Դու չե՞ս հոգնել հուշ լինելուց

ԴՈՒ ՉԵ՞Ս ՀՈԳՆԵԼ ՀՈՒՇ ԼԻՆԵԼՈՒՑ


Ամենագեղեցիկ ծաղիկը միշտ բուսնում է
ամենահեռվում։ Եվ չունենք ոչինչ ավելի
ինքնուրույն, քան մեր տեսողությունն է։

Չգիտեմ՝ ճանապարհների՞ն ավելի շատ
ճամփորդներ կան, թե՞ ճամփորդների մեջ՝
ավելի շատ ճանապարհներ։ Երբ չեն ծնվում հայրենիքում՝
                                                մի՞թե ծնվում են։

Այնպես եմ մի չեկած անձրեւի կարոտել, թվում է՝ մորս
ձեռքով թրծված կավը իմ մեջ ճաք է տվել. Սաթենիկ,
դու չե՞ս հոգնել հուշ լինելուց։ Այո՞։ Ո՞չ։

Մեկը ուշ գիշերով ծեծում է դուռս։ Գնամ՝ բացեմ,
տեսնեմ ո՞վ է։ Ինչ գիտեմ՝ գուցե հենց ես եմ։
Ձայնս նժարում է տիեզերքի լռությունը։

Հեռուն անվերջ գումարվում է ինքն իրեն եւ
աչքերիս մեջ մայրանում է երազը։ Իսկ ամենաշատ
օրորոցները լինում են մեղվանոցներում։

Հեքիաթների ծաղիկը միշտ բուսնում է այնտեղ, ուր
հնարավոր չէ հասնել։ Բայց մեղուն,
անսխալ թռչում, իջնում է իրեն սպասող ծաղկի վրա։