ԵՂԵԳՆ ԵՎ ԾԱՌԵՐ

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային՝ կոտրատված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն անարատ: Եվ թագավորն ասաց. «Ո՛վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են»: Եվ եղեգն ասաց. «Ո՛վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց. իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ»: