Ես ինձ սարերի շուրջառում գտա. -
Օրվա մեջ մտավ մութը անշտապ,
Միտքը աճում է մեղվամոր նման,
Ասպետություն է խաղում մի թռչնակ՝
Օտար թռչնուհու հայացքի առաջ.
Ես ինձ օրերի շուրջառում գտա...
Ես ինձ օրերի շուրջառում գտա. -
Ինչո՞ւ կասկածը չի ելնում աչքառ,
Խոսքերը դարձան մաշված չմուշկներ,
Պահը՝ շպարված շուրթերի համբույր,
Հուշը՝ ծառերին տտիպված բորբոս.
Ես ինձ ցավերի շուրջառում գտա։
Ես ինձ ցավերի շուրջառում գտա, -
Ելնում եմ՝ ժայռը ուսերիս վրա,
Հողը խրվում է իմ ոտքերի մեջ,
Խավարի խորքից հանում եմ, ահա,
Ձեռքերս՝ մաքուր-արշալույսոտված.
Ես ինձ ճամփեքի շուրջառում գտա։
Ես ինձ ճամփեքի շուրջառում գտա. -
Վստահությունը, իմ անվան խոքում,
Ինձնից ավելի մեծ է տարիքով,
Հույսս զրահ է հագնում կրիայի
Եվ ձիուս քայլքում մաշվում են դարեր.
Ես ինձ դարերի շուրջառում գտա...