Ես նստում էի

Եղիշե Չարենց


Ես նստում էի


Ես նստում էի անմարդ բուլվարում՝
Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը զանգերի:

Ու անթա՜րթ, անթա՜րթ նայում էի ես
Անսահման, անծիր երկնքի հեռուն:
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ —
Հավիտենության կապույտ դաշտերում:

Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում
Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր —
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ...