Ելույթ արդյունաբերության ղեկավար աշխատողների խորհրդակցությունում
ԵԼՈՒՅԹ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ
խմբագրել
Ես պետք է իմ գոհունակությունը հայտնեմ այս հանդիպման առթիվ՝ մասնավորապես ինձ համար ուսանելի, եւ պետք է խոստովանեմ, որ այսօրինակ հանդիպումներ ավելի վաղ պետք է ունենայի ձեզ հետ։ Սակայն եթե մենք երկուստեք համոզվենք նման հավաքների օգտակարության մեջ, այն կանոնավոր դարձնելը մեզանից է կախված։ Ինձ այսօր ուրախացրեց հատկապես այն միտումը, որ, կարծեք թե՝ դատելով այս լսարանի մթնոլորտից, վերանում է փոխադարձ պահանջների քաղաքականությունը (նկատի ունեմ կառավարության կողմից ձեռնարկություններին, արտադրության ոլորտների աշխատողներին ուղղված պահանջ-կշտամբանքները եւ հակառակը), եւ, փաստորեն, ձեւավորվում է համագործակցության մթնոլորտ։ Ե՛ւ կառավարությունը, ե՛ւ արտադրության ոլորտի ղեկավարությունը գիտակցում են իրենց պարտականությունները։ Սա՛ է ամենակարեւորը, սա արդեն նոր մտածողության երեւույթ է, որ ունի իր հիմնավոր պատճառները։ Մի կողմից՝ կենտրոնացված պետական տնտեսություն, հին տնտեսական միջավայր, մյուս կողմից՝ արդեն իրականացվող վերափոխումներ, լուրջ բարեփոխումների միտումներ, ընդունվող նոր օրենքներ, նոր տնտեսական հարաբերություններ, որոնք եւ համապատասխանաբար նոր մոտեցումներ են թելադրում։
Օրենսդրորեն, իրավականորեն մեծացել է ձեռնարկությունների ինքնուրույնությունը, ընդլայնվել են նրանց իրավունքները։ Մի մասը կարողանում է օգտվել այդ իրավունքներից, մի մասն ինքնուրույնության յու րացման գործընթացի մեջ է, իսկ մի մասն էլ դեռ ապաշնորհություն է դրսեւորում։ Սա նույնպես բնական է. անցումային շրջան է, ե՛ւ մենք, ե՛ւ դուք դեռեւս սովորելու շատ բան ունենք։ Պետությունը լիովին գիտակցում է իր պարտավորությունները, գիտակցում է, որ իրենից ավելի շատ բան է կախված, քան բուն արտադրողներից։ Ես նկատի ունեմ լուրջ քաղաքական խնդիրները։ Այդ առումով գերագույն խնդիրը կոմունիկացիաների հարցն է՝ արտաքին աշխարհի հետ կապը, նաեւ էներգակիրների մատակարարման ու ֆինանսավարկային համակարգի կարգավորման խնդիրները։ Դրանք հիմնականում պետության պարտականությունն են, իշխանությունները պետք է լուծեն այդ խնդիրները։ Մյուս հարցերը հիմնականում լուծելի են, եւ լուծելի են անգամ այս ուժերով, այս կարողություններով։ Իհարկե, դա չի բացառում, որ ձեռնարկությունները եւս ուղիներ պետք է որոնեն հումքի աղբյուրների հայթայթման, նոր շուկաների ձեռքբերման ուղղությամբ։
Ես չեմ ուզում կրկնել նախորդ հռետորներին՝ ամեն ինչ ասվեց։ Ուզում եմ շեշտել մի քանի կարեւոր հարցեր, որոնք. կարծում եմ, ձեր առաջնահերթ խնդիրները պետք է լինեն։ Նախ՝ 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մասին. չեմ կարծում, որ դա անիրական ծրագիր է. այն հիմնված է ձեր իսկ առաջարկությունների, ձեր իսկ հնարավորությունների ուսումնասիրման վրա։ Ես ամենեւին համամիտ չեմ այն կարծիքին, թե դա իբր շոկային թերապիայի ծրագիր է։ Ամենեւին։ Այնտեղ շոկային թերապիայի նշույլ անգամ չկա, եւ ավելին՝ շատ ավելի պահպանողական է, քան ես կցանկանայի։ Եթե փորձենք մեկ-երկու խոսքով բնութագրել ծրագրի էությունը, ապա դա առկա արտադրական կարողությունների պահպանումն է, իսկ եթե ավելի պարզեցնենք՝ պարզ վերարտադրության ապահովումը։ Նորից եմ կրկնում՝ սա բարեփոխման ծրագիր չէ, եւ ես այս ծրագրի նկատմամբ իմ պահանջներն ունեմ։
Իսկ այժմ կոնկրետ խնդիրների մասին. առկա հնարավորությունների սահմաններում (իսկ պետությունը պետք է աշխատի մեծացնել այդ հնարավորությունները), ձեր առաջին խնդիրն արտադրության անընդհատության ապահովումն է։ Մենք այլեւս չպետք է կրկնենք անցյալի սխալները, պետք է ամեն ինչ անենք, որ արտադրությունը երբեք կանգ չառնի։ Ինքներդ համոզվեցիք, որ նույնիսկ 12 միլիոն կվտ/ժամ ռեժիմի պայմաններում մեզ հաջողվեց արտադրությունն ինչ-որ չափով պահպանել։ Երկրորդ խնդիրը մեր արդյունաբերության առկա կարողությունների հիմնական ֆոնդերի պահպանումն է։ Ըստ զեկույցների՝ նրանց գույքագրումն ավարտված է, սակայն արդյունքները դեռեւս ամփոփված չեն. այն խիստ վերահսկողության կարիք ունի։ Երրորդ խնդիրը հիմնական ֆոնդերի պաշտպանությունն է, որի մասին մի քանի հռետորներ այստեղ խոսեցին. պետք է վերականգնել ռազմականացված պահպանության համակարգը։ Չորրորդը, որն ունի սոցիալական մեծ արձագանք, առկա աշխատատեղերի պահպանումն է։ Նույնիսկ հարկադիր պարապուրդների առկայությամբ՝ պետք է միջոցներ հայթայթենք դրա համար։ Հինգերորդ՝ ներքին կոոպերացիայի ընդլայնումը եւ ռեգիոնալ կոոպերացիայի ձեւավորումը։
Եւ վերջապես՝ առավել կարեւոր մի հարց. այստեղ հավաքված են այն պատասխանատուները, որոնց ու սերի վրա է դրված մեր տնտեսության հիմնական բեռը։ Եւ, բախտի քմահաճույքով, տնտեսության հիմնական բեռը կրող զանգվածն այսօր ամենազրկվածն է։ Գյուղացիությանը՝ սեփականաշնորհման միջոցով ինչ-որ կերպ հնարավոր եղավ ապահովել։ Եթե մենք ժամանակին իր ականացրած չլինեինք հողի սե- փականացումը, այսօր ողջ գյուղատնտեսությունը կազմալուծված կլիներ։ Եթե գյուղատնտեսությունը չկազմալուծվեց եւ նույնիսկ զարգացման միտում կա, ապա միայն շնորհիվ սեփականաշնորհման, շնորհիվ այն բանի, որ գյուղացին դարձավ իր հողի, իր արտադրանքի տերը։ Բյուջետային հիմնարկների աշխատողները նույնպես ավելի լավ վիճակում են, քան ձեր ոլորտի աշխատողները, որովհետեւ, այնուամենայնիվ, ինֆլյացիային զուգընթաց, մենք կարողանում ենք նվազագույն չափով ինդեքսավորել նրանց եկամուտները, ապահովել նրանց թեկուզ չարքաշ գոյությունը։ Կրկնում եմ՝ ամենազրկվածը արտադրության ոլորտի աշխատողներն են։ Իհարկե, կոմունիկացիաների կանոնավոր գործունեության, էներգակիրների բավարար մատակարարման դեպքում վիճակը գուցե այլ լիներ, բայց նկատի ունենալով, որ առաջիկայում եւս մենք երաշխավորված չենք նման տիպի խափանումներից, պետք է ձեր բնագավառում նույնպես լուրջ կառուցվածքային փոփոխություններ, լուրջ միջոցառումներ նախատեսենք։ Կառավարությունում, մասնավորապես էկոնոմիկայի նախարարությունում լրջորեն քննարկվում է արտադրության ոլորտում գոնե մասնակի սեփականաշնորհում իրականացնելու գաղափարը։ Գաղափարի էությունն այն է, որ պետական ձեռնարկությունների ֆոնդերի 10–20 տոկոսը սեփականաշնորհվի կոլեկտիվներին։ Դա, իհարկե, առաջին հայացքից կարող է վիճելի թվալ, բայց այդ դեպքում միանգամից լուծվում են մի քանի հարցեր, նախ՝ սոցիալական արդարության ապահովումը, այնուհետեւ՝ կոլեկտիվների դերի մեծացումը արտադրության կազմակերպման գործում, եւ, որ ամենակարեւորն է, եւ ես դրա մասին արդեն խոսեցի, առկա արտադրական կարողությունների պահպանության, պաշտպանության հարցերի կարգավորումը։ Թեեւ այս միջոցառումն իրականացնելու հարցում դժվարություններ կծագեն, բայց ամեն գնով դա պետք է իրականացնել։ Դժվարություններ կծագեն նախեւառաջ խորհրդարանում (դուք գիտեք, թե այնտեղ ինչ մթնոլորտ է տիրում. նույնիսկ տնտեսական խնդիրներին զուտ տնտեսագիտական հիմնավորումների փոխարեն՝ քաղաքական երանգ է տրվում)։ Այստեղ դուք ձեր վճռական խոսքը պետք է ասեք։ Ինչո՞ւ հրապարակները կարող են ազդել խորհրդարանի աշխատանքների վրա, իսկ ահա այսպիսի մի հզոր բանակ չի կարող ազդել։ Բազմաթիվ օրենքներ, որոնց անհրաժեշտությունը դուք ինքներդ եք զգում, արդեն տարիներով գտնվում են խորհրդարանի պահոցներում, եւ այդ օրենքներն ընդունելու մտադրություն անգամ չկա։ Կարծում եմ, տնօրենների այս խորհուրդը կազմակերպական ձեւ պետք է ստանա, պետք է դառնա քաղաքական այնպիսի ուժ, որը կարողանա ազդել հանրապետության քաղաքական կյանքի վրա։ Դուք պետք է մասնակցեք նաեւ խորհրդարանի նիստերին, բարձրացնեք ձեր ձայնը, ներկայացնեք ու պաշտպանեք ձեր պահանջները։
«Հայաստանի Հանրապետություն», 3 մարտի, 1993 թ.։ Հրատարակված՝ «Մենք, երկուստեք, դեռեւս սովորելու շատ բան ունենք» վերնագրով։