Դրացիներս
Իմ դրացիներս: Անոնցմե այս անգամ ներկայանային ծերուկ դարբին մը պիտի ըլլար, շատ թիփիք դեմք մը, ու կապրի տակավին: Ես եկա, ծերացա, մազ մորուք ճերմկցուցի, ու կամաց-կամաց դագաղիս ծայրերը կտեսնեմ։ Պեյրոս աղբար կապրի բայց, ու որոշեր է կարծես, որ ինք մնա, միշտ մնա իր մումիայի կյանքովը ու վաղը անհետացած սերունդի մը հետին շառավիղը ինքը ըլլա վերջապես:
Ութսուն տարիներու հովեր անցեր են վրայեն, բայց նա այն մարդը ութ տարեկաննոցի մը շենշող զվարթությունը կպահե, որ կրնա, երբ գործի չերթա, հունա քիչ մըն ալ լերան թիթեռնիկներուն հետ խաղալ։
Երկայն, շիփ-շիտակ հասակ մը ունի, ծուռ՝ ծռած ոչ մեկ կողմ, ոչ մեկ խոթություն։ Ծոծրակեն մինչև կրունկները որմնադիրի կապարալար մըն ալ կախվի, տեղ չպիտի դպնա չվանը, որևէ ցցվածք, կորություն արգելք մը չէ ուղիղ գծին:
Կանգուն հասակի մը վրա միշտ տինճ գլուխ մը կբռնե, աչքերը առանց ակնոցի կրնան ասեղին ծակին հետ անոր ծայրն ալ տեսնել: Գլխուն սև մազերն ու պեխը դեռ անոնք են ապահովապես, որ այնինչ տարիքին, այնինչ օրը, այնինչ աղվոր օրը իր նշանածին առջևեն ժամը պսակվելու կերթար:
Բուն Խարբերդցին է Պեյրոս աղբարը. աշխարհք ձև փոխեց, արար աշխարհ հագուստ կապուստի ձև, գույն փոխեց, գեղացիին հետինն ալ քիչ շատ ճաշակի նորույթով երևաց, բայց աս դրացիս պահեց, շատ զգուշավոր խնամքով պահեց ինչ որ ուներ, ինչպես ինք ան իսկ մնացեր է ինչ որ կա երբեմն իր անձրևի ու կարկուտի դեմ տվող կաշիին մեջ։
Հագածներուն ամբողջութենեն պակասը շարունակ բաճկոնը եղած է, որ օր մըն ալ չէ երևցուցած կուրծքին։ Ըսի՞ թե այդ կուրծքն ալ ամեն օր դարբնոցին կայծերովը խարանված, փուռի մը ներքնակողմի տակին չափ տարիներ ու տարիներ դիմանալ գիտցեր է և ինչպես անձրևին, կարկուտին, նույնչափ ու ավելի այն կայծի տարափներուն, որ օրը օրին իր վրա կնետվին, կուրծքին կարմիր միսերուն հետ շատ հեղ երեսներուն ու պեխին վրա ալ ճենճ մը մխացնելով։ Այս վիճակը, ամառը, այնպես ձմեռը, ու աս է բոլոր կյանքին մեջ։
Գրել կարդալե չի հասկնար։ Քահանայի մը հանդիպելուն, սուրբի մը երկրպագելու պես ծունկ ծռելու կերպ մը կընե, որ ատեն, երբեմն բուն կերպը մոռցած կամ շվարած՝ կուրծքին վրա խաչի ձև մը կըլլա ըրածը։
Կյանքին մեջ աղոթքեն ետ կեցած չունի երբեք, աղոթք, միշտ աղոթք, իր ըսածին նայելով, ան ծառները, որ հովերուն առաջքը գլուխ կծռեն, աղոթք կընեն, ծիծեռնիկները, որ վերերը կսավառնին, աղոթելու համար պիտի ըլլա անտարակույս, դեռ ան հավն ու ձագն ալ, երբ ջուր խմելու ատեննին վեր վեր կշիտկեն կտուցնին, աստծու կաղոթեն։
Ու այսպես կանուխ առավոտով՝ շուկայե առաջ, իրիկունն ալ շուկայեն տուն դառնալուն, ժամ պիտի մտնե անպատճառ, ուր խաչ մը մերկ՝ միս կուրծքին վրա՝ ու շառաչուն համբույր մը քարերուն, որ խաչի նշաններ ունին, համբույր, երկրպագություն եկեղեցիին դրան մինչև խաչանիշ դրանդիին, իր կլորած աղոթքին կերպն է, որ կրնա երբեմն մինչև տունը, մինչև շուկան ալ երկնցնել տակավին, վրայե վրա կոտրտած «Հայը մեր»-ը կծկելով, քակելով, իր շուրջն անգամ չնայելու ինքնամոռաց մեքենականությամբ մը իր իսկ անունն ալ մոռնալով ապահովապես։
