Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Երբ սկսվեց պատերազմը

ԵՐԲ ՍԿՍՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Արդեն ասվեց, որ 1988 թ. հայ ժողովուրդն իր բոլոր հատվածներով ոտքի կանգնեց ու դրեց արդարացի պահանջ՝ Արցախը վերամիավորել Մայր Հայաստանին։ Սկզբնական շրջանում ցույցերն ու միտինգներն անցնում էին խաղաղ ու առանց լուրջ միջադեպերի։ Ավելին, ղարաբաղյան շարժման առաջնորդները հավատում էին, որ հարցն իր լուծումը կստանա օրենքի և քաղաքակրթության շրջանակներում։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ժամանակի փտած խորհրդային ռեժիմն ու հարևան Ադրբեջանը բոլորովին այդպես տրամադրված չեն։ Այս մասին շատ է ասվել ու խոսվել․․․

Անհրաժեշտ է անպայման ընդգծել, որ նաև ղարաբաղյան շարժման խաղաղ ժամանակահատվածում եզդի համայնքը կանգնեց հայ եղբայր ժողովրդի կողքին։ Հայաստանի տարբեր շրջաններից գալիս էին եզդի համայնքի ներկայացուցիչներ, մասնակցում ցույցերին ու միտինգներին, բերում նյութական և բարոյական աջակցություն։

Այն ժամանակ պայքարի ընդունված ձևերից մեկը հացադուլ հայտարարելն էր՝ հենց Օպերայի թատերական հրապարակում, որ հետագայում վերանվանվեց Ազատության հրապարակի։

Հասկանալի է, որ օրըստօրե կրքերը շիկանում էին։ Ադրբեջանցիներն իրենց նախնինների բնազդին հավատարիմ, սկսեցին հարձակվել հայկական խաղաղ բնակավայրերի վրա, զբաղվել մարդասպանությամբ ու ավարառությամբ։

Ազիզ Թամոյանը, ով այդ ժամանակ հիմնականում զբաղված էր 33 եզդի համայնքի գլխավոր հարցի՝ անվան վերականգնման պայքարն առաջնորդելով և աղետի գոտու բնակչությանն օգնելով ու եզդի ընտանիքներում նրանց տեղավորելով, շատ արագ կողմնորոշվեց, որ պահն իսկապես օրհասական է՝ պետք է ոտքի կանգնել ու հայ դաշնակից ժողովրդի հետ միասին թուրքերի վայրագությունների առաջն առնել, թե չէ վտանգն ահագնանալու էր։

Առաջին քայլն այս ուղղությամբ, որ արվեց, այն էր, որ Ազիզ Թամոյանը կոչով դիմեց Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներում ապրող եզդիներին, որ հավատարիմ մնալով մեր նախնիների ավանդներին ու փորձին, պետք է օգնել ու աջակցել հայ ժողովրդին, ժողովուրդ, որ օրհասական օրերին կանգնել է մեր կողքին, և միասին պայքարել ենք ընդհանուր թշնամում դեմ։

Հասկանալի է, որ այդ օրերին շատ այժմեական էին Շեխ Միրզայի և Քահանա Պողոսի (Քաշիշ Պոլոյի), Մճոյե Շեխ Իսայեի, Ուսըվ բեգի և Կոմիտասի, Զահանդիր Աղայի և Զորավար Անդրանիկի երբեմնի համագործակցության մասին վերհիշելն ու նրանց օրինակով նոր սերնդին ոգևորելն և համատեղ մարտի կոչելը։

Չէի ուզենա հպանցիկ անցնել վերոհիշյալ անձանց անվան ու գործունեության կողքով, ովքեր, իսկապես անջնջելի ու անմոռանալի հետք են թողել մեր երկու ժողովրդի պատմության և համատեղ պայքարի քուրայի մեջ։

Ազիզ Թամոյանը, մեջ բերելով հայ մեծ լուսավորիչ, եզդի ժողովրդի մեծագույն բարեկամ Խաչատուր Աբովյանի մտքերը հայերի և եզդիներիի համատեղ պայքարի մասին, համառություն և կամք էր դրսևորում։ Հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Խ. Աբովյանը, որը նաև հայ նոր գրականության և աշխարհաբարի հիմնադիրն է, բազում անգամ այցելել է եզդի համայնքին, զրուցել եզդի ցեղապետերի, շարքային մարդկանց հետ և գրի առել եզդի ժողովրդի բանավոր զրույցներն ու բանահյուսության բազմաթիվ նմուշներ, որոնք այսօր էլ իրենց գեղարվեստական, պատմական ու ազգագրական արժեքը չեն կորցրել։

Համատեղ պայքարի մասին խոսելիս, Խ. Աբովյանն իր աշխատանքում մասնավորապես գրում է. «Ինչպես պատմում է ականատեսներից մեկը, դեռևս նորերս արիության ու քաջագործության հրաշքներ են ցույց տվել եզդի ցեղապետ Միրզա-աղան ու հայ Պողոս քահանան։ 1828 թվականին Ռադովան բերդի մոտերքում, Մոսուլից ոչ հեռու, յուրաքանչյուրն իր համայնքով մոտենում է թուրքերից և քրդերից բաղկացած 30.000-անոց բանակին և իրենց փոքրիկ զորամասով գրեթե ոչնչացնում են ամբողջ բանակը։

Նա երգի վերնամասում գրել է «Եզիդիական ռազմերգ թուրքերի և քրդերի առաջնորդ Շեխ-Ղասումի դեմ վարած «ճակատամարտի մասին»։

Մինչ երգի տեքստը շարադրելը, վերջինս նաև այսպիսի տեղեկություն է տալիս. «Եզիդիները պատմում են նաև այդ նշանավոր ճակատամարտի մասին։ Այն Շեխ-Ղասումը, իր զինվորներին ոգևորելու և խանդավառելու համար, իմիջիայլոց սկզբից հայտարարում է, որ եթե թմբուկ զարկի և ռազմական փող հնչի, ապա եզդիների ողջ ամրություններն իրենք իրենց կկործանվեն, նրանց հացահատիկների պահեստները կոչնչանան, իր հենց առաջին կանչին բոլորը ծնկաչոք կլինեն և այլն։ Նկատի ունենալով այդ դեպքը, յուրաքանչյուր եզդի հպարտությամբ հիշում է եզդիների ցեղապետ Միրզա-աղայի և հայ քահանա Պողոսի, որին նրանք Քեշիշ-Պոլո են անվանում, անունները։ Հենց այդ անունով էլ հյուսված է հիշյալ երգը»։

Եվ ահա երգը, որն իր տեղն է գտել Խ. Աբովյանի ուսումնասիրության մեջ։

Ռադովանում սունկ է բուսնում,
Միրզա-աղայի ձին խրխնջում է։
Քեշիշ-Պոլոն գոչեց Շեխ-Ղասումին.
«Ես ոչնչացրի քո բանակը,
Գլխատեցի նիզակներով զինված երեսուն դերվիշ»։

Ռադովանի մոտով գետ է հոսում։
Շեխ-Ղասումի բանակը նրա միջով անցավ։
Քաջ Միրզա աղան և Քեշիշ-Պոլոն

գոչեց նրանց. «Մենք ձեզնից
նիզակահարել ենք հազար ձիավոր»։

Ռադովանում կան խաղողի այգիներ,
Շեխ-Ղասումի բանակը ներս մտավ այնտեղ,
Քեշիշ-Պոլոն գոչեց նրան.

«Ձեր գլուխները սոխի գլուխներ են մեզ համար»։

Դոլանում թուզ է բուսնում,

Շղթայակապ է Միչոյի սուրը։

Միչոն կանչեց. «Աստված է վկա ի՛մ քաջեր, ի՛մ եղբայրներ։
Մեր նիզակները ջախջախվել են,
Ատրճանակների կայծքարերը կոտրատվել են
Սրերը ձեռքերդ առե՛ք
Եվ պաշտպանեցեք մեր ընտանիքի թիկունքը։
Ոտքի կանգնեցրեք Միչոյին։
Գոտեպնդեք նրան սրով Մսուրի,
Որպեսզի անհավատը սարսափելի
Եվ մեզ չբռնի»։

Այո, առ այսօր այս և բազում այլ երգեր, որ վերաբերում են այդ օրերի անցքերին, մեր ժողովրդի մոտ հիշվում, երգվում, պատմվում են․․․

Ազիզ Թամոյանը երիտասարդներին, ինչպես ասվեց, դաստիարակում էր նաև Ուսուբ բեկի և մեծ Կոմիտասի հավատարիմ մտերմության ոգով։

Հատկապես ոգևորիչ էր Ջահանգիր աղայի և Զորավար Անդրանիկի համագործակցության մասին խոսելը։

Ըստ իրողության, զորավար Անդրանիկը եղել է նոր նշանված Ջահանգիր աղայի քավորը (1904)։ Պատճառն ու առիթը ոչ միայն հայ և եզդի ժողովուրդների դարավոր համագործակցությունն ու Ջահանգիր աղայի նոր նշանվելն էին, այլ Ջահանգիրի արիասիրտ լինելն ու հայ ժողովրդին օգնելն էր։ Հետագայում Ջահանգիրի սուրը փայլեց բազում մարտերում, որտեղ հայն ու եզդին դաշնակցած պայքարեցին թուրքական ոհմակի դեմ։ Բայց նրա և եզդի կամավորականների հերոսության թագն ու պսակը դարձան Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերը․․․

Ջահանգիր Աղան համարվում է եզդի ժողովրդի այն հերոս զավակներից մեկը, որը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին նվիրվեց եզդի ժողովրդի ազգային ազատագրական պայքարին՝ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Իր նախորդներից ժառանգելով ազնվություն, հայերի, ասորիների հետ ջերմ բարեկամություն, մինչև իր անհանգիստ կյանքի ավարտը մնաց իր նախնյաց երդմանը հավատարիմ։ Ծնվել է 1874 թ. Վանի վիլայեթի, Բերկրիի սանջակի Չիբուխլի գյուղում, մեծահարուստ եզդի Խատիֆ աղայի մեծ գերդաստանում։ Փոքրուց ունեցել է անհանգիստ բնավորություն, իր նախորդներից ժառանգել էր քաջության գծեր, սեր՝ դեպի հարազատ ազգային բանահյուսությունը, նաև ունեցել է գեղեցիկ երգելու բնատուր շնորհք և այլն։ Նրա նախորդները՝ պապի հայր Բշար փաշան (այդ մասին գրել են արևելագետ Լեարդը, Խ. Աբովյանը և այլն), պապը՝ Մդուր աղան, հայրը՝ Խատիֆ աղան, եղել են ռուսական կողմնորոշում ունեցող անձնավորություններ, որոնք սերտ կապեր են ունեցել հայերի հետ՝ մանավանդ Վանի վիլայեթի սահմաններում։ Մեծ ծառայություն է ունենում 1894-1896, 1904-1905 և 1914-1918 թթ. իրադարձությունների ժամանակ, իր հեծելազորով բազում ինքնապաշտպանական մարտեր մղելով թուրքական կանոնավոր զորամիավորումների դեմ։ Աբդուլ Համիդ Բ սուլթանի կազմակերպած զուլումի տարիներին հրաժարվում է «Համիդի» զորագնդերի կազմակերպումից և կոչ է անում իր տոհմակիցներին չարատավորել իր պապերի ավանդույթը։ Այսպես սկսվում են նրա անհանգիստ՝ ֆիդայական հերոսացված դրվագումները։ Թուրքերն ամեն առիթով թշնամանք, խարդավանքներ են նյութում փոքր ժողովուրդների միաբանության դեմ, որ մեծ մասամբ ապարդյուն է լինում ի շնորհիվ Ջահանգիր աղայի։ Անչափ հետաքրքիր և ուշագրավ է Զորավար Անդրանիկի և Ջհանգիր Աղայի հանդիպումը Բերկիի հայկական Հազարան գյուղում, որն ավելի ուշ դառնում է սուրբ միասնություն, ավելին՝ Զորավարը դառնում է նրա հարսանիքի քավորը։ Առաջին աշխարհամարտի օրերին, նա մոտ 500 հեծյալներով մասնակցություն է ունենում բազում մարտերի։ Հատկապես՝ 1915 թ. Հասան Ղալայի ու Դիլանի մարտերի նախօրեին շատ է օժանդակում Անդրանիկին և կամավորական մյուս զորագնդերին, մշտապես պահելով թիկունքը։ Հատկապես մեծ հռչակ են բերում 1918 թ. մայիսյան հերոսամարտերը՝ մասնակցելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի մարտերին՝ ավելի քան 500 հեծյալներով։ Սարդարապատի ճակատում՝ Մոլաբայազետ վայրում, իսկ Բաշ-Ապարանում՝ Ապարանի և Քյուլուջա վայրերի մոտ (նրան օժանդակում են Ալագյազի եզդիները)։ Նրա վրա ճնշող տպավորություն է գործում 1918 թ. մայիսին՝ Ջամշլու (Ալագյազ) վայրում թուրքերի նախճիրը, մորթվում են 854 անմեղ եզդիներ, իսկ 600-ին գերի են տանում։ Նրանց ճակատագիրը առայսօր հայտնի չէ։ Փրկվում է մեկը՝ Ալիե Քյալաշը (Ամարյան)։

Ունեցել է 5 որդի և 1 դուստր։ Ժառանգներից այժմ կան Սուրեն անունով որդին և Ասյա անունով աղջիկը։

Ջահանգիր Աղան մահացել է 1946 թ. Սվերդլովսկի մարզում (Եկատերինբուրգ), տիֆից։ Արդարացվել է հետմահու՝ 1959 թ. օգոստոսի 13-ին։ Հանձինս Ջահանգիր Աղայի և Զորավար Անդրանիկի անկեղծ մտերմության, թող հար ու հարատև լինի հայ և եզդի ժողովուրդների դարերի խորքից եկող, հավերժող բարեկամությունը։

Ազիզ Թամոյանը չէր մոռանում երիտասարդներին ու մեր ժողովրդին ոգևորել նաև Միր Իսմայիլի օրինակով, ով դեռևս 1918 թվականին, Սինջարի լեռներում, պատսպարեց վեց հազարից ավելի թուրքական յաթաղանից մազապուրծ հայի։

Այս անցքերը երկու ժողովրդի հավատարմության, համագործակցության և ընդհանուր թշնամու դեմ պայքարի միայն մի փոքրիկ մասն է։

Հայաստանի եզդի համայնքի պայքարի ու շարժման առաջնորդն ու ռահվիրան շատ բան ուներ ասելու ինչպես իր ժողովրդին, այնպես էլ հայ ժողովրդին, հատկապես՝ նոր սերնդին, որ մենք միասին անցել ենք համատեղ պայքարի փառավոր ու լուսավոր ճանապարհ։

Ինչպես որ վայել էր եզդի ժողովրդին, նրա բազում զավակներն արձագանքեցին Ազիզ Թամոյանի կոչին և ոտքի կանգնեցին ու պատրաստ էին նետվելու մարտի դաշտ ու օգնել մարտադաշտում, ինչպես նաև գնդակոծության տակ գտնվողներին։

Սակայն, ինչպես որ վայել է հեռատես այրին, Ազիզ Թամոյանը խորհրդակցելով իր համախոհների հետ, հարմար համարեց, որ ոտքի ելած և օգնության պատրաստ կանգնած մարդկանց ուժն ու եռանդը պետք է համակարգել և ուղղորդել մեկ ընդհանուր նպատակի։

Այս գործի առաջին քայլն արտահայտվեց Հայաստանի եզդիների ռազմական շտաբ ստեղծմամբ։ Ազիզ Թամոյանը նշանակվեց Ռազմական շտաբի հրամանատար։

Խորհրդակցելով պետական մարմինների, հատկապես վաղամեռիկ սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ, Ազիզ Թամոյանը Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքում դրեց Հայաստանի եզդիների ռազմական շտաբի հիմքը։ Կոտայքի մարզի Զովունի (Ամո) գյուղում Մշակույթի տանը սովխոզի տնօրեն Մանուկ Սիմոնյանի և գյուղապետ Վահան Ալեքսանյանի օժանդակությամբ 100-ից ավելի հանրահավաք էր տեղի ունեցել, որտեղ 1000-ից ավելի եզդի իրենց մասնակցությունն էին բերել։

Երախտագիտությամբ պետք է նշել ու ընդգծել, որ այս գործընթացում իրենց յուրահատուկ դերակատարությունն ունեցան արևելագետներ Գառնիկ Ասատրյանն ու Գուրգեն Մելիքյանը։

Երբ մեծ ոգևորության և նվիրվածության մթնոլորտում դրվեց եզդիական ռազմական շտաբի հիմքը, որի նպատակն, ինչպես արդեն ասվեց, ռազմական գործողություններին անմիջապես մասնակցելն էր, Ա. Թամոյանի անմիջական առաջարկությամբ և խորհրդով շտաբի պետ ընտրվեց Հայաստանի եզդիական շարժման ակտիվ, աչքի ընկնող անդամներից մեկը՝ Քարամ Ավդոյանը, ով աշխատում էր Երևանի Սպանդարյան շրջանի ժողովրդական դատարանում։ Հայաստանի եզդիների ռազմական շտաբի հիմնադրումն ու կազմավորումը եզդի համայքում մեծ ոգևորվածություն առաջացրեցին, և յուրաքանչյուր եզդի կամավորական արդեն գիտեր ուր գնալ և ում դիմել, որպեսզի ոչ մի բան տարերայնորեն ու անկանոն չկատարվեր։

Անկեղծությունը պահանջում է ասել, որ ճիշտ է, Հայաստանի ռազմական շտաբի պետը Քարամ Ավդոյան էր, սակայն նաև այս գործն ու պարտականությունը փաստորեն Ազիզ Թամոյանն էր կատարում։

Միայն ռազմական շտաբ հիմնելն ու կազմավորելը, հասկանալի է, չէին կարող բավարարել պատերազմի, մարտադաշտի պահանջները… Եվ ահա Ազիզ Թամոյանը, ով արդեն ընտրվել էր Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ, կարելի է ասել, կիսաթաքուն դիմեց եզդի համայնքին, հատկապես մարտի դաշտ նետվելու մեծ կրակով բռնկվածներին, որ եթե ունեն զենք ու զինամթերք, այն տրամադրեն շտաբին և դրանք ուղարկեն մարտադաշտ։

Դե, խորհրդային տարիներն էին, հատ ու կենտ մարդիկ ունեին զենք ու զինամթերք, բայց եղածն էլ, ինչպես ասում են, որոշվեց արդյունավետ ու տեղին օգտագործել։

Լավ ենք հիշում, լինում էին դեպքեր, երբ Ազիզ Թամոյանն ինքն իմանալով, թե ում մոտ, կամ որ ընտանիքում հնարավոր է լինեն զենք կամ զինամթերք, անձամբ գնում, խնդրում, համոզում էր, «որ դրանք պետք է դուրս հանել ու օգտագործել թե չէ դրանք էլ ո՞ր օրվա համար են և էլ ե՞րբ պետք է օգտագործվեն»։

Դե, տասնյակ տարիներ մարդիկ պատերազմ ու կռիվ չէին տեսել, վառոդի հոտը չէին զգացել, և երևի դա էր պատճառներից մեկը, որ որոշ մարդիկ կասկածամտորեն ու թերահավատությամբ էին վերաբերվում նման հարցերին։

Հիմա է, որ մթնոլորտն ու տրամադրությունն այլ են։

Հասկանալի է, որ պատերազմ գնալու, կռվելու, մարտի դաշտ նետվելու մարդկանց թիվն ավելի մեծ էր, քան թե ձեռքի տակ եղած «պապենական» զինանոցը։ Եվ դա «ստիպեց» Ազիզ Թամոյանին ու իր ընկերներին, որ կոչով ու խնդրանքով դիմեն իշխանություններին, որպեսզի եզդի կամավորականները բավարարվեն զենքով ու զինամթերքով։

Զենքի ու զինամթերքի հայթայթումն ու օգտագործումը կատարվում էին Ազիզ Թամոյանի գլխավորությամբ ու համակարգումով։ Այո, նա ինչպես իշխանությունների, այնպես էլ արցախյան շարժման առաջնորդների, հատկապես Վազգեն Սարգսյանի և դաշտային հրամանատարների մոտ մեծ վստահություն ու հարգանք ուներ, քանի որ իր գործով ու կատարածով էր դա վաստակել։

Ինչպես ասում են, պատերազմն արդեն մտնում էր իր լիիրավ իրավունքների մեջ և կարիք կար, որ ոչ միայն մարդկային, այլև նյութական ռեսուրսներն օգտագործվեն ռազմաճակատի համար։