ԱՆԶԳԱՄ ԿԻՆ

Մի մարդ տրտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ: Եվ հանկարծ եկան երկու ճնճղուկ, նստեցին քարի վրա և մարդուն հարցրին, թե ինչո՞ւ նա տրտում է: Եվ մարդն ասաց, որ «Տրտում է, որովհետև աղքատ է»: Ճնճղուկներն ասացին. «Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք»: Եվ մարդը խոստացավ և երդվեց, և նրանք ասացին. «Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես»: Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, բրիչն առավ և գիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ յուր տուն, սկսեց փարթամանալ և շքեղ տներ շինել, ունեցավ ձիեր և ջորիներ և եզներ և ոչխարի հոտեր և այլ ամենայն ինչ, որ վայել է աշխարհ սիրողին:

Եվ մի օր եզն ասաց մյուս եզան, թե «Ես ի՞նչ անեմ, որովհետև ամեն օր անխնա լծում են ինձ»: Էշը, որ նրան մոտիկ էր, ասաց. «Վաղը սուտ հիվանդ եղիր և հազա: Երբ այդ տեսնեն, կխղճան և այլևս քեզ չեն լծի»: Եվ այս լսելով մարդը ծիծաղեց և մշակներին ասաց, թե այսօր չէ վաղը, այսինչ նշան էշը հիվանդ եզան տեղ լծեք: Մշակն առավոտյան էշը տարավ և լծեց մինչև իրիկուն, և երբ տուն եկավ, էշն ասաց հիվանդ եզան. «Ողորմելի եզնուկ, դու չգիտես, թե արտում ինչ էին ասում, ասում էին, թե այն հիվանդ եզը վաղը մորթենք, որ չսատկի»: Լսիր ինձ և ոտքի կաց և առողջ եղիր, գնա լուծդ քաշիր, որ քեզ չմորթեն: Քեզ համար ավելի լավ է բանել, քան կյանքից զրկվել»: Այսպես ասաց էշը, որպես զի այլևս նրան չտանեն լծելու, որովհետև այդ օրը շատ էր աշխատել: Եվ այս լսելով մարդը նորից ծիծաղեց:

Այն ժամանակ նրա կինն ասաց. «Ո՛վ մարդ, մենք աղքատ էինք և հանկարծ հարստացանք և այսչափ ապրանքի և բարիքի տեր եղանք և ժամ առ ժամ կենում և ինքդ քեզ ծիծաղում ես, ինձ ինչո՞ւ չես ասում, թե որտեղից է այս ամենը, և դու ինչու ես ծիծաղում»: Մարդն ասաց. «Ո՛վ դու կին, եթե ասեմ, իսկույն կմեռնեմ. դրա համար չեմ ասում»: Իսկ կինը հանդգնեց և ասաց, «Ճար չկա, պետք է ասես»: Իսկ նա չէր ուզում ասել, բայց կինը նրան խիստ նեղեց և ասաց. «Պետք է որ ասես ինձ, եթե մեռնես էլ: Եթե ոչ՝ ես ինձ կսպանեմ»: Եվ մարդն անճարացավ և ասաց. «Ո՛վ կին, հավատա ինձ, որ առանց տարակուսանքի կմեռնեմ, թե որ ասեմ և երբ թույլ չես տալիս, երեք օր սպասիր, մինչև մատաղ անեմ, քահանաներին և աղքատներին կերակրեմ, ապա քեզ ասեմ և մեռնեմ»: Եվ չար կինը հազիվ հանձն առավ երեք օր սպասել:

Եվ մարդը մորթեց շատ ոչխարներ և գառներ և կանչեց քաղաքի քահանաներին, կարգավորներին և աղքատներին, և նստեցին ճաշի և մինչդեռ ուտում էին և ըմպում, այն մարդն սպասում էր:

Եվ մարդն ուներ շան լակոտ, որ տան մեջ նստել էր լի տրտմությամբ և սգով, և նույնիսկ արտասուք էին թափվում նրա աչքերից: Եվ իսկույն հանկարծակի եկավ աքլորը հպարտ և խրոխտալով և ներս մտավ, և նրա հետ կային քսան-երեսուն հավ աջից և ձախից: Շան լակոտն սկսեց աքլորին ասել. «Ո՛վ լիրբ և անաղուհաց, ի՞նչ ես խրոխտացել և տեսակ տեսակ ձայն ես հանում, չգիտե՞ս որ մեր տերը վաղը յուր գաղտնիքը պիտի կնոջն ասի և մեռնի: Իսկ դու լալու փոխարեն ուրախ ես»: Աքլորն ասաց. «Ձվերս ի վայր թե կմեռնի. ես որ նրա ծառան եմ, քսան-երեսուն կին ունեմ և նրանց զավթ եմ արել, իսկ նա չի՞ կարող մեկին իր հրամանքով պահել»: Շան լակոտն ասաց. «Ի՞նչ անի անզգամ կնոջն»: Աքլորն ասաց. «Երբ ամենքը վեր կենան մատաղից, թող առնի երեք-չորս դալար փայտ, դուռը փակի և կնոջն ասի՝ արի քեզ ասեմ իմ գաղտնիքը և նրան բռնի մերկացնի և կապի մի սյունից և այնքան ծեծի նրա կողերին և այլ տեղերին, որ ողջ տեղ չմնա, ամենը կապուտկի և ասի, թե չար կին, լավ է, որ դու մեռնես, քան թե ես, և դռնից հանելով նրան դուրս վարի, ասելով՝ գնա կորիր, ես այլ կին կառնեմ և քեզ չեմ ուզում»:

Եվ աքլորից լսելով այս բարի խրատը, այն մարդը դարձյալ ծիծաղեց: Եվ անզգամ կինը տեսնելով այդ, ամբոխի մեջ մոտեցավ նրան, չամաչելով ոչ մարդկանցից և ոչ քահանաներից և մարդուն ասաց. «Այժմ ինչո՞ւ ծիծաղեցիր, ասա ինձ և պատմիր, թե ինչպես հարստացար»: Եվ մարդն աղաչեց. «Մի քիչ համբերի, թող հյուրերը գնան, և ես քեզ ասեմ. այժմ ամոթ է նրանց առաջ բան ասել»:

Եվ երբ ամենքը գնացին, ընտանիքը դուրս հանեց և դուռն ամուր փակեց և ըստ աքլորի խրատի ձեռքն առավ կնոջը, ջարդեց ամեն ոսկորները և դուրս արեց: Իսկ կինը զղջալով նրա ոտքն ընկավ լալով և աղաչում էր ասելով. «Աստծու սիրուն, ինձ բան մի ասա և ամեն օր ինձ այսպես ծեծի, միայն ինձ դուրս մի՜ անի և քեզնից մի՜ հեռացրու, որպեսզի աշխարհում խաղք չլինեմ»:

Եվ այսպես մահից ազատվեց մարդը աքլորի խրատով: