ՓՐԿՈՒԹՅՈՒՆ


Լեռը մոռացել է իմ անունը
եւ հիմա փորձում է վերհիշել։
Ու մտածմունքից
լեռան փեշերին արեւ է ծաղկում,
լեռան փեշերին ջրիկ է վարգում,
լեռան փեշերին խաղում են ձիեր։

Ձորը մոռացել է իմ անունը
եւ հիմա փորձում է վերհիշել։
ՈՒ մտածմունքից
ձորի խորքերից լույս է առվակվում,
ձորի խորքերից ելնում են վարդեր,
ձորի խորքերից երգում են հավքեր։

Ճամփան մոռացել է իմ անունը
եւ հիմա փորձում է վերհիշել։
ՈՒ մտածմունքից
ճամփին զարթնում են հարության քայլեր,
ճամփին բացվում են հեռավոր օրեր,
ճամփին թախծում են չմեռնող սերեր։
Տունը մոռացել է իմ անունը
եւ հիմա փորձում է վերհիշել։
ՈՒ մտածմունքից
դարձս դառնում է տան համար բաց դուռ,
դարձս դառնում է տան համար երազ,
երազը իմ դեմ ծաղիկ է բացում...
Վերադառնում է անունս հողին,
հողից թարմերամ շիվեր են ելնում։