Որպեսզի իմ պատկերած քարը լինի քար, ես
պետք է ամբողջովին ապրեմ ծաղիկը։
Բաժակը, որով ինձ ջուր էիր տալիս, ընկավ
աստղերից, փշուր-փշուր եղավ։ Էլ ի՞նչ կին, եթե
այնպիսին լինի, ինչպիսին
կուզենայինք`
հառաչում են իմաստուններն ու խելագարները:
Երբ ես անցնում եմ եղեգների
միջով, թվում է, թե խշխշում եմ։
Իմ քայլերից ոչ մեկը դեռ ինձ տեղ չի հասցրել։ Առվի
հունն ի վար հուշերի կապար է հոսում։ Ճերմակ
գագաթների վրա
ծերանում է երկինքը։
Ես չիմացա, որ արդեն գնացել եմ։ Ուրախությունից
միշտ վախենում եմ, ինչպես
Իլոսը՝ տրոյական ձիուց։
(Քանի՜-քանի՜ արեւներ են ամեն օր անցնում Մեծ քարի
վրայով, բայց դեռ նրանցից ոչ մեկը ետ չի եկել)։
Այնտեղ, ուր ձեռք չի հասնում, բուսել է ծաղիկը եւ
ժպտում է, չգիտեմ, թե ում։ Անհայտությա՞նը։
Գուցե այն
ասպետին, որ թեեւ հարբել է ծաղկի բուրմունքով, բայց
դեռեւս չի կարողացել
կողմնորոշվել, թե որտեղ է գտնվում ծաղիկը։
Հավքը բույն է հյուսել հորիզոնի վրա, ուր
բարձրացել է ոսկե
եղեգը՝ սրինգ դառնալուց առաջ։