Իր բոլոր գիտությունն է՝ ս. Գիրքեն՝ պատմությունը հայր Աբրահամի, ու մասնավոր նախասիրությամբ մը՝ պատմությունը Հովսեփ Գեղեցիկի վարքին, արարքին, որոնք կհիշե ան ատեն մանավանդ երբ իր դարբնի արհեստին շատ հին, շատ նախավոր ու սուրբ արհեստ մը ըլլալը պիտի հաստատե պատմությունովը։ Թովբելի, որ երկաթ ծեծող դարբիններու առաջին փիրն է եղեր։
Անգամ մը, մեռելի տուն մը ցավակցության գացած, ես ալ հոն գտնվեցա։ Քանի մը հնուկ դեմքեր անդենի հոգերով կորացած ու ճմռթկված՝ թողեր էին, որ ինք, աս Պեյրոս աղբարը խոսի։ Ես շատ լսեր եմ զինքը, բայց նորեն հիմա ալ անոր խոսելու միամիտ կերպերուն չախորժողը ես չպիտի ըլլայի։ Ամենքն ալ գլխընին կախ ու խորունկ մտմտուքներով, աս երիտասարդ ծերուկին մտիկ կընեն, որ անցավոր աս աշխարհիս կյանքեն հետո՝ հավիտենական եղող էնդի դեմին վրա իր համոզումները իբր հանձնարարելի ճշմարտություններ, ծերերուն մասնավորապես ունենալու ստիպողականության մը վրա կճառե։ Ես մեջ կմտնեմ որ ինք իր հայտնություններուն քիչ մը ավելի տեր մնալու իր բոլոր թափը, իր բոլոր պաշարը գործածե, ինչպես պիտի սիրեի լսել, երբ հին փապարաբնակ հավատավոր մը ըլլար խոսողը իր ոսկրացած հավատալիքներուն վրա։
― Դուն մեռնիս նը ո՛ւր պիտի երթաս, կըսեմ, Պեյրոս աղբար։
― Արդարիմ նը՝ խնկենի ծառին շուքը, մեղավորիմ նը՝ դժոխքին կրակները։
― Է, դուն քեզի համար ի՞նչ մը գիտես, արդա՞ր ես, մեղավո՞ր ես։
― Էտի աստծու գիտցածն է, ա՛յ օղուլ, ես ի՞նչ գիտնայի։
― Արդար մարդն ինչպե՞ս է։
― Սուտ չի խոսար, հարամ հալալ չի խառնիր, պաք կկենա, աղոթք կընե, իշտե իմ գիտցածս։
― Դուն սուտ չե՞ս խոսեր երբեք, արհեստավորին առաջին սերմայեն չէ՞։
― Սուտ ամեն մարդ կխոսա, յա՛վրում, էտի իմ գիտցածս չէ ըսի յա։
― Ըսել է ստախոսներուն աստված ալ կներե երբեմն։
― Դուք անհավատ եք զաթի, անհավատ, անհավատ։
― Անհավատ ինչո՞ւ, դրացի, ես ալ քեզի պես ժամ կերթամ, աղոթք կընեմ։
― Ժամ կուգաք նը խաչ կհանե՞ք, ծունկ կչոքե՞ք, պաք կպեհեք, որո՞ւ կհավտըցնեք, հիմակվանները բոլորն ալ անհավատ։
― Ըսենք թե շիտակ արքայություն գացիր, Պեյրոս աղբար, հոն ի՞նչ պիտի ընես։ — Հրեշտակներուն հետ քեֆ տի քշեմ։
— Ուրի՞շ։
— Հայր աստված տի փառաբանեմ։
— Հապա թե Մարիամ խաթունը (մեռած կինը) դեմդ ելլա, կարոտը առնելու համար ուզե երեսներդ պագնել…
— Ես ալ իրեն երեսները…
— Մեղք չէ՞ բայց, աստծու առջև կնկա երե՜ս…
— Մեղք ինչո՞ւ, մարդ մը, որ իր կնիկը սիրե նը մե՞ղք կըլլի։
— Ըսել է, կհուսաս թե խաթունդ պիտի տեսնաս, կսպասես որ անոր հետ սիրվըտիս ալ։
— Երկուքս մեկտեղ կգտնվինք նը, զաթը կըլին էտոնք չէ, էկեր որ զատ-զատ տեղեր եղանք նը, յաման է հալերնիս։
Հետո կխորհրդածե.
