ԻՆՉՊԵ՞Ս ԿՆՊԱՍՏԵՆ

Ա

Քահանան.— Սիրելի ժողովուրդ, հայտնի է ձեր աստվածասիրության թե` մեր եկեղեցին ու դպրոցը մեր նվերովը շեն կմնան, ուրիշներուն պես ուրիշ եկամուտ չունեինք, ուրիշները (միսիոնարն ու բաթերան) հազիվ իրենց համար կբավականանան ու անոնք հազիվ կընդունին, որ մենք ալ գոյության իրավունք մը ունինք սա աշխարհին մեջ։

Մեր լուման, մեր հինգնոցն ու տասնոցը մեզի համար շատ է, եթե տալու հոժարություն ու կերպերը գիտնանք ու տվածնուս ալ ետևը չուզենք հայիլ։ Աղեկ խորհեցեք, սիրելի՛ներ, խելքերնիդ գլխնիդ բերելու համար: Վաղին ու մյուս օրվան մի՛ հայիք, վստահ եղեք անկասկած, թե մեկին տեղը հարյուրապատիկ, միույն փոխաբեն հազարապատիկ պիտի ընդունեք։ Դուք գիտեք թե՝ գավաթ մը պաղ ջուրին ալ փոխարինությունը կա: Այսօր ահա մեր լումաները մեկ տեղելու համար օրն է, տոնի օր մըն է այսօր. ձեր տվածները պարապը չպիտի երթան, ու նորեն ուրիշ ճամփով մը ձեզի պիտի դառնան. ամեն մարդ իր կարյաց չափովը թող մեյմեկ բան գրվի եկեղեցիին ու դպրոցին համար, դրամ, բամպակ, ցորեն, ձեթ, եզ, գինի, գարի, ինչ որ կրնար, ինչ չափ որ կուզեր: Տարիին մեջ արդեն շատ պատեհություն չի ներկայանար սանկ հավաքական ընծայաբերություն մը ընելու, հիմա ահա ձեզ տեսնեմ, սիրելիներ, տղաներ, հացալից քեհյաններ ու բարեպաշտուհի տանտիկիններ, խաթուն քույրեր ու ժամասեր մամիկներ, դուք ալ հիմա ցույց տվեք, թե բաբին կսիրեք, ժամ, դպրոց կսիրեք, շեն սրտով մը բերվընիդ բացեք։

(Լռություն, ձայն չելլեր վայրկյան մը)։

Քահանան.— Օրհնյալ ըլլաք, Դավթի օրհնությունը ըլլի վրանիդ:

(Նորեն լռություն)։

Քահանան.— Դե՛հ, սիրելիներս, ձայն հանեցեք, ժամանակ չիկա երկար բարակ մտմտալու, գանձեցեք գանձ ձեր հերկինս կըսեք ավուրք մեր անցանեն որպես խոտ տանյաց, ըսած է Սաղմոսերգուն։

(Նույն անխոսությունը ժողովուրդին կողմեն)։

Քահանան.— (Հորանջելով մը ձեռքերը կճմռթկե)։ Զի՞նչ օգուտ է զաշխարհս շահիլ ու գանձն յուր տուժել, մի՛ մտածեք, մի՛ վարանիք, սիրելիներս, վաղը միայն երեք արշուն կտավ պիտի տանիք հետերնիդ։

(Ժողովուրդեն կսկսին պատասխանել)

Ա. — Երեք օխա ձեթ ինծիս գրե, տեր պապա՛։

Քահանան.— Օրհնյալ ըլլա, ձեթ և ճրագ ո՛չ պակասեսցի ի տանեն քումե։

Բ.— Լիր մը բամպակ, տերտրամու։

Քահանա.— Բերան քու որպես բամպակ՝ կըսե, օրհնյալ ըլլիս, վարձս Նեեմա առցես։

Գ.— Յոթն ու կես մայրուք փարա ինծիս գրե, տե՛ր պապա: Քահանան.― Հիշյալ լիջիս առաջի ամմա գառին աստուծո, յոթը մահացու մեղքերեն ազատիս, որդյա՛կ։

(Ժամկոչը աս ատեն ժողովուրդին մեջ կպտտի, որ ոմանք բարձր ձայնով չըսելու համար իրենց տվածը, ժամկոչին ականջովը հասկցնեն տերտրուն)։

Ժամկոչը.― Չարեկ մը ցորեն, Եղնոյին աղա Գափոն, տեր պապա՛։

Քահանան.― Ցորենով առատասցի ամբարը Գաբրիելին, օրհնյալ ըլլա: Եղնոյին հարազատ որդին Գաբրիելը, սրբույն Հեղինեին օրհնությունն առցի։

(Լռություն պահ մը)։

Քահանան.― Շուտ, սիրելիներս, շուտ բացեք բերվընիդ, տամլա տամլա սել օլուր, կըսե, ախար կիտեր կյոլ օլուր, շուտ ըրեք այսօր վասն մեր ծովացյալ մեղաց, մեր երեքկինն ըլ հիվանդ է ու ճամփուս կհայի։ (Մեծ քրքիջ մը ժողովուրդեն)։

Ե.― Լիր մը գինի ինծիս գրե, տեր հայր։

Քահանան.― Օրհնյալ, օրհնյալ, երիցս, և չորիցս օրհնյալ լիցիս, ի պտղո, ցորենո, գինո և ծիթո յուրյանց լցուցեր զնոսա։

Զ.― Աղքատ տղի մը վարժարանի ծախսը, հայր սուրբ։

Քահանան.― Շե՛ն մնաք։

Է.― (Ժողովուրդեն մեկը) Ժամկոչ, ծո՛, ժամկոչ, գնա տերտերին անկճն ի վար փսփսա քի, սա տարին էկեր տղաս Ամերիկայեն եկավ ու երկու հարյուր կլորիկ բերեց նը, աստված մեծ է, ես զինքը պարապ չեմ հաներ։

Ժամկոչը (Տերտերին).― Զմոյին աղան կըսե, որ աստված մեծ է:

Քահանան.― (Խեռ նայվածքով մը դեպի ժամկոչը) Մե՛ծ է աստված, մե՛ծ են բարձունս, մե՜ծ են լերինս Լիբանանու, Զմոյին տղան մեծ չէ՞ր ըլլիր, ժամկոչ։

Ժամկոչը.― (Տերտերուն ականջն ի վար) Տղաս, կըսե, Ամերիկայեն գա նը, ես զինքը պարապ չեմ հաներ, երկու հարյուր դեղին կսպասե։

Քահանան.― Սրբույն Վարգանա լուսապսակին արժանասցուցե Զմոյին տղան Վարդանը, հերիք է, որ սրտեն բարի խորհուրդ կանցնե:

(Լռություն)։

Քահանան.― Մի՛ հազաք, ժողովուրդ, աստվաձնիդ կսիրեք նը, ատոր ատենը չէր հիմա, կտեսնաք քի դուրսն ըլ շատ բուք կընե, շուտ ըրէք, որ օրհնություն մըն ալ ու վերջ տամ քարոզիս։

Ժամկոչը.— (Տերտերուն ականջին).— Ձեր Եղսիկան թոռը Մարթան, տեր պապա, երկու կաժ մանած կուտա։

Քահանան.— (Հազալով) — Շեն մնա մեր Մարթան. եկենիս կնիկն էր մեր Մարթան, ասացեք աստված շեն և պայծառ պահե, քար բռնե ոսկի դառնա, եկենս ալ խարիպ տեղը թենտրուզ պահե, օ՛ֆ, օ՛ֆ, պապամ եկենս։

(Լռություն):

Քահանան.— Ալ գրվող չկա կերևի, ժամկոչ, որոնք ետուն զլումաս յուրյանց հոժարս և առատանվերս, միույն փոխարեն բյուրապատիկս ընկալցին աստ և ի հանդերձելումն։ Պահպանիչ հավատացելոց, Հիսուս, պահյա պահպանյա զամենայն, որ սուրիեցին տուրս բարյաց և վայելուչս, արա զնոսա արժան ողորմության քում, զի քեզ վայել է փառք, իշխանություն այժմ և հավիտյանս, ամեն։


Բ

(Մեկ քանի օր անցնելե հետո ժամկոչը որ վարժապետն պոզմա մեկն է, կելլե, որ եկեղեցիին մեջ խոստացվածները ժողվե)։

Ժամկոչը.— Շեն մնա Պաղտիկ աղան, 3 օխա ձեթ գրվեր էր, շնորհք ըներ տե, լմնցնեիք ասօր։

Պաղտիկ.— Մենք ձեթ չենք վառեր, ժամկո՛չ, սխալ եկեր ես, էտքան ըլ էճելե՜… փոխ չէիք տվեր, անանկ չէ՞։

Ժամկոչը.— Դուն գիտես, սիրելի՛ս, զոռ մը չունինք ա, երեսն ըլ քուկդ էր, աստառն ըլ։

(Ուրիշ դուռ մը)։

Ժամկոչը.— Լիր մի բամպա՛կը, Պողո՛ս, աս տարի փառք բարերարին, դուրսը բամպակ չմնաց տուն լեցուցիր։

Պողոս.— Տահա չենք կթներ, աղա ժամկոչ, աղաներուն ու տեր պապային բարև տար, ըսե, որ Պողոսին վրա հըմը թող իրենք առնելիք ունենան։

Ժամկոչը.— Գլխուս վրա, Պողոս, ինչ որ ըսես նե, էնի պիտի ըսեմ, ինչ որ տաս նը, ես էնի պիտի թեսլիմ ընեմ։

(Ուրիշ դուռ մը)։

Ժամկոչը.– Մեր ամօղլին աճապ իր յոթնուկես մայրուքը չէ՞ր տար։ Ամօղլին.— Քսան փարա կա քովս, ժամկոչ, մեյ մը հըլե սըվի տար, մեկալին համար ըլ աստված ողորմած է։

Ժամկոչը.— (Ւնքն իր քթին տակ ուրիշ դուռ մը)։ Գեշ չէ, հավատա, ժամուն մեջ բերվընին լեկենի մը պես կբանան, հիմա որ տալու սըրան եկեր է նը, բերվընուն դեմ այլըխ կբռնեն։ Եղնոյին տղան Գափո՛ն (ցանկը կկարդա): Տե՛, Գափո, յա ցորենը, յա փարան, աստված աս տարի գետերուն ջուր, քու ամպրներդ (շտեմարան) ըլ օղորմություն լեցուց։

Գափո.— Պապս հիվանդ է, ժամկո՛չ, հըլե դուռը վրա բեր տե բացվիր էսօր։

Ժամկոչը.– Ասոր ալ փառք տանք։ (Առանձին) Սըվոնց նայե, որ չալըմնուն հայիս նը ալքդ կխտխտա, ասըլ իկիտութլան սըրան գա նը, պոչերնին պաճախնին կկոխեն. յա սա Մսրա մա՞րդն ինտոր մարդ է եղեր, որ քաղքի դպրոցին համար մեկ անգամեն 60 լիրա տվեց, անունն ալ պիլե մարդ չգիտցավ տված ատենը։ Կիտի մի թութի ճանճե՛ր, կարծես տվածնին ժամկոչին ճեպը պիտի լեցնեն։

(Ուրիշ դուռ մը)։

Ժամկոչը.- Տե, Գրիգոր, ուրիշները ճեպս լեցուցին, դուն ըլ բերանս զահար, լիր մը գինի գրվեր ես եղեր, փարան կուտա՞ս, գինի՞ն կուտաս, թե կուժ մի թան կուտաս, ինչ տաս նը խոշ ժամկոչին չես տար, թեև գինի տայիր նը ավելի գործիս կուգար։

Գրիգոր.– Գալ տարի, պապա ժամկո՛չ, գալ տարի, երեկ խնամտեքս եկեր էին, հավատա, որ պուտ մըլ չի մընըց, կուզես գնա գյուբը ձեռքովդ խառնե։

(Ուրիշ դուռ մը)։

Ժամկոչը.— Աղքատ տղուն թոշակին գայինք։

Նվիրատուն.- Քեզի բան մը ըսե՞մ, ժամկոչ, ամա ինչ որ կսեմ նը - մեջդ պիտի մնա, իրավ է գրվա ամա, պապամ, շատ խոշիս չի գար գիտես քի, գլուխս տաք էր էն օրը, ու խոսք մ’էր որ հանեցի բերնես. բայց ինծի նայե, բան չըսես, դուռը զարկի, հոն չէր ըսե:

Ժամկոչը. - Աստված պելանիս տա, հերի՛ֆ, սա շողգմներուն ը, անունը խնծոր դրեր են։

(Ուրիշ դուռ մը)։

Ժամկոչը.– Երկու հարյուր կլորիկը եկա՞վ, Զմոյին աղա՛ն, ախըրի դուն ի՞նչ կըսես։

Զմոյին աղան.– Թող հեմի բոլորն ըլ տային տե, բանը ինծի մնար, Զաքա՛ր, տետիմ տեմետիմ, պե հերի՛ֆ, մարդ մարդու հալե չի հասկնար, կես գիշերուն ժամ կկանչե:

Ժամկոչը հուսահատ, այս վերջինեն ալ բաժնվելով, ալ ուրիշ դուռ մը չի զարներ, կերթա զինք զրկողներուն քովը, հանդիպածներուն տրամադրությունը կպարզե, անոնց հայտնելով նաև, որ ա՛լ երկրորդ անգամի մը համար ինք չպիտի ուզեր գրվածները հավաքելու ելլել։

1905