ԳԼՈՒԽ XXXII
ՈՐ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ Է
ԱՐԻ ԴՈՆ ԿԻԽՈՏԻՆ ՀԱՆԴԻՊԱԾ ԿԱՌՔԻ
ԿԱՄ «ՄԱՀՎԱՆ ՍԱՅԼԻ» ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՐԿԱԾԸ

Դոն Կիխոտը մտախոհ ընթանում էր ճամփով, մտաբերելով չար կատակը, որ խաղացին իր գլխին կախարդները։ Այդ մտքերը նրան այնքան կլանեցին, որ նա, իր համար աննկատելի կերպով, բաց թողեց Ռոսինանտի սանձը։ Ձին ազատ զգալով, ամեն քայլափոխում կանգ էր առնում և խոտ արածում, որ առատ աճել էր դաշտում։

Հանկարծ նրանց դիմաց դուրս եկավ մի սայլ լիքը այնպիսի տարօրինակ և այլազան դեմքերով ու կերպարանքներով, որ դժվար է երևակայել։

Եզները քշում ու սայլապանի պարտականություն էր կատարում ինչ-որ անճոռնի դև։ Սայլը բաց էր, առանց կտավե ծածկոցի և ոստերից հյուսած կողերի։ Առաջին կերպարանքը, որ ներկայացավ դոն Կիխոտի աչքերին՝ ինքը Մահն էր, մարդու դեմքով։ Նրա կողքին Հրեշտակ էր նստած՝ մեծ, ներկած թևերով։ Մյուս կողմից կանգնած էր Կայսրը և նրա գլխին թագ կար, արտաքուստ՝ զուտ ոսկուց։ Մահվան ոտքերի ներքո մի փոքրիկ աստված էր նստած, անունը՝ Կուպիդոն։ Նրա աչքերը կապած չէին, ձեռքին աղեղ և նետերով լի կապարճ կար։ Ապա ոտից գլուխ զինված ասպետ էր կանգնած, միայն թե գլխին, սաղավարտի փոխարեն, գույնզգույն փետուրներով զարդարված գլխարկ էր դրած։ Հետևում ևս շատ ուրիշ մարդիկ կային, զանազան տեսքով և տարբեր հագուստով։

Դոն Կիխոտր շփոթվեց այդ անակնկալ տեսարանից, իսկ Սանչոյի սիրտը կուչ եկավ երկյուղից։ Սակայն մի ակնթարթից մեր ասպետը արիացավ, վճռելով, որ նոր ու վտանգավոր արկած է սպասում իրեն։ Այդ միտքը գլխում և լի կատարյալ պատրաստակամությամբ նետվելու ամեն տեսակ վտանգի մեջ, նա ձիու գլուխը պահեց սայլի առջև և բարձր ու խրոխտ ձայնով գոչեց.

— Ով էլ որ լինես՝ սայլապան, կառապան կամ ինքը՝ դևը, անմիջապես բացատրիր ինձ՝ ո՞վ ես դու, ո՞ւր ես գնում և ի՞նչ մարդիկ ես փոխադրում քո սայլով։ Դևը քաշեց սանձափոկերը և հեզ պատասխանեց.

— Պարոն, մենք դերասաններ ենք։ Այսօր առավոտյան մենք խաղացել ենք գյուղում, որն այն բլրի հետևն է, իսկ երկոյան խաղալու ենք մի ուրիշ գյուղում, որ այստեղից երևում է։ Քանի որ մոտ է, մենք խորհեցինք, որ շորերը հանելն ու կրկին հագնելը ավելորդ աշխատանք կլինի, ուստի և գնում ենք այն զգեստներով, որոնցով խաղում ենք։ Այս տղան ներկայացնում է Մահը, նա՝ Հրեշտակին, այս կինը, մեր տիրոջ տիկինը՝ թագուհուն, ահա նա՝ Զինվորին, մյուսը՝ Կայսրին, ես՝ Դևին։

— Տերը ձեզ հետ, բարի մարդիկ, գնացեք, խաղացեք ձեր ներկայացումը և միտք արեք, չե՞մ կարող արդյոք ես որևէ բանով ձեզ օգտակար լինել, ամենայն սիրով և սրտանց կկատարեմ ձեր խնդիրքը, որովհետև մանկությունից սիրել եմ թատերական դիմակը, իսկ պատանի հասակում դերասաններին նայելուց աչքս չի կշտացել։

Մինչդեռ նրանք այսպիսի զրույց էին անում, բախտի բերմամբ մոտ եկավ այդ խմբի դերասաններից մեկը, որ միմոսի զգեստ էր հագել և վրայից բոժոժներ կախել։ Նրա ձեռքին փայտ կար, որի ծայրին կապած էր երեք եզան փուչիկ։ Մոտենալով դոն Կիխոտին, այդ ծաղրածուն սկսեց փայտով սրախաղություն անել, փուչիկները խփել գետնին, բարձր ցատկռտել, բոժոժները զնգզնգացնել։ Այս վտանգավոր տեսարանն այնպես վախեցրեց Ռոսինանտին, որ չնայած դոն Կիխոտի ճիգերին նրա գլուխը պահելու, ձին գլուխն առավ ու փախավ դաշտ այնպիսի արագությամբ, որ այդ կմախքից ամենևին չէր կարելի սպասել։

