***

Դու երգում ես՝ ուրեմն, տեսնում եմ քեզ,
Նայում եմ քեզ՝ դու երգում ես, ուրեմն...
Եվ աչքերիս մեջ լուռ լճանում են
բառեր աներգելի,
երազներ անհերքելի,
անկրկնելի պահեր,
հայացքներ,
երկինքներ թեւառատ,
անտառներ անճանապարհ ու մութ,
քարեր չբացված ճանապարհների...
Ծանրանում են դրանք աչքերիս մեջ,
հետո կաթիլ-կաթիլ գլորվում են իմ կոպերից
հազարավոր խազեր,
հազարավոր գծեր, խազեր, մտածումներ,
ընկնում են քարերի վրա սովորական
ու սովորական քարերը դառնում են խաչքարեր։
Երբ երգում ես դու, ասես վերծանում ես
անվերծանելի նախշերը խաչքարերի,
երբ նայում եմ քեզ, ասես մոմ եմ վառում
խաչքարերին,
երբ լսում եմ քեզ, ասես աղոթում եմ։