***

Ես դուրս եկա պատշգամբ վաղ առավոտյան
եւ հանկարծ տեսա՝
իմ ապրած
հեռու-հեռավոր գիշերներից մեկը ետ եկել
ու երկաթե ցանկապատի տակ հոգեվարքի մեջ է։
Մի սիրահարված ու խելքը կորցրած տղա այդ գիշերում
ինչ որ թղթի կտոր է կպցնում ցանցալարին,
որ լուսաբացին
սիրած աղջիկը վերցնի ու կարդա։ Տղան
կպցնում է ճերմակ թուղթը եւ հանդարտ հեռանում,
եւ ես տեսնում եմ,
թե ինչպես են արյան կաթիլներ ընկնում թղթի ծայրին,
թղթի վրա գրված «Փրկեա զիս» բառերից։
(Աղջկա հայացքը վաղուց
թուղթ
չի փնտրում ցանկապատին)։
Գիշերը հոգեվարքի մեջ է
եւ իմաստ չունի,
որ դու նրա կողը դանակ խրես, Կլեոպատրա։
Ես այլեւս այս փողոցի վրա չեմ բացի պատշգամբիս դուռը։

(Որքան հետաքրքիր սուտ է՝ իբրեւ Եսենինը կտրել է իր երակը
եւ իրենից հեռացող արյամբ գրել բանաստեղծություն)։