Եթե իրավ է, որ գիշերները
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 229
տ. ― էջ 455, ծ. ― էջ 588

Ռուսերեն բանաստեղծության անունն է «Заклинание»։ Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

* * *


Եթե իրավ է, որ գիշերները,
Երբ որ հանգչում են մարդիկ ներքևում,
Երկնքից իջնում լուսնի շողերը,
Գերեզմանների վըրա դողդողում.

5 Եթե իրավ է, որ այն ժամերին
Դատարկվում են լուռ գերեզմանները,
Օ՜, ես կըկանչեմ իմ սիրելիին,
Կըկանչեմ նրա նըսեմ ըստվերը։

— Արի՜, հայտնվի՜ր, սիրելի պատկեր,
10 Ինչպես և էիր անջատման ժամին,
Սառն ու դալկադեմ, ինչպես ձմռան օր,
Խանգարած, խեղած տանջանքով վերջին։

— Ախ, արի՜, ինչպես աստղիկ հեռավոր,
Ինչպես թույլ հընչյուն թեթև զեփյուռի,
15 Կամ թեկուզ ինչպես տեսիլ ահավոր,
Ինձ համար մին է, արի՜, միայն արի՜...

1830