Եդեմական ծաղիկը
1911
Եդեմական Ծաղիկը
Ժամանակով մեր աշխարհքում մի մարդ է լինում։ Էս վաճառականը ունենում է մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։
Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը։ Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է․
-Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։
Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։
-Լավ,- ասում է,- կբերեմ։
Գնում է, աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկը գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում։ Վերջը մի ծեր մարդ է պատահում։ Էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է՝ էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգույշ կաց Սիպտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։
Հորը սիրտ է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է, գնում։ Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ՝ մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է․
-Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը․․․ քո մահն է հիմի․․․ -Քո մահն է հիմի․․․-ձեն է գալի ամեն կողմից․․․
Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում։
-Ների՛ր,- ասում է,-ո՛վ հզոր․․․ իմ աղջիկն էր ուզել․․․
-Կներեմ,-կանչում է հրեշը,-միայն էն պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս։
-Համաձայն եմ։
- Որ համաձայն ես, քեզ եմ բաշխում քո կյանքը։ Գնա։ Հենց որ ձեր տան դիմացի սարը սիպտակի, էդ իմ նշանն է, կգամ Ծաղկին տանելու։
Դու մի ասիլ՝ Սիպտակ դևը ինքը՝ հրեշն է, որ կա։ Վաճառականը վերադառնում է տուն։ Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում։ Աղջիկը նայում է, տեսնում է՝ էս ծաղկի թերթի վրա՝ մի դագաղի պատկեր, գլխի է ընկնում, որ միջում բան կա, իսկ հերը թաքցնում է, թե ինչ ծաղիկ է և ինչ է պատահել։ Հերը համբուրում է, եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է։ Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում։ Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում՝ իրենց տան դիմացի սարն արդեն սիպտակել է։ Լաց է լինում։ Պատճառը հարցնում են․ էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ՝ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սիպտակ դևը գալու է, Ծաղկին տանի։
-Բան չկա, հայրիկ- ասում է Ծաղիկը,- դու լաց մի լինի, ես կերթամ Սիպտակ դևի հետ, ինչ կլինի, կլինի։
Այնինչ Սիպտակ դևը արդեն դուռը կտրել է ու մռնչում է․
- Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր․․․ ինձ տո՜ւր․․․
Մռնչում է, ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը՝ գունատվում․ ի՜նչ պետք է անեին խեղճ մարդիկը։ Զուգված, զարդարված, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս է գալի Ծաղիկը, անձնատուր լինում Սիպտակ դևին, որ չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով, հողմի թևով իսկույն հափշտակում է, տանում։ Տանում է Մասիսի մեծ վիհը։ Էնտեղ, Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր սառցեղեն ապարանքը։ Էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում ամեն կյանք ու կենդանություն։ Ծաղիկին էլ տանում է, փակում էն բյուրեղյա ապարանքում։
Էսպես ամիսներ են անց կենում։ Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սիպտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում, փախչում։ Ետ է գալի դևը, տեսնում Է՝ Ծաղիկը չկա։ Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է ետևից։ Աղջիկը արդեն Արագածի ստորոտն է լինում հասած։ Ետ է նայում, տեսնում է՝ Սիպտակ դևը գալիս է։ Գալիս է, ո՜նց է գալիս, աստված ետ ու հեռու անի, ոնց որ մարտի քամի լինի։ Սարսափից ճչում է, օգնություն է կանչում։ Կանչելու հետ, աստծու հրամանով, առաջը մի դուռն Է բացվում։ Էն դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին։
Ավելի է կատաղում Սիպտակ դևը․ իր լայն թևերով բամփում Է Արագածի գագաթին ու մռնչում․
- Ո՞ւր Է Ծաղիկն, ո՛ւր․․․ ինձ տո՛ւր․․․
Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք Ծաղիկի ետևից, տեսնենք՝ էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ։
Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում թե չէ՝ դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են․
|
Առաջ է գնում Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով, ու տարածվում են ուրախ երգի ձայները․
|
Եվ ճիշտ որ, Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում․ այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ՝ ոսկի դագաղ, դագաղի մեջ՝ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրըփում է։ Տեսնում է թե չէ՝ սիրտը փուլ է գալի, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում։ Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մինը։
Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը՝ Արին-Արմանելին է, որ կա։
- Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհքը։
Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած Սիպտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն։
- Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձենը,- պատասխանում է Արին-Արմանելին։- Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ։ էսպես է անում ամեն տարի։ Պետք է էսպես էլ մնայի, մինչև մինը խորտակեր նրա չար կախարդանքը։
Դու եղար էդ մինը։ Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ։
Ասելն ու անելը մին է լինում։ Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի։ Երկու թշնամի ուժերը պատահում են իրար, բացվում է օրհասական կռիվը։ Զարկում են—զարկվում, երկինք ու գետինք իրար են խառնվում։ Մութն ամպերում մռնչում Է Սիպտակ դևը, Արին—Արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը․ երկիրը ղողում, դղրդում է հիմքից։ Կռվի վերջում պարտված—ջարդված Սիպտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը, դարձյալ փակվում Է իր բյուրեղյա սառն ապարանքում։ Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին։
Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովիտում։ Արին—Արմանելին պսակվում Է Ծաղկի հետ։ Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, ինս ու ջինս, մրջյուն ու թռչուն իրար են խառնում իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ—կարմիրը՝ ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում, աշխարհքովը մին ժպտում է գարնան կենսատու արևը։