Ելույթ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստում՝ Սահմանադրության ընդունման եղանակի մասին
ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
խմբագրել
Հայ քաղաքական մտքի եւ հրապարակախոսության արդի հանգրվանը բնութագրվում է հիմնականում երկու գաղափարի՝ ազգային համաձայնության եւ ազգային գաղափարախ ոսության հարաճուն արծարծմամբ, որոնք սովորաբար ներկայացվում են որպես ամենաբուժիչ դեղատոմս հայ ժողովրդի բոլոր իղձերի իր ականացման համար։ Իրենց վեհությամբ ու խորությամբ հանդերձ՝ այդ գաղափարները կարեւոր են թվում, սակայն, միայն առաջին հայացքից։
Հարցերի խորքը թափանցելու պարագայում ակնհայտ է դառնում, որ իրականում ազգային համաձայնություն հասկացությունն ընդամենը կեղծ քաղաքական կատեգորիա է, որովհետեւ ազգի գոյությունն ինքնին ազգային համաձայնության իրողություն է։
Գիտակցաբար, թե բնազդով, տեսականացված, թե ոչ՝ ազգը, քանի դեռ գոյություն ունի, իր անդամների առնվազն 90 տոկոսով մշտապես գտնվում է համաձայնության վիճակում, այսինքն՝ ունի իր ընդհանուր հոգսերը, ազգային սրբությունները, սովորույթներն ու ավանդույթները, լեզուն, հավատը, մշակույթը, նաեւ՝ բաղձանքներն ու ապագայի պատկերացումները, որոնցով նա տարբերվում է այլ ազգերից։
Անհամաձայնություն կարող է լինել եւ կա միայն ազգի մի մասի, այն էլ չափազանց փոքր մասի՝ քաղաքական շրջանակների միջեւ, որոնք իրենց անհամաձայնությունը հակված են նենգափոխված կերպով ներկայացնե լու որպես ազգային անհամաձայնություն։ Ինքնին պարզ է, թե նման հակումը, չծառայելով որեւէ դրական տեղաշարժի, միաժամանակ ինչպիսի անառողջ եւ հոռետեսական մթնոլորտ է ստեղծում ազգի ներսում։ Կեղծ քաղաքական կատեգորիա է նաեւ ազգային գաղափարախոսություն հասկացությունը, որովհետեւ ժողովրդավարության պայմաններում անհնար է ողջ ազգին համախմբել մեկ միասնական գաղափարախոսության շուրջ։ Միշտ էլ կլինեն մարդիկ կամ մարդկանց խմբեր, եւ դա նրանց լիակատար իրավունքն է, որոնք երբեւիցե չեն ընդունի այդ գաղափարախոսությունը։
Գաղափարախոսության մենատիրությունը հնարավոր է միայն բռնապետության կամ ամբողջատիրության պայմաններում, որ ապացուցվում է թե՛ հայ ժողովրդի, թե՛ համայն մարդկության պատմական փորձով։ Պատմական փորձը ցույց է տալիս նաեւ, որ որեւէ գաղափարախոսություն ինքնին դեռեւս վտանգ չի ներկայացնում. այն վտանգավոր է դառնում միայն այն ժամանակ, երբ նրա գործադրումը պարունակում է մենատիրության կամ բռնության տարր։
Ազգային գաղափարախոսության ջատագովներն ակամա նրան տալիս են խորհրդավոր, համարյա կրոնական բովանդակություն, որ պարարտ հող է ստեղծում ամբոխավարության ու քաղաքական շահարկումների համար։ Խորհրդավորության քողը, սակայն, ազգային խնդիրները դարձնում է վերացական, կտրում իրական լուծումներից։
Եթե հարկ է զգացվում անպայման դիմել ազգային գաղափարախոսություն հասկացության օգնությանը՝ թեկուզ որպես քաղաքական էթիկետի պահանջի, ապա, իմ կարծիքով, պարտադիր չէ այն պատել խորհրդավորության, միստիկայի քողով։ Ընդհակառակը, իմ հասկացողությամբ, դա պետք է լինի պարզ, որոշակի եւ գործադրելի ծրագիր, այն է՝ Հայաստանը տեսնել որպես ամուր, ապահով, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն, ծաղկող մշակույթ եւ բարգավաճող տնտեսություն։
Ահա մոտավորապես սա է հայ ժողովրդի ներկա ազգային իրական խնդիրը, եթե կուզեք՝ ազգային ծրագիրը, որը, ինչպես տեսնում ենք, ոչ մի գաղտնիք, ոչ մի խորհրդավորություն կամ դիցաբանություն չի պարունակում։ Իհարկե, ինձ անմիջապես կարող են առարկել, թե ազգային կոչված այս ծրագրում ըստ էության որեւէ ազգային առանձնահատկություն չկա, եւ այդ առարկությունն առաջին հայացքից կարող է իրավացի թվալ։ Հիրավի, հիշյալ ձեւակերպման մեջ ազգայինը միայն Հայաստան անունն է, մնացածը հատուկ է բոլոր ազգերին, այսինքն՝ իրականում համամարդկային է։ Իսկ երբ մի հասկացություն դառնում է համամարդկային օրինաչափություն, ապա այդ հասկացությունը քաղաքականությունից տեղափոխվում է հասարակագիտության ոլորտ, կատեգորիայից վերածվելով ունիվերսալիայի։ Սակայն իր ունիվերսալությամբ հանդերձ՝ այդ ծրագիրը չի դադարում ազգային լինելուց, քանի որ ի զորու է ծառայելու յուրաքանչյուր ազգի զարգացման ու բարգավաճման խնդրին։
Թեեւ պարզ ու անխորհուրդ, թեեւ համամարդկային՝ այս ծրագիրը դժվար թե մերժելի կամ վիճարկելի լինի որեւէ քաղաքական ուժի համար։
Անհամաձայնությունն առկա է միայն ծրագրի իրականացման ուղիների շուրջ. յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն այդ ուղին պատկերացնում է յուրովի։ Նման անհամաձայնությունը բնական է եւ անհաղթահարելի, կարելի է ասել՝ հավիտենական։
Փորձել կենտրոնանալ տվյալ իրողության վրա եւ ճիգ թափել համաձայնության գալու՝ նշանակում է իզուր վատնել ազգի ներուժը եւ զբաղվել բացահայտ անիմաստ գործ ունեությամբ։ Ժողովրդավարության պայմաններում, միեւնույն է, ինչ ճիգ էլ թափվի, երբեւէ սոցիալիստը՝ ռամկավար-ազատականին կամ ազգայնականը՝ ժողովրդավարին չի կարողանա ապացուցել իր դավանանքի ճշմարտությունը։
Մերժելով համաձայնության անիրագործելի ձգտումը գաղափարախոսական ոլորտում եւ ազգային հիմնախնդիրների իրականացման ուղիների ընտրության հարցում, կարող է ստեղծվել այն խաբուսիկ տպավորությունը, թե ես հասարակության համար ընդհանրապես մերժում եմ համաձայնության որեւէ հնարավորություն։ Քավ լիցի։ Համաձայնությունը միանգամայն հնարավոր է, ավելին՝ կենսականորեն անհրաժեշտ, սակայն միայն հասարակական համակեցության նորմերի եւ քաղաքական ուժերի գործելակերպի կանոնների շուրջ։
Այդպիսի համաձայնության կատարյալ մարմնավորումը Սահմանադրությունն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդի միասնական կամքով կնքված պայմանագիր, ազգային դաշինք՝ հասարակական համակեցության եւ գործելակերպի կանոնների վերաբերյալ, որին պարտավոր են ենթարկվել հասարակության բոլոր անդամները, բոլոր հաստատությունները։
Այստեղից ինքնըստինքյան պարզ է, թե որքան ավելի մարդ մասնակցի այդ պայմանագրի կնքման արարողությանը, այնքան անխախտ ու անսասան կդառնա Սահմանադրությունը։ Թեկուզ միայն այս առումով արդեն Սահմանադրության ընդունման լավագույն եղանակը հանրաքվեն է, մանավանդ՝ քաղաքական ուժերի բեւեռացման՝ Հայաստանում ստեղծված ներկա շփոթ վիճակում։ Ավելորդ չէ թերեւս նշել նաեւ, որ հանրաքվեի միջոցով ընդունված Սահմանադրությունը, հետագայում բացառելով իշխանության մարմինների լիազորությունների վերաբաշխման վտանգավոր միտումը, ամուր հիմք կդառնա պետության կայունության եւ քաղաքացիական համերաշխության համար։
Ես չեմ ընդունում, ավելին՝ կտրականապես մերժում եմ այն առարկությունը, թե իբր ժողովուրդն ի վիճակի չէ կողմնորոշվելու Սահմանադրության հարցում։ Մերժում եմ, քանի որ նախ՝ հայ ժողովուրդը ոչնչով պակաս չէ այն ժողովուրդներից, որոնք իրենց Սահմանադրությունն ընդունել են հանրաքվեի միջոցով (նոր ից ազգային ստորակայության չարաբաստիկ բարդույթը), եւ երկրորդ՝ եթե նա կողմնորոշվում է պատգամավորական թեկնածուների հազարավոր խայտաբղետ ծրագրերի հարցում, ապա շատ ավելի հեշտությամբ կարող է վերաբերմունք արտահայտել Սահմանադրության մեկ-երկու նախագծի նկատմամբ։
Նկատի ունենալով վերջին շրջանում սահմանադրական գործընթացի նկատմամբ խորհրդարանի, քաղաքական կազմակերպությունների, մամուլի միջոցների դրսեւորած լրջագույն ուշադրությունը, ոչ մի կասկած չունեմ, որ հայ ժողովուրդն ամենամոտ ապագայում կընդունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ էապես լիցքաթափելով հասարակական լարվածության մթնոլորտը եւ իր տրամաբա նական ավարտին հասցնելով անկախ պետականության վերականգնման առաջին, բախտորոշ փուլը։
Հանգուցալուծումն այսպիսով մոտ է, բայց բոլոր դեպքերում՝ ոչ պարզունակ։ Մեզ՝ իշխանության պատասխանատուներիս համար այսօր ամենակարեւոր խնդիրն է՝ առանց ցնցումների եւ օրինականության շրջանակներում անցկացնել մինչեւ Սահմանադրության ընդունումն ու իշխանության նոր մարմինների ընտրությունն ընկած առաջիկա ժամանակահատվածը, որի համար փոխհանդուրժողականությունից բացի թերեւս կպահանջվի մշակել նաեւ մեր գործելակերպի ժամանակավոր կանոններ, ես չեմ ուզում օգտագործել քաղաքական պայքարի մորատորիում կամ քաղաքացիական համաձայնություն վերամբարձ հասկացությունները։
Սակայն նախքան գործելակերպի այդ կանոններին անցնելը՝ մի քանի խոսք Հայաստանի ներքաղաքական կացության մասին, որի վերջին բնորոշ գիծը իր արտահայտությունն է գտել ազգային համաձայնության (կոալիցիոն) կառավարության գաղափարի մեջ։
Ո՞րն է այդ գաղափարի հիմքը. ընդդիմության տեսակետից՝ Հայաստանի ներկա իշխանությունները վերածվել են հանցագործ խմբակցության, թայֆայի, քայքայել են հանրապետության տնտեսությունը, սերտաճել մաֆիայի հետ, դավաճանել ազգային դատին, ծախել Ղարաբաղը, կորցրել մեր ավանդական դաշնակիցներին եւ այլն, ուստի անհրաժեշտ է թեկուզ փողոցային խռովությունների ու կախաղանների միջոցով նրանց հեռացնել ասպարեզից եւ կոալիցիոն կառավարության օգնությամբ ազգը փրկել անխուսափելի կործանումից։
Երբ ընդդիմությանը հիշեցվում է, որ Հայաստանի ներկա իշխանություններն ընտրվել են օրինական ճանապարհով, նա պատասխանում է՝ ընտրությունները տեղի են ունեցել Ղարաբաղյան շարժման ալիքի վրա եւ հանդիսացել են ոչ այնքան քաղաքական գիտակցության, որքան ժողովրդի զգացմունքային վերաբերմունքի արդյունք։
Երբ ասվում է, որ գործող կառավարությունից, առկա օրենսդրության շրջանակներում, կարելի է ազատվել խորհրդարանի կողմից նրան անվստահություն հայտնելու միջոցով, ընդդիմությունը հակաճառում է՝ ներկա խորհրդարանը չի արտահայտում հասարակության մեջ առկա քաղաքական ուժերի ճիշտ հարաբերակցությունը, ուստի անվստահության մեխանիզմն անհնար է կիրառել։
Իսկ երբ խոսք է գնում նոր ընտրությունների միջոցով այդ հարցը լուծելու մասին, ընդդիմությունը նորից առարկում է, ասելով, թե ի սկզբանե պարզ է, որ իշխանությունները կկեղծեն ընտրությունների արդյունքները։
