Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Նրանք իրենց ուրույն ներդրումն ունեն
ՍԻԱԲԱՆԴ ՄՍՏՈՅԻ ՍԱԴՈՅԱՆ
Եզդի հայտեի կամավորականներից մեկը, ով հասել է Հայոց բանակի մայորի աստիճանի։
Երբ պատրաստվում էր գիրքը, խնդրեցինք Սիաբանդին, որ իր մասին մեզ տեղեկատվություն տրամադրի, նա համեստությամբ մեզ տրամադրեց հետևյալը. «Ես` Սիաբանդ Մստոյի Սադոյանս, ծնվել եմ 1961 թվականի մարտի 22-ին ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում։ Ազգությամբ եզդի եմ, լեզուս եզդիերենն է, տիրապետում եմ նաև հայերենին ու ռուսերենին։ 1978 թվականին ավարտել եմ Արշալույս գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև 1979 թվականին, զորակոչվել եմ խորհրդային բանակ,
որտեղ արժանացել եմ հրամանատարության վստահությանն ու բազում խրախուսանքների ու պատվոգրերի, ստացել սերժանտի
կոչում։ 1981 թվականին զորացրվելով բանակից, մինչև 1990 թվականն աշխատել եմ գյուղում։ Նույն թվականի վերջերին անդամագրվել եմ Էջմիածնի երկրապահ կամավորական ջոկատին։ Մասնակցել եմ Երասխի և Հադրութի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։
1993 թվականից շարունակել եմ ծառայել Էջմիածնում տեղակայված թիվ զորամասում։ 1993 թվականի հունիսին նշանակվել եմ 83-րդ բրիգադի 5-րդ գումարտակի պարենային ծառայության պետ։ 1994 թվականին հաստիքների վերահաստատումից հետո նշանակվել եմ նույն գումարտակի իրային և պարենային ծառայության պետ և մեկնել ԼՂ Մարտակերտի շրջան, մասնակցել եմ Մարտեկերտի ինքնապաշտպանական մարտերին։ Արժանացել եմ «Մայրական երախտագիտություն» մեդալի։ 1996-1997 թվականներին թիվ զորամասում նշանակվել եմ օպերատիվ խմբի թիկունքի պետ։ 1997 թվականի հուլիսին թիվ զորամասում ծառայությունս շարունակել եմ որպես զորամասի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇՇ գծով։ 2001 թվականին նշանակվել եմ թիվ զորամասի ինժեներական ծառայության սպա։
Ծառայության ընթացքում պարգևատրվել եմ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, այնուհետև ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով, այնուհետև Հայաստանի 5-րդ բրիգադի ազատմարտիկների հուշամեդալով։ 2009 թվականի հունվարից նշանակվել եմ թիվ զորամասի ինժեներական ծառայության պետ։
1991-1994 թվականններին մասնակցել եմ Մարտակերտի, Հադրութի, Հորադիզի և Ֆիզուլիի մարտական գործողություններին։ Ավարտել եմ ՀՀ Սյունիքի մարզի «Սյունիք» ինստիտուտը, ինձ շնորհվել է իրավագիտության բակալավրի աստիճան, իրավագետ մասնագիտությամբ։ Ամուսնացած եմ, ունեմ 2 տղա և 2 աղջիկ։
22.12.2004 թվականից զինվորական ծառայության մայոր եմ»։
Մենք շատ քիչ բան գիտենք մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների մասին, նրանցից քչերին անունով գիտենք, եզդիներից, օրինակ՝ գիտենք Ազիզ Թամոյանին, որ ժամանակ առ ժամանակ ողջ եզդի ժողովրդի անունից գործող իշխանություններին պաշտպանող ասուլիսներ է տալիս… Լիլոն մասնակցել է Արցախյան պատերազմին ու բոլորի սիրելին է եղել, տղաները նրա մասին ժպտալով պատմում են՝ որպես շատ կարևոր գործեր արած ազատամարտիկի։ Լիլոն կռվել է գեներալ Մանվելի ղեկավարած բրիգադում և մի շաբաթ առաջ բրիգադի հետ ուխտագնացության էր մեկնել Արցախ, որտեղ գյուղերում ճանաչված էր և գյուղացիներին ուրախացնում էր՝ եզդի ժողովրդի երգերը երգելով։ Երկրապահները Լիլոյի հետ հանաքներ էին անում, ուրախ էին, որ իրենց ընկեր եզդի կա, «Լիլոն սպիտակ գլխարկով պեռվի կռուգ ֆռֆռացող տղա ա»՝ ասում էին, Լիլոն էլ լավ էր զգում, որ պատերազմն իրեն այսքան շատ հայ ընկերներ է պարգևել։ Երբ սկսվել է կամավորական շարժումը, Լիլոն իր եղբոր հետ Հայկաշեն գյուղից՝ 1989 թվից ցուցակագրվել է հայկաշենցիների հետ, ու Արցախ են եկել։ Իր Հայկաշենով մի թեթև պարծեցավ. «Հայկաշենը փոքր գյուղ ա, բայց մի 150-200 հոգի ընտեղից կռվելու են դուրս եկել, հիմի մենք երկու հատ գեներալ ունենք՝ Սեյրան Սարոյանը, Գագիկ Մելքոնյանը»։ Լիլոն ցույց է տալիս ձեռքը՝ վիրավորվել է Մելիքաշենի կռվում։ Լիլոյի մասին պատմում էին, որ նա մի անգամ իր նախաձեռնությամբ գնացել էր թուրքի գյուղը՝ հնդուհավ գողանալու, որ բերի՝ ուտեն, բայց հետո պարզվել է, որ ավելի մեծ օգուտ է տվել, քան թարմ հինդուհավի միսը կարող էր լինել. «Թուրքերը, ուրեմն, հարձակվեցին, մենք պահեցինք, ռուսական բանակն էլ էր մեզ նեղում, ես իջել եմ թուրքի գյուղը, ասի գնամ անասուն բերեմ, մառախուղ էր, հնդուշկեքս քշելուց՝ մեկ էլ մառախուղը ցրվավ, տեսա գյուղի մեջտեղն եմ, սաղ թուրքերն էլ՝ հետևիցս լարված», չէին կարում հնդուշկեքը ձեռիցս վեկալեն, սաղ ականատես են, վերևից գոռում էին՝ թող, թուրքերը կսպանեն քեզ, թող, մենք էլ են վախտ գրանատներ ունեինք, շպրտուն էի, դրանք փախնում էին…»։ Այդ ժամանակ, երբ Լիլոն Պանիկովսկու և գյուղացիների սագագողական աղմուկ էր սարքել, հայկական ուղղաթիռը կամավորականներով լիքը իջնում է Հադրութի մարզադաշտում, և ռուս զինվորները շրջապատում են ուղղաթիռը, որ ձերբակալեն կամավորականներին։ Բայց այդ ժամանակ ռուսները լսում են մի մեծ աղմուկ՝ ադրբեջանական հյուղի կողմից. «Ռուս գեներալ Կրավչուկն էր, որ ասել էր՝ հլա գնացեք-տեսեք՝ էդ ո՞վ ա գրանատ քցում, դրանք որ իջան ինձնով զբաղվելու, վերտալյոտի մոտից տղերքը լրիվ փախան անտառ փրկվան»։ Լիլոն իր՝ պատերազմին մասնակցած լինելը համարում է շատ բարձր բան. «Շատ մեծ բան տվեց, ես իմ համար ոնց որ մի հատ ինստիտուտավարտ լինեմ՝ բարձրագույն. հիմի ես խոսում եմ, ասենք, դասախոսի, գեներալի, վաստակավոր դերասանի հետ, ես կրթված չեմ, բայց հիմի կարում եմ շփվեմ բարձրագույնավարտ մարդկանց հետ, ազնվությամբ եմ ասում, շատ լավ ա, է, դուք ձեր աչքի առաջ տեսաք, թե տեղացիները ոնց են գրկաբաց ինձ ընդունում՝ օ, եզդի Լիլոն էլ ա եկել… ես մի քիչ ուշացա ճամփին, տղերքն արդեն ասում են. գեներալն ասել ա՝ ու՞ր ա Լիլոն, չեկա՞վ, պարտադիր ես պտի գայի, ես պտի գեներալի կողքը ըլնեմ, Աստված չանի՝ մի բան ըլնի, ես իրա համար ամբողջ աշխարհը ոտքի կհանեմ, կհրկիզեմ… ու Մանվելը տարբերություն չի դնում՝ եզդի-հայ, տղաները միշտ ինձի ասում էին՝ Մանվելն ասել ա՝ զգույշ մնացեք, Լիլոյին բան չըլնի հանկարծ, մի հատ եզդի ունենք, լավ պահենք»։
- «Հրապարակ» 6 սեպտեմբեր, շաբաթ, 2007 թ.
