Ելույթ Հայոց համազգային շարժման 2-րդ համագումարում
ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
խմբագրել
Ես ուշի-ուշով հեռուստատեսությամբ հետեւում էի համագումարի աշխատանքներին եւ կարող եմ իմ մի քանի տպավորությունները ձեզ ներկայացնել։
Նախ՝ ուզում եմ նշել այն դրական առաջխաղացումը, որ տեղի ունի նախորդ համագումարի համեմատ. այժմ տիրում է ավելի գործնական, ավելի կոնստրուկտիվ մթնոլորտ։ Կարող եմ ավելացնել նաեւ, նկատի ունենալով Խորհրդարանի աշխատանքի փորձը, որ այս լսարանում հավաքված է ոչ պակաս մտավոր կարողություն, քան խորհրդարանում։ Եւ նույնիսկ մի առավելություն կարող եմ նշել խորհրդարանի համեմատ։ Դա այն է, որ այստեղ ընթացող խոսակցությունն ու բանավեճը շատ ավելի անկեղծ, շատ ավելի ճշմարիտ են։ Դա ունի երկու բացատրություն. Նախ՝ խորհրդարանն իր բնույթով ավելի զբաղված լինելով ընթացիկ, պետական կառուցվածքին վերաբերվող օրենսդրական խնդիրներով` ժամանակ չունի լրջորեն զբաղվելու գաղափարախոսական խնդիրներով, չնայած այդ հարցերը ժամանակ առ ժամանակ շոշափվում են. ահա այդ բացն է, որ լրացվում է այստեղ։ Եւ երկրորդ՝ խորհրդարանում, համենայն դեպս, կան ընդդիմադիր ուժեր, որոնք շատ հաճախ վարում են ոչ թե կոնստրուկտիվ բանավեճ, այլ բանավեճը հիմնում են քաղաքական շահարկումների վրա։ Իսկ այստեղ, քանի որ սա համախոհների ժողով է, նշված թերությունները չկան։ Եղան սուր բանավեճեր, եղան սուր հարցադրումներ, բայց այս ամենը կատարվում էր ոչ թե քաղաքական շահարկումների նպատակով, այլ ճշմարտությունը փնտրելու, ճշմարտությանը հասնելու մտահոգությամբ։
Ես կուզեի մի քանի պարզաբանումներ կատարել այստեղ քննարկվող հարցերի շուրջ։
Դրանցից առաջինը մեր Շարժման հետագա գործունեության կառուցվածքային խնդիրներն են, երբ սուր կերպով դրվեց Շարժումը կուսակցության վերածելու կամ որպես Շարժում պահպանելու հարցը։ Սա բնական հարց է եւ ծագում է աշխարհի բոլոր այն շարժումների, այն ժողովրդական ճակատների առջեւ, որոնք հասնում են իշխանության։ Սա ունի իր օբյեկտիվ պատճառը. մարդկությունը դեռեւս չի ստեղծել քաղաքական պայքարի, քաղաքական գործունեության այլ ձեւ, եթե ոչ կուսակցությունների պայքարը։ Դա է առայժմ բնականը, որը բնական է, սակայն, կայուն, արդեն ձեւավորված հասարակությունների համար։ Անցման շրջանում, հեղափոխական շրջանում միշտ էլ այս օրինաչափությունը խախտվում է, եւ շատ հաճախ հեղափոխությունը գլխավորում է ոչ թե որեւէ կուսակցություն, այլ մի համաժողովրդական ճակատ, համազգային շարժում, այնպիսին, ինչպիսին Հայոց համազգային շարժումն է։ Բայց միեւնույն է, եթե ոչ այսօր, վաղը, մյուս օրը, մի քանի տարի հետո այս հարցը մեր առջեւ ծագելու է։ Ծագելու է, որովհետեւ Շարժման կողքին պետք է ձեւավորվեն կուսակցություններ, որոնք պետք է վարեն զուտ կուսակցական գործունեություն, եւ այս քաղաքական մրցակցությանը դիմանալու համար Շարժումը ստիպված պետք է լինի կուռ կառուցվածք ստեղծել, այսինքն` աստիճանաբար մոտենալ կուսակցությանը։ Ահա այս մտահոգությունն էր առաջին հերթին այն հարցադրման պատճառը, որ շոշափվեց մեր համագումարում։ Ես կարծում եմ` համագումարը ճիշտ եզրակացության է եկել. առայժմ Շարժումը լիովին իրեն արդարացրել է, եւ ամենեւին կարիք չկա այն կուսակցության վերածելու խնդիրը դարձնել օրակարգի հարց։
Մի այլ պարզաբանում։ Այստեղ շոշափվեց ազգայինի եւ դեմոկրատականի, դեմոկրատիայի եւ սոցիալական խնդիրների հակադրման հարցը։ Կարծում եմ` այս հակադրությունը արհեստական է։ Երբեք չի կարելի ազգայինը հակադրել դեմոկրատականին` վերջինիս տակ հասկանալով կոսմոպոլիտիզմ։ Ամենեւին ո՛չ։ Դրանք լրացնում են մեկը մյուսին, եւ առանց մեկի` մյուսը գոյություն չունի։ Նույնիսկ աշխարհի ամենազարգացած, քաղաքակիրթ երկրներում դեմոկրատիան, մարդկային ազատությունները ստեղծվում, ձեւավորվում են նախ եւ առաջ, եթե ոչ միայն ու միայն սեփական ժողովրդի բարօրության համար։ Սրանից ավելի ազգային նպատակ, ինձ թվում է, դժվար է պատկերացնել։
Մի այլ հարց՝ Հայոց համազգային շարժմանը ներկայացված մեղադրանքների հարցը։ Որպես տիրապետող քաղաքական շարժում, բնական է, որ այն պետք է ունենար ընդդիմախոսներ՝ բարեկամ ընդդիմախոսներ, լուրջ, առողջ քննադատներ։ Նույնքան բնական է, որ պետք է ունենար նաեւ չարակամներ։ Եւ այդ ամենն էլ, փառք Աստծո, կա։ Ուղղակի մենք պետք է կարողանանք զանազանել բարեկամի առողջ քննադատությունը չարակամի մեղադրանքներից, պարզապես անտեսել սրանք, ժամանակ չվատնել, արհամարհել։
Որո՞նք են այդ մեղադրանքները։
Նախ այն, որ արդեն երեք տարի կրկնվում է շատերի կողմից, մեր համագումարում էլ դրա մասին ակնարկվեց, թե իբր մեր Շարժումը տառապում է տարերայնությամբ, մեր բոլոր հաջողությունները պատահական են, չկա ո՛չ գործունեության, ո՛չ էլ հեռանկարային որեւէ ազգային ծրագիր։ Սա ամենամեծ կեղծիքն է, որ գոյություն ունի։ Այս մեղադրանքը բախվել է Հայոց համազգային շարժման ժայռին եւ փշրվել։ Բայց չնայած դրան` մինչեւ հիմա էլ կան այդպես պնդողներ։ Ես միայն զարմանում եմ, թե ինչու նման մեղադրանք ներկայացնողները երեք տարվա ընթացքում իրենք չկարողացան ստեղծել այդ ազգային ծրագիրը, համոզել մեր ժողովրդին եւ նրան տանել իրենց ետեւից։
Իսկ եթե ըստ էության մոտենանք, ես կարծում եմ` Հայոց համազգային շարժումն ունի խորապես ազգային ծրագիր, այն էլ ռեալ ծրագիր, որ այսօր հնարավոր է իրականացնել։ Հռչակագիրը, որ ընդունվեց մեր խորհրդարանում, եթե համեմատելու լինենք անցյալ տարվա նոյեմբերին ընդունված Հայոց համազգային շարժման ծրագրի հետ, սկզբունքային ոչ մի տարբերություն չենք գտնի, եթե չասենք՝ բացարձակ նույնություն կգտնենք այդ երկու փաստաթղթերի միջեւ։
Ահա սա՛ է այն ազգային ծրագիրը, որի նպատակն է Հայոց անկախ պետականության վերականգնումը եւ դրան ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։ Եթե կան մարդիկ, որոնք կասկածում են այս ազգային ծրագրի ճշմարտությանը, խնդրեմ, մենք պատրաստ ենք քննարկել այդ մարդկանց ներկայացրած ծրագրերը։ Բայց, կրկնում եմ, երեք տարի է` այս մեղադրանքը ներկայացվում է, մինչդեռ, դժբախտաբար, այդպիսի ծրագիր ոչ ոք չի առաջարկել։
Հայոց համազգային շարժումն իր առջեւ միշտ դրել է ոչ թե վերացական նպատակներ, այլ միայն ու միայն իրականանալի խնդիրներ՝ թեկուզ դրանք առաջին հայացքից փոքր թվան։ Փոքր, իրականանալի խնդիրներով, քայլ առ քայլ իրականացնելով իր ծրագիրը` նա ժողովրդին կարողացել է համոզել իր կենսունակության մեջ եւ դրանով է միայն, որ շահել է ժողովրդի վստահությունը։ Անցյալ տարվա մեր ծրագիրն այսօր նույնիսկ արդեն որոշ չափով հնացած է, որովհետեւ այդ ծրագրում նշված մոտակա խնդիրների մեծ մասն արդեն իրականություն է դարձել։
Ես վստահ եմ, որ այսուհետեւ էլ Շարժումը չի կորցնի իր հետեւողականությունը եւ, կրկնում եմ, արհամարհելով չարակամներին (խնդրում եմ սխալ չհասկանալ, դա չի վերաբերում բարեկամներին, դա չի վերաբերում առողջ քննադատությանը, որին պետք է շատ ուշադիր վերաբերվել), անտեսելով նրանց բամբասանքներն ու մեղադրանքները, կշարունակի հաստատակամորեն իրականացնել սեփական քաղաքականությունը։
Մի այլ մեղադրանք։ Ես ուրախ եմ, որ այստեղ հարցերը սուր են դրվել. մենք չենք խուսափել սուր հարցադրումներից, եւ այսօր ես էլ պետք է շատ սուր դնեմ այդ հարցը։ Դա այն է, թե, իբր, Հայոց համազգային շարժումը, «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարները Ղարաբաղի հարցն օգտագործեցին որպես տրամպլին՝ աթոռներ գրավելու համար եւ դրանից հետո մոռացան Արցախը, անտեսեցին նրա շահերը։ Սա սովորական մեղադրանք է, որին դուք կհանդիպեք ե՛ւ Հայաստանի մամուլում, ե՛ւ տարբեր ժողովներում, ե՛ւ Սփյուռքում։ Սփյուռքում էլ կան կազմակերպություններ, որոնք հետեւողականորեն անցկացնում են այս գիծը։ Բայց ովքեր մոտ են, ովքերգործնականում իսկապես մասնակցել են այս Շարժմանը, տեղյակ են Արցախում Հայաստանի ժողովրդի ներդրած ջանքերին, նրանք կարող են վկայել, որ շատ հաճախ այդպիսի մեղադրանք ներկայացնողները որեւէ առնչություն չեն ունեցել Արցախի խնդրի հետ։ Այսօր պարզապես այն դարձել է քաղաքական շահարկման առարկա, որի նպատակն է միայն ու միայն վարկաբեկել Հայոց համազգային շարժումը եւ նրա ստեղծած ներկա ազգային իշխանությունը։ Հայոց համազգային շարժումը եւ Հայաստանի ներկա իշխանությունները Արցախի վերաբերյալ ունեն հստակ քաղաքական ծրագիր եւ հետեւողականորեն իրականացնում են այդ քաղաքականությունը։ Ես այդ մասին երեկ հնարավորություն ունեցա հանգամանորեն խոսել համագումարի արցախյան բաժանմունքի նիստում, այդ պատճառով հարկ չեմ համարում չարաշահել ձեր ժամանակը։
