Փափուկ ձմեռ է,
Տաքուկ ձմեռ է,
Ես ինձ չեմ ուզում երգերով խաբել,
Ես ինձ չեմ ուզում տեսնել միշտ այսպես՝
Կարոտիս վրա ճերմակ մաղելիս:
Դրսում ամեն ինչ
Պայծառ է, աշխույժ,
Ինչ-որ մոռացման ժպիտ է փռվել
Ճամփեքի վրա:
Փափուկ ձմեռ է,
Տաքուկ ձմեռ է:
Ահա զրնգաց օրերիս շղթան,
Այդ զնգոցի մեջ
Մեղեդիներ է փնտրում ինձ պես խենթ
ու անչար մի մարդ,
Փնտրում է բառեր,
Որ իրար վրա դարսելով կամաց,
Կարող են ձյունի փաթիլների պես
մի վերմակ հյուսել՝
Թեկուզ չծնված մի ծիլի համար,
Ես ինձ չեմ ուզում,
Ես քեզ եմ ուզում:
Բայց դու ինչու ես ինձնով խաբում ինձ:-
Ինչ փափուկ ձմեռ,
Ինչ տաքուկ ձմեռ: Ձմեռ է եւ՝ վերջ.
Գուցե գարո՞ւն է: Խենթացա էլի.
Չգիտեմ ինչու, ոնց եւ ինչպիսի,
Սիրտս լռության բառեր է փնտրում: