագրություններում։

Նա մոտեցավ իջևանատանը (որ նրան դղյակ էր թվում) և դարպասից մի քանի քայլ հեռու կանգնեցրեց Ռոսինանտին, որովհետև սպասում էր, որ աշտարակի ատամների արանքում որևէ թզուկ կերևա և փող կփչի, ազդարարելով ասպետի գալուստը։

Սակայն որովհետև թզուկը հապաղում էր, իսկ Ռոսինանտը՝ շտապում, որ գոմ հասնի, ապա դոն Կիխոտը մոտեցավ դարպասին և տեսավ այնտեղ կանգնած երկու աղջիկներին, նրա աչքում՝ չնաշխարհիկ տիկիններին, որ դուրս էին եկել դղյակի առջև զբոսանքի։ Այդ իսկ վայրկյանին ինչ-որ մի խոզապան, արտերից խոզերի բոլուկը քշելիս՝ շվի փչեց, որ նրանց մեկտեղ հավաքի։ Դոն Կիխոտը իսկույն երևակայեց, որ դա թզուկն է իր գալուստն ազդարարում։ Ուստի մեծ գոհունակությամբ մոտեցավ իջևանատանն ու տիկիններին։ Սրանք էլ տեսնելով, որ ինչ-որ ձիավոր, տարօրինակ զինված, նիզակ ու վահանով, իրենց է մոտենում, երկյուղից ուզեցին ներս վազել։ Սակայն դոն Կիխոտը, կռահելով, որ նրանք երկյուղից են փախչում, բարձրացրեց ստվարաթղթե երեսակալը և, ցույց տալով իր նիհար ու փոշոտ դեմքը, ամենասիրալիր եղանակով և լրջորեն ասաց․

— Մի փախեք ինձնից, օրիորդներ, և միք վախենա որևէ վիրավորանքից, որովհետև ասպետական միաբանությանը, որին ես պատկանում եմ, անվայել է և անարժան վիրավորել որևէ մեկին, առավել ևս ձեզ նման ազնվազարմ օրիորդներին, ինչպես կարելի է ենթադրել ձեր տեսքից։

Կանայք աչքերը տնկեցին նրա վրա, աշխատելով լավ տեսնել նրա դեմքը, որ կիսով չափ ծածկված էր խղճուկ սաղավարտով։

Իսկ երբ նրանք լսեցին, որ անծանոթն իրենց օրիորդ անունով է մեծարում, չկարողացան իրենց ծիծաղը պահել և այնպես հռհռացին, որ դոն Կիխոտը, վերջապես, բարկացավ ու ասաց․

— Պարկեշտությունը գեղեցկության զարդն է, և ծայրաստիճան անվայել է չնչին պատճառից ծիծաղելը։ Սակայն թող ասածս կշտամբանք կամ վիրավորանք չթվա, որովհետև իմ միակ ցանկությունն է ծառայել ձեզ։

Կանանց համար անհասկանալի այդ լեզուն և մեր ասպետի տարօրինակ արտաքինը կրկնապատկեցին նրանց ծիծաղն ու ասպետի բարկությունը, և անհայտ է, ինչով կվերջանար այդ ամենը, եթե այդ վայրկյանին չհայտնվեր իջևանատերը՝ մի շատ գեր, ուստի և շատ խաղաղասեր մարդ։ Տեսնելով՝ իր առջև այդ անճոռնի կերպարանքը, զինված այդքան պես-պես առարկաներով՝ թեթև վահանով, նիզակով, զենք ու զրահով, նա մեկ կամեցավ միանալ երկու աղջիկներին, սակայն մի քիչ վախենալով զենք ու զրահի այդ կույտից, որոշեց քաղաքավարի խոսել, և այսպես սկսեց․ — Եթե ձերդ ողորմածությունը, պարոն ասպետ, հաճի այստեղ իջևանել, դուք այստեղ ամեն բան կգտնեք, բացի մահճակալից։

Դոն Կիխոտը, տեսնելով, թե ամրոցի պետը ինչ ակնածությամբ է հետը խոսում (որովհետև նա իջևանատիրոջը ամրոցի պետի տեղ էր դնում) պատասխանեց.

— Ինչ էլ ինձ առաջարկելու լինեք, պարոն ամրոցատեր, ես ամեն բանից գոհ կմնամ, որովհետև ինչպես ասվում է՝

Իմ հագուստը՝ զենքն է, զրահը,
Իսկ հանգիստը՝ մարտը կատաղի։

Իջևանատերը բռնեց ասպանդակը, և դոն Կիխոտը իջավ ձիուց մեծ դժվարությամբ ու ճիգ գործադրելով, որովհետև ամբողջ օրը բան չէր կերել։ Ապա նա խնդրեց իջևանատիրոջից, որ շատ հոգատար լինի իր ձիու նկատմամբ, որովհետև աշխարհիս երեսին խոտաճարակ էակներից դա լավագույնն է։

Աչք գցելով Ռոսինանտի վրա, իջևանատերը նրան բնավ այնպիսի երևելի ձի չտեսավ, ինչպես դոն Կիխոտն էր ասում։ Ձին գոմ տանելուց հետո նա վերադարձավ, որ հարցնի, թե հյուրը ի՞նչ կկամենար։ Այդ պահին աղջիկները (որ արդեն հաշտվել էին նրա հետ) հանում էին նրա զենքուզրահը։

Նրանց հաջողվել էր հանել կրծքի և մեջքի զրահը, բայց արձակել վզակապի կոճակներն ու հանել անճոռնի սաղավարտը՝ միանգամայն անհնարին էր։ Վերջինս կապած էր պարանոցին կանաչ ժապավենով և, որովհետև կապերն անկարելի էր արձակել, ապա մնում էր ժապավենը կտրել։

Սակայն դոն Կիխոտը դրան ոչ մի կերպ չէր ուզում համաձայնել։ Այդպես էլ ամբողջ գիշեր մնաց սաղավարտը գլխին։ Դժվար էր ավելի տարօրինակ և ծիծաղաշարժ պատկեր երևակայել։

Իջևանատան դարպասի առջև նրա համար սեղան դրեցին, որ զով լինի։ Իջևանատերը բերեց մեկ բաժին վատ մաքրած և զզվելի խաշած ձուկ և մի կտոր հաց, նույնքան սև ու բորբոսնած, որքան զենքուզրահը։

Դժվար էր չծիծաղել, տեսնելով, թե նա ինչպես է ուտում, սաղավարտը գլխին, երեսակալը բարձրացրած։ Նա իր ձեռքերով ոչ մի կտոր չէր կարող բերանը դնել և պետք էր, որ աղջիկներից մեկնումեկը մատուցեր նրան այդ ծառայությունը։ Իսկ նրան խմեցնելը ուղղակի անկարելի կլիներ, եթե իջևանատերը եղեգի մեջը չմաքրեր և մի ծայրը չդներ նրա բերանը, իսկ մյուսը՝ գինու մեջ։ Դոն Կիխոտը այդ ամենը տանում էր մեծ համբերությամբ, միայն թե սաղավարտի կապը չքանդեին։

Այդ միջոցին իջևանատանը մոտեցավ մի խոզարած և մի երեք-չորս անգամ փչեց իր եղեգնյա շվին։ Դոն Կիխոտը վերջնականապես համոզվեց, որ հռչակավոր դղյակ է ընկել։

Մի բան էր միայն նրան վշտացնում, որ ինքը դեռ ասպետ չի կարգված։ Նա համարում էր, որ իրավունք չունի արկածներ որոնելու, քանի դեռ չի պատկանում ասպետական դասին։