Մի այլ մեղադրանք, որը նույնպես իր պատմությունն ունի. Իբր Հայոց համազգային շարժումն անտեսում է ՀայԴատը, հրաժարվում հայ ժողովրդի պատմական իրավունքներից։ Մենք տվել ենք մեր բացատրությունները, բայց դրանք ամենեւին չեն ազդում մեր ընդդիմախոսների վրա։ Բանավեճի առանձնահատկությունը, դժբախտաբար, այն է, որ դրանով երբեք հնարավոր չէ ազդել ընդդիմախոսի վրա։ Բանավեճը նրա համար է, որ համոզես ժողովրդին, երրորդ կողմին։ Միեւնույն է, եթե որեւէ դիրքորոշում ձեռնտու է մեր ընդդիմախոսներին, որքան էլ հիմնավորված լինեն մեր փաստարկներն ու պարզաբանումները, նրանք նույն մեղադրանքները շարունակ կրկնելու են, որովհետեւ քաղաքական այլ խաղաքարտ չունեն։
Ի՞նչ կարելի է ասել այս մասին։ Մեր վերաբերմունքը ՀայԴատին միանշանակ է։ Նախ` տիրում է այն թյուր տեսակետը, թե իբր ՀայԴատը Սփյուռքի դատն է, արեւմտահայության խնդիրը։ Ամենեւին ո՛չ, որովհետեւ պետք է ելնել այն փաստից, որ Հայաստանի բնակչության կեսն էլ, առնվազն կեսը արեւմտահայ է։ Եւ սփյուռքահայության զգացմունքները նույնքան հարազատ են հայրենյաց ժողովրդին, որքան սփյուռքահայությանը։ Այնպես որ, ՀայԴատի պաշտպանությունը դարձնել Սփյուռքի մենաշնորհը, ինձ թվում է, հիմքից սխալ է։ Սա՝ մեկ։ Իսկ երկրորդը՝ մենք բազմիցս կրկնել ենք, որ Հայոց համազգային շարժումն ամենեւին չի հրաժարվում հայ ժողովրդի պատմական իրավունքներից, Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, բայց գտնում է, որ այդ գաղափարներն անհրաժեշտաբար տեղ գտնելով քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների ծրագրերում եւ լինելով նրանց գործունեության կարեւորագույն խնդիրներից, այսօր չեն կարող դառնալ պետական քաղաքականության օրակարգի հարց։ Սա է մոտեցումը։ Այս սրահում ներկա է մոտ 1500 ազգային քաղաքա կան գործիչ։ Դուք պարտավոր եք իմանալ, որ այս մեղադրանքները դեռեւս պիտի շարունակվեն, բայց մենք իրավունք չունենք վատնելու մեր ուժերը, մեր եռանդը նման չարախոսությունների պատասխանելու համար, դրանք պետք է անտեսել, եւ միայն այս ձեւով է, որ դրանք կմարենք։ Ես ուրախ եմ, որ մեր համագումարը ցուցադրվում է հեռուստատեսությամբ, եւ ես հնարավորություն ունեմ հստակ տալու մեր տեսակետը խնդրո առարկա հարցի վերաբերյալ։ ՀայԴատը, արեւմտահայության իրավունքներն իր պատմական հայրենիքի նկատմամբ պետական քաղաքականության օրակարգի հարց կդառնան միայն այն ժամանակ, երբ հայոց պետությունն ի վիճակի կլինի սեփական ուժերով լուծել այդ խնդիրները։
Սրա հետ առնչվող մի այլ հարց, որը նույնպես դարձել է քաղաքական շահարկումների առարկա։ Մեր կամքից անկախ այդ հարցի վրա ավելի շատ ուշադրություն է հրավիրվել, քան արժանի էր։ Դա Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հարցն է։
Մենք այդ հարաբերությունները բացարձակապես չենք առանձնացնում մեր բոլոր հարեւանների հետ ձեւավորվելիք հարաբերություններից։ Բայց, չգիտես ինչու, շատերը, մոռանալով մյուս հարեւաններին, մեզ անընդհատ ստիպում են խոսել միայն ու միայն Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։ Սա էլ հասկանալի է, բայց ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ 70 տարի մի հոգեբանությամբ սնված մեր ժողովրդի համար այսօր դժվար է հոգեբանական շրջադարձ կատարել եւ հնարավոր տեսնել Թուրքիայի հետ երկխոսությունը։ Սուբյեկտիվն էլ այն է, որ այդ հարցը շահարկում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր համոզված են, որ այդ հարաբերությունները մեզ համար ունեն կենսական նշանակություն։ Դրանք ամենեւին ինքնանպատակ չեն, այլ՝ թելադրված այն առողջ գիտակցությամբ, որին վերջապես հասել է մեր ժողովուրդը։ Ես կարծում եմ, որ վերջին տարիներին քաղաքական մտքի մեջ տեղի ունեցած ամենամեծ հեղափոխությունը հրաժարումն է օտարին ապավինելու, երրորդ պետության հովանավորության վրա հույս դնելու սնանկ գաղափարից։ 300 տարի շարունակ հայ ժողովրդի քաղաքական միտքը թունավորվել է այն պատրանքով, որ մեծ տերությունները՝ երբեմն Արեւմտյան Եւրոպան, իսկ որպես օրենք՝ Ռուսաստանը, պետք է լինեն մեր ազգային խնդիր ների իրագործողը։ Սա այն գաղափարն է եղել, որին տուրք տալու համար մենք հատուցել ենք մեծագույն կորուստներով։ Այսօր է, որ հայ ժողովուրդն արթնանում է քնից, հրաժարվում այս միամիտ հավատից եւ տեսնում, որ նույնիսկ Խորհրդային Միությունը, որ թվում էր, թե 70 տարի որոշ երաշխիքներ է ապահովել մեր ազգի գոյության համար (եւ դա իրականություն է, քանի որ այդ ընթացքում Հայաստանի սահմանների վրա կրակոցներ չեն եղել, հայ ժողովուրդը, չնայած գյուղի քայքայման եւ ստալինյան եղեռնի շրջանում կրած ահռելի կորուստներին, այնուամենայնիվ, հնարավորություն ունեցել է զբաղվելու խաղաղ, ստեղծագործ աշխատանքով), այսօր արդեն գտնվելով փլուզման եզրին, այլեւս չի կարող հանդիսանալ մեր ազգի գոյության երաշխավորը. եւ մե՛նք է, որ պետք է փնտրենք, ստեղծենք մեր ազգի գոյության նոր, ավելի հուսալի երաշխիքներ։ Ահա այս երաշխիքների շղթայի օղակներից մեկն է միայն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, որը, ինչպես ասացի, մեր հասարակական հոգեբանության յուրահատկություններից ելնելով, իր վրա ավելի շատ ուշադրություն է բեւեռել, քան մեր մյուս հարեւանների հետ ունեցած հարաբերությունները։
Այստեղ էլ, որպեսզի ոչ մի թյուրիմացություն չլինի, ես ուզում եմ շեշտել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որը առաջին հերթին նշանակում է առեւտրական, տնտեսական հարաբերություններ, ամենեւին չի նշանակում հրաժարում մեր պատմական իրավունքներից, Ցեղասպանության դատապարտման պահանջից։ Սակայն մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ երկու կողմն էլ, նկատի ունենալով հարցի նրբությունը (չմոռանալով, որ այս հարցերը նույնքան նուրբ եւ սուր են նաեւ Թուրքիայի համար), պետք է դրսեւորեն քաղաքական իրատեսություն եւ այդպիսի հարաբերություններ հաստատելիս չփորձեն միմյանց ներկայացնել քաղաքական պայմաններ։ Միայն այդպիսի մոտեցումն է, որ հնարավորություն կտա իրականացնել Հայաստանի համար այդքան անհրաժեշտ հարաբերությունների կարգավորումը իր հարեւանների, ի թիվս որոնց՝ Թուրքիայի հետ։
Այստեղ խոսվեց նաեւ սոցիալական արդարության խնդիրների մասին։ Սա իսկապես մեր առջեւ ծառացած ամենասուր խնդիրներից է։ Մենք պետք է խոստովանենք, որ գալով իշխանության գլուխ` կարճ ժա մանակահատվածում չէինք կարող բարելավել մեր ժողովրդի կենսական պայմանները։ Մեր ժողովուրդը դա շատ լավ հասկանում է։ 70 տարի շարունակ քանդված երկիրը հնարավոր չէ վերականգնել մի քանի ամսվա, մի քանի տարվա ընթացքում։ Բայց մեր ժողովուրդը մեզանից այսօր իրավացիորեն պահանջում է գոնե սոցիալական արդարություն ապահովել։ Որովհետեւ, չնայած տեղի ունեցած բազմաթիվ կարեւոր փոփոխություններին, այնուամենայնիվ, բոլորիս աչքի առջեւ անցյալի պաշտոնյաները շարունակում են կաշառք վերցնել, կողոպտել ե՛ւ պետության, ե՛ւ ազգի հարստությունները, հարստահարել մեր ժողովրդին։ Մեր պարտքն է՝ որքան հնարավոր է արագ արմատախիլ անել այդ երեւույթը։ Բայց դա հնարավոր չէ եւ ցանկալի էլ չէ իրականացնել միայն ու միայն պատժիչ միջոցներով։ Նմանատիպ կոչերը, որ արվում են մեր իշխանություններին, ինձ թվում է, վնասակար կոչեր են։ Իրողությունը պետք է փոխվի, բայց պետք է փոխվի տնտեսության, սոցիալական կյանքում լուրջ, արմատական վերափոխումներ կատարելու շնորհիվ։ Իհարկե դա չի բացառում, որ պետք է կիրառվեն նաեւ օրենքով սահմանված պատժիչ միջոցներ։
Ես կարծում եմ՝ ազգային համերաշխության, սոցիալական արդարության հիմքը այնպիսի դեմոկրատական հասարակարգի ստեղծումն է, երբ յուրաքանչյուր անհատ հասարակության մեջ զբաղեցնում է իր արժանի տեղը։ Սա, իհարկե, իդեալ է, որին, ըստ երեւույթին, դժվար է հասնել, բայց սա՛ պետք է լինի մեր ճանապարհը։ Հայաստանի նորընտիր իշխանությունները փորձում են (թե որքան է մեզ հաջողվում, դա այլ հարց է) ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ կառավարությունը ձեւավորելիս գտնել լավագույն կադրերին` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ նրանց անցյալից, այն կադրերին, որոնք այսօր ի վիճակի են առավելագույնս համապատասխանել իրենց զբաղեցրած պաշտոններին։ Ինձ թվում է, որ միայն այս ճանապարհով մենք կարող ենք ապահովել անհատին ըստ իր արժանիքների գնահատելու սկզբունքը, որը, կրկնում եմ, սոցիալական արդարության եւ ազգային համերաշխության հիմքը պետք է լինի։ Եթե մեզ դա առայժմ չի հաջողվում, ինձ թվում է` պետք է ներել. մենք փնտրտուքների մեջ ենք, եւ կարծում եմ` նաեւ իրավունք ունենք սխալվելու։ Ե՛վ Հայոց համազգային շարժումը, ե՛ւ նրա ստեղծած ազգային իշխանությունը, կարծում եմ, իրավունք ունեն մեր ժողովրդից վստահության քվե ակնկալելու, իսկ վստահության քվեն նաեւ վստահյալին սխալվելու իրավունք տալն է։
Դժբախտաբար, մենք կարծես թե մի փոքր անհամբեր ենք, չենք հանդուրժում անգամ ամենափոքր սխալները։ Դա վերաբերում է ոչ միայն մեր հասարակության տարբեր խավերին, այլ նույնիսկ Հայոց համազգային շարժման գործիչներին, երբ մի փոքրիկ վրիպում, մի փոքրիկ անհաջող արտահայտություն դառնում է մատի փաթաթան, կրքեր են բորբոքվում, ավելորդ նյարդայնություն է ստեղծվում։ Հուսով եմ, սակայն, որ մենք այնքան քաղաքական լայնախոհություն կունենանք, որպեսզի մեր իշխանություններին վերապահենք սխալվելու այդ իրավունքը։ Իհարկե, սխալներն էլ սահման ունեն։ Ամենեւին չի կարելի թույլ տալ, որ սխալները հասնեն այնպիսի աստիճանի, որ սպառնալիքի տակ դնեն մեր ծրագրի հիմնական ուղին, լուրջ շեղումներ հանդիսանան այդ ուղու նկատմամբ։ Վստահ եմ, որ փոխադարձ լայնախոհություն դրսեւորելու դեպքում Հայոց համազգային շարժման՝ որպես հասարակական կազմակերպության, Հայաստանի Գերագույն խորհրդի՝ որպես պետական գերագույն օրենսդիր մարմնի եւ Հայաստանի կառավարության՝ որպես պետական բարձրագույն գործադիր մարմնի միասնությունը եւ արդյունավետ համագործակցությունը միանգամայն ապահովված կլինեն, ինչը եւ կհանդիսանա մեր հաջողությունների գրավականը։ Եթե այսօր մենք սկսենք թաղվել մանր-մունր խնդիրների մեջ, դրանով միայն ջուր կլցնենք մեր ընդդիմախոսների ջրաղացին։ Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ։ Ես ամենեւին նկատի չունեմ, թե մենք պետք է ծածկենք, կոծկենք մեր թերությունները, չքննադատենք իրար։ Ամենեւին ոչ։ Բայց, կրկնում եմ, պետք է լայնախոհություն հանդես բերենք փնտրտուքների նկատմամբ, որոնց ընթացքում սխալներն անխուսափելի կլինեն։
Եւ վերջին դիտողությունը, որ վերաբերում է ոչ միայն մեր լսարանին, Հայոց համազգային շարժմանը, այլեւ մեր ողջ ժողովրդին։ Դա շտապողականությունն է, անհամբերությունը, նյարդայնությունը։ Դժբախտաբար, նյարդայնությունը հիմա դարձել է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ Խորհրդային Միության հասարակության հիմնական հատկանիշը։ Այդ նյարդայնությամբ վարակվել են նաեւ իշխանությունները։ Ես վերջերս Մոսկվայում էի, ինձ չափազանց մտահոգեց հատկապես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նյարդայնությունը. ես չտեսա այնտեղ որեւէ հավասարակշռված, սառնասիրտ մարդ։ Բոլորը գտնվում էին ջղային, գրգռված վիճակում, որը չափազանց վտանգավոր է։ Նրանք, պարզ է, վարակված են հասարակության նյարդայնությունից. Խորհրդարանում նորից կրքեր են բորբոքվում, նյարդայնության աստիճանը բարձրանում է, որը փոխանցվում է հասարակությանը, այնուհետեւ՝ կրկին իշխանություններին։ Սա