Ելույթ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստում
ԵԼՈՒՅԹ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 50-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏՈՒՄ
խմբագրել
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անուրանալի դերը նշանավորող այս հանդիսությունը պատմական իրադարձությունների բերումով համընկել է մեր նորանկախ պետության կերտման բախտորոշ ու շրջադարձային հանգրվանին։
Գիտությունն այսօր Հայաստանում կանգնած է նույն երկընտրանքների ու հիմնախնդիրների առջեւ, որոնց առջեւ կանգնած են հանրապետության տնտեսական եւ հասարակական հարաբերությունները, պետական եւ վարչական կառույցները։
Խորհրդային Միության փլուզմամբ խզվել են Ակադեմիայի ավանդական կապերը, վերացել կենտրոնացված պլանավորման եւ ֆինանսավորման համակարգերը, որ բնականաբար առաջացրել է լուրջ դժվարություններ եւ նույնիսկ հոռետեսական տրամադրություններ. Հուսանք՝ ժամանակավոր։
Ներկա դրությամբ Ակադեմիան եւ ընդհանրապես Հայաստանի գիտությունը փաստորեն կրում են այն բոլոր զրկանքները, որոնց ենթակա է մեր ողջ ժողովուրդը։ Մենք քաջ գիտակցում ենք, իհարկե, որ առկա պետական հատկացումները միանգամայն անկարող են բավարարելու գիտաշխատողների թեկուզ տարրական սոցիալական պահանջները եւ ապահովելու գիտության զարգացման բնականոն ընթացքը։ Միաժամանակ, սակայն, հարկ եմ համարում հավաստիացնել, որ պետու թյունն անում է այն, ինչ առայժմ հնարավոր է, թեեւ, իհարկե, հնարավորի սահմանը միշտ էլ առաձգական է եւ վիճելի։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ նշված պահանջների համարժեք բավարարումը կախված է Հայաստանի տնտեսության զարգացման եւ ժողովրդի ընդհանուր կենսամակարդակի բարձրացման հնարավորությունից, որն իր հերթին պայմանավորված է ղարաբաղյան պատերազմի ավարտմամբ ու շրջափակումների վերացմամբ։ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումից եւ շրջափակումների վերացումից հետո, վստահ եմ, եթե ոչ անմիջապես, ապա գոնե աստիճանաբար ոչ միայն կբարելավվի Հայաստանի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակը, այլ նաեւ լուրջ հնարավորություններ կստեղծվեն գիտության զարգացման համար։ Ուրախ եմ այս առիթով հայտարարելու, որ մենք երբեւէ այնքան մոտ չենք եղել խաղաղությանը, որքան այսօր։
Մեր հանրապետությունն՝ ընդհանրապես եւ Գիտությունների ազգային ակադեմիան՝ մասնավորապես, այսօր ապրում են տասնամյակների ընթացքում ձեռքբերված հարստություններն ու նվաճումները պահպանելու եւ անցումային շրջանի համար անխուսափելի կորուստները նվազագույնի հասցնելու հանգրվանը։ Եւ ի պատիվ Ակադեմիայի պետք է ասել, որ այս խնդիրը, չնայած ստեղծված ծանրագույն պայմաններին, նա լուծում է բավարար կերպով։
Հայաստանի անկախացման հետեւանքով առաջացած նոր պայմանները Ակադեմիայի առջեւ, բնականաբար, դնում են նաեւ նոր խնդիրներ, որոնցից կարեւորագույնը նրա կառուցվածքային վերափոխումն է։
Գաղտնիք չէ, որ իր 50-ամյա գոյության ընթացքում Հայաստանի Գիտությունների ակադեմիան եղել է Խորհրդային Միության միասնական գիտական համակարգի մի օղակը, եւ հանրապետության գիտատեխնիկական պահանջները բավարարելուց առավել՝ գործել է այդ համակարգի զարգացման նկատառումներով ու պահանջներով։ Հայաստանի Գիտությունների ակադեմիան իր կառուցվածքով եւ գիտական բնագավառների ընդգրկմամբ գրեթե պատճենել է միութենական ակադեմիայի կառուցվածքն ու ընդգրկումը։ Հասկանալի պատճառներով նման դրությունը հազիվ թե համատեղելի է Հայաստանի ներկա ու ապագա պահանջների, առավել եւս՝ հնարավորությունների հետ։ Ակադեմիայի առաջ կանգնած է հանրապետության գիտատեխնիկական պահանջներից, տնտեսության զարգացման առանձնահատկություններից եւ իրական հնարավորություններից բխող ինքնաբավ գիտական համակարգի ստեղծման խնդիրը։
Դա չի նշանակում, իհարկե, արմատական վերափոխման ենթարկել Ակադեմիայի ավանդաբար ձեւավորված կառուցվածքը. հիսունամյա փորձը, ձեռքբերված նշանակալից նվաճումները այն դարձրել են Հայաստանում գիտության կազմակերպման արդյունավետ կենսաձեւ, որից, մեղմ ասած, կասկածելի է հրաժարվել։ Այնուամենայնիվ, գիտակցելով գիտական ամբողջական համակարգի հավասարաչափ զարգացման անհնարինությունը, թերեւս ժամանակն է ճշտել գիտության այն առաջնային (պրիորիտետային) ուղղությունները, որոնք ի վիճակի են ապահովելու հայ գիտական մտքի մրցունակությունը միջազգային ասպարեզում։
Անկախ պետականության վերականգնմամբ Հայաստանը եզակի հնարավորություն է ձեռք բերել ինտեգրացվելու համաշխարհային գիտական համակարգում։ Մեր պարտքն է՝ որքան կարելի է արագ եւ առավելագույնս օգտվել այդ հնարավորությունից։ Այդ առումով ես բավականին հուսադրող եմ համարում Հայաստանի ազգային ակադեմիայի ձեռնարկած քայլերը ԱՊՀ երկրների շրջանակներում գիտական համագործակցության վերականգնման եւ ամրապնդման, ինչպես նաեւ տարբեր երկրների գիտական կենտրոնների հետ նոր կապերի հաստատման ուղղությամբ։
Հաջորդ կարեւոր խնդիրը, որի հրատապությունը վաղուց է գիտակցվում, բայց որն այդպես էլ դեռեւս չի գտել իր բավարար լուծումը, բուհական կրթության եւ ակադեմիական գիտության ներդաշնակման անհրաժեշտությունն է։ Չենք կարող չխոստովանել, որ մեզ առայժմ չի հաջողվել բուհական կրթության համակարգում լիովին օգտագործել Ակադեմիայի մտավոր կարողությունները, եւ հակառակը՝ բուհական գիտությանը հնարավորություն ապա հովել առավելագույնս օգտվելու ակադեմիական հաստատությունների գիտատեխնիկական բազայից, չխոսած այլեւս զուգահեռ կառույցների՝ ամբիոնների, բաժինների, գիտխորհուրդների անհարկի կրկնությունների մասին, որն արդեն պարզապես անիմաստ շռայլություն է։ Գիտնականների բանակն այսօր Հայաստանում արհեստականորեն բաժանված է երկու մասի, որոնցից մեկը ներկայացնում են դասախոսները, մյուսը՝ գիտաշխատողները։ Հուսանք, որ բուհական կրթության եւ ակադեմիական գիտության կազմա կերպիչների սերտ համագործակցությունը ժամանակի ընթացքում կշտկի այս անբնական վիճակը։
Ես կուզեի շոշափել եւս մեկ հարց, որը թեեւ վերաբերում է Ակադեմիայի ներքին կանոնադրությանը եւ այդ պատճառով դուրս է իշխանությունների իրավասության շրջանակներից, բայց որի արծարծումը, կարծում եմ, արդարացված է հոբելյանական հանգամանքով։ Ժամանակը չէ՞, արդյոք, լրջորեն մտածել ակադեմիական կոչումների միասնականացման մասին, վերացնելով Ակադեմիայի թղթակից-անդամի հնացած եւ իր նախնական իմաստից զրկված աստիճանը։ Չէ՞ որ ակնհայտ է, որ դա մեծապես կնպաստեր ակադեմիական կառույցի ամրապնդմանն ու գիտական մթնոլորտի առողջացմանը։
Այս հասունացած հարցն, իհարկե, պետք է լուծվի ոչ թե կամային որոշմամբ, դեկրետով, այլ Ակադեմիայի կանոնադրության կատարելագործման ճանապարհով կամ, ինչո՞ւ չէ, թերեւս ավելի ժողովրդավարական ձեւերով, ենթադրենք՝ Ակադեմիայի բոլոր գիտաշխատողների հանրաքվեի միջոցով։
Հոբելյանի առիթով, կարծում եմ, թերեւս ավելորդ չէ թեկուզ մի քանի թռուցիկ խոսքով անդրադառնալ նաեւ Ակադեմիայի նկատմամբ Հայաստանի պետության ու հասարակության հրատապ ակնկալիքներին։
Այս առումով ուզում եմ ձեզ հիշեցնել Հանրապետության Նախագահի՝ 1993թ. մարտի 9-ի հրամանագրի հետեւյալ կետը. «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան հանրապետության իշխանությունների պաշտոնական գիտական խորհրդատուն է, որի կողմից ներկայացված երաշխավորություններն ու առաջարկությունները ենթակա են պարտադիր քննարկման պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից»։
Ո՛չ ամենեւին քննադատության նպատակով, այլ սոսկ արձանագրության կարգով, կարծում եմ, ստիպված ենք համաձայնել, որ Ակադեմիան, ըստ էության, այս հանձնառությունը առայժմ չի ստանձնել։ Մյուս ակնկալիքը վերաբերում է հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում Ակադեմիային եւ ընդհանրապես մտավորականությանը վերապահված դերին։
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի խիստ բեւեռացումը իշխանություններին եւ ընդդիմությանը թելադրում են խաղի համապատասխան կանոններ, որոնք շատ հաճախ, մեղմ ասած, հեռու են բանականության եւ քաղաքակրթության տարրական պատկերացումներից։
Թեեւ ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանում հաստատված է խոսքի լիակատար ազատություն, բայց նաեւ դժվար է չխոստովանել, որ հրապարակախոսության մեջ համարյա բացակայում է անաչառ վերլուծությունը, տեսական ընդհանրացումը, քննադատությունը. նկատի չունեմ, այսպես կոչված, առողջ կամ կառուցողական քննադատությունը։
Ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի, Հայաստանում պաշտոնական եւ ընդդիմադիր ձայների կողքին համարյա չի լսվում երրորդ՝ հավասարակշռող, անկողմնակալ եւ կայունացնող ձայնը, որն իրավամբ պետք է պատկաներ մտավորականությանը, այդ թվում՝ ակադեմիական մտավորականությանը։
Իշխանությունների եւ ընդդիմության գործունեության անաչառ վերլուծությունը եւ քննադատությունը, մտավորականության սրբազան պարտքը լինելով, այսօր անչափ անհրաժեշտ են երկրի քաղաքական կայունության եւ քաղաքացիական համերաշխության ապահովման տեսակետից, մանավանդ, հանրապետության Սահմանադրության ընդունման եւ իշխանության մարմինների նոր ընտրությունների նախօրյակին։
Ավարտելով խոսքս, պարտք եմ համարում Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի անունից մեծարանքի ու հարգանքի տուրք մատուցել հայկական գիտության բոլոր երախտավորներին, եւս մեկ անգամ հավաստել գիտական մտքի զարգացման գործում Ակադեմիայի բազմամյա ղեկավար, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանի կատարած անգնահատելի դերը, հաջողություն մաղթել Ակադեմիայի ներկայիս պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանին՝ գիտության կազմակերպման դժվարին ու պատասխանատու բնագավառում եւ սրտանց շնորհավորել Ակադեմիայի բոլոր աշխատակիցներին այս նշանակալից տոնի առթիվ։ Ուզում եմ նաեւ հատուկ շնորհակալությամբ գնահատել այն փաստը, որ Գիտությունների ազգային ակադեմիայի ծոցից ելած հարյուրավոր մասնագետներ այսօր հաջողությամբ ծառայում են մեր նորանկախ պետության իշխանությունների տարբեր կառույցներում։
«Հայաստանի Հանրապետություն», 26 մայիսի, 1994 թ.։
Հրատարակված՝ «Ժամանակն է ճշտել գիտության առաջնային ուղղությունները» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/25.05.94։ Բնագիր։ Ինքնագիր։