Դուրս եմ գալիս ես, լուռ թափառում…
* * *
Դուրս եմ գալիս ես, լուռ թափառում,
Մեգն է գրկում ինձ, հողմն օրորում.
Մեղմ կրակներն են միգում վառվում,
Մեգ է սրտում իմ, մեգ է հեռվում,
Մեղմ կրակներն իմ՝ մութ աշխարհում…
Սիրտ իմ, ժպտում ես մեգ֊մշուշում
Եվ երեկոն այս դառն ու դալուկ,
Մեղմ կրակները ոսկե փոշում
Դառն են ժպտում քեզ, հիվանդ մանուկ,
Սիրտ իմ, մանուկ իմ, մեգ֊մշուշում…
Վիշտը քո խոր է, խոր է և լուռ,
Եվ անամոք է, և անամոք…
Հիվանդ մանուկ իմ, աշխարհը հուր,
Դու մի թիթեռ ես, հիվանդ մանուկ,
Դու մի թիթեռ ես հավետ անօգ…