ՔՅԱՐԱՄԵ ԼԱԹՈ (Քյարամ Գոլչյան) (ՀՀ բանակի մայոր)
Ծնվել է 1957 թվականի մայիսի 6-ին քաղաքամայր Երևանում։ Դեռևս մանկուց Քյարմը դաստիարակվել է հայրենասիրությամբ և ազգային ավանդույթներով՝ քանի որ հայրը՝ Լաթոն, մասնակիցն էր Հայրենական մեծ պատերազմի։ Վիրավորվելուց հետո Քյարամի հայրը դառնում է պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ ու վերադառնում է հայրենի տուն։ Պատերազմի մասնակիցն ու հաշմանդամը, հասկանալի է, միշտ ասում և խոսում էր հայրենասիրության ու պատերազմի մասին, որի արդյունքում ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ը, այլև՝ ողջ աշխարհը փրկվեց ֆաշիստական ժանտախտից։ Ֆաշիստական Գերմանիայի ջախջախման մեջ իրենց ուրույն ներդրումն ունեցան նաև եզդի ժողովրդի հազարավոր զավակներ, այդ թվում Լաթո Գոլչյանը, ով շատերի համար իր ապրած կյանքով դարձավ օրինակ։
Քյարամն էլ հենց մանկուց դաստիարակվեց այդ հոգով ու ընտրեց զինվորականի ճանապարհը… 1974 թվականին ավարտելով Երևանի թիվ 47 դպրոցը, ծառայեց նախկին խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո սովորել և ավարտել է Թբիլիսի քաղաքի միջնակարգ ռազմական ուսումնարանը, որը գործում էր ներքին զորքերի 8-րդ գնդի հենքի վրա։ Այնուհետև ծառայության է անցել ներքին գործերի գնդում։ Աշխատանքին զուգահեռ սովորել է ՌԴ Ուլյանովսկի բարձրագույն ռազմա-տեխնիկական ուսումնարանում, մասնակցել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետի հետևանքների վերացմանը, ինչի համար՝ պարգևատրվել է։ Ավարտել է նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
Քյարամ Գոլչյանի ծառայությանն անցել է Վլադիվոստոկ, Թբիլիսի քաղաքներում, ՈՒկրաինայում, Բելոռուսիայում և ներկայումս շարունակվում է Հայոց բանակում։ Ք. Գոլչյանը երկար տարիներ ծառայել է Երևան քաղաքի երերունի, Շենգավիթ, Արաբկիր համայնքների զինվորական կոմիսարիատներում, ՀՀ զինված ուժերում զբաղվել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական հարցերով։ 1998-2001 թվականներին ծառայել է ԱԱԾ սահմանապահ զորքերում զորամասի հրամանատարի տեղակալ։ 2001 թվականից առ այսօր ծառայում է ՀՀ ՊՆ Անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքի վարչությունում որպես ավագ սպա այլազգի զինծառայողների հարցերով։
Հայրենական Մեծ պատերամզի մասնակցի ու հաշմանդամի որդին, հայոց բանակաի զինծառայողը, հասկանալի է, չէր կարող իր մանակցությունը չբերել Արցախյան ազատմարտին։ 1993 թվականին, երբ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածն էր, Քարամ Գոլչյանը բազմաթիվ եզդի կամավորականների ու զինվորների նման, անձնուրացաբար նետվեց մարտի դաշտ ու մասնակցեց Լաչինի, Ֆիզուլու և Հորադիզի համար մղվող ռազմական գործողություններին, դրսևորելով արիություն ու քաջություն, միաժամանակ հպարատանալով իր ազգակիցների մասնակցությամբ ու սխրագործություններով։
Ռազմական գործողություններին մասնակցելու և անբասիր ծառայության համար պարգևատրվել է Անբասիր ծառայության 1-ին, 2-րդ աստիճանների, Մարշալ Բաղրամյան, Անդրանիկ Օզանյան, իսկ մինչ այդ խորհրդային մի շարք մեդալներով: Հայոց բանակի մայոր Ք. Գոլչյանը հեղինակել է մի շարք զինկարգապահական և դաստիարակության գիտական աշխատանքների։
Քյարամ Գյոլչյանը միշտ էլ կապ է պահպանում Եզդիների ազգային միության, հատկապես՝ կազմակերպության ղեկավար Ազիզ Թամոյանի հետ և վերջինիս հետ վերհիշում է Արցախյան ազատամարտի, եզդի ազատամարտիկների սխրագործությունների ու մասնակցության մասին…
ԳՅՈՒԼՆԱՐԱ ԿՈԿԼՅԱՆ
Կան Արցախյան պատերազմի մասնակիցներ, ում մասին արժե անպայման գրել ու հիշատակել։ Դրանցից մեկը Գյուլնարա Կոկլյանն է, ում մասին մի առիթով (2003 թ. նոյեմբեր) գրվել է «Էզդիխանա» թերթում. «Եզդի ժողովրդի քաջարի դուստր Գյուլնարա Շեկոյի Կոկլյանն Արցախյան ազատամարտում բարձր է պահել իր ազգի պատիվը և սրբությամբ է կատարել իր նախնիների պատգամները, գթության քրոջ իր աստվածային հատկանիշներով դառնալով վիրավոր ազատմարտիկների հարգանքի ու պաշտամունքի առարկան։
Գյուլնարա բանաստեղծական անունով աղջիկը ծնվել է 1960 թվականին Աշտարակի շրջանի Նազրվան գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցը, ընդունվել է բժշկական ուսումնարան և ստացել բուժքրոջ մասնագիտություն։ Հետո ընտանիք է կազմել և հանգրվանել նույն Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում։
Արցախյան ազատամարտի ահեղ օրերին նա անկարող է լինում իր մասնակցությունը չբերել եղբայրական հայ ժողովրդի ճակատագրական պայքարին և 1990-ին մեկնելով Լեռնային Ղարաբաղ, որպես բուժկետի աշխատող, աշխատանքի է անցնում 52258 զինվորական մասում։ Այստեղ նա իր ողջ գիտելիքները, հոգատար քրոջ սերն ու հոգատարությունը ներդնում է հանուն վիրավոր մարտիկների ապաքինման։ Քանի-քանի հայրենասեր որդիների կյանք է փրկել, արժանանալով նրանց շնորհակալությանն ու օրհնանաքներին։
Ներկայումս տիկին Գյուլնարան հայրենի տուն է վերադարձել և նահապետական օջախում զբաղված է երեխաներին ազգային ավանդույթների ոգով դաստիարակելու գործով։ Նրանց կռում ու կոփում է հայրենասիրության ոգով, նրանց փոխանցելով ազգային ծեսերի ու ավանդույթների իմաստն ու բովանդակությունը։
Հայրենիքի նվիրյալ դուստրն այսօր էլ ամեն քայլափոխի հիշում է ազատամարտի օրերը, անձամբ ազատմարտիկներին ու հուզումով ու հպարտությամբ է հիշում Արցախն ու գործունեության անմոռաց օրերը։
Ծովինար Սարգսյան ԽԱՍԵ ԱԶՄԱՆՅԱՆ
Նույն թերթի 2006 թվականի սեպտեմբերի համարում տպագրվել է Ազիզ Թամոյանի «Խասե Մըրազի Ազմանյան» հոդվածը, որն արժե, որ տեղ գտնի այս գրքում.
«Հայ ժողովրդի ազնիվ եզդի դուստրն է Խասե Մըրազի Ազմանյանը, ով ծնվել է Թալինի շրջանի Ղըբըղթափա գյուղում՝ 1953 թվականին՝ շեխ Մրազի բազմանդամ ընտանիքում։ Ազմանյանը գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվում է ՌԴ Անապա քաղաքի բժշկական տեխնիկում, սովորում բուժքույր-մերսողի մասնագիտությունը։ Աշխատում է Արզնիի թիվ 2 առողջարանում։ Շատ կարճ ժամանակում դառնում է կոլեկտիվի լիիրավ անդամը և սիրվում է բոլորի կողմից։ Տարեցտարի մասնագիտացավ որպես լավագույն բուժաշխատող։ Պաշտպանության նախարարաի կողմից զորակոչվում է ծառայության և 1993 թ. կայազորային հոսպիտալում նշանակվում է ֆիզիոթերապիայի բաժանմունքի ավագ բուժքույր։
Հարազատի ջանքերով Ազմանյանը պատերազմի տարիներին մասնակցում է հայ և այլազգի զինվորների բուժման գործին։
Հինգ երեխաներին թողնելով ծեր ծնողների խնամքին, օր ու գիշեր հերթապահում է հոսպիտալում, իր ջանասեր աշխատանքով միանալով իր Հայաստան Հայրենիքի հաղթանակի մեծ գործին։ Եզդի ժողովրդի արժանավոր դուստրն այսօր ենթասպա է ու՝ զինվոր մայր։
Տասը տարուց ավելի Ազմանյանը հանդիսանում է համայն աշխարհի եզդիների ազգային միության կանանց կոմիտեի նախագահը։
Նրա ընտանիքում, ուր ապրում են որդիները, դուստրերը, փեսաները, թոռնիկները, տիրում են փոխհասկացողութուն, սեր, փոխադարձ հարգանք ու խաղաղություն։
Գեղեցիկ, կոկիկ զինվորական կեցվածքով, աշխատասեր Խասեն վայելում է կայազորային հոսպիտալի կոլեկտիվի ջերմ սերն ու հարգանքը։ Եզդի ժողովուրդը պարծենում է իր լավագույն հարգարժան դուստրերով, որորնցից մեկն է մեծ հարգանքի արժանի Խ. Մ. Ազմանյանը»։
ԱՍՅԱ ԽԱԹՈՅԱՆ
Պետք է ասել, որ եզդուհի Ասյա Խաթոյանը մարտի դաշտում կորցրեց իր մի ոտքը։
Ազիզ Թամոյանի խորհրդով ես օգտվում եմ նաև իր հեղինակած «Մենք եզդի ենք» գրքից, ուր կա տեղեկատվություն Արցախյան ազատամարտի որոշ այլ մասնակիցների վերաբերյալ։
ՌՈՒՍՏԱՄ ՍԱՀԻԴԻ ԲՐՈՅԱՆ
Ծնվել է 1954 թվականին, նախկին Հոկտեմբերյանի շրջանի Նոր Արտագերս գյուղում։ Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Հոկտեմբերյանի անասնապահական–անասնաբուծական տեխնիկումում ու Կիևի գյուղատնտեսական ակադեմիայում, գյուղում եղել է մեխանիզատոր։ Ակտիվորեն մասնակցել է ՀՀ սահմանների և Արցախի պաշտպանությանը։
ՕՆԻԿ ԴՀԱՐԻ ԽՈՒԴՈՅԱՆ
Ծնվել է Արտաշատի շրջանի Այգեստան գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, սովորել է պրոֆտեխուսումնարանում։ Զորակոչվել է բանակ, ծառայել բարեխղճորեն։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում։
Ազգային զարթոնքի օրերին ակտիվ մասնակցություն է բերել Արցախյան շարժմանը, մասնակցել է Երասխավանի, Լաչինի, Սադարակի մարտերին։
ԱՆԴՈ ՋՄՇՈՒԴԻ ԿԱՍՈՅԱՆ
Ծնվել է 1967 թվականին։ Ապրում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ 1985 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Զորացրվելուց հետո, 1988 թվականին, աշխատանքի է անցել ՆԳՆ համակարգում՝ որպես միլիցիոներ։ 1990 թվականին հանրապետության սահմանների պաշտպանության և Արցախյան պատերազմին մասնակցելու համար տեղափոխվել է միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ։ 1992 թվականին ընդունվել է միլիցիայի բարձրագույն իրավաբանական դպրոց։ 1995 թվականին ավարտելով ուսումը, աշխատանքի է անցել Արտաշատի ՆԳ բաժնում որպես տեսուչ։
1994 թվականին Անդո Կասոյանի հովանավորությամբ լույս է տեսել Արցախի և հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված եզդի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշաօրացույց։ 2001 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ պարգևատրվել է հոբելյանական կրծքանշանով։
ԱՐՏՈՒՇ ՋԱԼԻԼԻ ԹԱՄՈՅԱՆ
(ԱՐՏՈՒՇԵ ՋԱԼԻԼ)
Մեզ սիրով իր կենսագրությունը ներկայացրեց նաև Արտուշ Ջալիլի Թամոյանը, որտեղ կարդում ենք.
«Ես` Արտուշ Ջալիլի Թամոյանս, ծնվել եմ ք. Լենինականում, ազգությամբ` եզդի։
1967-1977 սովորել և ավարտել եմ Լենինականի Պ. Դուրյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1974–1988 թվականներին զբաղվել եմ սամբո և ձյուդո ըմբշամարտով։ Նշված մարտարվեստների սպորտի վարպետ եմ։
1983-1988 թվականներին սովորել և ավարտել եմ Երևանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ 1986 թվականին Լենինականի ՊՊԾ վաշտում ընդունվել եմ աշխատանքի որպես միլիցիոներ։ Մասնակցել եմ 1988 թվականի երկրաշարժի փրկարարական աշխատանքներին։
1989 թվականին ՆԳ վարչությունում ֆիզ. պատրաստականության գծով նշանակվել եմ տեսուչ։
1991-1994 թվականներին աշխատել եմ որպես ՆԳ վարչության կադրերի բաժանմունքի տեսուչ, հետո ավագ տեսուչ։
1994 թվականի դեկտմբերից տեղափոխվել եմ Գյումրու քրեական հետախուզութան բաժանմունք՝ որպես օպեր-լիազոր։ 1999թ. հունիսի 5-ին տեղափոխվել եմ ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնին՝ առ այսօր։
Սամբո ու ձյուդո ըմբշամարտի ՀՀ բազմակի չեմպիոն, ՀՀ ոստիկանության առաջնությունների բազմակի հաղթող։
1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ ոստիկանապետի կողմից պարգևատրվել եմ «Ոստիկանության գերազանցիկ» կրծքանշանով։
Կամավոր մասնակցել եմ ՀՀ սահմանամերձ գոտիների պաշտպանությանը։ Մասնակցել եմ Ղոչազի, Կոռնիձորի, Գորիսի, Խնածախի, Սառնունքի, Աղիտուի, Անգեղակոթի և Բիչանակի պաշտպանական մարտերին ու Լաչինի միջանցքի ընդլայնմանը։
1999 թվականին ստացել եմ ոստիկանության մայորի կոչում։
Երկրապահ կամավորականների միության անդամ եմ։ Պարգևատրվել եմ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, «Փառապանծ մարտիկ» մեդալով, 5-րդ բրիգադի ազատամարտիկների խորհրդի հուշամեդալով, «Ռազմիկ Վասփլյան» մեդալով, «Մայրական երախտագիտություն» մեդալով, «Հայոց արծիվ» մեդալով և այլն։
ՇԱՔՐՈ ՄԱՋԻՏԻ ՏԵԼՈԵՎ
Պատերազմական գործողություններին մասնակցել է նաև Շաքրո Մաջիտի Տելոևը, ով մեկ ամիս մասնակցել է մարտական գործողությունների։ Այս ամենի մասին վկայում են որոշ փաստաթղթեր։ Այսպես. «Կոտայք» գումարտակի հրամանտար, մայոր Կ. Ս. Գիլոյանի տված տեղեկանքում գրված է. «Տրվում է Կոտայքի գումարտակի ազատամարտիկ Տելոև Շաքրոյին առ աայն, որ նա «Կոտայք» գումարտակի ՀՀ Շաքրոյե Մաջիտ ՊՆ թիվ 40 հրամանի համաձայն ս/թ սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը գտնվել է Լեռնային Ղարաբաղում՝ մարտական գործողությունների»։
Պատերազմական գործողությունների ընթացքում, ինչպես շատերը, այդպես էլ շարքային Շաքրոյե Մաջիտը կորցրեց առաողջությունը։
Պատերազմից հետո Շ. Տելոևը ծառայությունը շարունակեց հայոց բանակում պայմանագրային հիմունքներով։