Եթե մի պահ անգամ ընդունելու լինենք իշխանություններին հասցեագրված այս անողոք մեղադրանքների ճշմարտացիությունը, ապա դեռ մեծ հարց է, թե որքանով է արդարացված ու փրկարար իշխանության ձեռքբերման ընդդիմության առաջարկած ուղին։ Մի՞թե ակնհայտ չէ, որ իշխանության անօրինական փոփոխման վտանգավոր նախադեպը ոչ այնքան կհարվածեր ներկա իշխանություններին, որքան կործանարար կդառնար Հայոց պետականության ապագա կայունության համար։
Մենք՝ Հայոց անկախ պետականության առաջին իշխանավորներս, մեր առօրյա պարտականությունների կատարումից, կառավարման ու վերահսկողության լիազորությունների իրականացումից, Սահմանադրության եւ օրենքների ընդունումից բացի, պարտավոր ենք դնել նաեւ պետական ավանդույթների ամուր հիմքերը, որոնցից ամենահիմնականը ընտրությունների հոգեբանության արմատավորումն է։ Առայժմ Հայաստանում անցկացվել են երեք ազատ ընտրություններ. ներկա Գերագույն խորհրդ ի ու Հանրապետության Նախագահի ընտրությունները եւ Անկախության հանրաքվեն։ Այսօր բոլոր հիմքերը կան հաստատելու, որ Սահմանադրության հանրաքվեն եւ Ազգային ժողովի ու Հանրապետության Նախագահի նոր ընտրությունները կնշանավորեն պետական այդ հիմնարար ավանդույթի վերջնական արմատավորումը։
Ուստի, այսպես կոչված ազգային համաձայնության կայացման եւ ներկա իշխանություններից ազատվելու միակ օրինական, միաժամանակ ամենակարճ ճանապարհը Սահմանադրության ընդունումն ու նոր ընտրություններն են։
Հայաստանում իշխանությունը չպետք է եւ չի կարող փոխվել այլ կերպ, քան ընտրությունների միջոցով։ Հայաստանը Վրաստանի, Ադրբե ջանի կամ Տաջիկստանի վերածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։
Նկատի ունենալով, ահա, այս ամենը, ես ձեր ուշադրությանն եմ ներկայացնում առաջիկա ժամանակահատվածում իշխանությունների եւ քաղաքական կազմակերպությունների գործելակերպի հետեւյալ ժամանակավոր կանոնները.
1. Վստահելով Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովի եւ վեց կուսակցությունների համապատասխան աշխատակազմի կատարած աշխատանքին՝ խորհրդարանն առանց քննարկման հանրաքվեի է դնում նրանց մշակած սահմանադրությունների նախագծերից մեկը։
2. Նման որոշում չկայացնելու դեպքում Գերագույն խորհուրդը այլընտրանքային կարգով հանրաքվեի է դնում Սահմանադրական հանձնաժողովի եւ վեց կուսակցությունների պատրաստած երկու նախագծերը՝ անհրաժեշտության պարագայում անցկացնելով հանրաքվեի երկրորդ տուր։
3. Եթե հանրաքվեի արդյունքով ընդունվում է վեցյակի Սահմանադրությունը, ես անմիջապես հրաժարական եմ տալիս։
4. Եթե ընդունվում է Սահմանադրական հանձնաժողովի նախագիծը, անցկացվում են Ազգային ժողովի եւ Հանրապետության Նախագահի նոր ընտրություններ։
5. Գերագույն խորհուրդն ընթացիկ նստաշրջանում ընդունում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ ընտրությունների մասին օրենքները։ Համոզված եմ, որ բարիկամեցողության դրսեւորման դեպքում կարելի է հեշտությամբ համաձայնության գալ մեր գործելակերպի այս կանոնների շուրջ։
«Հայաստանի Հանրապետություն», 26 ապրիլի, 1994 թ.։
Հրատարակված՝ «Սահմանադրության ընդունման լավագույն եղանակը հանրաքվեն է» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/25.04.94։ Բնագիր։ Ինքնագիր։