Ես մեղավոր եմ... պետք չէր հմայվել
Քո անմեղ ու պարզ աչքերի փայլով,
Քո հմայքներով պետք չէր կրակվել,
Վառվել ուշացած կարոտով, սիրով:
Է՜հ պետք չէր, պետք չէր, որ դեմքիդ վրա
Ծվարած հուրը շողեր տար սրտիս,
Խառնվեր անխառն խոհերին նրա
Եվ փայլ տար անգամ, փայլ տար հավատիս:
Պետք չէր աչքերիդ աստղերը փնջել,
Կախել օրոցքից մանուկ-երազիս.
Ինձ իմ խռովքից պետք չէր հետ կանչել,
Նորից ուղարկել ճամփով անհասի...
Պետք չէր, սիրելիս, միակս, պետք չէր,
Նոր-նոր հոգսեր են արթնանում անվերջ.
Ես մեղավոր եմ... բայց պետք չէ հիշել,
Չէ՞ որ անմեղ եմ, գոնե... մեղքիս մեջ: