Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Նախապատրաստութուն ու օգնություն

Նախապատրաստութուն ու օգնություն
Նախապատրաստութուն ու օգնություն

Արդեն ասվեց, որ Ազիզ Թամոյանը օգտվեց մի աղբյուրից, որն, իմ համոզմամբ, ամենաճիշտն ու ամենաօգտակարն էր. մեր նշանավոր նախնիներն ու նրանց կատարած քաջագործությունները և նրանց թողած անգնահատելի ու երախտագիտության արժանի ավանդը։

Թե՛ ցավոք, թե՛ ի ուրախություն մեր ժողովրդի, մեր պատմությունն ու անցյալը մեր ժողովրդի հիշողության մեջ մնացել են հիմնականում բանահյուսության շնորհիվ։ Եվ հենց բանահյուսության շնորհիվ մեր արժանի նախնիները ժամանակի ընթացքում բանահյուսության մեջ և ժողովրդի մտածողության մեջ մտապահվում և ներկայացվում էին ավելի մեծ կարոտաբաղձությամբ։ Դե, մեր ժողովուրդը, որ դարերով պետականություն չի ունեցել և հալածվել է անիրավ ու անխիղճ հարևանների կողմից, հասկանալի է, որ իր հայացքը միշտ հառել է իր այն զավակներին, ովքեր չխնայելով իրենց ունեցվածքն ու կյանքը, նվիրվել են իրենց ժողովրդի ազատության և գոյատևման պայքարին։ Հենց նման մարդկանց շնորհիվ է, որ ինչպես մեր ժողովուրդը, այնպես էլ մեր նման ժողովուրդները, չեն վերացել պատմության թատերաբեմից…

Գոնե համառոտ չվերհիշել մեր արժանավոր նախնիներին, ումից հետագա սերունդները ոգեշնչվել ու ոգևորվել են, կարծում եմ, ճիշտ չի լինի, առավել ևս, որ նրանք Ազիզ Թամոյանի և մեր ողջ ժողովրդի համար եղել և մնում են մեր ազգի պատմությունը կերտողներ…

Այսպես, Ազիզ Թամոյանը, որ իր ընտանիքում, իր գերդաստանում ու մեր համայնքում հատկապես պատանեկության ու երիտասարդության տարիներին շատ էր լսել մեր հերոս նախնիների մասին, ցանկանում էր և հիմա էլ ձգտում է, որ նրանք մնան նաև ներկա և հետագա սերունդների հիշողության մեջ, չէ որ չի կարելի մոռանալ մեր անցյալը, այն էլ մի ժողովրդի, մի ազգի, դարերով զուրկ են եղել գիր ու գրականությունից ու օբյեկտիվ գրավոր աղբյուրներից, եթե, իհարկե, այդպիսիք կան և պահպանվել են մեր հարևան ժողովուրդների մոտ։

Նման հերոսներից է շարկի ցեղից Դավրեշե Ավդին։ Որոշ աղբյուրներ ասում են, որ նա ապրել և գործել է 19-րդ դարում։ Ըստ ավանդության, Դավրեշե Ավդին նշանավոր գերդաստանի և ընտանիքի զավակ է եղել։ Իհարկե Դավրեշե Ավդին մեր ժողովրդի հիշողության մեջ, ինչպես շատերի դեպքում, մնացել է բանահյուսության, հատկապես՝ երգերի մեջ։ Դավրեշե Ավդիի մասին կան բազում երգեր ու պատմություններ։ Նա մեր ժողովրդի հիշողության մեջ մնացել է իր քաջությամբ ու ազնվությամբ։

Ասվեց, իհարկե, որ Դավրեշե Ավդիի հերոսության ու քաջա- գործության մասին հյուսվել ու ստեղծվել են բազմաթիվ երգեր, բայց երևի քչերը գիտեն, որ երգերից մի քանիսում ասվում է նաև այն մասին, որ Դավրեշի հայրը՝ Ավդին, խորհուրդ է տվել որդուն, որ չվստահել քուրդ Թամըր փաշային, ով դեռ ժամանակին օգտվել է Ավդիի՝ Դավրեշի հոր քաջագործությունից, սակայն հետագայում վիրավորել է նրան՝ նշելով, որ նա եզդի է։

Այո, Ազիզ Թամոյանը երիտասարդներին դաստիարակում էր ոչ միայն Դավրեշե Ավդիի, այլև մեր մյուս հերոսների քաջագործությունների օրինակով։

Հաջորդ հերոսը, որին նա շատ էր հիշատակում, Համե Շարոն էր, որի ժառանգներին՝ տղային՝ Սայդոյին, թոռ՝ Դախիլին, թոռ՝ Ալիին, Ազիզ Թամոյանն ինքը 1972թ. այցելել էր դեռևս անցյալ դարի յոթանասունական թվականներին, երբ եղել էր Իրաքում։

Համե Շարոն, ով, ինչպես ասվեց, ապրել ու գործել է Իրաքում, ծնվել ու ապրել է 19-րդ և 20-րդ դարերում։

Ըստ տեղեկության, 20-րդ դարի սկզբներին, երբ 6000 գաղթական հայ մազապուրծ եղած թուրքական յաթաղանից, իր փրկությունը գտավ Իրաքի եզդիաբնակ վայրերում, այդ ժամանակ եզդիներն իրենց առաջնորդներ՝ Միր Իսմայիլի և Համե Շարոյի գլխավորությամբ կազմակերպեցին հայերի տեղավորման ու պաշտպանության, ինչու չէ՝ նաև փրկության մի մեծ գործողություն։

1915-1918 թվականների այս իրադարձությունների ժամանակ մեծ և անգնահատելի գործ է կատարել Համե Շարոն։

Ազիզ Թամոյանը մինչև հիմա էլ պատմում է, որ երբ Իրաքում հանդիպել է Համո Շարոյի զավակներին ու ժառանգներին, նրանցից ավելին է իմացել մեր այն ազգային հերոսի մասին, ով վտանգելով իր կյանքը, պայքարեց ու զոհվեց հանուն հայ և եզդի ժողովուրդների բարեկամության և հայ ժողովրդի մի ստվար հատվածի պահպանման ու փրկության։ Անհրաժեշտ է անպայման նշել, որ Համե Շարոյի փառքն այնքան է տարածված եղել, որ այն հասել է նույնիսկ նախկին Խորհրդային Միության եզդիներին, ովքեր տասնամյակներ շարունակ հնարավորություն չունեին իրենց բնօրրանից որևէ տեղեկություն ստանալու։

Ազիզ Թամոյանն ու մեր ժողովուրդը մեծ սիրով ու երախտագիտությամբ են հիշում Մճոյե Շեխ-Իսաեին։ Չնայած Մճոյե Շեխ-Իսայեի մասին, երբ խոսվում էր Խաչատուր Աբովյանի «Եզդիներ» մի հոդվածի մասին, արդեն ասվեց, բայց ավելորդ չէ նշել, որ Մճոյե Շեխ-Իսաեն, իսկապես մեր ժողովրդի ամենասիրված ու ամենահռչակավոր քաջերից մեկն է, ում մասին կան բազմաթիվ երգեր ու պատմություններ։

Մճոյե Շեխ-Իսայեն իսկապես որ հերոս ու անվախ է եղել, ով պայքարել է իր ժողովրդի ազատության ու անկախության ու անվտանգության համար․․․

Հաջորդ հիշատակման արժանի ազգային հերոսը Ալի բազե միրե շեխան է։

Անունն ինքնին հուշում է, որ Ալի բեգը եղել է համայն աշխարհի եզդիների աշխարհիկ ու հոգևոր առաջնորդը։

Ալի բեգը մեր ժողովրդի հիշողության մեջ մնացել է ոչ այնքան, որ եղել է մեր ժողովրդի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդը, որքան որ իր ազգասիրությամբ ու հայրենասիրությամբ։ 20-րդ դարի սկզբում օսմանյան կառավարությունն առաջարկում են Միր Ալի Բեգին, որ նա ենթարկվի իրենց, իր ժողովրդով մոռանա Շարֆադինի կրոնը, եզդիականությունը, և ընդունեն մահմեդականությունը․․․

Բայց, ինչպես որ հարիր է եզդի հոգևոր և աշխարհիկ առաջնորդին, նա մերժում է թուրքերի ու քրդերի միասնական առաջարկությունն ու պահանջը, պայքարի է տանում իր հնագույն ժողովրդին, սակայն ուժերի անհավասարության արդյունքում սպանվում է թուրքերի ու քրդերի ձեռքով ու կախվում ձորերից մեկի ծառին․․․

Ձորը, որտեղ իրենց մահկանացուն են կնքել հարյուրավոր եզդիներ՝ Ալի բեգի գլխավարությամբ, կոչվում է Ալի բեգի ձոր։

Ձորը ոչ միայն շրջակա բնակավայրերի եզդիների, այլև ողջ աշխարհի եզդիների համար դարձել է նվիրական վայր, կարելի է ասել՝ ուխտատեղի։

Ազիզ Թամոյանը միշտ ասում էր ու ասում է, որ նման հերոսների ու անմահ անձանց շնորհիվ է, որ գոյատևել է մեր ժողովուրդը, որը պայքարում էր ոչ միայն իր ֆիզիկական գոյության, այլև՝ նախնիների ազգային, յուրահատուկ, առեղծվածային կրոնի պահպանության համար, կրոն, որը միան հավատալիք չէ, այլև՝ ազգային մտածելակերպ, ազգային հոգեկերտվածք ու ազգային գաղափարախոսություն․․․

Մյուս հերոսը, որի մասին ոչ միայն Ազիզ Թամոյանն, այլև մեր ժողովուրդը սիրով ասել ու խոսել է՝ Ուսըվ բեգն է։ Մի անձնավորություն, ով, իսկապես դարձել է լեգենդ։

Ըստ պատմական աղբյուրների, Ուսըվ բեգը ծնվել է 19-րդ դարի 60-ական թվականներին։ Նրա ծննդավայրը՝ նախկին Սուրմալուի գավառի Ասլանլու գյուղը, այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։ Բեգ տիտղոսն ինքնին հուշում է, որ Ուսըվն ազնվական է եղել և երկար տարիներ ղեկավարել է ոչ միայն իր համայնքը, որը կոչվում է հասընի, այլև՝ ռուսահպատակ բոլոր եզդիներին։ Մենք՝ եզդիներս, որ, կարելի է, ասել պահպանում ենք տոհմական և ցեղային կառուցվածքը, պատկանում ենք այս կամ այն ցեղին, որն էլ իր հերթին մտնում է այս կամ այն համայնքի մեջ, չպետք է մոռանանք, որ սրանք մեր անցյալն ու պատմությունն են։

Անկեղծ ասեմ, երբեմն պատահում է , որ ասում են. «Միայն հետամնաց ու անգրագետ մարդը կարող է հարցնել դիմացինի ցեղային ու տոհմային պատկանելության մասին․․․»։ Սակայն մենք չենք կարողանում համաձայնել այս մտքի հետ, քանի որ և՛ ցեղային և՛ տոհմային պատկանելությունը մեր անցյալն ու պատմությունն են, որ չպետք է մոռանալ ու կտրվել արմատներից։ Իսկ երբեմն ասում են, «հնարավոր է ինչ որ մի ցեղ մյուսի հետ թշնամություն ունեցած լինի, ի՞նչ կարիք կա հարցնելու և հանկարծ հայտնվել անցանկալի վիճակում»։ Մենք սրան պատասխանում ենք, որ անհեռատես ու անխելք մարդը ոչ միայն ցեղային պատկանելությունը, այլև՝ զուտ անձնական շահը կարող է դարձնել առիթ ու պատճառ և «լարվել անգամ մերձավոր ազգականի դեմ․․․

Ինչո՞ւ այսքան շեղվեցի Ուսըվ բեգի մասին խոսելուց, ում դեռ կանդրադառնամ, քանի որ Ազիզ Թամոյանն էլ միշտ ասում է.«Պետք չէ նշանակություն տալ մարդու ցեղային պատկանելությանը։ Ամենակարևորը նա է, թե եզդի մարդն ինքն իրեն ինչքանով է եզդի համարում ու ծառայում մեր ժողովրդին, մեր ազգային գաղափարներին»։

Ուսըվ բեգն ու իր նախնիներն ազնվորեն ու նվիրվածությամբ են ծառայել իրենց համայնքին ու ժողովրդին, ինչի մասին վկայում են ոչ միայն եզդիներն իրենք այլև ժամանակի մամուլը։ Այսպես, այս գերդաստանի մասին ժամանակի մամուլից իմացվում է, որ Ուսըվ բեգի հայրը՝ Հասան աղան, որին համայնքը որպես ազնվագույն ղեկավար ու առաջնորդ էր համարում, ցանկացել է, որպեսզի իր ժողովուրդը, որ դարերով հնարավորություն չի ունեցել գրել ու կարդալ, ստանա այդ հնարավորությունը։ Նա նույնիսկ խնդրել է հայ մտավորականներից, որպեսզի եզդիների համար դպրոցական դասագիրք կազմվի, սակայն, ավաղ՜, այն չի իրականացել։

Եթե դասագիրք և դպրոց բացելու հարցում Հասան աղան իր նպատակին չհասավ, ապա նա հասավ նպատակի, որը, կարելի է ասել, աննախադեպ էր մեր ժողովրդի պատմության մեջ. իր որդուն՝ Ուսըվին, ով հետագայում դարձավ Ուսըվ բեգ, տվեց կրթության։

Գուցե այժմյան մարդու համար խորթ ու զարմանալի թվա, թե ինչ ասել է «տվեց կրթության», սակայն մեր պատմությանն ու անցյալին տեղյակ մարդը պետք է իմանա, որ գիրն ու գրականությունը, ճակատագրի բերումով, մեզ՝ եզդիներիս համար արգելված են եղել, մի բան, որ ունի իր մեկնաբանությունն ու բացատրությունը։

Եվ Հասան աղան, կարծում եմ, պատահականություն չէ, Ուսըվին կրթության է տալիս հայտնի Գևորգյան ճեմարանում։

Ժամանակի մամուլը նաև հուշում է, որ հիվանդության պատճառով Ուսըվը ճեմարանը չի ավարտում։ Սակայն, մենք կարծում ենք, որ Ուսըվի կրթության կիսատ թողնելն ունի զուտ «եզդիական» բացատրություն․ եթե Ուսըվը սովորեր ու ավարտեր, ապա պետք է սովորեր քրիստոնեություն, դառնար քրիստոնյա հոգևորական, այդ իսկ պատճառով հարազատները չեն թողել, որ Ուսըվն ավարտի այդ նշանավոր և հայ իրականության մեջ մեծ դեր խաղացած ուսումնական հաստատությունը։

Ինչևէ, հետագայում, հոր՝ Հասան Աղայի մահվանից հետո, Ուսըվն ստանում է բեգ կոչումը և երկար տարիներ հայրաբար ղեկավարում է ոչ միայն հասընիների ցեղը, այլև՝ ողջ ռուսահպատակ եզդիներին։

Երբեմն հարցնում են, թե Ուսըվ բեգն ինչպես է դարձել ռուսահպատակ եզդիների ղեկավարը։ Այս հարցի պատասխանը տալիս են դեպքերը, որոնք տեղի են ունեցել նախորդ դարի առաջին տասնամյակում, երբ համայն աշխարհի եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդներից Միր Իսմայիլն այցելեց ռուսահպատակ եզդիներին և Թիֆլիսում հանդիպելով ռուսաց փոխարքա Վորոնցով Դաշկովին, պաշտոնապես հայտարարում է, որ Ուսըվ բեգին նշանակում է համայն Ռուսիո եզդիների առաջնորդ և իր անմիջական ներկայացուցիչ։ Իսկ որ եզդի միրերի գերդաստանն այդ իրավունքն ունի, դա անվիճելի փաստ է։ Եվ Ուսըվ բեգն անթերի կատարեց իր վրա դրված այդ պարտականությունները։ Նա 1918 թվականին, միանալով Ջանգիր աղային, իր կամավորականներով մասնակցեց Սարդարապատի հերոսամարտին, որտեղ վճռվում էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև՝ եզդի ժողովրդի մի ստվար հատվածի ճակատագիրը։

Ուսըվ բեգն այնքան մեծ հեղինակություն ուներ, որ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում ներկայացնում էր հանրապետության ողջ եզդիական համայնքը։

Նրանից բացի, որ Ուսըվ բեգը եզդի համայնքի ղեկավարն ու առաջին գրագետ եզդի մարդն էր նախկին Ռուսաստանի տարածքում, նա մեր ժողովրդի հիշողության մեջ մնացել է նաև իր բարեհոգությամբ, մեծահոգությամբ ու ազգասիրությամբ։ Մինչև հիմա էլ պատմում են, որ երբ օսմանյան Թուրքիայից մազապուրծ եզդիները տեղափոխվում էին Արևելյան Հայաստան և խիստ կարիքավոր էին, Ուսըվ բեգը, որ ժամանակի իշխանությունների կողմից լիազորված էր նպատս ու օգնություն տալու կարիքավորներին, ինչպես երախտագիտությամբ մինչև այսօր մեր ժողովուրդը հիշում է, Ուսըվ բեգն այդ նպաստն ու օգնությունը մի քանի անգամ շատ էր տալիս եզդիներին․․․

Իհարկե, Ուսըվ բեգն էլ իր ժամանակի շատ անձանց նման դարձավ ստալինյան բռնադատության զոհ, հետագայում՝ 1939թ., թաղվեց Արագածոտնի մարզի Շամիրամ եզդիաբնակ գյուղում։ Նա մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկն է, ում անունով կոչվում է նաև Շամիրամ գյուղի դպրոցը, ու հավերժ կմնա մեր ժողովրդի պատմության ու հիշողության մեջ։

Երբ խոսվում է Ուսըվ բեգի մասին, ակամայից զուգահեռ է անցկացվում նրա և Ազիզ Թամոյանը միջև։ Վերջինս էլ, որ դարձավ իր համայնքի անվերապահ ղեկավարն ու առաջնորդը, իր առջև դրված խնդիրներից կարևորագույնը համարեց եզդի համայնքի կրթության և լուսավորության գործը։ Եվ պատահական չէ, որ հենց Ազիզ Թամոյանը և իր մերձավորագույն համախոհների համատեղ ջանքերով աշխարհում առաջին անգամ, այն էլ Հայաստանի Հանրապետությունում կազմավորվեցին Աշխարհի, Հայաստանի եզդիների ազգային միությունները, լույս տեսավ «Եզդիների ձայն» թերթը, տպագրվեցին «Եզդիերեն այբբենարանն» ու մյուս եզդիերեն դպրոցական դասագրքերը, 23 եզդիաբնակ գյուղերում դասավանդվում է էզդիերեն լեզու և գրականություն, գրվում են մենագրություններ, բացվեցին եզդիերեն ռադիոհաղորդումները՝ Հայաստանի հանրային ռադիոյի համակարգում, ստեղծվեց եզդիական երգ ու պարի համույթը և ՀՀ ԳԱ ակադեմիայում բացվեց եզդիագիտության օղակ։

Եզդի ժողովրդի սիրելի հերոսներից մեկն էլ Կայմազն է, ով մեր բանահյուսության, մասնավորապես երգերի մեջ, ավելի շուտ և ավելի շատ հիշատակվում և հայտնի է Կայմազե Էզդի անունով։

Կայմազե Էզդին մեր ժողովրդի այն սակավաթիվ հերոսներից է, ում մասին հյուսվել են երգեր ու պատմություններ։

Մենք չէինք ուզենա վիրավորել որևէ մեկին, բայց հատկապես վերջին շրջանում որոշ «երգիչներ» ամեն մի պատահական մարդու մասին երգեր են հորինում…

Իհարկե, մեր ժողովուրդը հավուր պատշաճի է մատուցել իր արժանի զավակներին, սակայն իր արտահայտությունների և ստեղծագործությունների մեջ եղել է շատ զուսպ ու շատ զգույշ։ Չնայած ժամանակի ընթացքում շատ ու շատ պատահական երգեր ու պատահական անձանց վերաբերյալ հորինված երգեր մոռացվել են և մոռացվելու են։

Ինչ եմ ուզում ասել, մեր ժողովուրդը, որ միշտ էլ արժանիորեն է մատուցել իր երախտավորներին, հետագա սերունդներին պետք է դաստիարակի իր այն զավակների օրինակով, ովքեր աշխատել, տքնել, պայքարել են մեր ժողովրդի ազատության, առաջընթացի ու զարգացման համար, իսկ այդ մեծագույն զավակներից մեկն, անկասկած, Ազիզ Թամոյանն է։

Եղբայրներ Ալի ու Ամար Հաջոյանները, ինչպես պատմում է Ազիզ Թամոյանը, 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կարսում ծառայում էին ռուսական բանակում։ Վերջիններս իրենց գրաստներով ռուսական զորքի համար զենք ու զինամթերք էին տեղափոխում։

Ռուսական զորքերը համառ մարտերով հրոսակներին ետ են շպրտում մինչև Էրզրում։ Այս մարտերում իրենց քաջությամբ աչքի են ընկնում նաև Ալին ու Ամարը, որոնց ծառայությունները հավուր-պատշաճի են գնահատվում ռուսական բանակի հրամանատարության կողմից։

Պատերազմական գործողություններից մեկի ժամանակ աննկարագրելի հերոսություն ցուցաբերելով Ալին ու Ամարը մեծ վնաս են հասցնում հակառակորդին։ Նույն գործն է շարունակում Աթարե Ամարը (ով մեր համայնքի հիշողության մեջ մնացել է Աթարե Լալ անունով)՝ Ալիե Քալաշի հորեղբայրը։

Ինչպես գրվում է Ազիզ Թամոյանի «Մի գերդաստանի պատմություն» մենագրության մեջ, 1915 թվականի ապրիլին Ահմադե Թամոն իր հինգ ընկերներով գնում է քրդական Ալաջա գյուղ՝ զենք հայթայթելու, բայց անհաջողության են մատնվում, գերեվարվում են և գազանաբար խոշտանգամահ արվում անդնդախոր Ալաջա ձորում։ Զավթվում են նրանց կողմից արդեն իսկ ծեռք բերված զենքն ու զինամթերքը։ Չբավավրարվելով այդքանով, զինված քուրդ ավազակները հարձակվում են Օզրլուի՝ հայերով և եզդիներով բնակեցված գյուղի վրա։ Արդեն այստեղ Ալին ու Ամարը լսելով իրենց եղբոր՝ Ահմադի ու նրա հինգ ընկերների սպանության լուրը, դիմում են վրեժխնդրության։ Կատաղի փոխհրաձգություն է սկսվում։ Ամարն ու Ալին վարպետորեն պաշտպանվելով, լուրջ կորուստներ են պատճառում թշնամուն։

Հաջորդ օրը, Աթարե Ամարը՝ Աթարե Լալը, լսելով Ահմադի ու նրա ընկերների սպանության մասին, ինքն էլ իր հերթին վրեժխնդրության է դիմում։ Եզդիական Սիպկանի համայնքի իր ընկերների հետ դիմում է ռազմական գործողությունների։

Աթարե Լալը շատ խիզախ ու ազդեցիկ մարդ է եղել։ Ասվածի վկայությունն այն է, որ երբ լսում էին նրա անունը, անպայման ասում էին. «Փախեք, Աթարե Լալն է գալիս, ոչ մեկին չի խնայի․․․», իսկ Աթարե Լալն իր հերթին բացականչում էր․ «Շան նման սատկացնելու եմ ձեզ, հորեղբորս տղա Ահմադե Թամոյի վրեժն եմ լուծում»։

Տեղի ունեցած այս հերոսամարտի հաջորդ օրը, Աթարե Լալն ու Ամարե Թամոն, բազմաթիվ հայեր ու ռուսներ և եզդիական սիպկանի և ռոժկանի համայնքի անդամների հետ գիշերը շրջապատում են հարևան թուրքական գյուղը, բնակիչներին գերի են վերցնում և վրեժխնդիր լինում։

Հետագայում այդ դեպքերի մասին հորինվեց «Ամարե Թամո» երգը, որն առ այսօր երգվում է․․․

Ահա մի հատված այդ երգից.

Ալաջե դընեռըմ բարֆ ու բայա,
Քըչուչափե սար չոկա Ամարե Թամո կակե Ազիզ, բավե Ահմադ ալավակա գըրան դայա,
Առաֆե մայդանե Ամար սե դանգա դըկա գազի.
― Ալիե բըրա, շաիշա նաքշինա, մընե հայֆա Ահմադե Բըրա
դաստե խա հըլդայա,
Մերխասո, տու խաշմերի։
Ազե Ալաջե դընեռըմ սարաժերա,
Խուդեվա այանա ռոժե օխըրմե գըրան կիռինա Ամարե Թամո,
կակե Ազիզ, բավե Ահմադ սար նայարադա տե մինանի Ալիե

Շադա-շուդե Ամարե Թամո գալակըն, գալա հանա կալաչա ժորըն, կալաչա ժերն պե դուրբինիա քըչաչափե քոմա նայարա լավ դըժբերա։

Ամարե Թամո սիարե վե կըհելե,
Գյավազ խանըմե դաստ ավիտ վե դըզգինե,
Դըվե. «Դա, տու վարա, պայավա, տու խաշմերի»։
(Ազիզ Թամոյան, «Մի գերդաստանի պատմություն», 2006թ.,
Երևան)։

Պետք է ասել, որ 1997թ-ին Ա. Թամոյանը եղել է այդ չարաբաստիկ վայրում՝ Ալաջայի ձորում։

Իհարկե, ինչպես ասում է Ա. Թամոյանը, վերոհիշյալ խիզախ անձանց մաին կարելի է ու հնարավոր է շատ ասել ու գրել, սակայն այսքանն էլ բավական է, որպեսզի երիտասարդ սերունդը դաստիարակվի նրանց մարդկային և հերոսական կերպարներով։

Եզդի ժողովուրդն այլ հերոսներ ու արժանի զավակներ էլ է ունեցել ու ունի, որոնց մասին կարելի է ասել, խոսել, պատմել և նրանց անցած կյանքով ու գործուենությամբ դաստիարակել ներկա և հետագա սերունդներին, ինչն էլ վարպետորեն արեց և անում է Ազիզ Թամոյանը։

Երբ Արցախի և Հայաստանի սահմանների վրա պատերազմը թեժացավ, հասկանալի է, որ հայաստանաբնակ եզդիները չէին կարող հեռու մնալ այս ամենից ու չդառնալ մասնակիցներն իրադարձությունների, որոնք Հայաստանի, հայ ժողովրդի, Հայաստանում ապրող հատկապես եզդիների համար ունեին դարակազմիկ և ճակատագրական նշանակություն։ Սկզբնական շրջանում կարծես թե ամեն ինչ անսովոր ու հանկարծակի էր, բազում հարցականներ կային․ ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել։ Եվ հենց այս ժամանակ էր որ փայլեց Ազիզ Թամոյանի կազմակերպչական մեկ այլ ընդունակություն ևս անպայման, մեր նախնիների նման, պետք է մասնակցել մարտերին, կանգնել եղբայր և դաշնակից հայ ժողովրդի կողքը, ժողովուրդ, որի հետ, ինչպես ժողովրդի լեզվով է ասվում, շատ նեղ ու լեն օրեր ենք տեսել․․․

Մենք լավ ենք հիշում, մինչ եզդիական ռազմական շտաբի հիմնադրումն ու ստեղծումը, Ազիզ Թամոյանն, ինչպես ասում են, ստուգեց համայնքի տրամադրությունն ու կարծիքը։ Նա, իհարկե, հավատացած էր, որ եզդի համայնքը հեռու չի կանգնի վերոհիշյալ իրադարձություններից, սակայն պետք էր ամեն ինչ խելոք, չափված ու ձևված անել։ Եվ, փառք Աստծո, այդպես էլ եղավ․․․

Մեր առաջին ազատամարտիկները, որ հաղթահարեցին խորհրդային շրջանի վախն ու մտավախությունը, Իսոն, Ագիտը, Մըշիրը, Թեմուրը և շատ այլոք էին, որոնց մասին դեռ մանրամասն ու հանգամանորեն կասվի ու կգրվի։

Որոշ հարցեր պարզելու համար, որոշվեց հանդիպել Վազգեն Մարզպանի հետ։ Ազիզ Թամոյանը նպատակ ուներ եզդիական առանձին ջոկատ կազմակերպելու վերաբերյալ կատարել առաջարկություն։ Դա 1992 թվականն էր։ Պետք է ասել, որ մինչև 1992թ. եզդիական և հայկական ջոկատները գործում էին ինքնուրույն՝ պետությանը չէին ենթարկվում։

Վ. Սարգսյանի հետ հանդիպումից նաև այն եմ մտաբերում, որ նա մեծ հարգանքով ու սիրով խոսեց մեր երկու ժողովրդի բարիդրացիական փոխհարաբերությունների և մեր ազատամարտիկների արցախյան ազատամարտին մասնակցելու վերաբերյալ․․․

— Ես, իհարկե, հասկանում և հարգում եմ ձեր առաջարկությունը, սակայն, խնդրում եմ ինձ ճիշտ և առողջ հասկանաք, որ ես սկզբունքորեն չեմ կարող համաձայնել ձեր առաջարկությանը, մեկ կարևորագույն հանգամանք ի նկատի ունենալով և հաշվի առնելով. Աստված մի արասցե, հանկարծ մեկ եզդի գերի ընկնի կամ զոհվի, ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ ողջ աշխարհում, այդ ամենն այլ կերպ կմեկնաբանվի։ Կասեն, որ հայերն ու հայ պետականությունը դիտավորյալ են այդպես վարվել։

Իհարկե, Վ. Սարգսյանի անհամաձայնությունը որևէ կերպ չազդեց Ա. Թամոյանի տրամադրության և վճռականության վրա։ Ընդհակառակը՝ պետական այրերի կարծիքն ու խորհուրդներն անվիճարկելի էին իր համար և նա այն հասցնում էր մեր համայնքին ու հատկապես՝ եզդի ազատամարտիկներին, ովքեր ամեն պահ սպասում էին Ա. Թամոյանի առաջադրանքներին ու խորհուրդներին։

Իհարկե, Ազիզ Թամոյանն ըմբռնումով մոտեցավ և ընդունեց սպարապետի ասածը և մեկ անգամ ևս կրկնեեց, որ Հայաստանի եզդի համայնքը չի թուլացնի իր մասնակցությունն արցախյան ազատամարտին, ինչպես նաև՝ իր նյութական և բարոյական աջակցությունը։

Այս հանդիպումից հետո, որն, իհարկե, պատերազմի ընթացքում վերջինը չէր, Ազիզ Թամոյանը Երևանում հրավիրեց եզդիական ռազմական շտաբի և Եզդիների ազգային միության համատեղ արտահերթ նիստեր և, վերջիններիս արդյունքների մասին, հատուկ հայտարարությամբ հանդես եկավ։ Արտահերթ նիստերի հրավիրման հիմնական նպատակն այն էր, որ ավելի մեծ ոգևորությամբ ու նվիրվածությամբ լծվել այդ մեծ և ճակատագրական գործին, քանի որ օրըստօրե վիճակն ավելի էր լրջանում, և մեծանում էր զոհերի թիվը, այդ թվում՝ եզդի համայնքից։

Ա. Թամոյանն, ինչպես ասվեց, ոչ միայն փորձում էր, այլ խորհրդակցում ու ծրագրավորում էր նրանց ուժերը համակարգել, դարձնել միասնական, ուղղորդել ռազմի դաշտ, որտեղ վիճակն իսկապես օր-օրի լրջանում էր․․․

Սկզբնական շրջանում, երբ վիճակն օրհասական էր, Ա. Թամոյանը որոշեց, որ եզդի ազատամարտիկներն ու զինվորները պետք է միավորվեն առանձին մի ջոկատում և միասնական ուժերով գնան մարտի։

Պետք է ասել, որ այս վիճակը շարունակվեց մինչև 1992 թվականը, մինչև Երասխի, Ոսկեպարի, Կարմիրի մարտերն ու Արծվաշենի անկումը։

Այդ օրերին Հայաստանի համարյա բոլոր վայրերից, ուր ապրում են եզդիներ, գալիս էին Երևան, լինում եզդիական ռազմական շտաբում, հանդիպում և խորհրդակցում Ա. Թամոյանի և նրա համախոհների հետ, թե ինչ և ինչպես անել․․․

Հանրապետության եզդի համայնքի ընդգծված առաջնորդն ամեն ինչ անում էր, որպեսզի եզդիական ջոկատները, թեկուզ դրանք փոքրաթիվ լինեին, միշտ արթուն ու զգաստ լինեին, մարտի դաշտում լինեին անվախ ու արի։

Ինչևէ, Արծվաշենի վիճակն ավելի էր վատանում։ Ա. Թամոյանը որոշեց լրացուցիչ ուժեր, եզդի կամավորականներից կազմված, ուղարկել Սուրիկե Տաֆուրի մոտ, որ թշնամու դեմ մարտնչում էին այդ հատվածում։ Սակայն, հրաման ստացվեց դուրս գալ Արծվաշենից, բայց այդ ժամանակ եզդիական ջոկատի պետ Սուրիկ Դավթյանը (Արաբո) այնտեղ կռվում էր եզդի տասնյակ կամավորներով։ Ա. Թամոյանն ինքն է կազմակերպում եզդի կամավորականների Արծվաշենից կազմակերպված և անվնաս դուրս բերելը։ Ա. Թամոյանը պատմում է, որ Արծվաշենը շրջապատված է լեռներով, որոնց վրա դիրքավորվել էին ազերիները, նույնիսկ նրանց տանկերն էին երևում։

Արծվաշենից կամավորականների դուրս գալուց հետո կատաղի մարտ է ծավալվում մնացած հայկական ուժերի և թուրքերի միջև, որի ժամանակ հերոսաբար զոհվում է մեր ժողովրդի զավակ Գագիկը, ում մենք անվանում ենք Գոգո։

Գոգոն Արտաշատի տարածաշրջանի Ջրաշեն Գյուղի բնակիչ էր, ծնողների միակ արու զավակը։ Գոգոյի հուղարկավորությունն սկսվեց գյուղում, շարունակվեց Երևանի Ազատության հրապարակում և իր ավարտն ունեցավ Եռաբլրում։

Այսօրվա նման հիշում եմ, ջրաշենցիները չէին համաձայնում իրենց հերոսին դուրս հանել գյուղից, սակայն նա թաղվեց Եռաբլրում։ Անկեղծությունն ստիպում է ասել, որ Գոգոյի ծնողներն էլ համաձայն չէին, որպեսզի իրենց քաջարի (որդին, ով ճակատից էր մահացու վիրավորվել, թաղվեր Եռաբլրում և ոչ ազգային գերեզմանոցում։ Դե ասենք, այն ժամանակ Եռաբլրի հեղինակությունն այն չէր, ինչ հետագայում, երբ թաղված ազատամարտիկների թիվն անհամեմատ ավելացավ։

Ա. Թամոյանի գլխավորությամբ կազմակերպվեցին և ուրույն ձևով անցկացվեցին Գոգոյի հուղարկավուրությունն ու թաղումը, և նա կրակոտ ու ոգևորող ելույթ ունեցավ ոչ միայն Գոգոյենց տանը, այլև Ազատության հրապարակում և՝ հենց Եռաբլրում։

Մինչև հիմա էլ Ա. Թամոյանը հիշում է, որ Կրասնոսելսկի կողմերում էլ մեր տղաներն իր գլխավորությամբ կռվում ու մարտնչում էին թուրեքերի դեմ։ Ամեն անգամ, երբ նա լինում էր այդ ճակատում, հավաքվում էին «հուշաղբյուրի» մոտ, որը դարձել էր եզդի կամավորականների հավաքատեղին:

Ա. Թամոյանն այդ տարիներին անբասիր կերպով կատարեց իր պարտականությունները։

Եզդիական մյուս կամավորական ջոկատը գտնվում էր Ոսկեպատի և Սարագյուղի անտառներում, որոնք գտնվում են Նոյեմբերյանի տարածաշրջանում։ Այս ջոկատում հատկապես աչքի ընկան Ալո (Ալիխան) և Քյարամ Ահմադի Թամոյանները, Օմար Ավդալյանն ու Ազիզ Թամոյանի որդի Սահիդը, ով, ցավոք, դարձավ կույր պատահականության զոհ, և մյուսները։

Ոսկեպարում եզդիական ջոկատի հետ համագործակցում էր նաև Սարագյուղի բնակիչ, ազգությամբ հայ Պավլիկ Սառուկյանը։

