***

Ես տուն եմ դառնում
Իմ երազներից:
Եվ աղջիկներն այն, որոնց թեւերով
                  պիտի թռչեի,
Մենանում են իմ քայլերը չառած
Ճամփաների հետ:
Օրը վարգում է, ինչպես մանկության
                 փայտե ձիուկն իմ,
Որ մի օր կանգնեց
Ու էլ քայլ չարավ:
Օրը փայտե ձի,
Իսկ ես՝ հեծվոր եմ: Եվ տուն եմ դառնում:
Ես տուն եմ դառնում
Իմ երազներից:
Բայց հարկիս տակ էլ ես հանգիստ չունեմ,
Ես ինձ հետ մենակ մնալ չեմ կարող,
Ես իմ խրատից,
Ինքս իմ հոգին
Խառնելուց ձեռ եմ քաշելու, թե՝ չէ.
Ինձ՝ ինձ հետ մի թող:
Իմ երազներից ես տուն եմ դառնում,
Որ դառնամ Տունը քո երազների: