Ես անձրեւին ուղեկցում եմ

***

Ես անձրեւին ուղեկցում եմ
մինչեւ այնտեղ,
ուր տերեւը հրաժարվել
իր թռչելու վերջին ճիգից,
եւ հաշտվել է
դեռ չմաղված ձյուների հետ։
ՈՒղեկցում եմ շողին այնտեղ,
ուր նա ինքն էլ անկարող է
ջոկել իրեն,
զանազանել իրար գտած,
խիստ անվանի գույների մեջ։

Խոտ ու ծաղկի,
որ փորձում են ճեղքել հողի
կեղեւը պինդ,
ուղեկցում եմ մինչեւ այնտեղ,
ուր դառնում են նրանք շշուկ՝
համբույրի մեջ աղջիկների։
Ուղեկցում եմ ես ինձ այնտեղ,
ուր թռի՛չքը չի կայանա
մինչեւ գալս,
ուր քանի դեռ ես չեմ հասել,
միշտ կորած են հաշվում իրենց
ամեն մի խոտ,
ամեն մի խոհ,
ուր ինձանից բացի ոչ ոք
չէր կարենա երբեք լինել։
Գտեք խոտը, այն ծաղիկը,
այն անձրեւը,
որ ձեզ դեպի տուն է տանում։
ՈՒղիները այնքան շատ են
եւ կորցնելը հեշտ է այնքան։
Քարի ձեռքից ելած մի խոտ՝
խոհի նման երկարաձիգ,
կորվել է տաք առվի վրա,
որ վրայով
վաղո՜ւց, վաղուց իրար կորցրած
երկու մրջյուն ընդառաջ գան,
հասնեն իրար...
ՈՒղեկցում եմ։
Իմ լույսով է լույսն ընթանում։