Դու ասում ես ինչ-որ բաներ,
Որ չեն ասվում ոչ մի բառով,
Դու լռում ես ինչ-որ բաներ,
Որ չեն լռվում ոչ մի բառով։
Դու հառնում ես որպես ծաղիկ,
Դու վառվում ես որպես մի մոմ,
Դու լալիս ես որպես անձրեւ,
Որպես առու երգում ես դու,
Դու լռում ես՝ դու չես լռում,
Դու ճչում ես՝ չես ճչում դու։
Եվ փոխվում ես ամբողջովին,
Ինչպես ինքդ կուզենայիր՝
Չենթարկվելով չափ ու կշռի,
Մնալով միշտ անմեկնելի,
Մնալով միշտ անկշռելի,
Որ չի ասվում ոչ մի բառով,
Որ չի երգվում ոչ մի երգով,
Որ չի հերկվում, որ չի հերքվում...
Ու չի գրվում, ու չի գրվում,
Ու չի գրվում սերս բառով...