Ծաղկի ճանապարհը
սկսվում է շողի եւ քարի համբույրից
եւ ձգվում է
մինչեւ նվիրումը տիեզերական.
Առվի ճանապարհը
սկսվում է ժայռի մեջ երանության արթնացումից
եւ ձգվում է
մինչեւ հուշի ծաղկումը արցունքների մեջ.
Քամու ճանապարհը
սկսվում է լուսնի շոյանքով խտուտ եկող շշուկից
եւ ձգվում է
մինչեւ գիշերվա բերանն ընկած երազի ճերմակ ծամոնը.
Սրտի ճանապարհը
սկսվում է ցավի դաժան ու աններում ասեղնահարումից
եւ ձգվում է
մինչեւ ցավի դաժան ու աններում ասեղնահարումը։