ԳԼՈՒԽ IV
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵՐ ԱՍՊԵՏԻՆ
ԻՋԵՎԱՆԱՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Լույսը բացվում էր, երբ դոն Կիխոտը դուրս եկավ իջևանատնից և այնքան գոհ, այնքան հպարտ, ուրախությունից այնքան հուզված՝ ասպետ կարգված լինելու համար, որ նրա ձիու կողերն էլ էին դա զգում։

Սակայն մտաբերելով իջևանատիրոջ խորհուրդները անհրաժեշտ պաշարի մասին, որ մարդ պիտի հետը վերցրած լինի՝ մանավանդ փող ու շապիկներ, նա վճռեց տուն դառնալ, որ ամեն ինչի պատրաստություն տեսնի և, միաժամանակ, զինակիր գտնի։ Այն էլ ասենք, որ նա նկատի ուներ իր հարևան մի գյուղացու, աղքատ և մեծ ընտանիքի տիրոջ, բայց շատ հարմար՝ թափառական ասպետի զինակրի պաշտոնի համար։

Այս մտադրություններով նա շուռ տվեց Ռոսինանտի գլուխը դեպի գյուղ, և ձին, կարծես տիրոջ միտքն ըմբռնելով, այնպիսի պատրաստակամությամբ և այնքան թեթև վազեց, ասես նրա սմբակները չէին էլ դիպչում գետնին։

Հազիվ էր դոն Կիխոտը մի քանի քայլ անցել, որ նրան թվաց, թե աջ կողմում գտնվող անտառի թավուտից թույլ ու աղեխարշ հեծեծանք է լսվում։

Լսելուն պես նա ասաց.

— Շնորհակալ եմ երկնքից ինձ առաքած ողորմածության համար։ Ահա դեպքը բերում է ինձ կատարելու ասպետի պարտականությունը և քաղելու իմ ազնիվ որոշման պտուղը։ Անտարակույս, իմ օգնության և պաշտպանության կարոտ որևէ տղամարդ կամ կին է հեծեծում։


Եվ, շուռ տալով Ռոսինանտի գլուխը, նա շտապեց դեպի այն կողմը, որտեղից հեծեծանքի ձայն էբ գալիս։ Հենց որ մտավ անտառ, տեսավ կաղնուց կապած մի մատակ, իսկ նրա կողքին մի ուրիշ ծառից կապած տասնհինգ տարեկան մի տղա, որ մինչև գոտկատեղը մերկ էր։ Լաց լինողն էլ հենց սա էր և ոչ առանց պատճառի, որովհետև մի բռի գյուղացի նրան անխնա ծեծում էր կաշվե փոկով, յուրաքանչյուր հարվածի հետ խրատ ու խորհուրդ տալով.

— Աչքդ բաց պահիր, իսկ բերանդ՝ փակ։

Իսկ տղան պատասխանում էր․

— էլ երբեք չեմ անի, տեր իմ, խոսք եմ տալիս, որ այսուհետև ավելի լավ կպահեմ հոտը։

Տեսնելով այս բարբարոսությունը, դոն Կիխոտը ցասկոտ ձայնով բացականչեց.

— Անարժան ասպետ, տմարդություն է հարձակվելը նրանց վրա, ովքեր ի վիճակի չեն պաշտպանվելու։ Ձի հեծեք և նիզակ վերցրեք (գյուղացու նիզակը հենված էր նույն կաղնուն, որից կապած էր նրա ձին), և ես կապացուցեմ ձեր վարմունքի ողջ ստորությունը։

Տեսնելով իր գլխի վերև ինչ-որ կերպարանք, որի վրա զանազան զենքեր են կախված և որը քիչ է մնում նիզակը խրի իր փորը, գյուղացին վճռեց, որ հասել է իր վախճանը, ուստի ահուդողով պատասխանեց.

— Պարոն ասպետ, այս տղան, որին ես պատժում եմ, իմ ծառան է, իմ ոչխարներն է արածացնում այստեղից ոչ հեռու։ Ես նրան պատժում եմ անփութության և ծուլության համար, իսկ նա դուրս է տալիս, իբրև թե ես այդ չարամտությամբ եմ անում, որ իր ռոճիկը կտրեմ։ Աստված վկա, ես իմ հոգիս, սո՛ւտ։

— Սուտը դու ես, ստոր ու կոպիտ արարած,— բացականչեց դոն Կիխոտը։— Մեզ վրա լույս սփռող արևը վկա, ես իսկույն ևեթ նիզակով կխոցեմ քեզ։ Անմիջապես վճարիր նրան առանց մի խոսք ասելու, թե չէ մեկ հարվածով քեզ շան սատակ կանեմ։ Եվ արձակիր նրան, շո՛ւտ։

Գյուղացին գլուխը կախ ու լուռ արձակեց իր ծառային, իսկ դոն Կիխոտը հարցրեց տղային, թե տերն իրեն ինչքան է պարտք։

Տղան պատասխանեց, թե ինը ամսվա ռոճիկը, հաշվելով ամսական յոթ ռեալ։

Դոն Կիխոտը հաշվեց․ դուրս եկավ վաթսուներեք ռեալ, և հրամայեց, որ գյուղացին իսկույն քսակը հանի կամ պատրաստվի մահվան։

Ահաբեկված գյուղացին երդվեց իրեն սպառնացող կործանումով, որ իր պարտքը բնավ այդքան մեծ չէ, որ պետք է հաշվի առնել և այդ գումարից հանել երեք զույգ կոշիկի արժեքը, որ ծառան մաշել է, և երկու անգամ արյուն առնելու վճարը, որ արվել է նրա հիվանդության ժամանակ և նստել է մեկ ռեալ։

— Ենթադրենք թե այդպես է,— պատասխանեց դոն Կիխոտը,— սակայն նրան անմեղ տեղը ծեծելով դուք լրիվ ստացել եք թե կոշիկների, թե արյուն առնելու համար։ Որովհետև եթե նա քո կոշիկի կաշին է ճղել, ապա դուք նրա սեփական կաշին եք ճղել։ Եթե սափրիչը նրա հիվանդության ժամանակ է արյուն առել, ապա դու առողջի արյունն ես առնում։ Կնշանակի՝ տեղը դուրս է եկել։

— Ցավն այն է, պարոն ասպետ, որ մոտս փող չունեմ։ Թող Անդրեսը հետս գա տուն, և ես կվճարեմ մինչև վերջին ռեալը։

— Ե՞ս․․․ նրա հետ տո՜ւն գնամ,— բացականչեց տղան։— Երբե՛ք, պարոն, մտքովս էլ չի անցնի։ Հենց որ նրա հետ մենակ մնամ, նա իմ կաշին կքերթի։

— Նա այդ չի անի,— առարկեց դոն Կիխոտը,— իմ պատիվը կպահի։ Թող միայն երդվի ասպետական ուխտով, որին պատկանում է, ես նրան բաց կթողնեմ և կերաշխավորեմ, որ կվճարի։

— Խորհեցեք, թե ի՜նչ եք ասում, ձերդ ողորմածություն,— ասաց տղան։— Իմ տերը իսկի ասպետ էլ չէ և ոչ մի ասպետական ուխտի մեջ չի մտնում։ Նա Խուան Հալդադոնն է, Կինտանար գյուղի հարուստներից։

— Անդրես, տղաս, ես չեմ հրաժարվում,— ընդհատեց նրան գյուղացին։— Արի գնանք, երդվում եմ աշխարհիս երեսին գոյություն ունեցող ասպետական բոլոր ուխտերով, որ, ինչպես ասացի, կվճարեմ մինչև վերջին ռեալը, այն էլ նոր-նոր դրամներով։

— Շահը ներում եմ ձեզ,— ասաց դոն Կիխոտը։— Ես միանգամայն բավարարված կլինեմ, եթե դուք սովորական ռեալներով վճարելու լինեք։ Ձեր երդումը պահեք, հա՜, թե չէ ես ինքս եմ երդվում, որ կվերադառնամ, կգտնեմ ձեզ և կպատժեմ։ Դուք կարող եք մողեսի պես թաքնվել, միևնույն է, դարձյալ ես ձեզ կգտնեմ։ Իսկ եթե հաճեիք իմանալ, թե ով է ձեզ հրամայողը, ապա իմացած եղեք (հիմա դուք ավելի եռանդուն կկատարեք ձեր խոստումը)՝ ես արի Դոն Կիխոտ Մանչացին եմ, անարգանք և անարդարություն պատճառողների վրիժառուն։ Տերը ձեզ հետ, և միք մոռանա ձեր խոստումն ու երդումը, թե չէ պատիժը վրա կհասնի։

Այս խոսքերը բերնին՝ նա խթանեց Ռոսինանտին և արագ-արագ հեռացավ։

Գյուղացին նրան աչքերով ճամփա գցեց և համոզվելով, որ ասպետն անհետացավ անտառի թավուտում ու չի երևում, դարձավ իր ծառային ու ասաց.

— Ապա մոտ արի, Անդրես։ Ես ուզում եմ վճարել քեզ պարտքս, ինչպես հրամայեց անարգանք պատճառողների վրիժառուն։

— Խոսք եմ տալիս ձեզ,— պատասխանեց Անդրեսը,— որ ձերդ ողորմածությունը շատ լավ կանի, եթե կատարի բարի ասպետի հրամանը։ Աստված նրան հազար տարի կյանք տա իր արիության և արդար դատաստանի համար։ Երդվում եմ, որ եթե դուք ինձ վճարելու չլինեք, նա իսկույն կվերադառնա և ձեր հախիցը կգա, ինչպես որ խոստացավ։ — Ես էլ եմ խոսք տալիս,— պատասխանեց գյուղացին։— Բայց որովհետև ես քեզ շատ եմ սիրում, ապա իսկույն պարտքս կավելացնեմ, որպեսզի հատուցումն էլ ավելի լինի։

Եվ, բռնելով տղայի թևից, դարձյալ կապեց նրան նույն կաղնուց և գանահարեց, հասցնելով կիսամեռ վիճակի։

Ահա այսպես արի ասպետ դոն Կիխոտ Մանչացին պայքարի մտավ անարդարության դեմ։

Շուտով դոն Կիխոտը հասավ մի տեղ, որտեղ ճամփան բաժանվում էր չորս ճյուղի։ Նա իսկույն մտաբերեց, որ թափառական ասպետները, սովորաբար, կանգ առնելիս են եղել ճամփաբաժաններում և խորհել, թե որ ճամփով ընթանան։ Որպեսզի նրանց օրինակին հետևած լինի, նա էլ մի պահ կանգ առավ, ապա բաց թողեց Ռոսինանտի սանձը, որը հավատարիմ իր սկզբնական մտադրության, բռնեց գոմը տանող ճամփան։

Մի երկու մղոն կտրելուց հետո դոն Կիխոտը նկատեց մարդկանց մի մեծ խումբ։ Դրանք, ինչպես հետո պարզվեց, տոլեդոացի վաճառականներ էին և գնում էին Մուրսիա՝ մետաքս գնելու։

Վեց հոգի էին նրանք և գնում էին գլխներին հովանոց բռնած, ուղեկցությամբ չորս հեծյալ ծառաների և երեք ջորեպանների, որ ոտքով էին գնում։

Հազիվ էր նրանց նշմարել դոն Կիխոտը, որ իսկույն երևակայեց, թե դա արկածի նոր առիթ է։ Ուստի հպարտ ու խիզախ տեսքով ոտքերն ամրացրեց ասպանդակների մեջ, ավելի ամուր բռնեց նիզակը, կուրծքը ծածկեց վահանով և ճամփի մեջտեղում կանգնելով սպասեց, որ թափառական ասպետները մոտ գան (որովհետև վաճառականներին նա թափառական ասպետներ էր համարում)։

Երբ որ նրանք մոտեցան այնչափ, որ կարող էին իրեն տեսնել և լսել ձայնը, դոն Կիխոտը բարձրաձայն ու հպարտ ասաց.

— Ոչ ոք ձեզնից մի քայլ առաջ չի անի, եթե չխոստովանի, որ ամբողջ աշխարհում ավելի գեղեցիկ կին չկա, քան աննման Դուլսինեա Տոբոսցին։

Թե անծանոթի խոսքերից, թե կերպարանքից, վաճառականները կռահեցին, որ դա խելագար է։ Սակայն նրանք կամեցան իմանալ, թե ինչո՞ւ է իրենցից այդպիսի խոստովանություն պահանջում, և նրանց միջից կատակասեր ու սրամիտ մեկը պատասխանեց․

— Պարոն ասպետ, մենք չենք ճանաչում այդ բարի տիկնոջը, որի մասին դուք խոսում եք։ Ցույց տվեք մեզ նրան և, եթե պարզվի, որ նա իրոք այդքան գեղեցիկ է, ինչպես դուք եք պնդում, մենք ամենայն սիրով և առանց որևէ հարկադրանքի կճանաչենք ճշմարտությունը և կատարած կլինենք ձեր պահանջը։

— Եթե ես նրան ձեզ ցույց տամ,— ասաց դոն Կիխոտը,— և դուք ընդունեք այդքան ակներև մի ճշմարտություն, ապա ի՞նչը կլինի ձեր արժանիքը։ Ես պահանջում եմ ձեզնից, որպեսզի դուք հենց առանց նրան տեսնելու հավատաք, ճանաչեք, հաստատեք, երդվեք և պաշտպանեք այդ ճշմարտությունը։ Հակառակ դեպքում ես ձեզ մարտի եմ կանչում, անճոռնի և ժպիրհ մարդուկներ։ Դուրս եկեք կամ մեկ-մեկ, ինչպես պահանջում է ասպետական օրենքը, կամ բոլորդ միասին, ես սպասում եմ ձեզ և հուսով եմ, ըստ արժանվույն կդիմավորեմ ձեզ, հավատացած լինելով, որ կատարելապես արդարացի եմ։