Սանչոն, տեսնելով, որ տիրոջը վայր ընկնելու վտանգ է սպառնում, թռավ իր իշուկի վրա և հևիհև սլացավ օգնության։ Սակայն երբ նա տեղ հասավ, տերն արդեն գլորվել էր գետնին և նրա կողքին փռվել էր Ռոսինանտը։

Հազիվ էր Սանչոն էշից վայր ցատկել և վազել դոն Կիխոտի մոտ, որ պար եկող Դևը թռավ նրա էշի վրա և սկսեց զարկել նրան իր փուչիկներով։ Ոչ այնքան ցավից, որքան անհողդողդ հարվածներից էշը վազեց դաշտով դեպի այն գյուղը, որտեղ պիտի տեղի ունենար տոնակատարությունը։ Սանչոն մեկ նայում էր սլացող էշին, մեկ՝ գետնատարած տիրոջը և չգիտեր՝ նախ ո՞ր ցավին օգնի։ Սակայն նա բարի զինակիր էր և բարի ծառա, ուստի տիրոջ սերը հաղթեց։

Չարաչար շփոթմունքով մոտեցավ նա դոն Կիխոտին, որն ավելի ողբալի վիճակի մեջ էր, քան կկամենար և, օգնելով նրան հեծնել Ռոսինանտին, ասաց.

— Պարոն, Դևը քշեց-տարավ իմ իշուկին։

— Ի՞նչ Դև,— հարցրեց դոն Կիխոտը։

— Այն, որ փուչիկներ ունի,— պատասխանեց Սանչոն։

— Բան չկա,— ասաց դոն Կիխոտը,— ես դուրս կբերեմ, անգամ եթե նրան դժոխքի ամենախոր ու մութ անդունդներում թաքցնելու լինեն։ Հետևիր ինձ, Սանչո։

— Շտապելու կարիք չկա, պարոն,— առարկեց Սանչոն,— մեղմեցեք ձեր զայրույթը, կարծեմ, սատանան արդեն թողեց իշուկին, որը ետ է գալիս։

— Այնուամենայնիվ,— ասաց դոն Կիխոտը,— այդ Սատանայի աներեսության համար արժեր սայլով գնացողներից մեկնումեկին պատժել, օրինակ համար, ասենք, հենց Կայսերը։

Այս խոսքերով նա ձին քշեց դեպի սայլը, որն արդեն մոտենում էր գյուղին, և բարձրաձայն գոչեց.

— Կանգ առե՛ք, սպասեցե՛ք, միմոսներ ու ծաղրածուներ։ Ես ձեզ խրատ պիտի տամ, թե ինչպես պիտի վարվել թափառական ասպետների զինակիրների էշերի և անասունների հետ։

Դոն Կիխոտն այնքան բարձր էր գոռում, որ սայլում նստած դերասանները լսեցին, խոսքերն ըմբռնեցին և գլխի ընկան նրա թշնամական մտադրությունների մասին։ Վայրկենապես ցած թռան սայլից Մահը, Կայսրը, սայլապան Դևը, Հրեշտակը և վերջապես Թագուհին ու փոքրիկ աստված Կուպիդոնը, բոլորն էլ քարեր վերցրին և շարքի կանգնեցին ռազմական կարգով, պատրաստվելով դոն Կիխոտին դիմավորել քարե կարկուտով։

Իսկ դոն Կիխոտը, տեսնելով, որ նրանք քաջ-քաջ պատրաստվել են կռվի և բարձրացրել են ձեռքերը, որ քար գցեն, Ռոսինանտի գլուխը պահեց և սկսեց մտմտալ, թե որ կողմից հարձակվի նրանց վրա, որպեսզի նվազագույն չափով իր անձը վտանգի ենթարկի։

Մինչդեռ նա խորհում էր, վրա հասավ Սանչոն և, տեսնելով, որ իր տերը մտադիր է հարձակվելու այսպիսի մի կազմ ու պատրաստ խմբի վրա, ասաց.

— Չարժե վըեժխնդիր լինել, պարո՛ն։ Ես կհամոզեմ իմ էշին, որ իր վիրավորանքը իմ կամքին հանձնի։ Իսկ իմ կամքը՝ խաղաղ ապրելն է։

— Եթե քո վճիռն այդ է,— ասաց դոն Կիխոտը,— իմ բարի, իմ խելացի և մաքուր սրտով Սանչո, ապա հանգիստ թողնենք այդ խրտվիլակներին և,ավելի լավ ու ազնիվ արկածներ որոնենք, որովհետև ինձ թվում է, թե այս կողմերում մեզ սպասում են բազմաթիվ հրաշալի անցք ու դեպքեր։

Նա շուռ տվեց Ռոսինանտի գլուխը, Սանչոն նորից նստեց իր էշին, իսկ Մահը իր խմբով վերադարձավ դեպի սայլը, որ շարունակի ճանապարհը։

Ահա թե ինչ բախտավոր վախճանի հանգեց սայլի ահավոր արկածը։