— Մեր ատենը կնիկ ըսված մի հե՞տտը ուներ, որ մինչև իսկ իր էրկան դեմ չենկե ցռուկ բանար, ձենով բերանով տան մեջ տղա ըսվածի մը հետ խոսար, տղան մըլ պապուն դեմ լեզուն թրջոտեր, կամ տերտերի մը, վարդապետի մը շուք տեսնվելուն ատեն խաչ չի հանվեր, դուք կյոյե բա՞ն գիտեք։
— Դուն որ շատ բան գիտես, Պեյրոս աղբար, ինչո՞ւ հապա աղջիկ թոռներդ դպրոց չես խրկեր, մեղք են, աղջիկ են, աշխարքինն ինտոր, քուկիններդ ալ անանկ։
— Հը՜մմ…
— Հը՜մ, որ ի՞նչ։
— Գնա՛, կյոզըմ, գնա՛, գործիդ գնա՛, Պեյրոս աղբարը չոճուխ զան չանես։ Անապատի Կարապետ վարդապետ մը կար նը գիտե՞ս ինչ կըսեր, վաթսուն ևեթմիշ տարի կա ըսածս, վարդապե՜տ հիմակվաններուն պես․ հիմակվանները անճաղ աղվընիկ խաղցընեն, անճաղ բահն ու փետատը ձեռվնին՝ ժամ, կրոնք քակեն, անանկներուն կրոնավոր ըսողին յոթը տարի ապաշխարանք կա, ապաշխարա՜նք․ հատ մը ունեինք, որ անճաղ չաղա չոճուղ շատցուց, ա՛լ պաշխա շնորհ մի, պաշխա մարիֆեթ մը ցցո՞ւց ժողովրդին. իմ ըսած վարդապետս իշտե պատարագ կայնելու ատենը ոտքերը գետնեն թիզ մը վեր կվերցվեին, ան կըսեր, որ սկիզբ իմաստության վախ աստծու․ կարդալ մարդալն ի՞նչ էնիմ, աղջիկ մը կարդա որ ի՞նչ, ինչ ըսես նը էն կարդացողներուն մընե կելլա. մեր Մարիամ որ կարդալ չէր գիտեր նը կնիկություն չէրա՞ց, ձենը դուրս ելա՞վ. ես որ իրեն գլխավորն էի, անոր չենկեին վարի թարաֆը պիլե չտեսա ամենևին, չի տեսա, չի տեսա։ Դպրոցն ալ հայու ըլլի նը, նեիսե կըսես․ էկո տես որ ան ալ չի կա, մեր աղջիկները էն փրոտներո՞ւն խրկեի, էն պաք ուտողներուն, շլլիքը տակը մնար Պեյրոս վարդապետին որ՝ օր մը էն փրոտ ըսվածը ինք թորթեմիշ ըրավ, անունն ալ անունս չըլլեր, որ հոգ էր։
— Բայց կըսեն, որ օր մը դուն ալ ժողովարան գացեր ես եղեր։
— Մեղա՜ ըսե, մեղա՜, մեղա՜, Պեյրոսն հոն անանկ տեղեր ոտք չի դներ, քեֆդ հայիր։
— Ինչո՞ւ, Պեյրոս աղբար։ Ժողովարան ինչո՞ւ չերթաս, չէ որ հիմա հոն կերթան, հոն կըլսեն, հոն կաղոթեն։
— Հը՜, հիմա էկոր ու բերանդ պագնիմ, զաթի պիրետի փրոտ, պիրետի ժողովարանճի, պատվելի՛, նե՞ արիերսըն, աստվածդ կսիրես նը ընծիս մի քրքրեր, հերիք է։
— Աս ալ լսե ու լմնցնենք, Պեյրոս աղբար, դուն ի՞նչ կըսեիր անոնց որ բոլոր տղա, աղջիկ անոնց դպրոցները լեցուցեր են։
— Համբերե՛, սպասելու եղիր, որ անոնց պոյը վաղը տեսնաս, դուն էլ փրոտ չե՞ս մեկեր, պաք չե՞ս ուտեր։
— Պահք ուտող մը փրո՞տ անմիջապես, դրացի, քիչ մը սափթըմիշ կընես, գինի խմելն ալ պահք ուտելու պես մեղք չէ՞։
— Ամենևին, ամենևին, գինի ըսվածը Քրիստոսա բաժկին է, գինին մե՞ղք է խմելը, սերսե՛մ, դուն չե՞ս խմեր։
Պեյրոս աղբար քրքիջ մը շինելով իր շուրջը, կմեկնի շուտ մը։ Ես ալ իրեն հետ կելլամ։ Նա շիտակ իր գործին կերթա, իր դարբնոցը, ուր Խաչոն և Գոգոն, երկու ժմնած տղաքները, սալին վրա դեմդեմի ու մեյմեկ ահագին մուրճ ձեռվնին՝ թի՛ք թաք, թի՛ք թաք, հրաշեկ երկաթ մը կձևավորեն։
Հայր ու տղաքներ կծեծեն երկաթը, բայց դեռ օր մըն ալ ան ծեծվածները ոսկիի ու արծաթի չեն կրցած փոխել, բանի մը չեն տիրացած, միշտ խեղճ դարբնոցապետը իր խանութին մեջ իր տղաքներով ու միշտ խեղճ, որ օրը օրին շարունակ կռիվ մը կմղեն կյանքի դժբախտության հանդեպ։ Աղքատ կապրին, աղքատ ծներ են արդեն աղքատ Սադոյենք, կերևի Պեյրոս աղբոր հայրն ալ ատ անունով ճանչցված, ինչ որ մինչև հիմա չի ջնջվելիք խարան մը կմնա իրենց ամեն մեկուն ալ չլլիքը խեղդող մղձավանջի մը խորհրդավորությունով՝ Խաչոն ու Գոգոն, իրենք չունին հայրերնուն ուժը, իրեք չեն այնպես։ Երկուքն ալ ճերմակ քունքերով ծերեր կերևան արդեն, վատուժ, քայքայված, ու ծերություն մը այդքան կանխահաս՝ խանձարուրեն ժառանգած կարծես։
Ասոնց ձեռքը մուրճին ծանրությունը լողքարի մը չափ ծանր կզգացվի, մուրճը հեշտ չեն կրնար գործածել, ու կսպասեն որ սալին վրա վերջին հարվածը իջեցնողը հայրերնին ըլլա։
Գոգոն այն տեսակ ծանրության մը հետ խաղալու ատեն շատ անգամ ճուկ ճուկ կըլլի ու կտոր-կտոր կընե մեջքը, թևերը ու ամբողջ մարմինը։ Իր դերբուկ հասակը մուրճին կոթին հազիվ երկու երեք անգամին չափը ու ոչ ավելի, ճշմարիտ ծաղրանկար մը կներկայացնե որ կշարժի ալ։ Թաղեցի պզտիկներուն խորոզն է ան, «Խորոզ Գուգոն» ըսած են իրեն, որ խանութեն դուրս ապրելու ատեն, ելլել պտտելու պահերուն, խորոզի մը սիգանքները կպահե պորտ նետելով, կոնքերուն վրա, իրանին աջ ձախ շարժում մը տալով, որ ատեն երբեմն թիզ մը անդին մնացած հետույքն ալ լեցուն ուռուցիկ տոպրակի մը ծանրությունովը ետևեն քաշելու ծիծաղելի հևք մը կպահե։
Ինքն իր ծանրությունը չի կրցող կրողը մտածել անգամ մըն ալ գործիքին ծանրության տակ, որ ամեն վեր առնելու, վար իջնելու ջանքով վրեժխնդիր դեմքի մը ահռելիորեն ցասկոտ ծամածռություններն ու կծկումները կերևցնե, դուրս կիյնան աչքերը ու լեզուն ալ դուրս ձգած, նույն ատեն, անոր արմատը այնպես մը պինդ կխածնե ալեչափ մը ժիր ու ձգտված, որ այն պզտիկ միսի կտորն ալ հնդկահավի մը քիթին պես կերերա այս մեր դարբին աքաղաղին ամեն մեկ շարժումին։
Հիմա երեսունե ավելի տարիքի մը մեջ, կարգվիլ չէ ուզած, չի կարգվիր, որ մեծ աղբորը, Խաչոյին զավկըները ապրեցնելու միշտ տրամադրելի առաքինության մը պահե կըսեն, բայց շիտակը ըսելով ան է ավելի ստույգը, որ իրեն պես խորոզի մը հավնող հավի չի հանդիպեր տակավին։
Երկու աղբար, հայրերնին ալ երեք հոգի, մանգաղի պես գործիք մը հազիվ ամբողջ օր մը վատնելով կրնան շինել, գլուխ հանել, ու միշտ ալ գեշ շինողնեն են իրենք, ու ան հայր դարբինն ալ երբեմն ինք առաջին համաձայնողն է իր այն խորոզին ու անճըկուկ Խաչոյին հետ, ինչպես ինք կուտա անոնց այն տեսակ անուններ մը, որ արհեստը ներկելու համար, քիչ մըն ալ հաճախորդին հետ աչք կապուկի խազեր մը ընեն։ Պեյրոս աղբար պողպատի այնինչ չափով կտոր մը խորին ծայրը դնելով ունելին բերանը տալու ատեն, երբ այն վիճակով կտորը հնոցը կմխե կասկածոտ հաճախորդի մը աչքին տակ, անմիջապես ակնարկ մը կընե փքոցը քաշող աշկերտին, որ թափը ուժգնացնե. «Ժի՛ր տղա, ժի՛ր, ժի՛ր, բաց, խրե՛, ոտքերդ մեկ կողմ մի՛ ծռեր, թևերդ ալ զույգ գործածե»։ Ասոր հետևանքն ալն, որ հնոցին մեջեն, քովերեն, փոշիի ու կայծերու հորգում մը դուրս կպոռթկա, ուսկե հնոցին քովը ու աչքերը շեշտ պողպատին կտորին վրա պահող գյուղացին մեկդի կփախի, ու դարբինը հեշտ պատեհություն մը կունենա այն կտորը, 20-40 փարա արժող պողպատի ծայր մը, ածուխին մեջ անհայտացնելով, սոսկ եռցած խոփը ծեծելու։ Հաճախորդը ոչինչ կգիտնա եղածեն․ վարպետը անոր վրա ափ մը մոխիր սրսկած, շուտով մուրճին տակ ձգած կըլլա արդեն։
Պեյրոս աղբար այս կերպերն ալ իր տղաքներու հրիտակելով մեկտեղ, դեռ շատ ուրիշներ ալ անշուշտ, նորեն առտըվա-իրիկվա ճաշը առանց խաթեի կերած է ու կուտե։ Զատիկի առավոտուն ալ նույն հին ապայովը իջած եկեղեցի, հագուստի մաս մը, որ ասկե 40-50 տարի առաջ ապրող գյուղացին կկրեր։
Բայց դեռ աս չէր, հոս անմիջապես չէր վերջանար անոր դժբախտությունը։ Մեծ տղան չորս հասուկ աղջիկ ունի, որ կրնան ըսել, թե արևն ուսկե կելլե և ուր կխաղա չեն գիտեր։ Միշտ տանն են, տունեն չեն կրնար զատվիլ, ավելն ու ճառուտը ձեռքե չեն ձգեր, ու շարունակ տունին երեսեն աղտեղության մը կստըկեն, որ հավն ու ձագը կթողուն ետևնին։ Երկու աքաղաղ բակին մեջ հավերու մեծ բազմաթյուն մը կշահին, ու ան իրենց մյուս ցեղակիցը սակայն Խորոզ Գոգոն. հատն մըն ալ չի պահեր։
Աղջիկները աղտեղության տեսակ մըն ալ մյուս երկու մանչերուն ետևեն կվերցնեն, որոնց մեծն ալ, պզտիկն ալ համր ծնած են։ Մեծը 18-19 տարեկան ճիվաղ մըն է, սոսկալի ցուցանք մը իր բոլոր ամբողջության մեջ, որ եթե երբեք պահ մը դուռը բաց կամ ինքզինքը վայրկյան մը թույլատրված գտնե, ա՛լ կարելի չըլլար բռնել, կփախի ինչպես ողջ թաղված մը գերեզմանեն կփախի ու հետապնդողին ձեռքը հեշտ ալ չիյնար։ Պզտիկ համրը առայժմ դեռ գետինին երեսեն սողալու տարիք մը ունի։ Աս երկուքն ալ արտակարգ ճաշակով հափհափողներ, առջևնին