Ելույթ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստում 1991






ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

խմբագրել
(28 փետրվարի, 1991թ.)

Հարգելի պատգամավորներ,

Երկու օր է, ինչ Հայոց խորհրդարանը քննում է միութենական հանրաքվեի եւ միութենական պայմանագրի նկատմամբ մեր վերաբերմունքի հարցը։

Այս քաղաքական բանավեճը ես համարում եմ երեւույթ, միայն թե կցանկանայի կատարել մի քանի անհրաժեշտ ճշգրտում։

Բնական է, որ բանավեճի ժամանակ կողմերը դիմում են ծայրահեղացումների, խիստ եւ կտրուկ շեշտադրումների, բայց դա չպետք է հասնի գռեհկացման։

Նման գռեհկացում եմ ես համարում քաղաքական եւ տնտեսական անկախությանը տրված առանձին բնորոշումներ։

Պետք է մեկընդմիշտ գիտակցել, որ անկախություն` չի նշանակում մեկուսացում։ Այս հասկացությունները պետք է իրարից հստակ տարբերակել եւ երբեք շահարկման առարկա չդարձնել, քանի որ դա էժան շահարկում է։ Պետք է վերջապես հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքական անկախությունն, ընդհակառակը, ենթադրում է ավելի լայն կապեր, ավելի սերտ հարաբերություններ, ավելի համակողմանի ու բազմազան համագործակցություն արտաքին աշխարհի հետ, քան կախյալ կամ կիսանկախ կարգավիճակը։

Նույնը վերաբերում է նաեւ տնտեսական անկախությանը, որը նույնպես ամենեւին չի նշանակում մեկուսացում։ Տնտեսական անկա խություն` նշանակում է վարել անկախ տնտեսական քաղաքականություն, մտնել այնպիսի տնտեսական կապերի մեջ, հաստատել այնպիսի հարաբերություններ, որոնք բխում են սեփական պետության շահերից։ Այն տնտեսական համակարգը, որ մենք այսօր ունենք, պարտադրված է մեզ, եւ դա ամենեւին հնարավորություն չի տալիս վարել ինքնուրույն տնտեսական քաղաքականություն։ Այդ իսկ պատճառով, նա արդեն մեզ համար ընդունելի չի կարող լինել, քանի որ կաշկանդում է մեր բնական զարգացումը եւ վիժեցնում հանրապետության տնտեսական բարգավաճումը։

Սրանք իբրեւ պարզ դիտողություններ, որպեսզի այսուհետեւ նման կարգի հակաճառությունները չշահարկվեն բանավեճերի ընթացքում, եւ ավելորդ ժամավաճառության տեղիք չտրվի։

Իսկ այժմ քննության դրված բուն խնդիրների շուրջ. նախ` միութենական հանրաքվեի մասին։

Իմ խորին համոզմամբ` միութենական հանրաքվեն, որին այնքան ձգտում են կենտրոնական իշխանությունները, որին ձգտում են բոլոր հետադիմական ուժերը` շահագրգռված ամբողջատիրական իրավակարգի պահպանմամբ, ոչ թե իրավական ակտ է, այլ զուտ պրոպագանդիստական միջոցառում։ Ես կարծում եմ, նույնիսկ այդ միջոցառման կազմակերպիչները հասկանում են, որ իրավական ուժ չի կարող ունենալ մի որոշում, որը հանրաքվեի միջոցով կայացնելու է ժողովրդի մեկ քառորդը. եւ այդ որոշումը, անկախ առանձին հանրապետություններում ստացված արդյունքից, պարտադիր է լինելու ողջ երկրի տարածքում։ Դա փաստորեն լիովին ոտնահարում է ազգերի ինքնորոշման իրավունքը, քանի որ ոչ թե հանրապետությունն է որոշում իր բախտը, այլ միությունն է որոշում հանրապետության կարգավիճակը։ Այդ դեպքում հարց կարող է առաջանալ` մի՞թե միութենական կենտրոնը չի զգում իրավական այս անհեթեթությունը։ Զգում է եւ քաջ գիտակցում, բայց առաջնորդվում է ուժի դիրքերից բխող անպատկառությանցինիզմի դրսեւորման դեռեւս գործող մեխանիզմով` մոլորության մեջ գցելու համար ե՛ւ միութենական, ե՛ւ համաշխարհային հասարակական կարծիքը։

