Ելույթ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում




ԵԼՈՒՅԹ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏՈՒՄ

խմբագրել
(8 հունվարի, 1998թ.)
[1]

Նախքան բուն ելույթին անցնելը, կարծում եմ, ավելորդ չէ ամփոփ ձեւով ներկայացնել երկու օրվա ընթացքում այստեղ հնչած որոշ կարծիքներ, որոնք կարեւոր են քննարկվող հարցի համակողմանի լուսաբանման տեսակետից։ Նախապես ներողություն եմ խնդրում, եթե այդ ամփոփումը որոշ դեպքերում չի ապահովում կարծիքների բառացի վերարտադրությունը. համենայն դեպս դրանց բովանդակության ճշգրտությունը ես երաշխավորում եմ։ Եւ այսպես.

«Շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա։ Ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքի ճիշտ կազմակերպումից եւ ուժերի մոբիլիզացիայից» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան).

«Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չէ արտասահմանյան ներդրումների համար։ Ներդրումների հոսքի ապահովումը կախված է ակտիվ ու լայնամասշտաբ մարկետինգային քաղաքականությու նից, մասնավորապես ինտերնետի հնարավորությունների մաքսիմալ օգտագործումից» (Ռ. Քոչարյան).

«Հայաստանի բյուջեն կարելի է երկու-երեք անգամ մեծացնել՝ պայքարելով ստվերային տնտեսության դեմ եւ խստացնելով հարկերի հավաքման պրոցեսը» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան).

«Սփյուռք – Հայաստան հարաբերությունների սերտացման դեպքում Սփյուռքից կարելի է ստանալ տարեկան 400–500 միլիոն դոլարի օգնություն» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան).

«Արտագաղթն այլեւս չի սպառնում Հայաստանին, եւ ընդհակառակը՝ արդեն դիտվում են ներգաղթի միտումներ։ Դրա ապացույցն է այն, որ եթե անցյալ տարի դպրոցներում երեք-չորս առաջին դասարաններ էին բացվում, ապա այս տարի բացվել են վեց-յոթ դասարաններ» (Ռ. Քոչարյան).

«Հնարավոր չէ Հայաստանը լրիվ մեկուսացնել։ Մեզ կօգնեն Ռուսաստանը եւ Իրանը։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումը, ապա մենք զենք կստանանք Իրանից» (Վ. Սարգսյան).

«Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ կարելի է զարգանալ նաեւ մեկուսացման պայմաններում» (Ռ. Քոչարյան).

«Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն» (Վ. Սարգսյան, Ս. Սարգսյան).

«Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» (Վ. Սարգսյան).

«Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը մեզ համար վտանգավոր չէ» (Ա. Ղուկասյան).

«Ապաշրջափակումը հնարավոր չէ ապահովել. ցանկացած պատրվակով Ադրբեջանը կարող է խախտել այն» (Ա. Ղուկասյան).

«Փուլային տարբերակը կարող է մեծացնել պատերազմի վտանգը։ Նոր դիրքերը մեզ համար դժվար կլինի ամրացնել» (Ս. Սարգսյան).

«Փուլային տարբերակը Ղարաբաղի ժողովուրդը վատ կընկալի, Ղարաբաղում արտագաղթ կսկսվի» (Օ. Եսայան).

«Մենք համոզված ենք, որ կարող ենք անկախ լինել. մեզ համար անընդունելի է մնալ Ադրբեջանի կազմում» (Լ. Պետրոսյան). Այս կարծիքներից մի քանիսին ռեպլիկի կարգով արդեն արձագանքել եմ, ուստի հարկ չեմ համարում կրկնել իմ առարկությունները։ Մյուսներին կփորձեմ անդրադառնալ ելույթի ընթացքում։

* * *

Այժմ անցնենք բուն նյութին։ Ինչպես իմ բացման խոսքում ասացի, գոյություն ունի Ղարաբաղի հարցի կարգավորման երեք հնարավորություն.

1. Փաթեթային տարբերակ. 2. Փուլային տարբերակ. 3. Ստատուս-քվոյի պահպանում։

Ես այսօր չեմ պատրաստվում խոսել առաջին երկու տարբերակների առավելությունների ու թերությունների մասին, քանի որ նախ՝ բոլորդ էլ դրանց ծանոթ եք, եւ ապա՝ մեր դիտողություններն ու վերապահումներն այդ տարբերակների վերաբերյալ արտահայտված են Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված պաշտոնական պատասխաններում (այդ փաստաթղթերը ձեզ բաժանված են)։ Բացի այդ, նշված տարբերակների մասին խոսելն իմաստ կունենա միայն այն բանից հետո, երբ պարզենք՝ մենք պատրա՞ստ ենք, կամ համոզվա՞ծ ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել այսօր, թե՞ դեռ անհրաժեշտ է սպասել, այսինքն՝ առայժմ պահպանել ստեղծված ստատուս-քվոն, հույս ունենալով, թե ժամանակը մեր օգտին կաշխատի, եւ Ղարաբաղի հարցը կլուծվի ինքնըստինքյան՝ աշխարհը վաղ թե ուշ կհաշտվի կատարված փաստի հետ։ Քանի որ ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ շատերը հակված են երրորդ տարբերակին, ուստի ես կկենտրոնանամ բացառապես դրա վրա։

Տեսականորեն չեմ ժխտում, որ ստատուս-քվոյի պահպանումը թերեւս կարող էր լինել լավագույն ելքը, քանի որ ի տարբերություն առաջին երկու տարբերակների, որոնց հիմքում ընկած է փոխզիջման գաղափարը, այն ենթադրում է բացառապես հաղթական լուծում։ Սակայն դա միայն տեսականորեն։ Իսկ գործնականում այդ ճանապարհն ընտրելուց առաջ մենք պարտավոր ենք պատասխանել այն հարցին, թե Հայաստանը, որ Ղարաբաղի գոյության միակ երաշխիքն է, ի վիճակի՞ է երկար ժամանակ պահպանել ստատուս-քվոն՝ միաժամանակ ապահովելով իր նորմալ կենսագործունեությունը, տնտեսական բարգավաճումը, ռազմական հզորությունը, ինչպես նաեւ հաղթահարելով շրջափա կումների հարուցած դժվարություններն ու դիմագրավելով միջազգային աճող ճնշումները։ Կարող եք ինձ հոռետես համարել, բայց ես չեմ հավատում նման հրաշքի։ Եւ ահա, թե ինչու։

Վերջին տարիների մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրությունն ինձ բերել է այն համոզման, որ Հայաստանն իր տնտեսական զարգացման մեջ արդեն բախվում է, կարելի է ասել, ֆիզիկական լիմիտների, որոնք կախված չեն կառավարության գործունեության արդյունավետությունից կամ այլ սուբյեկտիվ գործոններից։ Թե ինչ լիմիտների մասին է խոսքը, ես կասեմ հետո, իսկ առայժմ դիտարկենք այդ մակրոտնտեսական ցուցանիշները.

1994 1995 1996 1997*
ՀՆԱ֊ի աճը նախորդ տարվա նկատմամբ 5.4% 6.9% 5.8% 3%
Արդյունաբերության աճը նախորդ տարվա նկատմամբ 5.3% 1.5% 1.4 % 1%
Արտահանման աճը նախորդ տարվա նկատմամբ 38% 25% 7.2% -20%
Ներմուծման աճը նախորդ տարվա նկատմամբ 54.9% 71.1% 27% 4%

* 1997թ․ տվյալները նախնական են․

Աղյուսակից պարզորոշ կերպով երեւում է, որ թեեւ գրեթե բոլոր ցուցանիշների գծով աճը դեռեւս շարունակվում է, բայց արդեն առկա է նրա տեմպի դանդաղեցման ակնհայտ միտում։ Եւ ամբողջ դժբախտությունն այն է, որ այս պրոցեսը ոչ միայն շարունակվելու է, այլեւ մեկ-երկու տարուց մեր տնտեսության մեջ դրսեւորվելու են նաեւ անկման միտումներ։

Ի՞նչն է պատճառը։ Արդյո՞ք մեր վատ աշխատանքը, արդյո՞ք տնտեսական բարեփոխումների ձախողումը կամ դանդաղեցումը։ Չեմ ժխտում, որ այստեղ կան ռեզերվներ, եւ որ մեր աշխատանքի բարելավման ու վերափոխումների արագացման շնորհիվ կարելի է հասնել որոշ դրական տեղաշարժի։ Բայց միեւնույն է, դա չի կարող էապես ազդել Հայաստանի տնտեսական զարգացման վրա, քանի որ երեւույթն, իմ կարծիքով, կախված է շատ ավելի օբյեկտիվ ու խորքային գործոններից։

Այդ գործոններն են, ահա, որ ես կոչում եմ Հայաստանի տնտեսական զարգացման ֆիզիկական լիմիտներ։ Դրանք են՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով խորացող Հայաստանի քաղաքական մեկուսացումը, շրջափակումները եւ արտասահմանյան ներդրումների բացակայությունը։ Քանի դեռ չեն վերացել այդ գործոնները, ինչպիսի իշխանություն էլ լինի Հայաստանում, ինչպիսի հանճարեղ մարդիկ էլ գտնվեն կառավարության ղեկին, միեւնույն է, ոչ միայն չի հաջողվելու ապահովել երկրի տնտեսական զարգացման նորմալ ընթացքը, այլեւ հնարավոր չի լինելու լուծել առկա սոցիալական խնդիրները։

Աշխատավարձերը, թոշակները, նպաստները մնալու են նույն խղճուկ մակարդակին, Աղետի գոտու վերականգնումը ձգձգվելու է տասնյակ տարիներ, խորանալու է գործազրկությունը։ Բյուջետային աշխատողների աշխատավարձն այսօր կազմում է շուրջ 20 դոլար։ Եթե հաջողվի անգամ այդ գծով ապահովել տարեկան 20 - 30 տոկոսի աճ, ապա պատկերացրեք, ինչ աշխատավարձ ենք մենք վճարելու հինգ տարի հետո։ 40–50 դոլա՞ր։ Նկատի ունենալով դրամի արժեզրկումը եւ անխուսափելի սղաճը, դժվար չէ կռահել, որ հինգ տարի հետո այդ 40–50 դոլարը կունենան նույն արժեքը, ինչ այսօրվա 20 դոլարը, այսինքն՝ բնակչության կենսամակարդակի որեւէ բարելավում տեղի չի ունենա, եթե Աստված, իհարկե, մեզ փրկի վատթարացումից։ Եթե չեմ սխալվում, այստեղ կարծիք արտահայտվեց, որ մեր ժողովուրդը հանուն Ղարաբաղի դեռ կդիմանա, եւ որ Հայաստանին սոցիալական բունտ չի սպառնում։ Ես էլ եմ կարծում, որ մեր ժողովուրդը հանուն իր սոցիալական վիճակի բարելավման չի վտանգի Ղարաբաղի գոյությունը։ Բայց նրա սոցիալական դժգոհությունը կարտահայտվի բոլորովին այլ կերպ՝ արտագաղթի վերսկսումով։

Հետաքրքիր է, ինչի՞ վրա ենք հույս դնում՝ խափանելով կամ, մեղմ ասած, հետաձգելով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Այն համոզվածության վրա՞,

որ շրջափակումները չեն խանգարում Հայաստանի տնտեսական զարգացմանը,

որ արտասահմանյան ներդրումները կարելի է ապահովել ճիշտ մարկետինգային քաղաքականություն վարելու շնորհիվ,

որ բյուջեն կարելի է զգալիորեն մեծացնել՝ խստացնելով հարկային կարգապահությունը,

որ Սփյուռքից կարելի է ստանալ հարյուրավոր միլիոնների օգնություն,

որ մեզ կօգնեն ու մեկուսացումից կհանեն Ռուսաստանն ու Իրանը,

որ ինչ որ հաջողվել է Իսրայելին, մեզ էլ կհաջողվի,

որ պետք է փոխզիջման գնալ այն ժամանակ, երբ հարկադրված լինենք։ Այս պնդումներն այնքան ծանրակշիռ են թվում, որ կարծում եմ, անհրաժեշտ է մեկ առ մեկ անդրադառնալ դրանց։

* * *

Իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտության չկարգավորված վիճակը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսական զարգացման վրա մի շարք առումներով։

Առաջին. Շրջափակումը շուրջ 30 տոկոսով թանկացնում է Հայաստանի արտաքին բեռնափոխանակությունը, որ ինքնին արդեն ահավոր բեռ է թե՛ մեր արդյունաբերողների, թե՛ գործարարների համար։ Այս թիվը ոչ մտացածին է, ոչ էլ ենթադրություն, այլ լուրջ տնտեսական հաշվարկի արդյունք։ Դրանում դուք կհամոզվեք, կարդալով ՀՀ տրանսպորտի նախարարության ներկայացրած ծավալուն ուսումնասիրությունը եւ Համաշխարհային բանկի տեղեկանքը, որոնք պատրաստվել են իմ խնդրանքով, հատուկ այս նիստի համար։ Իսկ եթե չեք հավատում նաեւ այս փաստաթղթերին, ապա մտեք ցանկացած գործարան, ցանկացած շինհրապարակ, ցանկացած խանութ եւ հարցրեք, թե որքանով է շրջափակումն ազդում նրանց գործունեության վրա։

Շրջափակումը հատկապես խոչընդոտում է մեծածավալ ապրանքների արտահանմանը։ Թերեւս զարմանալի թվա, եթե ասեմ, որ այս պահին մենք ունենք շուրջ 1 միլիարդ դոլարի ապրանքներ, որոնց արտահանումը չենք կարողանում իրականացնել նրանց մեծ բեռնատարողության պատճառով։ Դրանք են՝ մոլիբդենի հանքաքարը, շինանյութը, բենտոնիտը, պերլիտները եւ գինին (մոլիբդենի խտանյութի ու կոնյակի փոխադրումն ինքնաթիռներով դեռ ինչ-որ կերպ արդարացվում է)։ էլ չեմ խոսում «Նաիրիտի» մասին, որի շահութաբեր աշխատանքի համար պահանջվում է, որ օրական մեկ գնացք մտնի, մեկ գնացք դուրս գա գործարանից։

Անշուշտ, մեր բեռը զգալիորեն կթեթեւանար, եթե վերագործարկվեր թեկուզ միայն աբխազական երկաթուղին, որի խափանումը կապված չէ ղարաբաղյան հակամարտության հետ։ Հայաստանը եւ Ռուսաստանը զգալի ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ, բայց դրանք քաղաքական նկատառումներով պատշաճ արձագանքի չեն արժանացել Վրաստանի կողմից։ Ուստի նկատի ունենալով այդ դառը փորձառությունը, ինչպես նաեւ վրաց-աբխազական հարաբերությունների շարու նակվող գերլարված վիճակը, ես վստահ եմ, որ այդ երկաթուղին առնվազն եւս հինգ տարի դեռ չի գործի։ Այնպես որ մենք չենք կարող հույս դնել դրա վրա եւ առայժմ ստիպված ենք բավարարվել առկա ծախսատար ճանապարհներով։ Քիչ էր, որ ծով չունենք, այժմ գործնականորեն զրկված ենք նաեւ երկաթուղիներից։ Իսկ առանց երկաթուղիների դժվար է պատկերացնել քիչ թե շատ կենսունակ տնտեսություն։

Երկրորդ. Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե իբր արտասահմանյան ներդրումների հոսքը կախված չէ ղարաբաղյան հակամարտությունից, եւ դրանք կարելի է ապահովել, եթե Հայաստանի իշխանություններն ավելի ակտիվ ու լայնամասշտաբ մարկետինգային քաղաքականություն վարեն, ես, չմերժելով այդպիսի քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը, գտնում եմ, որ դրա արդյունքն այնուամենայնիվ չնչին է լինելու։ Նախ, ոչ ոք չի կարող առարկել, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը Հայաստանը, արտասահմանյան ներդրումների տեսակետից, դարձնում է ռիսկի գոտի։ Օտար կապիտալը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը, եւ դա բազմիցս արտահայտվել է միջազգային տնտեսական կազմակերպությունների փորձագետների մակարդակում։ Այնուհետեւ, ասվեց արդեն, որ շրջափակումները շուրջ 30 տոկոսով թանկացնում են Հայաստանի արտաքին բեռնափոխանակությունը, եւ դա նույնպես չի կարող չազդել արտասահմանյան ներդրողի մտադրությունների վրա. երբ բիզնեսը զգայուն է անգամ մեկ ցենտի տատանման նկատմամբ, ինչպե՞ս կարող է անտարբեր լինել 30 տոկոսի թանկության դեպքում։ Եւ վերջապես, պետք է սառնասրտորեն գիտակցել, որ անգամ անկախ այս հանգամանքներից, Հայաստանը, որպես երեքուկես միլիոնանոց շուկա ինքնըստինքյան գրավիչ չէ արտասահմանյան ներդրումների համար։ Հակամարտությունների կարգավորման պարագայում Անդրկովկասում կարող էր ձեւավորվել շուրջ 15 միլիոնանոց շուկա, որը անտարակուսելիորեն բարենպաստ հող կհանդիսանար օտարերկրյա ներդրումների համար։ Մի գործարան կկառուցվեր Հայաստանում, մեկը՝ Վրաստանում, մի ուրիշն էլ Ադրբեջանում, որոնք հավասարապես կսպասարկեին այդ միացյալ շուկան։ Բացի այդ, նման պայմաններում հնարավոր կլիներ իրականացնել նաեւ լայնածավալ տարածաշրջանային ծրագրեր, որոնք արտասահմանյան կապիտալի համար շատ ավելի գրավիչ են, քան կոնկրետ երկրներում կատարվող ներդրումները։ Մասնավորապես այն պատճառով, որ այդ տիպի ծրագրերը, կողմնակիորեն նպաստելով տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդմանը, տնտեսական նպատակահարմարությունից բացի ձեռք են բերում նաեւ քաղաքական նշանակություն։

Երրորդ․ Հակամարտության առկայությունը Հայաստանին զրկում է իր ամենաբնական եւ շահավետ տնտեսական գործընկերներից՝ Ադրբեջանից, Թուրքիայից եւ մասամբ՝ Իրանից։ Բնական եւ շահավետ նախ եւ առաջ այն պարզ պատճառով, որ նրանք մեր անմիջական հարեւաններն են։ Գաղտնիք չէ, որ աշխարհի բոլոր նորմալ պետությունների արտաքին տնտեսական կապերի առնվազն հիսուն տոկոսը բաժին է ընկնում նրանց անմիջական հարեւաններին։ Մինչդեռ Հայաստանի դեպքում դա գործնականում հավասարվում է զրոյի։ Ես առիթ ունեցել եմ գնահատելու հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, ուստի զերծ եմ մնում կրկնությունից։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է ժխտել նաեւ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հսկայական պոտենցիալը, որը թերեւս երկրորդական դեր կարող է խաղալ Թուրքիայի տնտեսության զարգացման գործում, բայց Հայաստանի դեպքում, անկասկած, ունի կենսական նշանակություն։ Մեր Արդյունաբերողների միության կատարած հաշվարկների համաձայն՝ Հայաստանի ու Թուրքիայի հաղորդակցության ճանապարհների վերագործարկման դեպքում, երկու երկրների միջեւ շրջանառությունը մեկ տարվա ընթացքում կարելի է հասցնել մոտ 600 միլիոն դոլարի։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը կարող է աճել 50 տոկոսով (այսօր այն կազմում է մոտավորապես 1 միլիարդ 125 միլիոն դոլար)։ Իսկ դա նշանակում է արդյունաբերության զարգացման լուրջ հնարավորություններ, լրացուցիչ աշխատատեղեր եւ սոցիալական խնդիրների լուծման հեռանկարներ։

Չպետք է մոռանալ նաեւ, որ բացի բնական տնտեսական գործընկեր լինելու ինքնին արժեքից, Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեն նաեւ որպես ամենակարճ տարանցիկ ճանապարհներ մի դեպքում՝ դեպի Եւրոպա եւ արաբական աշխարհ, մյուս դեպքում՝ դեպի Իրան, Ռուսաստան ու Միջին Ասիա։ Այս ավտոճանապարհի հետ, քանի որ ակնհայտ է, որ Ջուլֆայի երկաթուղին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, այն էլ զգալիորեն նվազ ծախսով, շատ ավելի մեծ ծավալի բեռներ կարող էր տեղափոխել, քան այդ ավտոճանապարհը՝ մեկ տարում։

Եւ վերջապես չորրորդ, որն իմ կարծիքով ամենացավալին ու վտանգավորն է, ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային կազմակերպություններից՝ դատապարտվելով օրեցօր խորացող մեկուսացման։ Հայաստանն այժմ անդամակցում է ընդամենը երկու տարածաշրջանային կազմակերպության՝ ԱՊՀ-ին եւ Սեւծովյան տնտեսական համագործակցությանը։ ԱՊՀ-ն, քաղաքական եւ անվտանգության կարեւորությամբ հանդերձ, ըստ էության որեւէ դեր չի խաղում Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Իսկ Սեւծովյան տնտեսական համագործակցությունն առայժմ դուրս չի եկել բարի մտադրությունների արտահայտման ակումբի կարգավիճակից։ Ինչ վերաբերում է Հայաստան – Իրան ― Թուրքմենստան եւ Հայաստան – Իրան – Հունաստան եռակողմ համագործակցության ծրագրերին, ապա դրանք դեռեւս գտնվում են ձեւավորման փուլում, բայց անգամ լիարժեք իրականացման դեպքում էլ էական ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման վրա։ Բոլորիս համար էլ, կարծում եմ, հասկանալի է, որ տնտեսական առումով շատ ավելի գործնական ու կարեւոր են ԳՈՒՈՒԱՄ-ը, ՏՐԱՍԵԿԱ-ն, ԷԿՕ-ն, նավթամուղային կոնսորցիումները, որոնց դռները, դժբախտաբար, առայժմ փակ են մեր առաջ։

