ԳԼՈՒԽ XII
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է,
ԹԵ ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԽՈՐԱՄԱՆԿԱՄԻՏ ՀԻԴԱԼԳՈՅԻՆ ԻՋԵՎԱՆԱՏԱՆԸ,
ՈՐԸ ՆԱ ԴՂՅԱԿԻ ՏԵՂ ԷՐ ԴՐԵԼ

Իջևանատերը, տեսնելով էշի վրա պարկի պես ընկած դոն Կիխոտին, հարցրեց Սանչոյից, թե ինչ դժբախտություն է պատահել այդ մարդուն։ Սանչոն պատասխանեց, թե նա վայր է ընկել ժայռից և կողքը մի քիչ ցավացրել։

Իջևանատերը կին ուներ, բնականից շատ սրտացավ և մերձավորի ցավին ցավակցող։ Նա շտապեց օգնության հասնելու դոն Կիխոտին և իր աղջկան էլ հրամայեց, որ օգնի։

Նույն իջևանատանը մի աղջիկ էր ծառայում, լայնադեմ, քիթը կճատ, տափակ ծոծրակով և մեկ աչքով կույր, ասենք մյուսն էլ մի բանի նման չէր։ Իսկ ուսերը ծառանում էին սապատի պես, հարկադրելով, որ նա գետնին նայի ավելի, քան կկամենար։

Սա էլ սկսեց օգնել իջևանատիրոջ աղջկան, և նրանք երկուսով դոն Կիխոտի համար վատթարագույն անկողին գցեցին մարագում, որը, բոլոր նշաններից երևում էր, երկար ժամանակ պահեստ էր եղել։ Նույն տեղը մի ջորեպան էլ էր գիշերում, որի անկողինը դոն Կիխոտի տեղից մի քիչ հեռու էր։ Թեև ջորեպանի տեղը ջորիների փալաններից և քեչաներից էր շինած, դարձյալ դոն Կիխոտի անկողնուց շատ լավն էր։ Դոն Կիխոտի մահճակալը չորս հատ վատ ռանդած տախտակից էր, որ դրված էին անհավասար ոտքերի վրա, մի ներքնակից՝ վերմակի հաստությամբ, լի այնքան պինդ-պինդ գնդերով, որ կարելի էր քարերի տեղ դնել, եթե ծակոտիներից բուրդը դուրս եկած չլիներ։

Ահա այդ անկողնում պառկեց դոն Կիխոտը, և իսկույն իջևանատիրոջ կինը, իր աղջկա հետ, սկսեցին նրան ոտից գլուխ սպեղանի քսել, իսկ Մարիտոռնեսը (այդպես էր աղախնի անունը) բռնել էր ճրագը։

Դոն Կիխոտի մարմնի վրա բազմաթիվ կապտած տեղեր տեսնելով, իջևանատիրոջ կինն ասաց, որ դրանք ավելի հարվածի, քան թե վայր ընկածի հետքի են նման։

— Իսկի էլ հարվածի հետքեր չեն,— պատասխանեց Սանչոն,— այլ ժայռը ծածկված էր սուր-սուր քարերով, որոնցից յուրաքանչյուրը մի-մի կապտած տեղ էր թողել։

Սրան նա ավելացրեց.

— Բարի եղեք, տիկին, այդ դեղից մի քիչ պահեցեք, իմ գոտկատեղն էլ է կոտրատվում։

— Ուրեմն դուք է՞լ եք վայր ընկել,— հարցրեց իջևանատիրոջ կինը։

— Վայր ընկնելը վայր չեմ ընկել,— պատասխանեց Սանչո Պանսան,— միայն հենց տեսնելուց, թե ինչպես վայր ընկավ իմ տերը, այնպես ցնցվեցի, որ ողջ մարմինս ցավեց, ասես թե հազար փայտի հարված կերա։

— Կպատահի,— ասաց իջևանատիրոջ աղջիկը,— ինձ էլ է հաճախ պատահում երազիս տեսնել, իբր թե վայր եմ ընկնում աշտարակից և չեմ կարողանում ընկնել պրծնել և երբ որ հետո զարթնում եմ, այնպես եմ ջարդված լինում, մարմինս այնպես է կոտրատվում, ասես թե իսկապես վայր եմ ընկած եղել։

— Բանն էլ այն է, տիրուհի,— ասաց Սանչոն,— որ առանց երազի, ուղղակի արթմնի, հիմիկվա պես, մարմինս կապտեց ոչ պակաս, քան դոն Կիխոտինը, իմ տիրոջինը։

— Այս կաբալյերոյի անունն ի՞նչ է,— հարցրեց Մարիտոռնեսը։

— Դոն Կիխոտ Մանչացի,— պատասխանեց Սանչո Պանսան։— Նա թափառական ասպետ է, աշխարհիս երեսին եղածներից ամենափառավորն ու զորավորներից մեկը։

— Իսկ ի՞նչ բան է թափառական ասպետը,— դարձյալ հարցրեց սպասուհին։

— Մի՞թե երբեք չեք լսել,— բացականլեց Սանչո Պանսան։— Դե իմացած եղեք, քույրիկ, թափառական ասպետն այնպիսի բան է, որ աչք ճպելու ժամանակ չես ունենա, որ նա կարող է ծեծ ուտել և կայսր դառնալ։ Այսօր նա աշխարհիս երեսին ամենադժբախտ և թշվառ էակն է, իսկ վաղը նա իր զինակրի համար երեք-չորս թագավորություն կունենա՝ դե ընտրիր։

— Այդ ինլպե՞ս է,— հարցրեց տանտիկինը,— որ ձեր տերը այդքան կարևոր անձնավորություն է, իսկ դուք, ինչպես տեսնում եմ, իսկի մի կոմսություն էլ չեք ձեռք գցել։

— Դա այդքան էլ արագ չի լինում,— պատասխանեց Սանչոն։— Հազիվ մի ամիս է, ինչ մենք արկածախնդրության ենք ելել և մինչև օրս դեռ մի կարգին արկածի չենք հանդիպել։ Երբեմն լինում է, որ մեկ բանի հետևից ես գնում, իսկ բոլորովին ուրիշն ես գտնում։ Բայց ճիշտ եմ ասում, եթե միայն իմ տիրոջ՝ դոն Կիխոտի, վերքերն առողջանան, որ վայր ընկնելուց եղան, ես էլ կենդանի մնամ, ես իմ հույսերը չեմ փոխի Իսպանիայի առաջնագույն իշխանության հետ։

Այս խոսակցությանն ուշի-ուշով ականջ էր դնում դոն Կիխոտը։ Դժվարությամբ բարձրանալով իր անկողնում, նա բռնեց տանտիրուհու ձեռքն ու ասաց.

— Հավատացեք, չքնաղ տիրուհի, դուք կարող եք երջանկություն համարել, որ ձեր դղյակում ինձ պես մի անձնավորության ապաստան եք տվել, որովհետև եթե ես ինքս ինձ չեմ գովում, ապա միմիայն այն պատճառով, որ, ինչպես ասում են, գովասանքն ինքն իրեն ստորացնում է։ Սակայն իմ զինակիրը կպամի ձեզ, թե ով եմ ես։ Ես միայն այն կասեմ, որ իմ հիշողության մեջ առհավետ կտպավորվի ինձ մատուցած ձեր ծառայությունը, և որ ողջ կյանքումս ես ձեզնից շնորհակալ կմնամ։

Տիրուհին, նրա աղջիկն ու բարի Մարիտոռնեսը շփոթված լսում էին թափառական ասպետի խոսքերը, որոնք նրանց համար նույնքան անըմբռնելի էին, որքան եթե նա հունարեն խոսելու լիներ։ Նրանք նայում ու զարմանում էին։ Արդարև ասպետը նրանց աչքին ուրիշ ցեղի մարդ էր երևում։ Գեղավարի շնորհակալություն հայտնելով նրա սիրալիր խոսքերի համար, նրանք վեր կացան գնացին, իսկ Մարիտոռնեսը զբաղվեց Սանչոյով, որ կարոտ էր խնամքի ոչ պակաս, քան իր տերը։

Ողջ իջևանատունը սուզվել էր լռության մեջ և բոլոր ճրագները մարած էին, բացի մուտքի լապտերից։

Այս խորունկ լռությունն ու մեր ասպետի անդադրում մտորումները արկածների մասին, որոնցով լի էին նրա ցավին մեղապարտ գրքերը, ներշնչեցին նրան մի ամենատարօրինակ ու անմիտ ցնորք, որ հնարավոր է միայն երևակայել, այն է՝ նրան թվաց, թե ինչ-որ հռչակավոր մի դղյակ է եկել (որովհետև յուրաքանչյուր իջևանատուն, որտեղ նա իջևանում էր, նրան դղյակ էր թվում) և որ իջևանատիրոջ աղջիկը, այլ կերպ ասած դղյակի տիրոջ աղջիկը, հմայված իր ազնիվ տեսքով, սիրահարվել է իրեն և խոստացել է այս գիշեր, ծնողներից գաղտնի, գալ և բաժանել իր անկողինը։ Զուտ ճշմարտություն ընդունելով իր իսկ հնարած այս զառանցանքը, նա սկսեց տանջվել իր առաքինությանը սպառնացող վտանգի մասին։

Այդ միջոցին, հուշիկ քայլերով, Մարիտոռնեսը ներս մտավ, որ գտնի ջորեպանին։ Սակայն հազիվ էր նա շեմքն անցել, որ դոն Կիխոտը, նրա ոտնաձայնը լսելով՝ նստեց անկողնում, չնայած իր սպեղանիներին ու կողերի ցավին, տարածեց ձեռքերը, բանալով իր գիրկն ու արտասանեց.