Անպատկառության - ցինիզմի արտահայտություն է նաեւ միութենական պայմանագրի առաջարկված նախագիծը։ Անպատկառությունն այս դեպքում արդեն կայանում է նրանում, որ նախագիծը չի համապատ ասխանում հանրապետությունների ձեռք բերած այսօրվա կարգավիճակին։ Ցանկացած պայմանագիր, ցանկացած քաղաքական ծրագիր սովորաբար հիմնվում է զրոյական վիճակի վրա։ Զրոյական վիճակը պետք է լիներ քաղաքական ուժերի բաշխման այսօրվա իրականությունը։ Եթե նշված նախագիծը հանրապետություններին առաջարկվեր երեքհինգ տարի առաջ, գուցեեւ ողջունելի ու ընդունելի լիներ նրանց համար։ Ո՞րն է, ուրեմն, հակասությունը։ Այն, որ ներկայացված նախագծում հանրապետություններից պահանջվում է հրաժարվել այն ամենից, ինչ նրանք արդեն ձեռք են բերել։ Սա անմտություն է, ուտոպիա։ Ոչ մի հանրապետություն չի հրաժարվի նրանից, որ ձեռք է բերել վերջին երեք տարիների ընթացքում։

Փաստ է, որ մեզ մոտ արդեն յոթ ամիս է, եթե ոչ ավելի, որ չեն գործում միութենական օրենքները։ Այդ օրենքները չեն գործում նաեւ մի շարք այլ հանրապետություններում։ Հայաստանի տարածքից դուրս դադարեցված է հայ զինապարտների զորակոչը խորհրդային բանակ։ Նույնը նաեւ մի շարք այլ հանրապետություններում։ Հայաստանում եւ այլ հանրապետություններում պետական լեզու է հայտարարված մայրենին։ Մեր հանրապետությունում ապաքաղաքականացված են բոլոր պետական հիմնարկներն ու ձեռնարկությունները, իրավապահ մարմինները դառնում են հանրապետական ենթակայության։

Ինչպե՞ս, ուրեմն, Հայաստանը կամ այլ հանրապետություններ հրաժարվեն այս նվաճումներից։ Դա կարող է տեղի ունենալ միայն բռնի ուժի գործադրությամբ եւ ամենեւին ոչ կամավոր հիմունքներով, որ ի բնե հակասում է պայմանագիր հասկացության ոգուն։

Եթե միութենական կենտրոնն անկեղծորեն ձգտում էր իրականանալի դարձնել պայմանագրի այդ նախագիծը, ապա գոնե պետք է ելակետ ընդուներ այսօրվա վիճակը, այսինքն` հանրապետությունների նվաճած ինքնիշխանության իրողությունը։ Ընդուներ այն, ինչ այսօր արդեն ձեռք են բերել հանրապետությունները եւ միայն դրա հիման վրա նրանց առաջարկեր որեւէ պայմանագիր։ Այլապես Կենտրոնի ձգտումը դառնում է ուտոպիա, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ինքնիշխանության հասած մյուս հանրապետությունները չեն կնքի այդ պայմանագիրը։ Ուրեմն այս դեպքում եւս Կենտրոնն ակնհայտորեն առաջնորդվում է ոչ թե իրապաշտության զգացումից, այլ կրկին՝ ուժի դիրքերից։ Եթե այդպես է, ապա դա կատարվում է նորից միայնումիայն պրոպագանդիստական նպատակով։ Նույնիսկ այնպիսի երկրորդական իրողություն, ինչպիսին միութենական պայմանագրի նախագծի քննարկումն է աշխատանքային հանձնաժողովներում, պրոպագանդիստական նկատառումներով արդեն ներկայացվում է որպես հանրապետությունների համամտություն Կենտրոնի ձեռնարկմանը։

Իսկ պրոպագանդիստական նկատառումները թելադրված են իշխանության համար մղվող պայքարի պահանջներից։

Երկու օր է` մենք լսում ենք Գորբաչովի ելույթները Բելոռուսիայում։ Եւ որքան էլ դժգոհ լինենք այդ ելույթներից, մի բանում մենք պետք է նրա հետ համաձայնենք. իսկապես երկրում չափազանց լուրջ պայքար է ընթանում իշխանության համար, պայքար՝ հետադիմական եւ առաջադիմական, պահպանողական եւ բարենորոգիչ ուժերի միջեւ։ Այդ պայքարի ընթացքում երկու կողմերն էլ` ե՛ւ հետադիմականները, ե՛ւ առաջադիմականները, դիմում են բոլոր թույլատրված եւ, նույնիսկ, որոշ չթույլատրված միջոցների։ Պայքարը բնական է, պայքարը հասկանալի, բայց պետք է անել ամեն ինչ, եւ ես այստեղ էլ համաձայն եմ Գորբաչովի հետ, որ այն ընթանա միայնումիայն Սահմանադրության, օրինականության սահմաններում` բացառելով բռնության կամ քաղաքական սադրանքի որեւէ փորձ։

Այսպիսով, Կենտրոնի երկու ձեռնարկումներն էլ` ե՛ւ միութենական հանրաքվեն, ե՛ւ միութենական պայմանագրի քննարկվող նախագիծը, ես համարում եմ հետադիմական ուժերի պրոպագանդիստական ծրագրի պատեհապաշտ միջոցառումներ, ո՛չ ավելին։

Այժմ ավելի ընդհանուր գծերով` երկրի եւ մեր հանրապետության զարգացման հեռանկարի մասին։ Կարծում եմ, այս հարցին օգտակար է մոտենալ ոչ միայն այսօրվա քաղաքական իրողությունների, այլեւ զուտ փիլիսոփայական դիտանկյունից` մեկնելով հասարակագիտության ընդհանուր օրենքներից։

Բազմազգ, մանավանդ ունիտար պետական կառուցվածք ունեցող Միության գոյությունը հակասում է հասարակության զարգացման օրենքներին։ Բոլոր բազմազգ կայսրությունները վերացել են։ Անկախ

մեր կամքից, Խորհրդային Միությունն էլ պետք է վերանա։ Մենք կարող ենք արագացնել կամ դանդաղեցնել այդ պրոցեսը, բայց դա անխուսափելի է։ Այդպիսի պետությունը հնարավոր է ժամանակավորապես պահպանել միայն որպես համակենտրոնացման ճամբար, բռնի ուժի միջոցով, ինչպես տեղի է ունեցել յոթանասունչորս տարի։ Այդպիսի պետությունը գտնվում է ներքին խոր հակասությունների մեջ, նրանում առկա իրողություններն իրարամերժ են եւ վիժեցնում են նման պետության բնական գոյատեւումը։

Այդ իրարամերժ եւ անհամատեղելի իրողություններն են` միությունը, ժողովրդավարությունը եւ տնտեսական բարգավաճումը։ Համաշխարհային փորձով մեկընդմիշտ արդեն ապացուցված է, որ տնտեսական բարգավաճում հնարավոր է միայն ազատ, եւ ոչ թե կենտրոնացված տնտեսության պայմաններում։ Իր հերթին ազատ տնտեսության իրականացումը ենթադրում է ժողովրդավարության անհրաժեշտ մակարդակ, որ հակասում է ունիտար միության էությանը։ Ե՛վ ժողովրդավարության ընդլայնումը, ե՛ւ տնտեսական ազատությունը բնականորեն հանգեցնում են հանրապետությունների եւ երկրամասերի տնտեսական ինքնուրույնության, որ անխուսափելիորեն հիմք կծառայի նրանց քաղաքական անկախության։

Քանի որ ժողովրդավարությամբ պայմանավորված տնտեսական բարգավաճումը նշանակում է Խորհրդային Միության անխուսափելի մասնատում, ապա բացառված չէ, որ կայսերամետ իշխանությունները փորձեն այն պահպանել բռնի ուժի միջոցով, ինչպես անցած տասնամյակների ընթացքում։ Սակայն այս դեպքում արդեն առաջանում է Միության կործանման մի նոր, ավելի ահավոր եւ արագընթաց վտանգ` ժողովրդական զանգվածների սոցիալական դժգոհությունը, որ ընդունակ է ջնջելվերացնել ամեն ինչ։

Գոյություն ունի այդ դժգոհությունը կանխելու երկու եղանակ` բռնության կիրառումը եւ երկրի բնական պաշարների անխնա վատնումը։ Բայց, ի դժբախտություն կայսերապետական ուժերի, դրանք ժամանակավոր եւ, մանավանդ, հանցավոր միջոցներ են։ Կգա ժամանակ, երբ միութենական համակենտրոնացման ճամբարի գոյությունը կդիտվի որպես հանցագործություն մարդկության հանդեպ։ Նույնպիսի հանցագործություն կդիտվի նաեւ երկրի բնական հարստությունների սպառու մը։ Ինչպես գյուղացուն հող է տրվում` նրանից առավելագույն արդյունք ստանալու եւ իր ընտանիքի ու ազգի բարգավաճմանը նպաստելու համար, այնպես էլ հողագնդի մեկ վեցերորդ մասը նախախնամությամբ տրամադրված է խորհրդային ժողովուրդներին` երկրի եւ աշխարհի բարօրությանը նպաստելու պայմանով։ Մարդկությունը կարող է վաղը պարտամուրհակ ներկայացնել Խորհրդային Միությանը, որով հետեւ նրա սեփականությունը, վերջին հաշվով, նաեւ ողջ աշխարհի սեփականությունն է։

Ուստի Խորհրդային Միությունը ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին հանգամանքների բերումով պարտավոր է ենթարկվել հասարակության զարգացման համաշխարհային օրենքներին, այսինքն՝ անկախ այն բանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչպիսի ժամանակավոր նահանջներ տեղի կունենան, միեւնույն է` Միությունը վաղ թե ուշ պետք է քայքայվի։ Ցանկալի եւ հնարավոր է, որ քայքայումը կատարվի բնական, անարյուն, քաղաքակիրթ ձեւով, եւ Միությունը վերածվի ժողովուրդների մի համերաշխ համագործակցության, ինչպիսին է, օրինակ, եւրոպական երկրների համագործակցությունը։ Ավելի լավ օրինակ մարդկությունը դեռեւս չի ստեղծել։ Հնարավոր է, որ ապագայում այդ պիսին ստեղծվի։

Միության վերածումը նման համագործակցության նույնպես բխում է հասարակության զարգացման օրենքներից։ Թեեւ ասվեց, որ Խորհրդային Միությունն անխուսափելիորեն պետք է քայքայվի, բայց, քանի որ այն պատմական իրողություն է, ձեւավորվել է հարյուրավոր տարիների ընթացքում, ապա փլուզվելով հանդերձ` այդ Միությունը չի կարող անհետ կորչել։ Փաստ` թեկուզ անգլիական եւ ֆրանսիական գաղութային համակարգերը, որոնք թեեւ քաղաքականապես փլուզված են, բայց իրականում գոյություն ունեն որպես անկախ պետությունների քաղաքական, տնտեսական, հոգեւորմշակութային սերտ համագործակցություններ։

Խորհրդային ժողովուրդների դարավոր համակեցությունը նույնպես ստեղծել է քաղաքական, տնտեսական եւ, մանավանդ, հոգեւոր հարաբերություններ ու կապեր։ Երեկ պատգամավոր Իշխանյանն իր ելույթում արդարացի զայրույթ էր արտահայտում Հայաստանում ռուս մշակութային գործիչների, թեկուզեւ ականավոր եւ արժանի գործիչների արձանների առատության առիթով, շեշտելով, մանավանդ, եւրոպական, համաշխարհային մշակույթի ներկայացուցիչների արձանների լիակատար բացակայության հանգամանքը։ Սա, անշուշտ, հիմնականում արդյունք է քաղաքական հարկադրանքի ու ազգային ստրկամտության, բայց հոգեւոր, մշակութային առումով նույնպես բնական ու հասկանալի է, քանի որ նոր եւ նորագույն դարաշրջաններում հայ մշակույթն ավելի շատ կապված է եղել ռուսական, քան եւրոպական մշակույթի հետ։ Նույնն է եղել նաեւ խորհրդային մյուս ժողովուրդների ճակատագիրը։ Ավելին, բացառությամբ մի քանի ժողովուրդների (հայեր, վրացիներ, բալթեր եւ այլն), մյուսներն արդի քաղաքակրթությանն են շփվել միայն ու միայն ռուսական մշակույթի խողովակով։

Ինչպե՞ս կարող է, ուրեմն, հոգեւոր այս ժառանգությունն անհետ կորչել։ Ես վստահ եմ, որ, անկախ քաղաքական ցնցումներից ու վերիվայրումներից, խորհրդային ժողովուրդներն ապագայում, գուցե ոչ նույն կազմով ու ընդգրկմամբ, կգտնեն համագործակցության մի ներդաշնակ ձեւ։ Բայց հասկանալի է, որ դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնել։ Այնուամենայնիվ, որքան էլ հեռու, այս հեռանկարը պետք է դառնա մեր այսօրվա քաղաքական ծրագրերի հիմքը։ Այսպիսով, Խորհրդային Միության ապագան մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ.


- Միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող անկախ պետությունների համագործակցություն, որտեղ բացառվում է միութենական կառավարության, ընդհանուր Սահմանադրության եւ միասնական օրենսդրության գոյությունը։

- Համագործակցության գերագույն համակարգիչ իշխանությունն իրականացնում է անդամպետությունների նախագահների խորհուրդը (ներկայիս Ֆեդերացիայի խորհուրդը)։

- Տնտեսական համագործակցությունն իրականացնում է անդամպետությունների վարչապետների խորհուրդը` համապատասխան աշխատանքային ապարատով։

- Համագործակցության ընդհանուր քաղաքականության մշակման օրենսդրական մարմին է հանդիսանում խորհրդարանը` կազմված անդամպետությունների հավասար ներկայացուցչության սկզբունքով (ներկայիս Ազգությունների խորհուրդը)։ Ահա սա է մոտավորապես այն իդեալը, որին մենք պետք է ձգտենք, դրա համար այսօր եւեթ կատարելով բոլոր հնարավոր քայլերը։ Հասկանալի է, որ այդ հնարավոր քայլերի շարքում կարող են նաեւ անհրաժեշտաբար կնքվել որոշ ժամանակավոր համաձայնագրեր, ինչպես հորիզոնական` միութենական հանրապետությունների միջեւ, այնպես էլ` ուղղահայաց։

Սրանից ելնելով, մենք պետք է այսօր հստակ ճշտենք մեր քայլերը։ Ինձ թվում է, իմ ասածից պարզ ենթադրվում է, որ Հայաստանը չի մասնակցի միութենական հանրաքվեին եւ չի ստորագրի միութենական պայմանագիրը։ Մյուս կողմից` հանրապետության կարգավիճակը որոշելու համար անհրաժեշտ է անցկացնել հանրապետական հանրաքվե։ Եւ կրկին, ելնելով այն սկզբունքից, որ պետք է պահպանել օրինականությունը, մենք չպետք է խախտենք ո՛չ միջազգային իրավունքի դրույթները, ո՛չ էլ միութենական եւ հանրապետական օրենսդրությունը, որպեսզի հանրաքվեի արդյունքները իրավական ուժ ունենան ե՛ւ Միության, ե՛ւ համաշխարհային հանրության համար։

Ըստ այդմ, մեր խորհրդարանն այսօր պետք է կայացնի մի քանի կետից բաղկացած հետեւյալ որոշումը.

1. Մերժել միութենական հանրաքվեն, 2. Անցկացնել հանրապետական հանրաքվե, 3. Հանրաքվեի ժամկետն ու հարցի ձեւակերպումը որոշել միութենական օրենքին համապատասխան։ Հարցի ձեւակերպումն, իհարկե, կքննարկվի, բայց չպետք է խուսափել ուղղակի հարցից, որ միակն է. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս գա Խորհրդային Միության կազմից»։

Իսկ ժամկետը, ինչպես ասվեց, նույնպես պետք է համապատասխանի Միության օրենքին, ըստ որի` հանրաքվեն կարելի է անցկացնել նրա մասին որոշում կայացնելուց վեց ամիս հետո։ Սա անհրաժեշտ է ոչ միայն ձեւական կամ իրավական առումով, այլ նաեւ` որպեսզի մեր ժողովուրդը եւ հասարակականքաղաքական կազմակերպությունները հնարավորություն ունենան հիմնավոր կերպով ծավալելու իրենց քարոզչությունը, որ կբացառի պատահականությունների ազդեցությունը։ Ես վստահ եմ, որ եթե մենք շտապենք, ապա հանրաքվեի արդյունքների վրա մեծապես կարող են ազդել պատահականությունները եւ մեր ան պատրաստությունը, անպատրաստություն բոլոր կողմերից` ե՛ւ պետության, ե՛ւ հասարակականքաղաքական կազմակերպությունների, ե՛ւ ժողովրդի։

Նշելով այս հեռանկարները եւ հստակեցնելով մեր ներկա քայլերը, այնուամենայնիվ, մենք չպետք է ընկնենք երանության գիրկը եւ կորցնենք իրապաշտության զգացումը։ Պետք է սառը գիտակցել, որ ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, շատ բաներ կախված են արտաքին հանգամանքներից, եւ մենք պետք է պատրաստ լինենք ժամանակին արձագանքել դրանց։

Չպետք է անգամ բացառել, որ Հայաստանը նաեւ ստիպված լինի կնքել միութենական պայմանագիրը, որքան էլ ստրկական լինի այն։ Աշխարհում շատ ժողովուրդներ ստիպված են եղել կնքել ստրկական պայմանագրեր։ Մեր պատմությունից հիշենք թեկուզ 1918– 1922 թվականները։ Ընդամենը հինգ տարվա ընթացքում Հայաստանն իր հայրենասեր իշխանությունների ձեռքով չորս ստրկական պայմանագիր կնքեց` Բաթումի, Ալեքսանդրապոլի, Կարսի եւ միութենական պայմանագրերը։

Միութենական պայմանագիրն ստորագրելու հարկադրանքի դեպքում արդեն, պարզ է, որ գործի պետք է դրվեն բոլոր քաղաքական ազդակներն ու դիվանագիտական հմտությունները` առավելագույն նպաստավոր պայմաններ ձեռք բերելու նպատակով։

Կարծում եմ, հասկանալի է, որ միութենական պայմանագիրը կարող է ստորագրվել միայն ավելի վատթար վիճակից խուսափելու նպատակով, կամ էլ` Բաբրակ Քարմալի տարբերակով։ Այնուամենայնիվ, կասկած չպետք է մնա, որ, հակառակ ժամանակավոր բռնություններին ու հարկադրական նահանջներին, միեւնույն է` Հայաստանը եւ խորհրդային մյուս հանրապետությունները վաղ թե ուշ պետք է հասնեն լիակատար անկախության։

«Հայաստանի Հանրապետություն», 6 մարտի, 1991 թ.։
ՀՀԱՆԱ, 28/28.02.91։ Բնագիր։ Ինքնագիր, բանավոր ելույթի հեղինակային խմբագրություն։