ԴՈՒ


Այն ծաղիկն ես իմ հուզումի,
Որին իմ մեջ զգում եմ լոկ
                քեզ տեսնելիս։
Լույս թերթերիդ շոյանքներով
Քնքշացավ հոգիս այնքա՜ն,
Որ սկսեցի սիրել անգամ
Քարե ժայռը
Ու լե՛րկ ժայռը,
Նրա կրծքից բխած մի խենթ
                  ծաղկի՜ համար։
Ես սիրեցի
Եվ ըմպելու համար բույրդ՝
Ողջ աշխարհն եմ սեղմում սրտիս...