Ես գնում եմ իմ ճանապարհը։ Ինձ տանում է հեռուն,
որը չի երեւում. չգիտեմ ինչ կա այնտեղ։ Եթե
երազն ինձ այցելում է եւ արթմնի, ուրեմն
ճանապարհի վերջում կա հանդիպում։ Ո՞ւմ հետ։
Ազատախոս լռություն։ Ծաղիկն ամեն
մեկի մեջ, ով նայում է իրեն, գրում է
անբառ բանաստեղծություններ։
Ծաղիկը ես չեմ՝ թե ես ծաղիկն եմ։
Մենք իրավունք չունենք պատի ետեւը չտեսնել,
որովհետեւ այն, ինչ փնտրում ենք այսքան
ժամանակ, գտնվում է միայն այնտեղ,
ուր չի երեւում։ Իմ աչքերը հոսում են։
Այս տարի ամառը դեռ չէր գնացել, երբ եկավ
աշունը։ Ամեն համբույրի մեջ մի քիչ
թույն կա եւ յուրաքանչյուր ծնունդ
մահապատիժ է։ Թալես, ճանաչիր ինքդ զքեզ։ Եվ՝ չափդ։
Երկինքը փաթիլ-փաթիլ իրեն մանրում է
անծաղիկ հանդերի եւ օրերի վրա։ Եթե
տեղափոխվելու լինեք մի այլ մոլորակ,
չմոռանաք, խնդրեմ, վերցնել նաեւ հիշողությունը։
Մեղեդի՝ նշանակում է դեպի խորքը։ Մութն ինձ համար
ավելի շուտ է ընկնում, քան ընկնում է
մութը։ Իսկ իմ բառերն ինձ կկորցնեն,
եթե ես հանկարծ չլինեմ ես։
Ես գնում եմ իմ ճանապարհը՝ առանց
ճանապարհի հետ հանդիպելու։ Հոգուն
համաձայնությունը չի տալիս այնքան,
որքան՝ անհամաձայնությունը։ Այլուրը ծանրացել է ուսերիս։