Ելույթ իրավապահ մարմինների, գործադիր իշխանության ղեկավարների հանրապետական խորհրդակցությունում

Ելույթ իրավապահ մարմինների, գործադիր իշխանության ղեկավարների հանրապետական խորհրդակցությունում




ԵԼՈՒՅԹ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

խմբագրել
(27 փետրվարի, 1993թ.)

Մեծարգո ներկաներ,

Նախ ասեմ, որ սա ըստ երեւույթին առաջին հավաքն էր, որտեղ մենք միաժամանակ լսեցինք համարյա բոլոր իրավապահ մարմինների ղեկավարներին, եւ ես ուզում եմ ողջունել զեկուցումները, որովհետեւ մենք ստացանք այսօրվա վիճակի լիարժեք պատկերը։

Հարցադրումները, ես կարծում եմ, բոլորին էլ պարզ են։ Մենք ապրում ենք չափազանց անկայուն շրջան, անցման, համակարգերի փոփոխության շրջան, եւ սովորաբար սրանք ամենահանցածին շրջաններն են։ Շատ միամիտ ձեւով հանցագործությունների աճը ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ խորհրդային նախկին այլ հանրապետություններում վերագրում են իշխանության եկած նոր, անփորձ ուժերին, չուզենալով տեսնել խորքային երեւույթները։ Իսկ խորքայինն այն է, որ տեղի է ունենում համակարգերի ջախջախում, նոր համակարգերի ստեղծում՝ օրենսդրական դաշտի բացարձակ բացակայության պայմաններում. հին օրենքները, մեխանիզմները վերանում են, նորերի ստեղծման համար ժամանակ է պետք։ Այսօր ակնհայտ են օրենքների միջեւ եղած հակասությունները, իսկ հանցագործը, ինչպես նաեւ թույլ դատավորը կամ դատախազը օգտվում են հենց դրանից։ Սա օբյեկտիվ վիճակ է, սա պետք է տեսնենք, բայց դրանից չպետք է հուսահատվենք։ Մենք պետք է զուգահեռաբար թե՛ օրենսդրական դաշտ ստեղծենք, թե՛ կարողանանք կատարելագործել իրավապահ մարմինների ներքին կառույցները։ Ես ասում եմ կատարելագործել, բայց նշված մարմինները կարիք ունեն լուրջ կառուցվածքային փոփոխությունների։ Դրա մասին շատ է խոսվել։ Արդարադատության նախարարությունը, դատախազությունը, ՆԳ նախարարությունը պատրաստել են բազմաթիվ առաջարկներ՝ ընդհանրապես դատական համակարգի վերափոխման, դատախազության ֆունկցիաների վերանայման վերաբերյալ եւ այլն։ Բայց օրենսդրական աշխատանքը չափազանց դանդաղ է ընթանում, որի համար կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է ամենօրյա օպերատիվ աշխատանքով զբաղվենք։ Ահա այս բոլորի պատճառով է ստեղծվել ներկա վիճակը, գումարած ժողովրդավարության մասին այն թյուր պատկերացումները, երբ ժողովրդավարությունը դիտվում է որպես ամենաթողություն։ Գումարած նաեւ իշխանությունների նկատմամբ համապատասխան ճնշումը, որի մասին այստեղ նույնպես խոսվեց։ Սկզբում դրանք զինված ջոկատներն էին։ Մենք դա հաղթահարեցինք։ Այսօր գոնե դատարաններում զինված մարդիկ չեն հայտնվում, գուցե ինչ-որ բացառություններ կան։ Նման բացառություններից մեկն էլ վերջերս Եղեգնաձորում տեղի ունեցած դատն էր, որի մասին ես ստացել եմ համապատասխան ինֆորմացիա։ Բայց եթե ոչ զինված ջոկատները, այսօր արդեն քաղաքական ուժերը, ինչպես նաեւ մամուլն են փորձում ճնշում գործադրել իրավ ապահ մարմինների վրա, մասնավորապես դատարանների։ Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Մի կողմից՝ իշխանությունները, իրավապահ մարմինները ընդդիմության կողմից համատարած քննադատվում են անօրինականությունների, հանցագործությունների դեմ չպայքարելու համար, բայց երբ հանկարծ որեւէ հավակնոտ անձ է հայտնվում իրավապահ մարմինների տեսադաշտում, ինչպես, օրինակ, օդանավակայանի ղեկավարությունը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, Գուգարքի շրջխորհրդի գործկոմի նախագահը, անմիջապես այդ մարդիկ վերցվում են նույն քաղաքական ուժերի պաշտպանության տակ։ Ըստ այդմ՝ այդ քաղաքական ուժերի, կուսակցությունների մոտեցումները միանգամից սկսում են կասկած հարուցել։ Սա, իհարկե, չպետք է ազդի մեր աշխատանքի վրա, թեեւ, դժբախտաբար, ազդում է։ Խոսվեց, որ պատգամավորները փորձում են միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին, ազդել նրանց վրա եւ կոչ արվեց պայքարել նման երեւույթների դեմ։ Արգելել մենք չենք կարող, պատգամավորն էլ քաղաքացի է, կարող է գալ, դիմել ցանկացած հարցով, բայց արդեն ձեր գործն է տարբերել անաչառ, քաղաքացիական միջնորդությունը եւ ձեզ վրա ազդեցություն գործելու երեւույթը։ Դուք եք, որ դա պետք է որոշեք եւ յուրաքանչյուր նման դեպքի մասին դուք եք, որ պետք է ահազանգեք։ Ցանկացած դատավոր, դատախազ, ներքին գործերի նախարարության ցանկացած աշխատակից պետք է պարզապես ահազանգի այսպիսի երեւույթների առկայության դեպքում։ Ստեղծված է ՀՀ Նախագահին կից վերահսկողական ծառայություն։ Եթե որեւէ պատգամավոր միջնորդությամբ գալիս է հանցավորին պաշտպանելու կամ ազդելու դատավորի ու դատախազի վրա, անմիջապես պետք է ահազանգվի դրա մասին։ Եթե չի ահազանգվում, դատարանն այլեւս իրավունք չունի ասելու, թե՝ դատավորները վախենում են։ Ո՞ւմ է պետք վախեցող դատավորը կամ դատախազը։ Նրանք պետք է վախենան միայն ու միայն օրենքից։ Ակնառու փաստեր շատ կան. բազմաթիվ պատգամավորներ անարգել մտնում են դատարանի դահլիճ եւ շատ հանգիստ ելույթ ունենում։ Իսկ երբ դատավորին կամ դատախազին հրավիրում ենք այս մասին վկայություն տալու, նրանք չեն ուզում վատություն անել կամ վատամարդ լինել։ Բայց մյուս կողմից էլ իրենք են բողոքում, թե իրենց վրա ազդում են, ճնշում են եւ այլն։ Ոչ մի պատգամավոր իրավունք չունի դատարանում ելույթ ունենալու, եթե չունի համապատասխան կարգավիճակ։ Բայց այսօր նման դեպքեր կան, ուղղակի միջանցքներում է խոսվում այդպիսի իրողությունների մասին, բայց ոչ մի պատգամավոր դատարանի կողմից ի ցույց չի դրվում։ Յուրաքանչյուր նման դեպք պետք է համապատասխան ձեւով քննարկվի ե՛ւ արդարադատության նախարարության, ե՛ւ դատախազության կողմից, պետք է եւ մամուլը տեղյակ լինի։ Ինչո՞ւ ընդդիմությունը կամ քաղաքական ուժերը ամեն ինչի մասին կարող են գրել, իսկ մենք չենք կարող։ Պետք է իրավապահ մարմինները ակտիվ ձեւով համագործակցեն մամուլի հետ։ Իրենք լինեն նախաձեռնող, բոլոր նման փաստերը դարձնեն հասարակության ուշադրության առարկա, հանդես գան հերքումներով։ Բացենք ցանկացած թերթ։ Բազմաթիվ ստեր կան ե՛ւ իրավապահ մարմինների, ե՛ւ պաշտոնատար անձանց հասցեին, բայց դրանք հերքումներ չեն ստանում։ Սուտը գումարվում է ստին, դառնում հասարակական կարծիք։ Ցանկացած սուտ, զրպարտություն, կեղծիք պետք է պատասխան ստանա։


Ասվեց համակարգման բացակայությանմասին։ Դա էլ կա, դա էլ է խանգարում մեր գործին, եւ մենք փորձում ենք շտկել այդ վիճակը, եւ հենց դրան է կոչված ՀՀ Նախագահին կից վերահսկողական ծառայությունը, որի աշխատանքի արդյունքները շուտով պետք է որ զգանք։

Ամենացավոտ հարցերի մասին խոսվեց այսօր։ Մենք արդարացիորեն բողոքում ենք Վրաստանի տարածքում Հայաստան առաքվող բեռների կողոպուտի դեմ, բայց չենք մտածում, որ Հայաստանում էլ նույնն է կատարվում՝ ե՛ւ օդանավակայանում, ե՛ւ երկաթուղում, ե՛ւ ավտոճանապարհներին։ Տաշիրից մինչեւ Երեւան բենզին տեղափոխելու համար 16-17 տեղ մարդկանցից հարկ են հավաքում։ Եւ սրանք պետք է դառնան մեր ամենաառաջնահերթ խնդիրները։ Առաջինը՝ օդանավակայանը, որովհետեւ շրջափակումները դեռ երկար կարող են շարունակվել, Վրաստանում իրավիճակը դեռ երկար կարող է այսպես մնալ, մեր միակ կապն արտաքին աշխարհի հետ իրականացվելու է օդանավակայանի միջոցով եւ ոչ միայն «Զվարթնոցի», այլեւ այլ օդանավակայանների, որոնց ցանցը մենք պետք է մեծացնենք։ Կառավարության առջեւ խնդիր է դրված մեկ շաբաթվա ընթացքում լիակատար կարգ ու կանոն հաստատել օդանավակայանում։ Կպատժվեն բոլոր այն պատասխանատու անձինք, ովքեր կմեղադրվեն հանցավոր տարրերի հետ գործակցության մեջ։ Այս խնդիրը դրված է, եւ ես այս բարձր ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ՝ մեկ շաբաթից լիակատար կարգ ու կանոն պետք է լինի օդանավակայանում։ Հաջորդը կլինի երկաթուղին, դրանից հետո պետք է լրջորեն զբաղվենք ավտոճանապարհների անվտանգության, նաեւ նրանց շահագործման խնդրով, որում մեծ դեր է պատկանում ՆԳ նախարարությանը եւ տեղական իշխանություններին։

Իրավապահ մարմինների, մյուս գերատեսչությունների, նախարարությունների, տեղական իշխանությունների աշխատանքի վրա շատ է ազդում նաեւ քաղաքական մթնոլորտը։ Յուրաքանչյուր կամպանիա իշխանությունների դեմ, կամ ցույցերի, միտինգների այս շարունակական ընթացքը, մամուլի հարձակումները՝ մարդկանց մեջ, նախարարություններում, տեղական իշխանություններում, իրավապահ մարմինների հա մակարգում ստեղծում են այս իշխանությունների ժամանակավորության տպավորություն։ Նույնիսկ շահագրգռված մարդիկ կան, որ տարածում են, թե այս իշխանությունների օրերը հաշված են, եւ ով ինչ ուզի՝ կարող է անել։ Դա անմիջապես զգացվում է։ Քաղաքական նման անկայուն պահերին անմիջապես ընկնում է ե՛ւ նախարարությունների, ե՛ւ տեղական իշխանությունների, ե՛ւ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետությունը։

Վիճակը ծանր է։ Ես չեմ խոստանում մեր ժողովրդին, թե առաջիկայում այն կարող է թեթեւանալ։ Դժվարությունները դեռեւս շարունակվելու են, ժողովրդի մեծ մասը դա հասկանում է։ Սակայն ժողովուրդը չի հանդուրժում անօրինականությունները, չի հանդուրժում, երբ ինքը ամիսներով լույս չունի, բայց կողքի շենքում ամբողջ օրը կա, երբ տեսնում է ակնհայտ թալան։ Գոնե այս հարցում պետք է բավարարենք ժողովրդի սպասումները։ Եւ մենք պետք է կարողանանք բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունը։ Ես ուզում եմ զգոնության, պետականության գաղափարի ամրապնդման կոչ անել, ուղղակի արհամարհել բոլոր այն հոռետեսական մոտեցումները, որ կան մեր ժողովրդի գոյության ու ապագայի մասին։ Հիմա ով վեր է կենում, ցանկացած ամբիոնից, մամուլից խոսում է այն մասին, որ ժողովուրդը կործանվում է։ Մեր ժողովուրդը 3000 տարի չի գոյատեւել, որ այսօր ոչնչանա։ Մեր ժողովուրդը կա՛, կմնա՛ եւ հավերժ կլինի։ Ոչ մի անհատ չի կարող խաղալ իր ժողովրդի բախտի հետ։ Ոչ մի քաղաքական կուսակցություն եւս դա չի կարող անել։ Ճիշտ է՝ կարող են լինել շփոթություններ, կարող է ինչ-որ պահ ժողովուրդը սխալվել, բայց ժողովուրդը շատ արագ ի վիճակի է շտկել ցանկացած սխալ։ Եւ մեր ժողովրդի ամենադրական, ամենակարեւոր հատկանիշը հենց այդ վտանգի զգացողությունն է, նրա անհանդուրժողականությունը արկածախնդրության նկատմամբ եւ վտանգի պահին համախմբվելու ընդունակությունը։

«02. Ոստիկանական լրատու», 6 մարտի, 1993 թ.։
Հրատարակված՝ «Ժողովուրդը չի հանդուրժում անօրինականությունները» վերնագրով։