Ես հաճախ մտածել եմ, զգացել եմ
Օրերում այն անգույն ու անել,
Որ քո փայլը անհուն ու անծիր իմ
Տխրությունն ու կարոտն է ծնել:
Որ քո փայլն հղացել է օրերում այն,
Երբ ամե՜ն փայլ մեռնում էր հրում.
Իսկ հիմա այն օրերը հեռո՛ւ են,
Այն օրերը տամուկ ու տրտում:
Եվ հիմա ոսկեփայլ դու շիկնե՛լ ես
Օրերում այս այրող ու անգին, —
Ու տալի՛ս եմ ահա շշուկներս
Քո այրող, քո անուշ կրակին...
1919 — 1920