ինչ-որ նետվի, հացի կտոր, ու նույն ատեն կաշիի, թիթեղի ու ապակիի կտորներ ալ, շաքարի կտորի մը պես կծամեն ու կոռնան, կճչեն ինչպես հեքիաթին դևերը կընեն իրենց մեկ ախորժած ճաշին վրա։ Իրենց տունը, որուն դուրսի առաջին դուռն ալ իր փոր տված դրանդիներով հիմա համ պահե մը վերջ փլելու հակամետ վտանգավոր ծռվածքը ունի, ինքնին իր փորոքին մեջ բնակվող խեղություններուն համառ կյանքն ու կայունությունը կխորհրդավորե կարծես, տուն մը իր ներքնակողմի քայքայումներովն ու մթություններովն ալ շատ նման էր տերերուն, մեկ օրեն մյուսը անմիջապես չկործանիր տակավին, կանգուն կմնա, որ հենց անցորդը սարսռացնե, ինչպես Պեյրոս աղբար ու իր խեղճությունները իր դրացիները կլացնեն։
Խաչոյին կնիկը՝ աս ալ հիվանդ մը, ալ խեղճ հավ մը այլապես, որ անդարմանալի ու խոշոր ուռ մը ծածկելով իր վզին չիթերուն ներքևը, տարվե տարի ինքն ալ ահա այն տեսակ հավկիթներ ածեր է, կասկածելի ցեղայնության մը տգեղությունը մշտնջենավորելով։
Ասոնց մեջ ծայրահեղորեն արգահատելիները այն աղջիկներն են, այն ողորմելի խեղճերը, որ հակառակ քիչ մը իրենց բարեկազմիկ ձևույքին ու բանուկ ձեռքերուն, խնդրող մը չեն ունեցած ու չեն ունենար տակավին։ Երկուքը մանավանդ չափազանցապես հասունացած տանձեր, ո՞վ գիտե օր մը ինչ ըղունկներով պիտի փրցվին ու վերջն ալ տեսակ անակռա ու հոտած բերաններու մեջ պիտի ծամվին։
Խնդրողներ չեն ունեցած, ու ասի անոր համար որ համրերու այլանդակ սերունդ մը կներկայացնեն, թեև իրենք ազատ եղած ըլլային համբերության մը պես աղջկա համար մանավանդ մեռցնող խորութենե մը։ Ասոնք երկու ուրիշ մորաքույրեր ալ ունին հոս հոն ամուսնացած․ արի տես, որ իրենց մորը կարգին այն մյուսներն ալ մեկե ավելի համր մանչեր ծներ են, որոնց կուշտին աղջիկ ծնածները՝ մանչերուն դժբախտ, տարօրինապես դժբախտ զոհերը կմնան։
Պեյրոս աղբար ահա իր ութսուն տարեկաննոցի քամակովը այս դժբախտությունները կկրե. դեռ սակայն օր մըն ալ, երբեք օր մըն ալ տառապանքին հոգնությունը չի զգացած. գոնե կապրի տակավին, ինչպես խարխլած պատերու վրա իր տնակը կապրի։ Ինչի՞ն վերադրել տոկալը անոր այնքան ծանր ու անհանդուրժելի թշվառության մը բոլոր տեսակներուն։ Քիչ մը իր ապուշի անզգայության հանելով բաժին, մնացածը՝ բարոյական արիության մը, մնացածը՝ իր կրոնահայեցողության ըմբռնումի կերպերեն ապահովված չէ՞ր ըսվեր։
Ինչ որ ըլլա, լման հավատավոր մըն է իմ դրացիս, որ կսիրե ապահովվիլ թե մեկ անգամ, շատ, հեգ միայն մեկ անգամ սըթղը պյութուն աղոթք մը ընելով առանձին կամ հասարակային բազմության մը հետ, դժոխք մը չարիք կչեզոքացնե։
1906