չափազանց վտանգավոր մթնոլորտ կարող է ստեղծել։ Մենք սրանից պետք է խուսափենք։ Մենք պետք է լինենք ավելի սառնասիրտ, ավելի համբերատար։ Շտապողականությունը, անհամբերությունը միայն ու միայն կավելացնեն, կխորացնեն մեր սխալները եւ կարող են վտանգել մեր ողջ գործը։ Ժողովրդի անհամբերությունն էլ բացատրելի է։ Մեզնից թռիչքներ էին սպասում, բայց աշխարհում հրաշքներ չեն լինում, թռիչքներ չեն լինում. դրա համար ժամանակ է պետք։
Բայց չպետք է մոռանալ, որ ամենամեծ թռիչքը մեր ժողովուրդն արդեն կատարել է. ուզում եմ շեշտել Հայոց համազգային շարժման եւ նրա ստեղծած իշխանությունների պատմական (ես չեմ վախենում այս բառն օգտագործելուց) առաքելությունը, որ նրանք իրականացրին վերջին չորս ամիսների ընթացքում։ Միայն այն փաստի շնորհիվ, որ Հայոց համազգային շարժմանը հաջողվեց իշխանության գլուխ անցնել, Հայաստանում կանխվեց քաղաքացիական պատերազմը։ Դուք շատ լավ եք հիշում չորս ամիս առաջ Հայաստանում տիրող իրավիճակը։ Եթե կոմունիստական իշխանությունը շարունակվեր եւս 1-2 ամիս, մենք չէինք կարող խուսափել քաղաքացիական պատերազմից։ Իսկ քաղաքացիական պատերազմը որեւէ ժողովրդի համար ամենամեծ դժբախտությունն է, շատ ավելի մեծ դժբախտություն, քան արտաքին ագրեսիան։
Դա կանգնած էր մեր դռան շեմին։ Մեզ հաջողվեց հսկողության տակ վերցնել իրադրությունը ոչ թե մեր արժանիքների, այլ միայն ու միայն ժողովրդի վստահության շնորհիվ։ Քաղաքացիական պատերազմը միայն իրենով չէր ավարտվի։ Մեր Շարժմանը, մեր իշխանություններին հաջողվեց խուսափել նաեւ օտար զորքերի կողմից Հայաստանն օկուպացնելուց։ Որովհետեւ քաղաքացիական պատերազմին անմիջապես կհաջորդեր Հայաստանի օկուպացիան խորհրդային բանակի կողմից՝ այնպես, ինչպես տեղի ունեցավ Ադրբեջանում։ Ահա այն պատմական առաքելությունը, որ իրականացրել է Հայոց համազգային շարժումը։ Եւ եթե այսօր նա նույնիսկ հեռանա պատմության թատերաբեմից, միեւնույն է, նա արդեն կատարել է իր հսկայական պատմական միսիան մեր ժողովրդի առջեւ։
Սրանք մեծ, կարեւոր հաջողություններ են, բայց ոչ այն թռիչքը, որ իրականացրել է Հայոց համազգային շարժումը, մեր ողջ ժողովուրդը։ Այդ թռիչքն այն է, որ հայ ժողովուրդը, թոթափելով 70-ամյա գաղութային լուծը, բռնել է անկախ պետականության ստեղծման ճանապարհը եւ ստեղծել իր ազգային իշխանությունը։ Այսօր Հայաստանն ունի մի իշխանություն, որն առաջնորդվում է ոչ թե Մոսկվայի, ոչ թե օտարի հրահանգով, այլ միայն ու միայն սեփական ժողովրդի, սեփական պետության շահերով։ Ես սրանում եմ տեսնում անկախության բովանդակությունը, ազգային իշխանության էությունը։ Եւ ես ձեզ հավաստիացնում եմ՝ Հայաստանի իշխանությունները երբեք չեն շեղվի քաղաքական այս սկզբունքից։
«Հայաստանի Հանրապետություն», 28 նոյեմբերի, 1990 թ.։
Հրատարակված՝ «ՀՀՇ-ն ունի խորապես ազգային, իրատեսական ծրագիր» վերնագրով։