Դրախտ և գեղջուկ մարդ
ԴՐԱԽՏ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴ
Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով, և տոթ ժամանակ էր: Եվ շատ հոգնեց մարդը և, բեռը վայր դնելով, սկսեց բամբասել Ադամին և Եվային, թե ինչո՞ւ նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից: Եվ իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց. «Եթե քեզ դրախտ տանեմ, դու կհամբերե՞ս»: Եվ գեղջուկն ասաց. «Ե՞րբ լինի այդ»: Եվ հանկարծ քուն իջավ նրա վրա, և տեսավ, որ դրախտն է ընկել և շատ ուրախացավ: Եվ ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում են դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց. «Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կտրատում եք կանաչ ծառերը»: Եվ աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ և սկսեց դառն արտասվել: Եվ գեղջուկ մարդը նորից տեսավ հրեշտակին և ասաց. «Այլևս չեմ խոսի»: Եվ նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ: Եվ չհամբերեց և ասաց. «Ո՛վ անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել»: Եվ գեղջուկ մարդը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել և հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ, և նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ, և ամեն մեկը յուր կողմն էր քաշում, և քարը չէր շարժվում: Եվ մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց. «Ո՛վ հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քաշեք, որ քարը տեղից շարժեք»:
Եվ զարթնելով գեղջուկ մարդն ասաց. «Լավ է ես իմ աղը շալակեմ»: Եվ բարձրացավ դժվար սարով: