Հանրապետության Նախագահի՝ ամանորի շնորհավորական ուղերձը 1998 թվականի տարեմուտին
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ՝ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ
խմբագրել
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի անկախության յոթերորդ տարին մենք թեւակոխում ենք որպես քաղաքականապես եւ միջազգայնորեն լիովին կայացած, տնտեսական եւ ներքաղաքական որոշակի կայունությամբ բնութագրվող, բայց նաեւ բազմաթիվ առօրեական խնդիրներով ծանրաբեռնված պետություն, որը դժբախտաբար դեռեւս շատ հեռու է մարդկանց նվազագույն պահանջները բավարարելու եւ արժանապատիվ կյանք ապահովելու սովորական պատկերացումից։
Անցնող տարում արձանագրված դրական միտումները, սակայն, հույս են ներշնչում, որ առկա կենսական խնդիրների լուծման տեսանկյունից մենք ավելի լավատեսորեն կարող ենք նայել ապագային։
Կարծում եմ, որ 1997 թվականը լիովին արդարացրեց այն կանխատեսումը, որ Հայաստանն անցել է տագնապների, ցնցումների, արմատական ու ցավոտ վերափոխումների շրջանը եւ մտնում է խաղաղ, ստեղծագործ աշխատանքի, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ քաղաքական ու հասարակական հարաբերությունների աստիճանական բարելավման, պետության բարեկարգման, իշխանության կառույցների գործունեության ներդաշնակման եւ արդյունավետության բարձրացման բնականոն հանգրվան։ 1997 թվականը նշանակալից էր հատկապես երկրի ներքաղաքական իրավիճակի կայունացման եւ սոցիալ-տնտեսական ոլորտում կարգուկանոնի հաստատման տեսակետից՝ մանավանդ ակնառու նախորդ տարվա անախորժ իրադարձությունների եւ տնտեսական լճացման անհանգստացնող երեւույթների ֆոնի վրա։
Բավականին հուսադրող վիճակ է ստեղծվել հարկային ու մաքսային պարտավորությունների կատարման եւ վճարումային կարգապահության բարձրացման գործում, որը ոչ միայն հնարավորություն է տալիս նախատեսված ժամկետներում իրականացնել բյուջեի ծախսերը, այլեւ ապահովել գազի կանոնավոր մատակարարումը՝ դրանով իսկ լուծելով երկրի էներգետիկ ապահովվածության կարեւորագույն խնդիրը։
Որոշակիորեն կանոնավորվել եւ անհրաժեշտ թափ է ստացել սեփականաշնորհման գործընթացը. սեփականաշնորհված փոքր օբյեկտների թիվն արդեն հասել է շուրջ վեց հազարի, իսկ արտադրական ձեռնարկություններինը՝ ավելի քան հազար երկու հարյուրի։ «Արմենթելի» գործարքի շնորհիվ առաջին լուրջ հաջողությունն է արձանագրվել նաեւ միջազգային աճուրդների բնագավառում, որը որպես մեր երկրի վստահելիության փորձաքար, կարող է դառնալ ապագա շահավետ գործարքների գրավականը։
Լուրջ քայլեր են արվել Հայաստանի բանկային համակարգի առողջացման եւ ամրապնդման ուղղությամբ։ Զգալիորեն աճել են Կենտրոնական բանկի արտաքին պահուստները. նախորդ տարեվերջի 168 մլն դոլարի դիմաց դրանք այսօր կազմում են ավելի քան 240 մլն դոլար։
Հսկայական աշխատանք է կատարվել ֆինանսա-տնտեսական օրենսդրության կատարելագործման բնագավառում։ Շահութահարկի, Եկամտահարկի, Ավելացված արժեքի հարկի եւ Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարների մասին ընդունված նոր օրենքներով էականորեն թեթեւացել է աշխատավորների եւ գործատուների հարկային բեռը, որի դրական ազդեցությունը արտադրության վերականգնման, ներդրումների ներգրավման եւ արտահանման ընդլայնման գործում, մասնագետների գնահատմամբ, ի հայտ պետք է գա արդեն իսկ առաջիկա տարվա ընթացքում։ Գործարարության խթանման առումով կարեւոր ազատականացնող հստակեցումներ են կատարվել նաեւ հարկերի եւ բանկային գործունեության մասին ընդունված այլ օրենքներում։ Անցնող տարում որոշակի նախադրյալներ են ստեղծվել նաեւ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման առումով։ Նկատելիորեն կարգավորվել է կենսաթոշակային հիմնադրամի գործունեությունը։ Հաջորդ տարվա բյուջեում նախատեսված է 30 տոկոսով բարձրացնել բյուջետային աշխատողների աշխատավարձը, այդ թվում՝ ուսուցիչներինը, սկսած հունվարի 1-ից, իսկ մյուսներինը՝ տարվա ընթացքում երկու հանգրվանով։ Առկա միջոցների արդյունավետ օգտագործման եւ սոցիալական արդարության ապահովման տեսակետից կարեւոր միջոցառում կհանդիսանա նաեւ հուլիսի 1-ից ներդրվող ընտանեկան նպաստների համակարգը, որի ձեւավորման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտական փուլին։
Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, 1997 թվականին տնտեսության ոլորտում տեղ են գտել նաեւ մի շարք մտահոգիչ երեւույթներ, որոնց հաղթահարումն առաջիկա տարում դառնալու է կառավարության առաջնահերթ խնդիրը։ Դրանք են՝ տնտեսական աճի նախատեսվածից ցածր տոկոսը, արտահանման կրճատումը եւ բարձր սղաճը, որոնց խորքային բնույթը, ըստ երեւույթին, պահանջում է ոչ թե զուտ վարչարարական, այլ ռազմավարական, տնտեսագիտական լուծումներ։
1997 թվականը հարաբերաբար հաջողված կարելի է համարել նաեւ Հայաստանի միջազգային հարաբերությունների զարգացման տեսակետից։ Շարունակվել եւ խորացել է սերտ համագործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ Միջազգային արժութային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եւրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի հետ։ Պահպանվել են ամերիկյան օգնության հիմնական ծավալները, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվել է նաեւ ամերիկյան ուղղակի օգնություն Լեռնային Ղարաբաղին։ Օգնությունների գծով որոշ առաջընթաց է արձանագրվել նաեւ Եւրամիության, Ֆրանսիայի եւ Հոլանդիայի հետ հարաբերություններում։
Երկկողմ կապերի ամրապնդման առումով հիշատակելի են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Իրանի եւ մանավանդ Ռուսաստանի հետ զարգացող հարաբերությունները։ Արտաքին քաղաքականության ամենանշանակալից իրադարձությունն, անշուշտ, Ռուսաստանի հետ կնքված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության» պայմանագիրն էր, որը երկու երկրների միջեւ նախատե սում է համակողմանի համագործակցության ծավալում քաղաքական, տնտեսական, ռազմական եւ մարդասիրական ոլորտներում։ Այդ պայմանագրի ոգու անմիջական դրսեւորումը պետք է համարել, մասնավորապես, Արմռուսգազարդ բաժնետիրական ընկերության ստեղծումը, որի նշանակությունը դուրս գալով զուտ ներհայաստանյան շրջանակներից, մոտ ապագայում ձեռք է բերելու տարածաշրջանային արժեք։
Ամփոփելով 1997 թվականի հիմնական արդյունքները, չպետք է անտեսել նաեւ կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառում նկատվող որոշակի աշխուժացումը, որի վկայությունն են մեր արվեստի գործիչների բազմաթիվ հյուրախաղերը, թատրոնների նոր ներկայացումները, նկարչական ցուցահանդեսները, հարյուրավոր գեղարվեստական ու գիտական հրատարակությունները։ Բարձր գնահատանքի են արժանի հրաշալի կազմակերպված բուհական ընդունելության քննությունները եւ Եղիշե Չարենցի ու Հովհաննես Բաղրամյանի հոբելյանական շքեղ միջոցառումները։
Նոր տարին, այսպիսով, մենք դիմավորում ենք որոշակի դրական լիցքով եւ հուսադրիչ նախադրյալներով, բայց նաեւ առկա խնդիրների լրջության ողջ գիտակցությամբ։ Իշխանության բոլոր կառույցներից՝ խորհրդարանից, կառավարությունից, մարզպետարաններից եւ համայնքային մարմիններից դեռեւս հսկայական ջանքեր են պահանջվում երկրի սոցիալ-տնտեսական կյանքը բնականոն հունի մեջ դնելու ուղղությամբ։ Մասնավորապես, իրենց լուծմանն են սպասում արտադրության խթանման, ներդրումների ապահովման, աշխատատեղերի ստեղծման եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման ցավոտ խնդիրները։ Կարեւորելով մեր հայրենակից Քըրք Քըրքորյանի ստեղծած եւ սենատոր Դոուլի գլխավորած ներդրումային հիմնադրամի դերը, չպետք է կարծել, սակայն, որ այն դառնալու է բոլոր նշված խնդիրների լուծման բանալին։
1998 թվականի կարեւորագույն խնդիրներից է նաեւ դատա-իրավական բարեփոխումների ծրագրի իրականացումը։ Բարեփոխումների պետական խորհրդի գործունեությունը, համապատասխան օրենքների մշակման եւ ընդունման ընթացքը, ինչպես նաեւ անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը հույս են ներշնչում, որ այդ համալիր ծրագիրը իրականություն կդառնա սահմանված ժամկետներում եւ ամբողջ ծավալով։
Նոր տարում լուրջ ակնկալիքներ կան նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում։ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, շուտով կդառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ Եւրոպական խորհրդի լիարժեք անդամ, որը պետք է դիտել որպես կարեւոր քայլ միջազգային համակարգերում երկրի ինտեգրացման ուղղությամբ։
Արտաքին քաղաքականության մեջ, սակայն, Հայաստանի համար ամենապատասխանատու խնդիրը եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու շրջափակումների վերացումը, քանզի ակնհայտ է, որ առանց այդ խնդրի լուծման անհնար է խոսել պետականության վերջնական կայացման եւ երկրի բնականոն տնտեսական զարգացման մասին։
Ամանորյա ուղերձը, կարծում եմ, պատշաճ առիթ է մեկ անգամ եւս ներկայացնելու Հայաստանի հստակ տեսակետն այս հարցում.
- հակամարտող կողմերը պետք է խստիվ պահպանեն առկա զինադադարը եւ զերծ մնան պատերազմական գործողությունների վերսկսման որեւէ մտադրությունից.
- հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, փոխզիջման հիման վրա, որի էությունը միջազգային իրավունքի երկու հակադիր սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման հաշտեցումն է.
- Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն երաշխավորված հատուկ կարգավիճակը պետք է ապահովի նրա ժողովրդի անվտանգությունը, լիակատար վարչական ինքնուրույնությունը, ազատ կենսագործունեությունն ու արժանապատիվ կյանքը.
- Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի շրջանակներում, համանախագահ երկրների առաջարկների եւ երեք հակամարտող կողմերի համաձայնության հիման վրա։ Այս առումով ԵԱՀԿ նախարարների խորհրդի կոպենհագենյան հանդիպումը պետք է գնահատվի ոչ թե որպես որեւէ կողմի ձեռքբերում կամ անհաջողություն, այլ բանակցային գոր ծընթացի հեռանկարի պահպանման լուրջ եւ պարտավորեցնող գրավական։
Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, այս տոնական առիթով, ես հավաստում եմ իմ վճռականությունը հետեւողականորեն հետապնդել դրված նպատակները եւ Սահմանադրությամբ ինձ տրված լիազորությունների շրջանակներում կանգ չառնել ոչ մի խոչընդոտի առջեւ՝ հասնելու համար դրանց իրականացմանը։ Հայաստանի, Ղարաբաղի, մեր ողջ ժողովրդի համար կայուն խաղաղության, երաշխավորված ապագայի եւ բարգավաճման հնարավորությունների ապահովումը ինձ համար վեր է ամեն ինչից։
Ուստիեւ համայն հայությանը ես մաղթում եմ նախ եւ առաջ խաղաղություն, ապա՝ բոլոր մարդկային փափագների իրականացում եւ անձնական երջանկություն։
Շնորհավոր նոր տարի։
«Հայաստանի Հանրապետություն», 1 հունվարի, 1998 թ.։
ՀՀԱՆԱ, 28/31.12.97։ Բնագիր։ Ինքնագիր։