Համարյա միշտ ու ամեն օր պատահում էին դեպքեր, որոնք մնում են մարդկային հիշողության մեջ, բայց մի դեպք կարող էր ճակատագրական լինել։ Անհարժեշտ էր Ոսկեպարի տարածքում գնալ հետախուզության, քանի որ հակառակորդի և նրա դիրքավորման վերաբերյալ տփալներ էին պետք։ Հետախուզման պետք է գնային Ա. Թամոյանի առաջնորդությամբ։ Ա. Թամոյանը խորհուրդ է տալիս իր զինակիցներ Ալիկ Թամոյանին և Պավլիկ Սառուկյանին, որ բոլոր դեպքերում հետները զենք չվերցնեն։ Խորհուրդ է տալիս. «Եթե հանկարծ մեզ բռնեն, կասենք, որ գնում ենք մեր հարազատներին այցելության, թե չէ՝ զենքի առկայության դեպքում, հակառակն ապացուցել չենք կարող»։

Հենց այդպես էլ պատահում է. ճանապարհին նրանց հանկարծակի ու անսպասելիորեն շրջապատում են ռուս և ադրբեջանցի զինվորականները (օմոնականները)։ Ռուս և ադրբեջանցի զինվորականները շատ խիստ են վարվում իրենց հետ, հարվածում են ինքնաձիգերի խզակոթերով, հայհոյում են, սակայն, համոզվելով, որ անզեն մարդիկ են, երկար հարցաքննումից հետո բաց են թողնում։ Հարցաքննությունն անցավ ինչ-որ շտաբում։ Ա. Թամոյանի փորձի ու հմտության շնորհիվ կարողանում են ազատվել ռուս-ադրբեջանական գերությունից։ Իհարկե, դա դաս էր իրենց համար, որ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ հետախուզման ընթացքում ավելի զգույշ ու հեռատես լինեն։ Սակայն այդ փորձությամբ չավարտվեց։ Սարալանջ գյուղի մոտ անսպասելիորեն հայտնվեց ռուսական զրահամեքենա (ԲՏՌ), որն ակնհայտորեն եկավ իրենց կողմն ու ուզում էր ճզմել, բայց կրկին Ա. Թամոյանի փորձի ու ուշադրության շնորհիվ հաջողվեց փրկվել այդ օրվա երկրորդ ակնհայտ ծանր փորձությունից, որը կարող էր շատ վատ ավարտվել։

Սարագյուղցի Պավլիկը, ով նրանց հետ գնացել էր հետախուզության և ականատեսն էր եղել այդ օրվա դեպքերին, խորը շունչ քաշելով ու ուրախությամբ ասաց.

― Թամոյան, մենք այսօր մահվան եզրին էին կանգնած… քանի որ փրկվել ենք, անտառում եղնիկներ շատ կան, մեկին որսանք ու քեֆ անենք․․․

Այդպես էլ արեցին։ Որոշ ժամանակ անց որսացին մի գեղեցիկ եղնիկ, մորթեցին, խորոված արեցին, կերան, Աստծուն փառք տվեցին, որ փրկվել են և կրկին շարունակեցին իրենց ամենօրյա գործը՝ սահմանների պաշտպանությունը։

Հայաստանի հյուսիս-արևելյան ուղղությամբ գործողությունների ժամանակ տեղի է ունենում ևս մեկ դեպք, որն արժե հիշատակել. Իջևանի ուղղությամբ շարժվող հայկական ավտոբուսի վրա են հարձակվում ադրբեջանցի զինված հրոսակները։ Վիճակն անտանելի էր. ավտոբուսում էր մեկ տասնյակից ավելի մարդ՝ երեխաներ, կանայք, ծերեր․․․ Եզդիական ջոկատի անդամները, որոնք եղել են մոտերքում, տեղեկաում են և հարձակվելով ազերիների վրա, նրանց փախուստի են մատնում և ազատում գերության մեջ հայտնված հայ մարդկանց։ Թե ինչ ուրախություն էր պատել մարդկանց, ովքեր մտածում էին, որ արդեն պրծում չունեն, միայն փրկվածներն իրենք էին պատկերացնում։

Ա. Թամոյանը վերհիշում է, որ թուրքերը սովորություն ունեին միայն գիշերները կռվել։ Դա երևի նրանց էությունն էր. գիշերով դուրս գալ գողության ու ավարառաության։

Ես, իհարկե, այդ կողմերում չեմ եղել, բայց Ա. Թամոյանը պատմում է, որ այդ կողմերում մի լիճ կար, կոչվում է Ղազախի լիճ, որը հայ-ադրբեջանական սահմանին է։ Եզդիական ջոկատն իր գլխավորությամբ դիրքավորվում էր, հասկանալի է, հայկական կողմում և չէր թողնում, որ որևէ թուրք անցնի հայկական տարածք։ Ոսկեպարի և Սարագյուղի սահմաններում ծանր վիրավորվում է եզդի առաջին և անվանի ազատամարտիկներից մեկը Մըշիրը (Մըշիրե Խուդո)։ Ինչպես Ա. Թամոյանն է վերհիշում, Մըշիրը, ով հայկական ջոկատում էր, բայց համագործակցում էր իր հետ, խիզախ և անվախ մարտիկ էր, և ում փառքն արդեն տարածվել էր։ Վիրավորվելուց հետո Մըշիրին ուղարկում են հիվանդանոց՝ բուժվելու։ Հետագայում Մըշիրը շարունակեց իր կռիվը և Ա. Թամոյանի միջնորդությամբ արժանացավ «Եզդիների ազգային հերոս» մեդալին։

Ասել թե Մըշիրե Խուդեդան չէր համագործակցում եզդիական ջոկատների հետ, ճիշտ չի լինի, նա միշտ այցելում, հանդիպում էր Ա. Թամոյանին և ակտիվորեն իր մասնակցությունն էր բերում եզդիական ազգային շարժմանը։

Արծվաշենից հետո եզդիական ջոկատներից մեկը, Սուրիկե Տաֆուրի գլխավորությամբ, ուղարկվում է մասնակցելու Տաուշի պաշտպանությանը։ Անհրաժեշտ է նշել, որ Սուրիկե Տաֆուրը (Արաբո), ով իսկապես խիզախ ու արի կռվող և հիանալի կազմակերպիչ էր, արժանացավ Ա. Թամոյանի հավանությանը և Ա. Թամոյանի կողմից նշանակվեց Եզդիական ռազմական շտաբի ղեկավար։

Այդ ընթացքում ծանր վիճակ էր ստեղծվել Արարատի շրջանի Երասխ գյուղի մոտ, որն անմիջապես սահմանակից է Նախիջևանին։ Այդ ժամանակ Արարատի շրջանի ղեկավարը Դավիթ Զադոյանն էր, ով հետագայում զբաղեցրեց գյուղնախարարի նաև պետական այլ բարձր պաշտոններ և որտեղ էլ որ աշխատեց, իրեն փայլուն կողմերով դրսևորեց։ Պարոն Դավիթ Զադոյանը մեծ սիրով ու անկեղծությամբ էր համագործակցում եզդիների ու եզդիական զինյալների հետ։

Ճիշտ է, արդեն եզդիական ջոկատներն առանձին ու մեկուսի չէին կարող գործել, քանի որ ամեն ինչ արդեն դրվում էր պետական և կազմակերպված հիմքերի վրա, սակայն, ջոկատներն ու եզդի հարյուրավոր, ազատամարտիկները գտնվում էին Ա. Թամոյանի ընդհանուր հրամանատարության տակ։ Այո, վերջինս էր կազմակերպում և համակարգում եզդի ազատամարտիկներին ոչ միայն մարտի դաշտ ուղարկելու այլև՝ հետագա գործընթացը։ Եթե այդ օրերին ինչ-որ բան էլ կատարվում կամ պատահում էր մարտի դաշտում կամ սահմանամերձ շրջաններում, Ա. Թամոյանն անպայման տեղեկացվում էր, իսկ ինքն էլ իր հերթին կատարում հետևություններ ու կազմակերպում հետագա գործողությունները։ Այդպիսի դեպքերից մեկը Երասխավան գյուղի իրավիճակն էր։ Երասխավանի անմիջապես Նախիջևանի հետ սահմանակից հատվածում գտնվում են նաև եզդի մի քանի տուն, որոնք այդ օրերին անընդհատ գնդակոծվում էին թուրքերի կողմից։ Այդ մասին տեղյակ են պահում Ա. Թամոյանին, որ իր և իր զինյալների օգնությունն է անհրաժեշտ։

Հասկանալի է, որ Ա. Թամոյանն անուշադրության չմատնելով մյուս խմբերն ու տեղամասերը, ուժերի մի մասը տեղափոխեց Երասխավանի ճակատ։ Երկու անգամ Ազիզ Թամոյանի և եզդի զինյալների հետ Երասխավանի մատույցներում ռազմական գործողություններին մասնակցում է նաև ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, եզդի ժողովրդի մեծ բարեկամ Գառնիկ Ասատրյանը։

Տարիներ են անցել, և Ա. Թամոյանը մտաբերում է, որ Գառնիկ Ասատրյանը մասնակցել է Երասխի մարտերին։ Երասխավանի ինքնապաշտպանության մարտերից մեկի ժամանակ, հիշում է Ազիզի Թամոյանը, Գառնիկ Ասատրյանը ցուցաբերելով խիզախություն ու անվախություն նաև խրախուսում էր մյուսներին․․․

Երբ վիճակը նաև Հայաստանի և Նախիջևանի սահմանի վրա սաստկացավ, Ազիզ Թամոյանն իր պարտքը համարեց լինել նաև այդտեղ և իր մասնակցությունը բերել հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի պաշտպանությանը։ Հերթական այցելություններից մեկի ժամանակ հանդիպում եղավ Արարատի շրջանի այդ ժամանակվա Դավիթ Զադոյանի հետ։

Դեպի Նախիջևան տանող ճանապարհին կար մի տնակ,որտեղ հաճախ էր լինում շրջանի ղեկավար՝ Դավիթ Զադոյանը։

Ամեն անգամ, երբ եզդի ազատամարտիկներն Ազիզ Թամոյանի գլխավորությամբ անցնում էին այդ տնակի կողքով,որը կարծես դարձել էր ռազմական գործողությունների համակարգման շտաբի նման մի բան, անհնար էր չայցելել պարոն Դավիթ Զադոյանին, ինչպես նաև չխորհրդակցել․․․

Պարոն Զադոյանը միշտ գովեստի խոսքեր էր ասում եզդի ազատամարտիկների մասին, ովքեր Ազիզ Թամոյանի գլխավորությամբ մասնակցում էին մասնավորապես Հայաստանի և Նախիջևանի միջև սահմանների ու Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությանը, որոնցում փոքր չէ նաև եզդի բնակիչների թիվը։

Հենց Երասխավանում, մարտերից մեկի ժամանակ զոհվում է Մ. Գեորգիսյանը։ Այդ ժամանակ եզդիական ջոկատն էլ Ա. Թամոյանի գլխավորությամբ եղել է մարտի դաշտում։

Այո, Երասխավանում վիճակն այնքան էլ լավ չէր և զգացվում էր եզդիական ջոկատների աջակցության կարիքը։ Երբ Ա. Թամոյանի գլխավորությամբ ու կազմակերպմամբ եզդիական ջոկատն իր մասնակցությունը բերեց Երասխավանի ինքնապաշտպանությանը, մասնավորապես եզդի ընտանիքների ու վերջիններիս տների պաշտպանությանը, այդ օրերին ինքնաբուխ մի երգ ծնվեց, որը կոչվում է «Երասխի մարտը»։

1992 թվականին, երբ վիճակը բավականին ծանր էր, կարիք եղավ լինելու Հայաստանի հարավային սահմանների մոտ՝ գնալ Մեղրի։ Այսպես, Ազիզ Թամոյանը հայտնի ազատամարտիկ Ալիկ Թամոյանի, եզդիների ազգային միության փոխնախագահ Թեմուր Խատոյանի, միության նախագահի խորհրդական Մամադե Ամարի և Հենրիկ Փառագուլյանի և մյուսների հետ, համարյա 3 ամիս գտնվում էր Հայաստանի և Իրանի սահմանին։

Այս տարածաշրջանում Ազիզ Թամոյանը կապի մեջ էր եզդի ազատամարտիկների հետ, ովքեր մասնակցում էին մոտակա շրջանի ռազմական գործողություններին։

Բոլորս լավ ենք հիշում, որ Հայաստանի Հանրապետության հարավային շրջաններն ինչպես արևմուտքից՝ Նախիջևանի կողմից, այնպես էլ արևելքից Ադրբեջանի արևմտյան շրջաններից, ենթարկվում էին գնդակոծության։