Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Ազիզ Թամոյան

Ազիզ Թամոյան

Ազիզ Թամոյան, կամ ինչպես եզդի ժողովրդի մեջ է հայտնի՝ Ազիզե Ամար․․․ Նրա անունն ու գործունեությունը հայտնի են ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ աշխարհի եզդիների մեջ․․․

Այս ամենի պատճառը մի շատ կարևոր և թանկագին հարց է, որի լուծումը համայն աշխարհի եզդիներից բազում ոչ թե տարիների, այլև դարերի ջանք ու եռանդ է պահանջել․ եզդի ժողովրդի իրական անվան վերականգնման համար։

Ճիշտ է, եզդի ժողովուրդն իր բազմաչարչար պատմության և գոյության ընթացքում շատ է տանջվել ու մաքառել՝ իր ինքնության և ազգային նկարագրի պահպանության համար, սակայն այդ ամենը կարծես ապարդյուն ու իզուր էր և չդրվեց պաշտոնական հենքի վրա։

Իհարկե, Ազիզ Թամոյանի կյանքի և ազգանվեր գործունեության մասին դեռ կխոսվի, սակայն հարկ եմ համարում խոսել նաև այլ խնդրի շուրջ, որի լուծումը, մասնավորապես Հայաստանում, ինչու չէ, նաև նախկին ԽՍՀՄ-ում, բաժին ընկավ Ազիզ Թամոյանին և իր գաղափարակիցներին։

Եզդիները, կամ ինչպես իրենք իրենց են անվանում՝ էզդիները, Մերձավոր Արևելքի հնագույն և յուրահատուկ, ազգային կրոնի հետևորդ ժողովուրդ են։ Եզդիներն իրենց բնօրրանն ու մայր հայրենիքն են համարում Սուրբ Լալըշն ու նրա շրջակայքը, որոնք գտնվում են ներկայիս Իրաքի հյուսիսում՝ Եզդիստան կոչվող տարածքում, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի որոշ հատվածներում։

Եզդիները, ովքեր իրենց համարում են Շարֆադինի կրոնի հետևորդներ, շրջակա ժողովուրդներին, մասնագետներին հայտնի են որպես արևապաշտներ։ Դարերով հալածվել են հարևան վաչկատուն նվաճողների, հատկապես՝ մահմեդականների կողմից, որոնք փորձում էին նրանց դավանափոխ անել, որ երկար ու ձիգ դարեր մաքառել են իրենց ազգության, յուրահատուկ կրոնի, քաղցրահունչ եզիերենի՝ պահպանության համար․․․

Եզդի ժողովրդի պատմության մեջ շատ են դեմքերն ու դեպքերը, որոնք առնչվում են մեր ինքնության պատմությանը, և եզդի երախտագետ ժողովուրդը դրանք չի մոռանում ու գնահատում է ինչպես հարկն է։ Հիշենք մի քանի անուն. Շեխ Միրզա, Շեխ Մըճո, Համե Շարո, Հասան Աղա, Ուսըվ բեգ, Ջանգիր Աղա, Ալի բեգ, Միր Իսմայիլ և այլն․․․

Առ այսօր եզդի ժողովուրդը վերոհիշյալ և բազում այլ երախտավորներին հիշում է, չի մոռանում, նրանց մասին երգեր ու լեգենդներ է հյուսել, երգում է ու պատմում նրանց սխրագործությունների, ազգանվիրվածության մասին։

Առանց վարանելու այս շարքին կարելի է դասել մեր ժամանակակից Ազիզ Թամոյանին, ով իր կյանքը նվիրեց իր ժողովրդին, որ նա ճանաչվի, պահպանվի, չձուլվի, հավատն ու հույսը վաղվա նկատմամբ չկորցնի։

Այս գիրքը հիմնականում նվիրվելու է հայ-եզդիական ռազմական համագործակցությանը, այդ նվիրական գործում Ազիզ Թամոյանի ուրույն և գնահատելի ներդրմանը։ Սակայն հնարավոր չէ շրջանցել նաև նրա բացառիկ և անուրանալի ազգանվեր ու ազգանպաստ գործունեությունը, որն ավելի քան համոզված ենք, որը տարիներ, դարեր անց ավելի օբյեկտիվ ու արդարացի կգնահատվի գալիք սերունդների կողմից․․․

1988 թ., կարելի է ասել, ողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց ու դրեց արդարացի պահանջ. Արցախը պատմական հայկական տարածք է և պետք է վերամիավորվի Մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ։

Իհարկե, շատ է ասվել ու գրվել Արցախյան շարժման մասին, և համոզված ենք, դեռ շատ ու շատ կխոսվի ու կգրվի վերոհիշյալ անցքերի ու դեպքերի մասին։ Եվ այս անցքերին են առնչվում հենց այն շարժումը, պայքարը, որոնք սկսվեցին Ա. Թամոյանի գլխավորությամբ, պետք է հասնեին մի հանգրվանի, որը կոչվելու էր արդարության վերականգնում, եզդի ժողովրդի դարավոր իղձերից մեկի իրականացում։

Արդեն ասվեց, որ դարեր շարունակ շրջապատող ժողովուրդները, հատկապես՝ մահմեդականները, հալածում էին, հիմա էլ հալածում են եզդիներին, ամեն ինչ անում էին, որպեսզի եզդիներին վերացնեն ու մոռացության մատնեն, քանի որ նրանք շատ ու շատ մահմեդական ժողովուրդների ճանապարհին դարձել էին անհաղթահարելի արգելք ու անլուծելի խնդիր։

Եվ այսպես շարունակվեց մինչև խորհրդային կարգերի հաստատումը նախկին ԽՍՀՄ-ում։ 20-ական թվականներին, երբ Խորհրդային Հայաստանում և նախկին ԽՍՀՄ-ում անցկացվեցին մարդահամարներ, եզդիները կարողացան իրենց կամքն ազատ արտահայտել և ասել, որ եզդի են, առանձին ազգ ու ժողովուրդ են, ունեն իրենց ուրույն լեզուն ու պատմությունը, իրավունք ունեն հայ եղբայրների հետ կողք-կողքի ազատ ու անկաշկանդ ապրելու, կիսելու նույն ճակատագիրը, օրհասական ու դժվար պահերին միշտ իրարու հովանի դառնալու։ Ինչևէ, երբ ստալինյան ռեժիմն արդեն մտել էր իր տարերքի մեջ, ինչպես նախկին ԽՍՀՄ շատ ժողովուրդների, այդպես էլ եզդիների անունը մոռացության տրվեց։

Անկեղծությունը պահանջում է ասել, որ հատկապես նախկին ՀԽՍՀ-ում եզդիների անձը հաստատող փաստաթղթերում՝ ծննդյան վկայականներում, անձնագրերում և այլ փաստաթղթերում, գրվում էր եզդի, սակայն, երբ գործը հասնում էր մարդահամարներին, մամուլին և պետական մարմիններին, եզդի անունը մոռացվում էր և մեջտեղ էր գալիս բոլորովին օտար ու անընդունելի ազգի անուն, որը երբեք ընկալելի, ընդունելի չի եղել այս ժողովրդի համար։

Եթե իրականության առջև չմեղանչենք, այս գործում իրենց «մեծ» ներդրումն ունեն մի քանի քուրդ կամ քրդացած եզդիներ, ովքեր տարվելով ամենատարբեր և ամենասին նկրտումներով, փորձեցին վերացնել ու մոռացության տալ եզդի ժողովրդի անունը։ Ինչի համար, ինչպես ասվեց, դարերով տառապել ենք, և այսօր էլ աշխարհի շատ երկրներում նույն վիճակն է, բացի ՀՀ, ՌԴ, Վրաստանի Հանրապետության, որտեղ եզդիները պաշտոնապես ճանաչվում են առանձին ազգ ու ժողովուրդ․․․ Օրինակ՝ Հայաստանում 1926 թ. 12300, 1989 թ.՝ 51900, 2001 թ.՝ մոտ 41000 եզդի էին ապրում։

Իհարկե, այս ամենը՝ եզդիների անվան վերականգնման գործընթացն, սկսվեց Խորհրդային Հայաստանից, ինչպես արդեն ասվեց, դեռևս հեռավոր 1988 թվականին․․․ Արցախյան հզոր շարժումը «վարակեց» նաև հանրապետության եզդիներին, ովքեր իրենց հայ եղբայրների կողքին կանգնելուց, զորակցելուց զատ, դրեցին նաև իրենց գլխավոր և հիմնական պահանջը՝ «Դարերով եզդի ենք եղել, եզդի ենք կոչվել, պահանջում ենք վերականգնել պատմական արդարությունը, պետականորեն վերականգնել մեր ազգի անունը և մեզ չշփոթել օտար ազգերի հետ․․․»։

Իհարկե, հիմա շատ հեշտ ու հանգիստ է այս մասին ասել ու խոսել, սակայն այն ժամանակ, երբ նախկին Խորհրդային Միությունը դեռևս «ուժեղ ու ամենազոր» էր, այս և նման հարցերի մասին ասելն ու խոսելը դժվար ու վտանգավոր էր, սակայն եզդի ժողովրդի արժանի և մեծ զավակ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ սկսված շարժումն ու պայքարը չընկրկեցին ու չթուլացան, այլ՝ հաղթահարելով առաջին մտավախությունն ու անվստահությունը, ավելի վճռականորեն լծվեցին այդ նվիրական ու արդար գործին․․․

Ազիզ Թամոյանը միշտ ասել ու կրկնում է, որ միայն ինքն ու մի քանի հոգով չէին կարողանա այս արդարացի գործընթացը հասցնել հաղթական ավարտին, եթե ոտքի չկանգներ ողջ եզդի ժողովուրդը՝ մեծ ու փոքր, կին ու տղամարդ, ինչպես նաև, եթե չլիներ հայ մարդկանց և հատկապես՝ որոշ հայ հայտնի մտավորականների բարոյական ու հոգեկան աջակցությունը․․․

Բայց և այնպես, այս շարժման ոգին Ազիզ Թամոյանն էր՝ իր եռանդով, ավյունով, կազմակերպչական հզոր ջիղով։

Վերոհիշյալ հատկանիշներից բացի, Ազիզ Թամոյանն ուներ նաև մեկ այլ առավելություն՝ դեռևս 1972 թվականին սերն ու ձգտումը եզդիների բնօրրանի և Շարֆադինի կրոնի և ազգային ավանդույթների նկատմամբ նրան տարել էին Սուրբ Լալըշ, որտեղից նա վերադարձել էր վառ ու անջնջելի տպավորություններով և անպայման ուզում էր վերականգնել պատմական արդարությունը եզդիների հարցում։

Նաև պետք է նշել, որ խորհրդային տարիներին հատուկենտ մարդիկ կարող էին գնալ արտասահմանյան երկրներ, հատկապես՝ Իրաք և այն էլ՝ Լալըշ։ Բայց, ինչպես ասում են, բախտն Ազիզե Ամարի նկատմամբ բարյացկամ էր եղել, և նա նախկին Խորհրդային Միության այն եզակի երջանիկ եզդիներից էր, ով կարողացել էր, ինչպես արդեն ասվեց, լինել Հյուսիսային Իրաքի Եզդիստանի եզդիաբնակ բնակավայրերում, գնալ Լալըշ և հանդիպել համայն աշխարհի եզդիների ազգային և կրոնական առաջնորդներին, ավելի խորը և լավ տեղեկանալու Շարֆադինի կրոնին, եզդի ժողովրդի պատմությանը։

Ինչպես ասում են, Ազիզ Թամոյանը «հարուստ պաշարով» մտավ շարժման մեջ և այն գլխավորեց, արժանիորեն լծվեց այդ գործին, որը հեշտ չէր, որը ոչ միայն հարգանք ու պատիվ էր բերում, այլև՝ հերյուրանք, բողոքներ ու բանսարկություններ։ Այո, կային և կան անձինք, ովքեր հեշտությամբ ու հիացմունքով չընդունեցին շարժումը, որը նպատակ էր հետապնդում վերականգնել պատմական արդարությունը եզդիների հարցում։

Հատկապես նրանք, ովքեր իրենց «քուրդ» էին ճանաչում, թշնամանքով ու հակակրանքով լցվեցին եզդիական շարժման ու վերջինիս առաջնորդների ու համակիրների նկատմամբ, անում էին ամեն ինչ, որպեսզի հենց «բնում» խեղդեն այդ շարժումը։ Նա ու իր համախոհները խորհուրդ էին տալիս չմոռանալ մեր նախնիների զրկանքները, պայքարը եզդիականության պահպանության և հույսով ու լավատեսությամբ՝ գործընթացը հաղթական ավարտին հասցնելու համար։

Փառք Աստծո, որ հասանք դրան։ Այն, ինչպես ասվեց, դժվար էր ու ծանր։

Սկզբնական շրջանում պայքարն արտահայտվեց փոքրաթիվ մարդկանց տրտունջով, սրտնեղությամբ, սակայն այն աստիճանաբար վերածվեց հզոր և անբեկանելի շարժման։

Դիմումներ ու բողոքներ հասցեագրվեցին ոչ միայն նախկին Խորհրդային Հայաստանի, այլև՝ նախկին Խորհրդային Միության ղեկավար և պատկան մարմիններին։ Եվ երկարատև ու քրտնաջան պայքարը տվեց իր առաջին արդյունքը. 1989 թվականի Խորհրդային Հայաստանի վերջին մարդահամարի արդյունքներով, համարյա վաթսուն տարի անց, կրկին երևաց եզդի ազգության անունը, ինչը հաղթանակ էր և պատմական ու անշրջելի հաջողություն։ Ոչ միայն Հայաստանի, այլև նախկին Խորհրդային Միության ու արտասահմանի եզդիները ցնծության մեջ էին։

Ազիզ Թամոյանի գլխավորությամբ եզդիական շարժման առաջնորդները չբավարարվեցին ձեռք բերածով և տրամադրված շարունակեցին պայքարը՝ նրան տալով նոր որակ ու թափ։ Կարիք կար, որ արդեն հանրապետության թվով երկրորդ ազգությունն ունենար լրատվության միջոցներ, ազգային-մշակութային պայմաններ ու հնարավորություններ։ Առաջին հերթին տպագրվեց «Դանգե էզդիա» («Եզդիների ձայն») թերթը (1990 թվականի նոյեմբեր), իսկ մի քանի օր անց Հայաստանի ռադիոյից սկսվեցին հեռարձակվել ամենօրյա կես ժամանոց եզդիերեն ռադիոհաղորդումները։

Եզդիերեն թերթն ու ռադիոհաղորդումները, կարծես դարձան եզդիական շարժման երկրորդ փուլն ու հանգրվանը։ Ազիզ Թամոյանն ընկած եզդիաբնակ բնակավայրերը, իր համախոհերի հետ, ավելի էր տարածում այդ շարժման գաղափարներն ու նպատակները։

Շարժման ու պայքարի հաջորդ փուլը լինելու էին եզդիների դպրոցական գործն ու դասագրքերը, ուսուցչական և ազգային կադրերը, սակայն դա ակամայից հետաձգեց. Խորհրդային Ադրբեջանի արկածախնդիր ու ազգայնամոլ ղեկավարներն ու նրանց հետևորդները պատերազմ ու կոտորած, արտաքսում ու տեղահանում պարտադրեցին հայ ժողովրդին, որը քաղաքակիրթ և օրինական ու արդար պայքար էր սկսել, որպեսզի կարողանա իր մի հատվածը՝ Լեռնային Ղարաբաղ-Արցախը՝ ազատագրել ազերիների լծից ու վերամիավորել Մայր Հայաստանին։

Ի՞նչ կարող էին անել Ազիզ Թամոյանն ու իր համակիրները՝ լծվել միայն ազգային խնդիրների լուծմա՞նը, թե՝ օգնել աղետի գոտուն, վերջինիս տուժածներին, պաշտպանել նաև իրենց հայրենիքը համարվող Հայաստանը։

Եվ հավատարիմ եզդի ժողովրդի և իր նախնիների պատգամներին, Ազիզ Թամոյանը դարձավ առաջնորդն ու դրոշակակիրն այն եզդի ուստրերի ու դուստրերի, ովքեր լսելով նրա կոչն ու հետևելով նրա օրինակին, մարտի դաշտ նետվեցին՝ մոռանալով իրենց անձն ու կյանքը։

Այո, այս վճռական ու օրհասական պահին Ազիզ Թամոյանի նման անձը կարող էր և կարողացավ իրականացնել այն առաքելությունը, որը փափագում էր եզդի ժողովուրդը։