Դուրսը, հեռվում — դաշտեր ու դաշտեր

Դուրսը, հեռվում — դաշտեր ու դաշտեր:
Երկինքը — կապույտ, արևոտ, անհուն:
Ամպի պես կախված օրորվում է դեռ
Կյանքը աշխարհում:

Դաշտեր ու դաշտեր: Ու արևը — վառ:
Եվ կյանքը — անտես: Զգում եմ, որ ես
Դուրս կգամ հիմա, կընկնեմ ճանապարհ:
Մի՞թե չգիտես:

Կգնամ մենակ: Կյանքում, աշխարհում:
Եվ մի իրիկուն կմթնի ուղին:
Ու կվերջանա երկրային հեռուն —
Ճանապարհը հին:
1916