— Ինչպե՞ս կուզենայի ես, չքնաղ ու ազնվազարմ օրիորդ, ի վիճակի լինել ըստ արժանվույն հատուցանելու ձեզ այն բարձր ողորմածության համար, որ պարգևում եք ինձ ձեր մեծ գեղեցկության տեսքով։ Սակայն ազնիվ մարդկանց անընդհատ հալածող բախտը հաճել է ինձ նետել այս անկողինը, որի մեջ ես պառկած եմ ջարդված ու տրորված։

Մեր ջորեպանը ուշի-ուշով լսում էր դոն Կիխոտի ասածները։ Խանդով բռնված, նա մոտեցավ դոն Կիխոտի անկողնուն և թաքնվեց, որ տեսնի, թե իրեն համար այդ անըմբռնելի խոսքերն ինչով են վերջանալու։ Սակայն երբ որ նա տեսավ, թե աղջիկն ուզում է դուրս պրծնի, իսկ դոն Կիխոտը բաց չի թողնում, այդ բանը նրան դուր չեկավ։ Նա տարավ-բերեց և բռունցքով այնպես խփեց մեր ասպետի ոսկրոտ ծնոտին, որ նրա բերանը արյունով լցվեց։ Գտնելով, որ դա դեռ քիչ է, ջորեպանը ոտքերով սկսեց ջարդել նրա կողերը։

Մահճակալը նոր ծանրություն չտանելով՝ սաստիկ աղմուկով փլվեց, որից զարթնեց իջևանատերը։ Նա իսկույն գլխի ընկավ, որ սա Մարիտոռնեսի արարքը կլինի, որովհետև բարձր ձայն տվեց աղախնին և պատասխան չառավ։ Այդ կասկածով՝ նա վեր կացավ, ճրագը վառեց և դիմեց դեպի աղմուկը։

Տեսնելով իր սաստիկ զայրացած տիրոջը, աղջիկը մի պահ երկյուղից իրեն կորցրեց, ապա ծլկվեց Սանչո Պանսայի անկողինը, որը խաղաղ քնած էր։ Մտնելով նրա անկողնու մեջ, աղջիկը կծկվեց։

Այստեղ Սանչոն զարթնեց։ Զգալով իր վրա ընկած կենդանի բեռը, նա վճռեց, որ սատանան է խեղդում իրեն և սկսեց բռունցքով հարվածել աջ ու ձախ։ Հարվածների զգալի մասը հասավ Մարիտոռնեսին։ Աղջիկը, ցավից ամեն ամոթ կորցնելով, այնպես պատասխանեց Սանչոյին, որ վերջինիս քունը ուզեր-չուզեր փախավ։ Զգալով, որ իրեն դնգստում են և չտեսնելով հակառակորդին, Սանչոն վեր թռավ, բռնեց Մարիտոռնեսին և մի ծիծաղելի տուրուդմփոց սկսվեց։

Իջևանատիրոջ ձեռքի ճրագը մարեց։ Հարվածները մթան մեջ տեղում էին ում որ հասնի և այնքան անողոք, որ ում դիպչում էին՝ ցած էին գցում։ Պատահաբար նույն իջևանատանը գիշերում էր Սանտա Հերմանդադի պահակներից մեկը։ Լսելով կռվի աղմուկը, նա վերցրեց իր կարճ գավազանը և թիթեղյա տուփը, խավարի մեջ մտավ մարագն ու ճչաց.

— Կա՛նգ առեք, հանուն արդարադատության, կա՛նգ առեք, հանուն Սանտա Հերմանդադի։

Առաջին մարդը, որին նա դեմ առավ, դոն Կիխոտն էր, որ անզգա պառկած էր մեջքին, իր փլված անկողնու վրա։

Բռնելով նրա մորուքից, պահակը մի քանի անգամ գոռաց.

— Հասեք օգնության արդարադատությանը։

Սակայն տեսնելով, որ իր բռնած մարդը չի շարժվում, նա կարծեց, թե սպանված է, իսկ սենյակում գտնվող մյուս մարդիկ մարդասպաններ են, ուստի բարձր աղաղակեց.

— Փակե՛ք դարպասը։ Ոչ ոքի բաց չթողնեք, որովհետև այստեղ մարդ է սպանվել։

Այդ աղաղակից բոլորն էլ վախեցան և վերջ տվին կռվին։ Իջևանատերը շտապ վերադարձավ իր սենյակը, ջորեպանը՝ իր փալանների մոտ, սպասուհին՝ իր խցիկը։ Միայն խեղճ դոն Կիխոտն ու խեղճ Սանչոն չկարողացան տեղից շարժվել։

Միաբանության պահակը, բաց թողնելով դոն Կիխոտի մորուքը, գնաց ճրագ գտնի, որ բռնի և կալանավորի ոճրագործներին։ Բայց նա չկարողացավ ճրագ գտնել, որովհետև իջևանատերը դիտմամբ հանգցրել էր մուտքի լապտերը, և նա հարկադրված եղավ օջախի մոտ գնալու, որտեղ մեծ դժվարությամբ, վերջապես, կարողացավ վառել իր ճրագը։