Իմ դուռը բաց է` եկեք բոլոր…
* * *
Իմ դուռը բաց է՝ եկեք բոլոր
Անուղիներըդ՝ բաց է հոգիս,
Ով թափառում է ուղեմոլոր,
Ում սիրտը չունի քուն ու հանգիստ…
Ում հոգին խոց է, ում օրը՝ մութ,
Ում տխրությունը դառն է ու խոր,
Վառ է իմ բոցը՝ կանչըս անսուտ,
Եկեք բոլորըդ որբ ու անզոր…
Ես էլ անգետ եմ — մոլոր ձեզ պես,
Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ,
Բայց միշտ ձեզ հետ եմ, եղբայր եմ ձեզ,
Ձեզ պես անզոր եմ, ձեզ պես անզեն։
Հոգիս բացված է ծաղկի նըման,
Իմ սերը խորն է և անսպառ,
Չէ որ լոկ սերն է, սերն է վահան,
Եվ սիրտն է, սիրտն է սրտին ասպար…