Հակամարտության կարգավորման գործընթացի խափանման կամ նույնիսկ ձգձգման դեպքում մենք ոչ միայն չենք կարողանալու դուրս գալ առկա մեկուսացումից, այլեւ ավելի ու ավելի խորացնելու ենք այն։ Խոսքը սոսկ տնտեսական մեկուսացման մասին չէ, քանի որ ինքնըստինքյան հասկանալի է, որ տնտեսական մեկուսացումն ունենալու է նաեւ անցանկալի քաղաքական հետեւանքներ։ Չեմ բացառում, որ անգամ մեկուսացման պայմաններում Հայաստանը կարող է մասնակցել տարածաշրջանային կազմակերպությունների ինչ-ինչ ծրագրերի, բայց ես նկատի ունեմ ոչ թե սիմվոլիկ մասնակցությունը, այլ լիարժեք անդամակցությունը, քանի որ միայն այդ դեպքում կարելի է ակնկալել շոշափելի արդյունքներ։

* * *

Իսկ այժմ դիտարկենք այստեղ հնչած մյուս պնդումները։ Այն, որ պետք է պայքարել ստվերային տնտեսության դեմ եւ խստացնել հարկային կարգապահությունը, դժվար թե առարկություն վերցնի։ Բայց որ դրանով հնարավոր է զգալիորեն մեծացնել բյուջեն, խիստ կասկածելի է թվում։ Այդպիսի միջոցներով լավագույն դեպքում կարելի է հասնել ժամանակավոր արդյունքների, քանի որ ինքնըստինքյան հասկանալի է, որ բյուջեի աճը կախված է ոչ այնքան վարչարարական մեթոդներից, որքան տնտեսության զարգացման ընդհանուր դրական միտումներից։ Իսկ այդպիսի միտումներ, ինչպես քիչ առաջ նշվեց, շրջափակումների շարունակման, ներդրումների բացակայության, քաղաքական ու տնտեսական մեկուսացման պայմաններում գոյություն չեն կարող ունենալ։ Բացի այդ, ես նաեւ չափազանց վտանգավոր եմ համարում այս բնագավառում վարչարարական մեթոդներով հրապուրվելը։ Այդ իմաստով ինձ արդեն իսկ մտավախություն են ներշնչում կառավարության կողմից վերջերս ձեռնարկված որոշ քայլեր։ Նկատի ունենալով բնագավառն սպասարկող իրավասու մարմինների (Հարկային վարչության, Մաքսային տեսչության, ՆԳՆ, Դատախազության) որոշակի հակումները, ես չեմ կասկածում, որ վարչարարական մեթոդների կիրառումը կհանգեցնի լուրջ չարաշահումների, որի արդյունքում մենք կունենանք աշխատատեղերի կրճատում, կապիտալի արտահանում, ապրանքաշրջանառության ու դրամաշրջանառության անկում, եւ վերջին հաշվով՝ հարկային մուտքերի նվազում, այսինքն՝ մենք կստանանք մեր ուզածի ճիշտ հակառակը։ Այս ամենի հետեւանքը կլինի ժողովրդի առանց այդ էլ թշվառագույն սոցիալական վիճակի հետագա վատթարացումը եւ արտագաղթի նոր ալիքի ծավալումը։

Հասկանալի չէ նաեւ, թե ինչի վրա է հիմնված Սփյուռքից ակնկալվող օգնության հսկայական չափը (տարեկան շուրջ 400–500 միլիոն դոլար)։ Ասվում է, որ մինչեւ հիմա Սփյուռքի հետ լավ չենք աշխատել, նրա հետ հարաբերությունները ճիշտ չենք կառուցել, այդ պատճառով էլ առայժմ նրանից չնչին օգնություն ենք ստացել։ Եթե անգամ այս դիտողություններն արդարացի համարենք, չեմ կարծում, որ Սփյուռքին քիչ թե շատ ծանոթ որեւէ մեկը կարող է պնդել, թե նա Հայաստանին տա րեկան 400–500 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու կարողությունունի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը առայժմ կարողացել է Սփյուռքից ապահովել տարեկան շուրջ 10 միլիոն դոլարի օգնություն։ Թերեւս ավելի լավ աշխատելու, հարաբերությունները ավելի ճիշտ կազմակերպելու դեպքում, ամենալավատեսական գնահատականներով, հնարավոր կլինի այդ թիվը հասցնել առավելագույնը տարեկան 20 միլիոնի։ Ինչո՞ւ այդքան քիչ,– կհարցնեք դուք։ Որովհետեւ բացի Հայաստանից, Սփյուռքն ունի նաեւ բազմաթիվ այլ հոգսեր. նապարտավոր է ապահովել ազգային զանազան կառույցների՝ եկեղեցու, դպրոցների, ակումբների, կուսակցությունների, մամուլի, հիվանդանոցների, ծերանոցների ծախսերը, ինչպես նաեւ ֆինանսապես սպասարկել տարեցտարի ծավալվող լոբբիստական աշխատանքները։ Սփյուռքից հարյուրավոր միլիոնների օգնության ակնկալիքն, ըստ այդմ, ոչ միայն առասպելական է, այլեւ վտանգավոր՝ եթե դա դիտվում է որպես Հայաստանի տնտեսական զարգացման կարեւոր երաշխիքներից մեկը։

Ինձ համար բաց է մնում նաեւ այն հարցը, թե ղարաբաղյան կարգավորման եւ Հայաստանի տնտեսական զարգացման գործում որքան հույսեր կարելի է կապել Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Ռուսաստանն, այո, մինչեւ այսօր կենսական օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ մասնավորապես էներգետիկ համակարգի կենսագործունեության ապահովման, բանակի կազմավորման, զենքի ու զինամթերքի մատակարարման բնագավառներում։ Անկախությունից ի վեր հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են չափազանց բարենպաստ մթնոլորտում եւ այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Հայաստանը կարողացել է առավելագույնս օգտվել այդ հարաբերություններից, որը թերեւս անկախության շրջանի մեր կարեւորագույն նվաճումներից է։ Բայց, դժբախտաբար, այս վիճակը հավերժ չի կարող շարունակվել։ Նախ, ստիպված եմ կրկնել, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, թեկուզ միայն այն պատճառով, որ իր կազմում ունի մոտ քսան Ղարաբաղ։ Այնուհետեւ, Ռուսաստանն այսօր այնպիսի կենսական շահերով է կապված Արեւմուտքի, մասնավորապես միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ, որ չի կարող կտրուկ հակադրվել Ղարաբաղի հարցի կարգավորման ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի ծրագրերին։ Արդեն իսկ տեսանելի է, որ վերջերս, Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, Ռուսաստանը լիակատար համերաշխություն է ցուցաբերում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջարկած կարգավորման պլաններին։ Արեւմուտքի հետ ավելորդ պրոբլեմներ չունենալու նույն պատճառով Ռուսաստանը մի օր նաեւ ստիպված է լինելու դադարեցնել զենքի մատակարարումները Հայաստանին։ Ավելին, ես չեմ բացառում, այլեւ ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման եւ նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը։

Ինչ վերաբերում է այն բանին, թե՝ եթե Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումները, մենք զենք կստանանք Իրանից, ապա կարծում եմ, դա էլ զուրկ է առարկայական հիմքից։ ճիշտ է՝ իրանա-ադրբեջանական հակասությունների ֆոնի վրա Հայաստանի հզորացումն ու տնտեսական բարգավաճումը բխում են Իրանի պետական շահերից։ Ճիշտ է նաեւ, որ Հայաստանի ամենախիստ շրջափակման տարիներին Մեղրու ճանապարհը եղել է մեր գոյատեւման ամենակարեւոր պայմաններից մեկը։ Բայց դրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ երկու հանգամանք։ Առաջին՝ Մեղրու ճանապարհի սահմանափակ հնարավորությունները եւ լրացուցիչ ծախսատարությունը չեն կարող լուրջ տնտեսական համագործակցություն ապահովել մեր երկրների միջեւ։ Երկրորդ՝ Իրանում պետական շահերից բացի գոյություն ունի նաեւ իսլամական համերաշխության գիտակցություն։ Այդ պատճառով իրանական ոչ մի կառավարություն չի համարձակվի զենք մատակարարել մի քրիստոնյա պետության՝ իսլամական որեւէ պետության դեմ օգտագործելու համար, եթե, իհարկե, այդ կառավարությունն իր գլխից ձեռք չի քաշել։ Եւ վերջինը՝ եթե Իրանը կարող էր մեզ զենք մատակարարել, ապա ինչո՞ւ մինչեւ հիմա դա չի արել։

Չգիտեմ, որքա՞ն տեղին է նաեւ Իսրայելի եւ Հայաստանի իրավիճակների համեմատությունը։ Իսրայելն, այո, բոլոր հարեւանների հետ ռազմական առճակատման մեջ գտնվելով հանդերձ, կարողացել է ապահովել իր տնտեսական զարգացումն ու ռազմական հզորությունը, բայց նա երբեք չի ենթարկվել այնպիսի շրջափակման, որի մեջ գտնվում է Հայաստանը։ Իսրայելն ունի հարյուրավոր կիլոմետրանոց ծովային սահման եւ մի քանի հզոր ռազմա-առեւտրային նավահանգիստներ։ Ինչպե՞ս կարելի է խոսել Իսրայելի մեկուսացման մասին, երբ նա նաեւ տարեկան շուրջ 4 միլիարդ դոլարի օգնություն է ստանում հրեական Սփյուռքից, մոտավորապես նույնքան էլ ԱՄՆ-ի կառավարությունից։ Չեմ ուզում ավելի ծավալվել, բայց չմոռանանք նաեւ հրեաների հզոր ներկայությունը աշխարհի գերտերությունների քաղաքական կառույցներում, համաշխարհային ֆինանսական համակարգերում, զանգվածային լրատվության միջոցներում եւ այլն։

Ամենաապշեցուցիչը, սակայն այն պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։ Քի՞չ է մեր անցյալի դառը փորձը։ Քի՞չ են Բաթումի ու Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, երբ ավելի վաղ հնարավորություն կար շատ ավելի ձեռնտու լուծումներ գտնելու, բայց ժամանակի պատասխանատուները կորցրին այդ հնարավորությունները։ Ստիպված եմ կրկնել իմ վերջին հոդվածի տրիվիալ միտքը. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետեւաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը։

* * *

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հարցի հրատապ լուծման անհրաժեշտության դեմ բերված ոչ մի փաստարկ, իմ կարծիքով, քննադատության չի դիմանում։ Ավելին, այդ փաստարկների մեջ ես դիտում եմ հարցի էությունից շեղվելու եւ փաթեթային ու փուլային տարբերակների շուրջ ֆորմալ բանավեճ ծավալելու միտում։ Թեեւ խոստացել էի չանդրադառնալ այդ տարբերակներին, բայց, քանի որ այստեղ դրա մասին շատ խոսվեց, ստիպված եմ անել որոշ պարզաբանումներ։

Հարցն այնպես է ներկայացվում, թե իբր Հայաստանը պաշտպանում է փուլային, իսկ Ղարաբաղը՝ փաթեթային տարբերակը։ Մոռացության է տրվում այն փաստը, որ Հայաստանը (ճիշտ է՝ սկզբունքային վերապահումներով) ընդունել է փաթեթային տարբերակը, եւ Ղարաբաղն ինքն է կտրականապես մերժել այն։ Փաթեթայինը մերժվելուց հետո մեզ ներկայացվել է փուլային տարբերակը, եւ Հայաստանը (նորից սկզբունքային վերապահումներով) այն ընդունել է։ Ղարաբաղը սա նույնպես մերժել է եւ այժմ առաջարկում է կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը շարունակում պնդել փուլային տարբերակի վրա։ Պատասխանում եմ. Առաջին՝ մենք գտնում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել այսօր, իսկ այսօր ուրիշ լուծում չկա, քան փուլայինը, եւ երկրորդ՝ մենք համոզված ենք, որ երկար ժամանակ, գուցե թե երբեւէ, փաթեթային տարբերակի շուրջ համաձայնություն չի կայացվելու Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ Փաթեթային տարբերակին վերադառնալու առաջարկն, ու ստի, հետապնդում է ոչ թե հարցը լուծելու, այլ ժամանակ շահելու նպատակ։ Կարծում եք՝ դժվա՞ր բան է ժամանակ շահելը, կարծում եք՝ ես չեմ կարող 3-4 տարի, մինչեւ իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն։ Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ անելանելի վիճակի մեջ է հայտնվելու հաջորդ Նախագահը։

Ավարտում եմ։ Երկու օրերի քննարկումն, այսպիսով, ինձ լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, թե փուլային տարբերակին ընդդիմացողներն ընդհանրապես Ղարաբաղի հարցը լուծելու մտադրություն ունեն։ Շատերն առանձնապես դա չեն էլ թաքցնում, ինչը պարզորոշ կերպով երեւում է ելույթիս սկզբում ամփոփված կարծիքներից։ Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է՝ կարգավորման պրոցեսը ձգձգելու, այսօրվա իրավիճակը, այսինքն ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերեւս Ղարաբաղի հա րցի նպաստավոր լուծման եւ Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եւ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին։


ՀՀԱՆԱ, 01/08.01.98։ Բնագիր, Մեքենագիր։

  1. Նիստն ընթացել է երկու օր (հունվարի 7 – 8), օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»։ Նիստին մասնակցել են՝ Լեւն Տեր֊Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժիկ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր֊Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։ Սույն հրապարակման մեջ դուրս են թողնված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները։