Դու Լեյլան ես, դու երազ — դու Լեյլան ես լուսավոր…
* * *
Դու Լեյլան ես, դու երա՜զ-դու Լեյլան ես լուսավոր.
Ես Մեջլումն եմ, ես մեռած, քնած մահու քնով խոր…
Դու վաղուց ես հեռացել-մոռացել ես, միտդ բեր.
Շատ են եկել ու անցել ձմեռներ ու գարուններ…
Որպես Մեջլումն ու Լեյլան չէ՞ որ մենք էլ, դու և ես,
Հանդիպել ենք մի անգամ և առհավետ նրանց պես:
Եվ սրտերով հրահրուն երազել ենք մեկ-մեկու,
Եվ ծաղկել են նույն հեռվում ցնորքները մեր հոգու…
Եվ առավոտն անստվեր և երեկոն սևագիր
Պսակել են սերը մեր երկինք, երկինք ու երկիր…
Դու գնացիր չդարձար, քո կարոտով մեռա ես,
Բայց մեռած էլ անդադար կանչում եմ միշտ, կանչում քեզ:
Ես Մեջլումն եմ, ես մեռած, քնած մահու քնով խոր,
Լեյլա՜, դարձի՛ր, իմ սիրա՛ծ, դարձի՛ր, լուսավոր…
Սիրո կանչով կանչի՛ր ինձ և կարթնանամ ես,
Լեյլա՜, դարձի՛ր, դարձի՛ր ինձ - կանչում եմ միշտ քեզ…