— Պարոն ասպետ,— առարկեց վաճառականը,— բոլոր այս իշխանների՝ իմ ուղեկիցների անունից աղաչում եմ ձերդ ողորմածությանը, որպեսզի մենք մեր հոգու վրա մեղք վերցրած չլինենք, ընդունելով մի բան, որ երբեք չենք տեսել և որի մասին երբեք չենք լսել, ցույց տվեք այդ տիկնոջ որևէ պատկերը, անգամ եթե այդ պատկերը ցորենի հատիկից մեծ չլինի՝ չէ՞ որ ասվում է, թե փոքրիկ մի բրդից ճանաչվում է ոչխարը։ Դա մեզ միանգամայն կհանգստացնի և կհամոզի, ձերդ ողորմածությունն էլ բավարարված կլինի, ստանալով ցանկացածը։

— Ստո՛ր սրիկա,— զայրույթով բռնկված գոչեց դոն Կիխոտը։

Եվ, ասելով այս խոսքերը, նա նիզակը ճոճեց և կատաղի ու ցասումնալից հարձակվեց իր խոսակցի վրա այնպես, որ եթե վերջինիս բախտից Ռոսինանտը ճամփի կեսին չսայթաքեր ու վայր չընկներ, ապա հանդուգն վաճառականի բանը բուրդ կլիներ։

Ռոսինանտը վայր ընկավ, և դոն Կիխոտը գլորվեց մի կողմ։ Չնայած իր թափած ճիգերին, նա ոչ մի կերպ չկարողացավ ոտքի ելնել՝ այնքան էին խանգարում նիզակը, վահանը, խթանները, սաղավարտը և ծանր ու հնադարյան զենքուզրահը։ Վեր կենալու ապարդյուն ճիգ թափելով, նա միաժամանակ շարունակում էր խոսել.

— Մի՛ք փախչի, վախկոտնե՛ր, անպիտաննե՛ր, սպասեցեք։ Իմ մեղքը չէ, որ ես վայր ընկա, մեղքը իմ երիվարինն է։

Ջորեպաններից մեկը, որ, ըստ երևույթին, հեզ բնավորության տեր չէր, լսելով, որ վայր ընկած ասպետը շարունակում է լուտանք թափել իրենց գլխին, չհամբերեց և վճռեց, ի պատասխան, նրա բուրդը գզել։ Նա մոտեցավ դոն Կիխոտին, խլեց նրա ձեռքից նիզակը, կտոր-կտոր արեց և մի կտորով սկսեց հարվածել մեր ասպետին այնպես, որ չնայած զրահին, ջարդեց նրան, ասես մի ջվալ ցորեն։ Վաճառականները գոռում էին, որ նա դադարի, այլևս չխփի, բայց ջորեպանը ոգևորվել էր և չէր ուզում խաղին վերջ տալ, մինչև որ չսպառեց իր ցասումի ողջ պաշարը։ Նիզակի կտորները մեկը մյուի հետևից վերցնելով նա կոտրում էր, հարվածելով գետնին փռված թշվառական ասպետի մեջքին, որը, չնայած կարկուտի պես տեղացող հարվածներին, չէր լռում և շարունակում էր սպառնալ երկնքին, երկրին և նրանց, ում ավազակների տեղ էր դնում։

Վերջապես ջորեպանը հոգնեց, և վաճառականները շարունակեցին իրենց ճամփան։ Ամբողջ ճամփորդության ընթացքում նրանք ասում ու խոսում էին ծեծ կերած ասպետի մասին։

Դոն Կիխոտը, տեսնելով, որ թշնամիները հեռացան, նորից վեր կենալու փորձ արեց։ Սակայն եթե ողջ և առողջ չկարողացավ ոտի կանգնել, ապա հիմա ծեծված, կիսամեռ վիճակում ինչպե՞ս ելներ։

Այնուհանդերձ նա իրեն երջանիկ էր համարում, երևակայելով, որ հենց այդպիսի ձախորդություններ են պատահում թափառական ասպետներին և որ ամբողջ մեղքը ձիունն է։ Միայն թե վեր կենալ նա դարձյալ չկարողացավ, այնքան էին ցավում ոսկորները։