ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐ

Ինձ ոչ-ոք չի սիրում եւ դա տխուր է
այնպես, ասես ինքս չեմ սիրում։

Հողի վրա քայլեք վստահ, քանի որ
դրանից բացի հողը չունի
փրկության ելք։ Առուն, մանավանդ, չի կարող չխոսել,
թեպետ նրան անընդհատ
պռատում, սպառնում են անտառի իծամազուկ չարքերը։

Ծառի սաղարթները, կեղեւը, ճյուղերը, բունը կերել են
պոռնոիշխանները եւ արդեն անցել են մարմնին, ուտում են՝
ինչ պատահի, անգամ քարերը
(առանց քարերի ո՞նց կապրես, երկիր)։

Հետաքրքիր է՝ ո՞վ, որտե՞ղ եւ ի՞նչ նյութից է կռել
դամոկլյան սուրը, բայց անկախ
ամեն ինչից, նրա «ստեղծագործությունը» նետեք
ծով, միայն այնպես, որ ոչ մի ձկան քիթ չարյունի։

Երեկ հանկարծ հայտնաբերեցի, որ «թշնամի» բառը
զենքի նոր տեսակ է դարձել հակառակ ճամբարներում,
դավադրական սուտ՝ ծնունդ առած
քարայրներում, անսեր համբույրներից, ուր ամեն ինչ պարզ չէր
երեւում խորովածի ճենճերահոտի մեջ։ Մոլորություն է այն,
թյուրիմացություն,
շփոթմունք, դարավոր վրիպանք, այնքան սնամեջ ու
փուչ, որ նրանում բազմանում են անթիվ ռմբարկուներ, հրթիռներ,
հրդեհներ, արկեր, առնետներ ու հրեշներ բազմատեսակ։ Ես
չգիտեմ ինչպես կարելի է հանդիպել աշխարհի բոլոր մարդկանց ու
կենդանիներին՝ մեկ առ մեկ,
եւ նրանց ականջի տակ շշնջալ՝ մի հավատացեք ունայնությանը,
թեեւ, ի վերջո, «ամեն ինչ ունայնություն է»։

Պահի դավադրությունը ներխուժում է արյան մեջ եւ
պայթեցնում բոլոր աշտարակները։ Մենք զոհընկերներ ենք,
հիշո՞ւմ ես, մի օր ինչպես սպանվեցինք արկի
մի պզտիկ, շատ չնչին
բեկորից։
Հարեմատան պատերը վեր են բարձրանում արագորեն՝
չափազանց գեղեցիկ կանանց դժգոհ, բայց ներքուստ
շոյող հայացքների տակ։ (Ես հիմա սիրում եմ
բաց աչքերով, իսկ ոչ հեռավոր անցյալում քո ետեւից
վազում էի սիրուց կուրացած,
ափսոսում եմ այն ժամանակները)։

Պատերազմների մեխանիկան յուրացրել է քաոսը։ Ինձ
հայտնագործել են անհայտ, անորոշ ճանապարհները։ Եվ
քանի ես ինքս ինձանից հեռացել եմ, լուսինն այլեւս
չի գալիս ուղեկցելու՝ երբ քայլում եմ գիշերները։ Ավաղ։
Ինչպես հավքի ծերտը՝ ճերմակ վարդի թերթերի վրա,
հուշը խորացնում էր
հաղորդակցությունը
վայրի բնության ու ծածկագրված թռիչքների։

Ոչ-ոք չի սիրում ոչ-ոքի, պարզապես
շահերը մեկ-մեկ համընկնում են (եթե,
իհարկե, սեքսը չհաշվենք)։

Սառը պատերազմներից զզվելի, երեւի, մեկ էլ սառը
պատերազմներն են, ափսոս չե՞ն, արդյոք, տաք ու արյունոտ
մարտերը, ուր
հստակ զոհվածների կողքին երեւում է, որ
չմեռածները դեռ շնչում են, դեռ կենդանի են,
որովհետեւ շարունակում են իրար անվերջ կոտորել։

Ինձ ոչ-ոք չի սիրում. դաժան է
այնպես, ասես ինքս չեմ սիրում։